Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13376

Հարիւր Տարի Մոռացութեան Մատնուած Ողբերգութիւն

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիւ դառաւ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամբան:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Պատմութեան փոշին շատ յաճախ սքողում է իրողութիւններ, որոնց նշանակութիւնը, անշուշտ, էական է` յետադարձ հայեացքով դրանք իրենց ողջ մերկութեամբ տեսնելու, գնահատելու եւ, բնականաբար, այդ ամէնից ուսանելի դասեր քաղելու համար: Բարեբախտաբար, պատմութեան փոշին` ինչքան էլ հաստ ու բազմաշերտ, ժամանակի հոլովոյթում նոյնպէս նօսրանալու ենթակայ է, ինչի շնորհիւ այդ իրողութիւններն ի վերջոյ վեր են հանւում յանիրաւի մոռացութեան խորխորատից` ի շահ սերունդների իմացութեան եւ առաջընթացի: Միեւնոյն ժամանակ, դա հնարաւորութիւն է տալիս  զուգահեռել ու բացայայտել հեռու ու մօտ անցեալում արձանագրուած երեւոյթները, տուեալ պարագայում` անցած դարասկզբին ու դարավերջին կովկասեան թաթարների (պատմութեան հեգնանքով` ներկայիս ազրպէյճանցիների) գազանաբարոյ էութեան եւ իրագործած մարդկային սպանդների համարժէքութեան գործօնը. դարասկզբին` Արեւմտեան Մերձկասպիայի տարածաշրջանի բնիկ հայ ազգաբնակչութեան եւ այդ տարածքով  տուն դարձող ռուսական զօրքերի, իսկ դարավերջին` Արցախեան շարժման տարիներին, ազրպէյճանական Խորհրդային Միութեան երկու պետականակիր ժողովուրդներից մէկի` հայութեան եւ ռուս բնակչութեան հանդէպ: Երկու դէպքում էլ` սոսկ գիշատիչներին յատուկ բնազդային դաժանութեամբ, անյագուրդ արիւնռշտութեամբ:

… Եւ այսպէս, մի ամբողջ դար շարունակ պատմութեան, հետեւապէս եւ մոռացութեան փոշու ընդերքում էր գտնւում 1918 թուականի յունուարին Կովկասեան ռազմաճակատից տուն դարձող ռուսական զօրքերի սոսկալի ջարդերի, ալան-թալանի մի ամբողջ շղթայ, որ ներկայիս Ազրպէյճանի տարածքում իրականացրել էին մուսաւաթական-թաթարական ջոկատներն ու աւազակախմբերը` տեղի, այսպէս կոչուած, «կովկասեան թաթար» բնակչութեան հետ միասին: Եօթ փակի տակ պահելով իրողութիւնը,  այդ մասին յամառօրէն լռում էր խորհրդային եւ նոյն յամառութեամբ շարունակում է լռել յետխորհրդային պատմական ու քաղաքական միտքը, գիտական շրջանառութեան, այսպէս ասած, «յետնաբակ» մղելով անցած դարասկզբին տեղի ունեցած այդ եղերական իրադարձութիւնները: Ու հիմնականում միայն վերջերս է` այդ եղեռնագործութեան հարիւրամեակի օրերին, որ զանգուածային լրատուութեան միջոցներում սկսեց բարձրաձայնուել այդ թեմայի մասին` հանրային քննարկման ներկայացուելով «Շամխորի ողբերգութիւն» ընդհանրական անուան տակ:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել հարիւր տարի առաջ ներկայիս Ազրպէյճանի բնակավայրերով անցնող Անդրկովկասեան երկաթուղու կայարաններում:

Ինչպէս յայտնի է, Ռուսիոյ կայսրութեան, ապա եւ  Ժամանակաւոր կառավարութեան անկումից յետոյ, երբ իշխանութիւնը զաւթուել էր պոլշեւիկների կողմից, 1917-ի նոյեմբերի 11-ին Թիֆլիսում կազմաւորուել էր բանուորագիւղացիական եւ զինուորական պատգամաւորների խորհուրդ կամ, այլ կերպ,  Անդրկովկասի կոմիսարիատ, որը կոչուած էր մինչեւ Հիմնադիր ժողովի գումարումը կառավարել երկրամասը: Կոմիսարիատում իշխանութիւնը գտնւում էր վրաց-թաթարական ազգայնականների ձեռքում` վրաց քաղաքական գործիչ, մենշեւիկ Նոյ Ժորդանիայի գլխաւորութեամբ: Այդ շրջանում Գանձակ-Ելիզաւէտպոլը դարձել էր իսլամական ուժերի կեդրոն` Ալի Մարդանբեկ Թոփչիբաշեւի գլխաւորութեամբ, ով պատմութեան մէջ է մտել որպէս հայ եւ ռուս բնակչութեան հանդէպ իրագործուած բազմաթիւ զանգուածային կոտորածների կազմակերպիչ: Իսկ Պաքւում իշխանութիւնը պատկանում էր բանուորների, գիւղացիների եւ զինուորների պատգամաւորների խորհրդին` Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ:

Կովկասեան ռազմաճակատում գտնուող ռուսական բանակը, որ բախտի քմահաճոյքին էր թողնուել ու կորցրել նախկին կազմակերպուածութիւնը, անշուշտ, ոչ առանց պոլշեւիկների քայքայիչ քարոզչութեան, առաւել եւս` արձագանգելով «Խաղաղութեան մասին» եւ «Հողի մասին» լենինեան հրամանագիրներին, սկսել էր զանգուածաբար նահանջել թուրքական ռազմաճակատից` լքելով Արեւմտեան Հայաստանի մինչ այդ ազատագրուած տարածքները:  Ռուսական զօրքերով լեցուն հարիւրաւոր կառաշարներ երկաթուղով շարժւում էին դէպի հիւսիս` Տամբով, Ռիազան, Սարատով, Բրիանսկ եւ այլեւս պոլշեւիկեան Ռուսիոյ այլ քաղաքներ:

Այդ ժամանակ` 1918 յունուարի 6-ին, Ժորդանիան հեռագիր յղեց Անդրկովկասի բոլոր մակարդակների խորհուրդներին` կարգադրելով ամենայն գնով զինաթափել տուն վերադարձող ռուսական զօրքերին: Հետագայում, ի հարկէ, նա ժխտել է, թէ նման հեռագիր է ստորագրել, թէկուզ այն ամբողջութեամբ առկայ է շրջանառութեան մէջ, առաւել եւս` այդ հեռագրի իսկութիւնը յունուարի 11-ին ռուսական զօրքերի հրամանատարութեան հետ բանակցութիւնների ընթացքում հաստատել է նաեւ ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից Ասլան բէկ Սաֆիքիւրդսկին:  Այնուամենայնիւ, այդ հեռագրին հետեւեց, այսպէս կոչուած, ԱԺԴՀ (Անդրկովկասի ժողովրդավարական դաշնային հանրապետութիւն` ինքնահռչակ  պետական կազմաւորում, գոյութիւն է ունեցել մինչեւ 1918 մայիսի 26-ը)  ներքին գործերի նախարար Նոյ Ռամիշուիլու համարժէք հրամանը: Երկաթգծի կայարաններում ռուսական զօրքերի զինաթափման գործողութեան ընդհանուր  ղեկավարութիւնն իրականացնում էր վրաց իշխան, գնդապետ Լեւան Մաղալաշվիլին (Մաղալով), իսկ անմիջապէս տեղերում` իսլամական զանգուածների գլուխ կանգնած խոշոր կալուածատէրեր Ասլան բէկ Սաֆիքիւրդսկին, դոկտոր Խուդադաթ բէկ Ռուստամբեկովը, Ադիլխան Զիադխանովը եւ ուրիշներ, ովքեր, սերտ կապեր հաստատելով, գործում էին թուրքական զօրքերի հրամանատարութեան հետ միասին, որը, հասկանալի պատճառներով, խիստ շահագրգռուած էր ռուսական զօրքերի կազմալուծման հեռանկարով:

Մինչ Անդրկովկասի կոմիսարիատի կազմաւորումը` Ելիզավետպոլում անցկացուած Կովկասի իսլամականների ռազմական համագումարում որոշում էր ընդունուել ստեղծել ռազմական զօրաբանակ, որի միջուկ պէտք է դառնային, այսպէս կոչուած, Վայրի բաժանմունքի մէջ մտնող թաթարական հեծելազօրային գնդի սպաները: Իսկ 1917 դեկտեմբերի 14-ին, Կովկասեան ռազմաճակատի զօրամասը Ելիզավետպոլի իսլամական խորհրդի ճնշման ներքոյ բաւական քանակութեամբ զէնք ու զինամթերք էր տրամադրել այդտեղ տեղակայուած թաթարական գնդին, որի  հրամանատար էր նշանակուել վերոյիշեալ Մաղալաշվիլին: Ընդ որում, խնդիր էր դրուած կազմակերպել առաւել մեծաքանակ զինուած ուժեր: Ուստի շեշտը դրուեց ցարական բանակի տուն շտապող զօրամասերի զինաթափման վրայ:

Դեկտեմբերի 19-ին Ելիզավետպոլից Թիֆլիս հաղորդագրութիւն է ստացւում` առ այն, որ իսլամականների ամբոխները քանդել են Ելիզավետպոլից մինչեւ Շամխոր ձգուող երկաթգիծը: Կոմիսարիատը ստուգելու համար յանձնաժողով է ուղարկում այնտեղ: Մաղալաշվիլին յանձնաժողովին հաւաստիացնում է, թէ ռուսական զօրամասերն անարգել բաց կը թողնուեն իսլամականների վերահսկողութեանը ենթակայ տարածքներով, եթէ ռուսերը խաղաղ պահեն իրենց: Թէ որքան փարիսեցիական էին այդ խոստումները, որոնք ապակողմնորոշեցին ռուսական հրամանատարութեանը, բացայայտուեց զգալի ուշացումով, աւաղ, միայն բուն եղեռնագործութեան ընթացքում:

Այս առումով` եւս մէկ յատկանշական հանգամանք: Ռուսական զօրքերին տեղափոխող զինուորական կառաշարերը Սարիղամիշից պէտք է մեկնէին դէպի Ելիզավետպոլ: Կառաշարերից մէկի Պարէտ Չելովը, ում հրաշքով յաջողուել էր ողջ մնալ, հետագայում վկայել է, որ զինուորականները կարող էին ընտրել մէկ այլ երթուղի` դէպի Պաթում, բայց Թիֆլիսում նրանց համոզել են, որ առաւել յուսալին  Ելիզավետպոլի ուղղութիւնն է: Ընդ որում, դա այն պարագայում, երբ այդ ժամանակաշրջանի Պաքուի մամուլն ահազանգում էր, որ Ելիզավետպոլից մինչեւ Եւլախ բոլոր կայարանները կողոպտւում են իսլամական աւազակախմբերի եւ բնակչութեան կողմից: Դժուար չէ կռահել, որ այդ կապակցութեամբ որոշակի պայմանաւորուածութիւն կար Թիֆլիսի կոմիսարիատի եւ Ելիզավետպոլի իսլամական կեդրոնի միջեւ:

Վրաց պատմաբան Ս. Բերիձէի տեղեկատուութեամբ` «Իսլամական ազգային կոմիտէն բացայայտ կերպով Ելիզավետպոլ է ձգել, հաւաքել հազարաւոր իսլամականների, զինել նրանց, նստեցրել գնացքներ եւ ուղարկել Շամխոր: Այդ զանգուածների գլուխ էին կանգնած Ասլան բէկ Սաֆիքիւրդսկին, դոկտոր Խուդադաթ բէկ Ռուստամբեկովը, ովքեր զէնքը ձեռքներին անմիջականօրէն ղեկավարել են ռուսական զինուորների դէմ ռազմական գործողութիւնները»:

Այն օրերին  «Բաքինսքի Ռապոչի» թերթը գրում էր. «Նոյ Ժորդանիան եւ նրա մշտապէս ոչ խելամիտ ջանասէր օգնական Նոյ Ռամիշվիլին զրահագնացք են ուղարկել` Աբխազաւայի գլխաւորութեամբ, որը զէնք է բաշխել իսլամականներին եւ օգնել է նրանց գնդակահարելու հազարաւոր զինուորների ու զինաթափելու կառաշարերը»:

Եւ այսպէս, 1918 յունուարի սկզբներին Շամխոր գիւղի մերձակայքում կուտակուել էին 5 երկաթուղային կառաշարեր` ռուսական զինուորներով ու սպաներով: Յունուարի 7-ի երեկոյեան Ելիզավետպոլի իսլամական կոմիտէն, առաջնորդուելով Ժորդանիայի վերոյիշեալ հեռագրով, որոշում է ամենայն գնով զինաթափել նրանց: Նախապատրաստուելով այդ զանգուածային բռնութեանը, թաթարական  աւազակախմբերը եւ տեղացի իսլամական, նոյն ինքը` կովկասեան թաթար կոչուած խաժամուժը, վաղօրօք քանդում են երկաթգիծը, խրամուղիներ փորում երկու կողմից` գծի երկայնքով մէկ, ի լրումն` ճանապարհը փակում Թիֆլիսից օգնութեան ուղարկուած եւ հրանօթներով ու գնդացիրներով սպառազէն Աբխազիայի զրահագնացքով: Կանգնեցուած կառաշարերի ռուս զինուորականութեանը զինաթափուելու պահանջ ներկայացուեց, ինչը մերժուեց: Ապա հետեւեց իսլամական աւազակախմբերի գրոհը, որը գլխաւորում էր Մաղալաշվիլին: Երկու կողմից շրջափակուած եւ, այսպէս ասած, աքցանի մէջ առնուած կառաշարերի զինուորական անձնակազմերը, չհասցնելով յարմար դիրքաւորուել, ինչպէս նաեւ առձեռն զէնք չունենալով, քանզի այն պահպանման տակ էր դրուած առանձին յատուկ վակոններում, փաստօրէն պատրաստ չէին յետ մղելու աւազակների յարձակումը: Իսկ գնդակները, որ համազարկերի տեսքով ժայթքում էին թաթարների հրացաններից ու գնդացիրներից, ինչպէս նաեւ զրահագնացքից դիմահար արձակուող հրետանային արկերը, որոնք, պաքուեցի ռուս պատմաբան Տոկարժեւսքու հաւաստմամբ, զրահագնացքի հրանօթներից կրակում էին Սպիտակ զօրամասի հրետանաւոր սպաները, կարկտի նման թափուելով վակոնների վրայ, անխնայ ոչնչացնում էին գրեթէ ձեռնունայն մնացած ռուս զինուորներին: Պայմաններն առաւել քան անհաւասար էին, եւ մարտերն աւարտուեցին ռուսական զինուորական կառաշարերի գրաւմամբ ու դրան հետեւած ջարդերով, որոնք տեւեցին յունուարի 9-ից մինչեւ 12-ը:  Զինուորներից նրանք, ովքեր վիրաւորուել էին, խողխողւում  էին տեղնուտեղը: Թաթար աւազակներն անգամ չէին խնայում ամուսինների հետ միասին տուն վերադարձող սպաների կանանց` գիշատչաբար յօշոտելով նրանց:

Ռուս պատմաբան Ստաւրովսքու վկայութեամբ`  այդ ջարդերի արդիւնքում թաթարական ջոկատները բռնագրաւել են ոչնչացուած ռուսական զօրքերի ամբողջ սպառազինութիւնը` 12 հազար (այլ աղբիւրների համաձայն` 15 հազար) հրացան, 100 (70) գնդացիր, 30 (20) հրանօթ, այլ զինատեսակներ, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ զինամթերք: Սպաննուել եւ անյայտ կորել են,  տարբեր աղբիւրներով,  2-5 հազար ռուս զինուորներ ու սպաներ: Բացի այդ, թալանուել է կառաշարերի ամբողջ գոյքը, սպաննուածների վրայից հանուել, տարուել են նրանց համազգեստները եւ անգամ ներքնաշորերը, իսկ մերկացուած դիակները թողել փռուած կայարանի եւ նրա շրջակայ տարածքում` ի յօշոտումն արդէն չորքոտանի գիշատիչների: Շամխորի այդ ողբերգական ջարդերը  կովկասեան թաթարները հետագայում որակել են որպէս իրենց զինուած ուժերի մարտական «մկրտութիւն», որի արդիւնքում յաջողուել է մեծ քանակութեամբ զէնք ու զինամթերք առգրաւել, այն, ինչին ձգտել են Թիֆլիսի կոմիսարիատի վրաց-թաթարական մեծամասնութիւնը եւ Ելիզավետպոլի իսլամական խորհուրդը:

Այդ օրերին Թիֆլիսի կոմիսարիատի յանձնարարութեամբ դէպի Ելիզավետպոլ թռիչք է կատարում մեր հայրենակից օդաչու, պորուչիկ Տէր Մարտիրոսեանը: Վերադառնալով` նա զեկուցում է, որ Աղստաֆայի մօտ կանգնած են երեք ջարդուփշուր արուած կառաշարեր, իսկ Շամխորի կայարանի մերձակայ տարածքում ամէնուրեք հրդեհ է բռնկուած` այրւում են վակոնների կմախքները:

Շամխորի կոտորածներին հետեւել են ռուսական զօրքերի վրայ նաեւ այլ յարձակումներ Ազրպէյճանի մի շարք այլ վայրերում` հիմնականում երկաթուղային կայարաններում, ինչպէս նաեւ երկաթգծից հեռու գտնուող զօրամասերում` Շամխոր, Դալլեար, Աղստաֆայ, Ջուլֆա (Ջուղա), Եւլախ, Խաչմաս,  Ալաբաշլի, Կարեագինոյ եւ այլն:

Այդ մասին «Պաքու» թերթի 1918-ի յունուարի 31-ի համարում տպագրուած «Շամխորի ողբերգութիւնը (ականատեսի վկայութիւն)» ակնարկում գրել է նաեւ պարբերականի ռուս հեղինակ Ստանիսլավ Եդիեւսկին` պատմելով յունուարի 8-ին Թիֆլիսից Պաքու մեկնած փոստային գնացքի անձնակազմի, ուղեկցող զինուորների եւ 400 ուղեւորների դառը ճակատագրի մասին:

Ակնարկի հեղինակի հաղորդմամբ` Դալլեար կայարանում իսլամականները շրջապատում են գնացքը եւ պահանջում, որպէսզի զինուորները յանձնեն զէնքը: Վերջիններս սկզբում հրաժարւում են, բայց յետոյ, այնուամենայնիւ, ստիպուած յանձնում են: Թաթարներն անմիջապէս տեղնուտեղը գնդակահարում են զինաթափուած զինուորականներին, բռնագրաւում զէնքը,  ապա մինչեւ վերջին թել կողոպտում բոլոր ուղեւորներին: Դալլեարից Շամխոր երեք վերստ ճանապարհը կիսամերկ, ոտապոբիկ, կիսակենդան ուղեւորներն անցնում են ոտքով, ամէն քայլափոխի հանդիպելով սպաննուած, շորահան արուած ռուս զինուորների ցաքուցրիւ փռուած դիակների:

Ինչպէս տեղեկացնում է պատմաբան Հրանտ Աբրահամեանը «Գոլոս Արմէնի» թերթում օրերս հրապարակուած «Շամխորի սպանդ» յօդուածում, թաթարական խաժամուժն աւազակային յարձակումներ է գործել ռուսական բանակի նաեւ այն զօրամասերի վրայ, որոնք տեղակայուած էին Իրանի հետ սահմանում: Ըստ յօդուածագրի` Կարեագինոյում (հետագայում` Ֆիզուլի, ներկայումս` Արցախի Հանրապետութեան Վարանդա), տեղակայուած էր ռուսական սահմանապահ զօրքերի 6-րդ գունդը: Իսլամականների ջոկատները գիշերը գրոհել են գնդի տարածքը, զաւթել զինապաշարը, կոտորել զինուորներին: Ըստ արխիւային նիւթերի` 200 հոգուց ողջ է մնացել ընդամէնը երկու հոգի` փրկութիւն գտնելով Բանազուր հայկական գիւղում: Հեղինակի հաւաստմամբ` այդ ամէնին եռանդուն աջակցել են թուրքական հրամանատարութեան էմիսարները: Ըստ էութեան, ասում է նա, վերը յիշատակուած աւազակախմբերը Թուրքիայի «հինգերորդ շարասիւնն էին», սկզբում` Օսմանեան, ապա` քեմալական Թուրքիայի, որը չէր թաքցնում իր հակահայ եւ հակառուսական նկրտումները:

Շամխորում ռուսական զօրքերի ջարդերը վաւերագրօրէն փաստարկուած են հայ ժողովրդի մեծ բարեկամ, բանաստեղծ եւ հասարակական գործիչ, Կովկասեան ռազմաճակատում եւ Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած ռազմական գործողութիւնների աշխուժ մասնակից, զօր. Ալեքսանտր Կուլեպեակինի ռազմապատմական զեկոյցում, որ նա պատրաստել էր 1918` Համաշխարհային պատերազմին հայութեան մասնակցութեան եւ կրած կորուստների վաւերագրման հարցերով` Յովհաննէս Թումանեանի գլխաւորած Բիւրոյի յանձնարարութեամբ, Փարիզեան խաղաղութեան խորհրդաժողովին ներկայացնելու համար:

Այդ ջարդերի մասին է գրել Պաքուի կոմունայի առաջնորդ Ստեփան Շահումեանը` նշելով կոտորածների նախաձեռնողների` Ժորդանիայի եւ Ռամիշվիլու անունները:

Ռուս զինուորների զանգուածային սպանդը դատապարտել է նոյնիսկ «խորհրդային ժողովուրդների հայր», նոյն այդ ժողովուրդների գլխաւոր դահիճ  Իոսիֆ Ստալինը` այն ժամանակ ազգութիւնների գործերով ՌԽՖՍՀ ժողովրդական կոմիսարը. «Բայց դեռ կան անուններ, որոնք պէտք է նշուեն, դեռ կայ յանցագործների մի որջ, որը պէտք է ոչնչացուի: Այդ որջը Ելիզավետպոլի  իսլամական ազգային կոմիտէն է` ամբողջովին բաղկացած յետադիմական բէկերից ու խաներից, որը յունուարի 7-ի երեկոյեան, հիմնուելով Ժորդանիայի հեռագրի վրայ, որոշել է «ամենայն գնով» զինաթափել կառաշարերը եւ անհաւատալի անամօթութեամբ ու արիւնարբութեամբ յունուարի 9-12-ը կատարել իր որոշումը»:

Շամխորի արիւնալի իրադարձութիւններին իրենց աշխատանքներում անդրադարձել են ռուս պատմաբաններ Ա. Լ. Ստաւրովսքին եւ Է. Ա. Տոկարժեւսքին, լեհ պատմաբան Թադէուշ Սուենտոխովսքին:

Այդ եղեռնագործութիւնը յիշատակւում է նաեւ ժամանակակից ռուս գրող Վիկտոր Նիկոլաեւի «Բարձրեալի աջակցութեամբ (աֆղանցու գրառումները)» գրքում, որտեղ գլխաւոր հերոսին  այդ մասին պատմում է հայուհի Կարինէն` Չարդախլու գիւղի մարաջախտ Յովհաննէս Բաղրամեանի տուն-թանգարանի աշխատակցուհին:

Սակայն, անկախ այդ սակաւաթիւ հրապարակումներից, բուն իրողութիւնը յամառօրէն պահուել է մոռացութեան անթափանց քողածածկոյթի տակ` հետեւողականօրէն դուրս մղելով այն պատմագիտական, իրաւաքաղաքական շրջանառութիւնից, անհասանելի դարձնելով լայն հանրութեան, առանձնապէս` ռուս ժողովրդի համար: Եւ, արդեօ՞ք ոչ հեռաւոր պատմական անցեալի այդ ողբերգական իրադարձութիւններին գրեթէ համատարած անտեղեակութիւնը չէ պատճառը, որ` ինչպէս Ազրպէյճանի հայութիւնն էր, նոյնպէս եւ ռուս բնակչութիւնն ակամայ յանկարծակիի եկաւ քսաներորդ դարավերջին` Խորհրդային Ազրպէյճանում հայ եւ ռուս քաղաքացիների նկատմամբ 1988-1990 իրականացուած զանգուածային բռնութիւնների պարագայում, որոնք իրենց ձեռագրով ու ոճով ամենեւին չէին տարբերւում դարասկզբի այդ սահմռկեցուցիչ իրողութիւններից: Անշուշտ, այդ ողբերգութիւնների հիմքերի հիմքն իրական պատմութեանը լայն հանրութեան անտեղեակութեան մէջ է նաեւ, պատմութեան փոշին մաքրելու եւ պատմական անցեալից դասեր քաղելու հրամայականն անտեսելու աններելի պահուածքի մէջ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13376

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>