Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13580

Չեխահայ Ձեռնարկատէրը Յաղթեց Թուրք-Գերմանական Հզօր Ընկերութեանը` Թուրքիայում

$
0
0

Յ. ԱՍԱՏՐԵԱՆ

Չեխիայում գործող յայտնի «Մարլենկա» համաշխարհային ընկերութիւնը, որի սեփականատէրը ձեռնարկատէր Գէորգ Աւետիսեանն է, մէկ տարուայ բանակցութիւններից յետոյ յաղթեց  գերմանական հանրայայտ Dr. Oetker ընկերութեան Թուրքիայի ներկայացուցչութեանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մարլենկա» թխուածքի պատրաստման փոշին` նոյն անուանումով ու տեսքով:

Ինչպէս «Օրեր»-ին տուած հարցազրոյցում ասաց ընկերութեան սեփականատէր Գէորգ Աւետիսեանը, դեռեւս 2016 թուականի վերջին Թուրքիայում գործող իրենց առեւտրային գործընկերները ահազանգել են, որ խանութներում եւ մեծ սուփերմարքեթներում յայտնուել է «Մարլենկա» թխուածքի պատրաստման փոշին` Dr. Oetker ապրանքանշանով: Աւելի՛ն. նոյնիսկ համացանցով եւ հեռուստատեսութեամբ տրուել են «Մարլենկա» թխուածքի պատրաստման եղանակների տեսահոլովակները:

«Այս փաստը մեզ շատ զարմացրեց, քանի որ նման հանրայայտ ընկերութեան կողմից այսպիսի կեղծիք չէինք սպասում: Անմիջապէս կապուեցինք Պռնոյում գործող մեր գործընկեր փաստաբանական գրասենեակի հետ, նրանց խորհրդով նաեւ կապ հաստատեցինք Թուրքիայում գործող GUN փաստաբանական ընկերութեան հետ եւ անմիջապէս լծուեցինք կատարուած կեղծիքի բացայայտմանը: Նախեւառաջ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` պահանջեցինք, որպէսզի շուկայից հանուեն «Մարլենկա» անուանումով թխուածքի փոշու բոլոր տուփերը: Dr.Oetker-ի Թուրքիայի ներկայացուցչութիւնը այս ողջ ընթացքում փորձում էր ձգձգել հանդիպումները, եւ գրեթէ 5 ամիս չէինք կարողանում վերջնական պայմանաւորուածութեան գալ: Միայն երբ զգուշացրինք, որ դատական գործ կը յարուցենք, անմիջապէս սեղանի շուրջ նստեցին եւ ստորագրեցին մեր ապրանքանշային իրաւունքը խախտելու մասին համաձայնագիրը: Արդիւնքում 16 հազար եւրօ տուգանք վճարեցին, որից 13 հազարը գնաց փաստաբանների աշխատանքի վարձատրմանը:

ձախին՝ իրական «Մարլենկա«-ն,, աջին՝ կեղծ «Մարլենկա»-ն

Այսպիսով, մէկ տարի անց մենք կարողացանք յաղթել Dr. Oetker-ի թուրքական ներկայացուցչութեանը եւ ստիպեցինք շուկայից հանել կեղծ «Մարլենկա»-ները ասաց մեզ հետ զրոյցում Գէորգ Աւետիսեանը:

Ի դէպ, նշենք, որ սա «Մարլենկան» կեղծելու առաջին դէպքը չէ: Տարիներ առաջ ընկերութիւնը յաղթեց չեխական մի այլ ընկերութեան, որը անուան չնչին տարբերութեամբ «Մարլենկա» թխուածքներ էր արտադրում, իսկ Չինաստանում երեք տարի առաջ յաղթեց մի ընկերութեան, որը նոյն անունով թխուածքը ոչ միայն արտադրում էր, այլեւ փորձում էր խոչընդոտել իրական «Մարլենկա» թխուածքի մուտքը չինական շուկայ:

Սակայն այս պատմութեան մէջ հետաքրքրականն այն է, որ Dr. Oetker համաշխարհային հսկայ համարուող ընկերութիւնը, որի կեդրոնատեղին գերմանական Պիելֆելտն է, ունի մօտ 400 ընկերութիւն եւ 30 հազար աշխատակից, իրեն թոյլ է տուել նման կեղծիքի գնալ: Ամէն դէպքում, փաստաբաններն այն կարծիքին են, որ առանց գլխամասային ընկերութեան գիտութեան` դժուար թէ թուրքական մասնաճիւղը նման քայլի դիմէր: Հոկտեմբերի 13-ին ստորագրուած պայմանագրով Dr. Oetker-ի  թուրքական մասնաճիւղը  պարտաւորուել էր ոչ միայն շուկայից հանել բոլոր տեսակի «Մարլենկա» անուանումով թխուածքի փոշու տուփերը, այլեւ` ապագայում բացառել դրա արտադրութիւնը:

Այսպիսով, սա հայ գործարարի առաջին յաղթանակն է Թուրքիայի տարածքում եւ յատկանշական է այն առումով, որ այժմ այս բացայայտումից յետոյ գերմանական մի այլ ընկերութիւն ցանկանում է օրինական պայմաններով նման թխուածքի փոշի արտադրել` ստանալով «Մարլենկա» ընկերութեան հաւաստագիրը:

Ի դէպ, Գէորգ Աւետիսեանի ջանքերով 2014 թուականից` 100-ամեակի նախօրեակին,  Հայոց ցեղասպանութեան  թեման մտաւ չեխական կրթական համակարգի մէջ` «Մոտեռնի տէյյինի» /արդի պատմութիւն/ կայքէջի միջոցով, որ նախատեսուած է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Յիշեցնենք, որ «Մարլենկա» ընկերութիւնը հիմնադրուել է 2003 թուականին, չեխական Ֆրիտեկ-Միսթեք քաղաքում, հայ գործարար Գէորգ Աւետիսեանի կողմից եւ 14 տարիների ընթացքում դարձել է Եւրոպայի ամէնախոշոր մեղրով թխուածքի արտադրութիւնը: Տարեկան արտադրւում է մօտ 2 միլիոն թխուածք` գրանցելով  20 տոկոսի աճ, իսկ ընդհանուր տեսականու արտադրանքի քանակը անցնում  է 7 միլիոնից եւ տարածւում է աշխարհի 44 երկրներում: «Մարլենկան» ճանաչուել է Չեխիայի լաւագոյն ընկերութիւններից մէկը:

«ՕՐԵՐ» ամսագիր

www. orer.eu

Փրակա


Viewing all articles
Browse latest Browse all 13580

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>