ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
Մայիսին նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 100-ամեակը: Հայի ուժի, հայի ոգու, առ լինելութիւն հայի հաւատի, անկախ եւ ինքնիշխան պետութիւն-հայրենիք ունենալու հայի դարաւոր երազանիքների իրականացման մեծագոյն վկայութիւնն է դա:
Ցեղասպանութիւնը մեր անժամանցելի տխուր յիշողութիւնն է, որ նոյնպէս իր հարիւրամեակին հասաւ, ու ողջ աշխարհի մարդկութեան ճակատին մեծ դղրդիւնով խարանուեց. չդատապարտէք` կը լինէք դատապարտուած: Կարելի՞ է չափել այն ուժը, որ այդ մեծ արհաւիրքից յետոյ հայը գտաւ իր մէջ ու իր բնօրրանի մի հատուածում արարեց Հայաստանի Հանրապետութիւն հրաշքը: Եւս մի 100 տարի, ու պէտք էր ծնուէր նոր հրաշքը` Արցախի Հանրապետութիւնը, մեր երկրորդ անկախութիւնը, որ, ինչպէս` 100 տարի առաջ Հայաստանի Հանրապետութիւնը, դարձաւ տուն ու տանիք իր հերոսական ժողովրդի համար:
Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին ընդառաջ անելիքները շատ են, իսկ ամենամեծ անելիքը, թերեւս, այդ անկախութեանը մեր պարտքը վերադարձնելն է, 100-ամեայ հեռաւորութիւնից այն ճիշդ արժեւորելն ու մեր ասելիք-անելիքը օտարոտի վախերից մաքրելը: Արձան ենք կանգնեցնում` մտածում էք` ի՛նչ կ՛ասեն, ժապաւէն ենք նկարում` մտածում ենք` ի՛նչ կ՛ասեն, ելոյթ ենք ունենում` մտածում ենք` ի՛նչ կասեն… Ասես` հմայիլ են դրել մեր մէջ… Զինանշանն ենք խուզում, օրհներգն ենք հարթում, մեր ձեռքով մեր պատմութիւնն ենք ծռմռում, որ յանկարծ… որ յանկարծ մեզ բան չասեն, եթէ դա իրենց քիմքին հաճելի չլինի: Հանենք մեր միջից այդ հմայիլը, բաւական է այլեւս առաջ գնալ 70-ամեայ խորհրդային վախերով ու կեղծիքով:
Շշմելու բան եմ ասելու հիմա: Շարժապատկերի հայ բեմադրիչը ժապաւէն է նկարել մայիսեան հերոսամարտերի մասին, որոնց տրամաբանական շարունակութիւնը դարձաւ Հայաստանի Հանրապետւթիւնը: Եւ գիտէ՞ք` ինչ է ասում այդ ժապաւէնում: Ասում է` կաթողիկոսն առաջ ընկաւ, ժողովուրդն էլ նրա հետեւից գնաց ու Սարդարապատում ջարդ տուեց թուրքերին: Ա՛յ էս պոյի էշութիւն, եւ ոչ մի խօսք այդ ամէնի կազմակերպիչների` գլուխները մահու տուած դաշնակցական գործիչների մասին: Դրո՞ն, հա՛ հա՛ հա՛, երեւի պատահաբար իմացել է, որ Բաշ Ապարանի կողմերում կռիւ է ու Ջամշլու գիւղից իջել է Ապարան, որ տեսնի` ի՛նչ է կատարւում: Ձեր խելքին ձիւն գա, ո՞վ է այդպս շարժապատկեր նկարում:
Տարիներ առաջ Եռաբլուրում ամփոփեցինք զօրավար Սեպուհի աճիւնասափորը: Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի գլխաւորութեամբ մեծ թուով պաշտօնեաներ էին ներկայ, նաեւ զինուորներ էին բերել, որ նրանց էլ վարակէին քաջ զօրավարի օրինակով: Լիքը ժողովուրդ… Եւ սկսուեցին ճառերը: Ամենաերկարը խօսեց պաշտպանութեան նախարարը, որ անդրադարձաւ Սեպուհի քաջագործութիւններին, զօրավարական ունակութիւններին, շիտակութեանը, ահարկու տեսքին եւ այլն: Յետոյ ձայն տրուեց աճիւնասափորին Հայաստան ուղեկցած Սեպուհի ինչ-որ բարեկամների, ու հերթը հասաւ պատմաբանին, որ պէտք էր ամփոփէր այդ իրադարձութիւնը: Սա էլ ահագին խօսեց, ներկայացրեց ժամանակաշրջանը, Սեպուհի մանկութիւնը, պատանեկութիւնը ու մէկ էլ կտրուկ անցում կատարեց, թէ, բա՜, Սեպուհը, տեսնելով ժողովրդի վատ վիճակը, զէնքը վերցրեց ու գնաց կռիւ: Ես ոչ մի վատ բան այդ պատմաբանի մասին չեմ կարող ասել, որովհետեւ նրա գրքում բոլորովին այլ Սեպուհ է, ճշմարիտ, մասնագիտութեամբ հիւսն շարքային դաշնակցականից մինչեւ կուսակցական դպրոցով թրծուած զօրավար: Հիմա ուզում եմ հասկանալ` ո՞վ կարող էր մեզ սրբավայր Եռաբլուրում որեւէ բան ասել, եթէ մենք համարձակ ներկայացնէինք մեր հերոսին:
Այս օրերին Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի բազմաթիւ միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկիւններում: Բայց այդ միջոցառումներն իրենց բովանդակութեամբ, ցաւալիօրէն, շատ տարբեր են հայաստանեան միջոցառումներից: Ինչո՞ւ է Լիբանանում նոյն երգը հնչում մի կերպ, իսկ Հայաստանում` մէկ այլ, մի տեսակ վախուորած, փոխուած բառերով, ինչո՞ւ են սփիւռքում կարծում, որ հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանը պէտք է դրուի Հանրապետութեան հրապարակում, իսկ Հայաստանում մտածում` դէ՛, դաշնակցական է, հրապարակի կողքին աւելի լաւ կը նայուի:
Ես չգիտեմ, թէ ո՛վ է յղացել այն լուսաւոր միտքը, որ մեր դպրոցներում Դաշնակցութեան անունը ինչքան քիչ տանք, այնքան լաւ: Նոյն երգն այստեղ է` ժողովուրդը զէնքը վերցրեց ու գնաց թուրքի դէմ կռիւ: Այդպէս էլ սերունդ ենք կրթում, ու դպրոցից դուրս եկողը մտածում է` ոնց անի, որ չգնայ ծառայութեան, որովհետեւ վախենում է` սապոգը ոտքը ցաւեցնի: Հաւատացէ՛ք` ոչինչ հէնց այնպէս չի լինում, եւ մեր բազում խնդիրներ էլ պայմանաւորուած են ոչ թէ ուրիշ ազդեցութիւններով, այլ ծնունդ են մեր մէջ նստած վախերի:
Մայիսին նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 100-ամեակը: Հայի ուժի, հայի ոգու, առ լինելիութիւն հայի հաւատի, անկախ եւ ինքնիշխան պետութիւն-հայրենիք ունենալու հայի դարաւոր երազանիքի իրականացման մեծագոյն վկայութիւնն է դա: Ու կարիք չկայ, որ մինչեւ 21-րդ դար մեզ հետ բերած տարօրինակութիւններով զարմացնենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ այդ երեւելի յոբելեանը մեզ հետ նշող միջազգային հանրութեանը: