«ԱՊԱՐԱԺ»
Ակնյայտ է, որ արցախեան շարժման 30-ամեակին նուիրուած միջոցառումների մշակութային բաժինը, անցեալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային եւ հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպուած միջոցառումներին եւ փետրուարի 20-ին Երիտասարդական պալատում կազմակերպուած համերգին հնչեցին միայն ազգային եւ հայրենասիրական երգեր, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, բոլոր ելոյթները հնչեցին ՀԱՅԵՐԷՆ:
Դեռեւս չենք մոռացել ազգային մեծ նշանակութիւն ունեցող յոբելեանների տօնակատարութեան առիթով Ռուսաստանից եւ Ուքրանիայից հրաւիրուած երգիչներին, պարային համոյթներին ու դերասաններին: Մի երեւոյթ, որը միշտ դատապարտուել է, սակայն ամէն անգամ էլ կրկնուել: Վերջապէս, ազգային տօնը պէտք է փոխանցի նաեւ ազգային շունչ ու ոգի: Դա տեղի ունեցաւ այս տարի:
Սակայն կայ մի բայց…
Մօտ անցեալում «բարի» սովորութիւն էր` եթէ ազգային նշանակութիւն ունեցող ինչ-որ իրադարձութեան մէջ գլխաւոր դերակատարութիւն ունէր Դաշնակցութիւնը, դրանից մի քանի օր առաջ կամ յետոյ անպայման Հայաստանի, ինչո՞ւ չէ, նաեւ Արցախի հեռուստատեսային տարբեր ալիքների միջոցով սփռւում էին խորհրդային օրերից ժառանգութիւն ստացած հակադաշնակցական, պոլշեւիկեան ժապաւէններ` «Սարոյեան եղբայրներ», «Նուագախմբի տղաները»…
Տարիներ առաջ արցախեան շարժմանը նուիրուած` Հադրութում կազմակերպուեց մի միջոցառում, որտեղ դպրոցական աշակերտների` «Սարերից իջան մի խումբ ձիաւոր» երգի կատարման ժամանակ համերգի կազմակերպիչը նկատողութիւն ստացաւ վարչակազմի ղեկավարի կողմից` դաշնակցական երգեր հնչեցնելու մեղադրանքով: Դէ՛, հասկանալի է, դեռեւս տիրում էր մի մթնոլորտ, որտեղ պետական պաշտօնեաները իւրաքանչիւր քայլի համար հաշուարկներ էին անում` ելնելով 2005թ. ընտրութիւններից, Դաշնակցութեան ընդդիմադիր կեցուածքից եւ…
Ինչ-որ տեղ իրաւացի է Հադրութի շրջանի այն ժամանակուայ ղեկավարը: Հայրենասիրական եւ մարտական շունչ փոխանցող ազգային երգերը Դաշնակցութիւն պարունակող հոգեկան իրավիճակ են ստեղծում: Դեռ աւելի՛ն. հայրենասիրական, մարտական երգերից շատերի մէջ յիշատակւում է Դաշնակցութիւնը, եւ դա անհանգստացնում է որոշներին: Համատարած երեւոյթ է, որ նշուած երգերն աղաւաղելով` այսպէս թէ այնպէս կատարումների ժամանակ հանւում է «դաշնակցութիւն» բառը եւ փոխարինւում այլ բառակապակցութեամբ: Ինչպէս, օրինակ, մեզ շատ յայտնի երգի «Արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան» տողը փոխարինւում է «Արիւնոտ դրօշ վեհ ազգ հայութեան» տողով, կամ` ուղղակի մոռացւում է Դաշնակցութեանը վերաբերող բաժինը:
Պէտք է խոստովանել, որ արցախեան շարժման 30-ամեակի կապակցութեամբ փետրուարի 20-ին Ստեփանակերտում կազմակերպուած գլխաւոր միջոցառմանը հնչեցրած ելոյթներում չկատարուեցին վերը նշուած խեղաթիւրումները: Սակայն նոյն իրավիճակը չէր շրջանների միջոցառումներում: Շրջանների մշակութային միջոցառումների պատասխանատուները դեռեւս «ներքին վախով» են տառապում: Անշուշտ, դրա վրայ առաջին հերթին պէտք է ուշադրութիւն դարձնի ԱՀ մշակոյթի նախարարութիւնը: Վերջապէս պէտք է մէկ անգամ եւս ոչ միայն յիշեցնել, այլ նաեւ պարտաւորեցնել, որ պատմութեանը նայեն անաչառ հայեացքով:
Բայց, այնուամենայնիւ, նիւթի աւարտին մեր կողմից յիշեցնենք մի քանի պարզ պատմական անհերքելի իրողութիւններ` շտկումների ակնկալիքով:
… Օսմանեան եւ ցարական բռնակալութեան դէմ, 1890-ական թուականներից սկսած, հայ իրականութեան մէջ հիմնականում պայքարել է Դաշնակցութիւնը, եւ բնական է, որ բռնակալութեան դէմ պարզուած դրօշը` Դաշնակցութեան դրօշը արիւնոտ լինի: Դրա համար պէտք է երգել`
«Արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան,
Ծածանուեց ընդդէմ բռնակալութեան»:
…. Թալէաթը մահապատժի ենթարկուեց ՀՅԴ որոշումով, որը կայացուել էր 1919-ի ՀՅԴ Ընդհանուր ժողովում, իսկ դա իրականացուեց մի խումբ դաշնակցականների միջոցով, իսկ բուն գործողութիւնն իրականացրեց Սողոմոն Թեհլերեանը: Ուրեմն, պէտք է երգենք`
«դաշնակցութիւն ժողով արեց,
Շուն Թալէաթին մահ որոշեց,
Թեհլերեանի բախտը բացուեց…է:
… Եւ, վերջապէս, Դաշնակցութիւնը կանգնած է Արցախեան ազատագրական շարժման ակունքներում: Դաշնակցական էին` Արթուր Մկրտչեանը, Տողի Վիգէնը, Արմէնչոն, Մարտունու Մերուժը, Աշոտ Բեկորը, Նորայր Դանիէլեանը, Վարդան Դուշմանը, Պետոն, Կարօտը, Թաթուլ Կրպեյեանը, Շահէն Մեղրեանը, Շոշի Ագոն, Մհեր Ջուլհաճեանը, Վիգէն Զաքարեանը եւ աւելի քան հազար գաղափարակիր ընկերներ, ովքեր իրենց կեանքը զոհեցին յանուն գաղափարի… Այս մասին հարկաւոր է յիշեցնել վերոնշեալ անձանց նուիրուած միջոցառումները կազմակերպող` ԱՀ բանակի պատասխանատու անձանց եւս:
Իրօք, վիրաւորական է, երբ այդ հերոսներին նուիրուած երգերում անտեսւում է նրանց գաղափարը կրող փարոսը: Ուրեմն, Կարօտին նուիրուած երգը պէտք է երգել`
«Նրանց թւում գնաց կռուի դաշտն արնոտ,
Դաշնակցական խենթն էր` անունը Կարօտ…»