ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Օգոստոսի սկզբներին Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփը վաւերացրեց Քոնկրեսի կողմից ներկայացուած` Ռուսաստանի Դաշնութեան (ՌԴ), Հիւսիսային Քորէայի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ գործող պատժամիջոցների փաթեթը ընդլայնող օրինագիծ: Վերջինիս մէջ զգալի տեղ է յատկացուած ՌԴ-ի նկատմամբ կիրառուող նոր տնտեսական սահմանափակումներին: Ամերիկեան կողմը դա մեկնաբանել է որպէս պատասխան 2016-ին Միացեալ Նահանգներում անցկացուած նախագահական ընտրութիւններին ռուսաստանեան յատուկ ծառայութիւնների միջամտութեանը: Դրանից զատ` առկայ է նաեւ ուքրանական հակամարտութիւնում ռուսական կողմի ազդեցութեան ու դերակատարութեան գործօնը:
Հայ քաղաքական ու տնտեսական փորձագէտներն իրենց մեկնաբանութիւններում ընդգծեցին, որ նման պատժամիջոցները, թէկուզեւ` անուղղակիօրէն, չեն կարող իրենց ազդեցութիւնը չունենալ նաեւ ՀՀ-ի վրայ: Եւրոպայից նոյնպէս ակնարկ եղաւ, որ տարածաշրջանը զերծ չի մնայ նման զարգացումների ազդեցութիւնից: Նախագահ Թրամփի նախաձեռնութիւնը որակուեց որպէս դասական ժողովրդավարութեան դրսեւորում, այն իմաստով, որ նա կեանքի կոչեց իր այն գաղափարը, որը չէին կիսում ո՛չ ամերիկեան խորհրդարանը, ո՛չ էլ նրա որոշ կուսակիցներ: Ըստ ամենայնի, Միացեալ Նահանգների նախագահի քայլը բաւականաչափ ռիսքային էր, ինչը պիտի յանգեցնէր ռուս-ամերիկեան յարաբերութիւններում մրցակցութեան նոր սրացման: Համաշխարհային այս երկու ուժային կեդրոնների միջեւ ահագնացող մրցակցութիւնը, բնականաբար, իր ազդեցութիւնը պիտի թողնի ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ, քանի որ երկու գերտէրութիւններն էլ այս հակամարտութիւնում միջնորդական առաքելութիւն իրականացնողներ են: Այս առումով, միանգամայն ուշագրաւ են երկու կողմերից հնչող յայտարարութիւններն ու մեկնաբանութիւնները:
Օգոստոսի 16-ին ամերիկացի համանախագահ Ռիչըրտ Հոկլանտը հանդէս եկաւ յայտարարութեամբ` յոյս յայտնելով, որ առաջիկայում հնարաւոր կը լինի կազմակերպել Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումը: Նա ասել էր, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմամբ զբաղուող ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներն աշխատում են Նիւ Եորքում ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացնել ՀՀ եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Յուսով ենք, որ Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահները շուտով կը վերսկսեն բանակցութիւնները, ընդգծել է նա եւ` յաւելել, որ նրանց հանդիպումը Նիւ Եորքում կազմակերպելու վերաբերեալ տեղեկատուութիւն առայժմ չկայ:
Այս անգամ էլ, ինչպէս միշտ, իրեն զգացնել տուեց ռուսական եւ ամերիկեան կողմերի միջեւ նախաձեռնութիւնների մրցակցութիւնը: Նոյն օրը «Իզվեսթիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարութեան իր աղբիւրը, իրազեկեց, որ Ռուսաստանը կը դառնայ Սարգսեան-Ալիեւ հերթական հանդիպման գլխաւոր կազմակերպիչը, որը պէտք է տեղի ունենայ մինչեւ տարեվերջ:
Ռուս-արեւմտեան աշխարհաքաղաքական մրցակցութիւնը թողնենք մի կողմ, քանի որ մեզ համար առաջնահերթ են ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի պահպանումն ու ազրպէյճանական կողմի ռազմական սադրանքների կանխարգելումը: Այս առումով, անհրաժեշտ ենք համարում յետադարձ հայեացք գցել նախորդ տարուայ ընթացքում արձանագրուած գլխաւոր փաստերի վրայ: Նախ` Վիեննայում եւ Ս. Փեթերսպուրկում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները կեանքի չկոչուեցին Ազրպէյճանի ապակառուցողական քաղաքականութեան պատճառով:
Փաստօրէն Պաքուն ԵԱՀԿ-ում արգելափակեց գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբակի հնարաւորութիւնների ընդլայնման նպատակով պիւտճէական աւելացումները` խափանելով ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների միջեւ նախապէս ձեռք բերուած համաձայնութիւնը: Ի տես միջազգային հանրութեան` պաշտօնական Պաքուն արհամարհեց շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեքանիզմի ներդրումը:
Միջնորդական ջանքերի շարքում կարեւոր տեղ է գրաւում անցեալ տարուայ դեկտեմբերին Համպուրկում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում համանախագահ պետութիւնների պատուիրակութիւնների ղեկավարներ Սերկէյ Լաւրովի, Ճոն Քերրիի եւ Ժան Մարք Էյրոյի համատեղ յայտարարութիւնը: Դրանում կային մի քանի շեշտադրումներ, մասնաւորապէս ընդգծուած էր, որ ղարաբաղեան հակամարտութիւնը ռազմական լուծում չունի:
Բացի այդ, համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները կոչ արեցին կողմերին յարգել նախկին պայմանաւորուածութիւնները: Կարելի է ասել` յատուկ ազրպէյճանական կողմի համար շեշտեցին, որ հակամարտութեան հանգուցալուծումը պէտք է հիմնուած լինի միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների` ուժի չկիրառման, ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների վրայ:
Ի՞նչ արեց Ազրպէյճանը վերոնշեալ պայմանաւորուածութիւններից, յայտարարութիւններից ու կոչերից յետոյ: Շփման գծում նա շարունակեց հրադադարի ծաւալուն խախտումների եւ ռազմական սադրանքների փորձը: ԱՀ Պաշտպանութեան բանակի հաղորդագրութիւնների համաձայն, ամէն շաբաթ հակառակորդը հարիւրաւոր անգամներ խախտում է հրադադարը: Անցած դեկտեմբերին ազրպէյճանական զինուած ուժերի կողմից նոյնիսկ ՀՀ պետական սահմանին խափանարարական ներխուժման փորձ ձեռնարկուեց, ինչի կապակցութեամբ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդէս եկաւ յայտարարութեամբ` սադրանք որակելով ՀԱՊԿ-ի անդամ պետութեան տարածքում տեղի ունեցածը:
Վկայակոչելով վերջին զարգացումները` անհնար է շրջանցել օգոստոսի 23-ին Սոչիում տեղի ունեցած Փութին-Սարգսեան հանդիպումը: Պաշտօնական աղբիւրների փոխանցմամբ, ՌԴ նախագահի խօսքում կարեւորուել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծաւալուն քաղաքական երկխօսութիւնը, երկկողմ համագործակցութիւնը` տնտեսութեան, անվտանգութեան եւ ռազմական ոլորտներում, ինչպէս նաեւ` աշխուժ փոխգործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների եւ համարկման միաւորումների շրջանակներում: Այս հանդիպումից մէկ օր անց լրատուամիջոցները տարածեցին տեղեկատուութիւն Ուաշինկթընի արտերկրեայ լրագրողների մամուլի ակումբում ամերիկացի համանախագահ Ռ. Հոկլանտի հետ կայացած հանդիպման մասին, ինչը կապուած էր Մինսքի խմբում նրա աշխատանքի աւարտի հետ: Նա յիշեցրել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման «6 հիմնական կէտերը», որոնք դեռեւս 2014-ին ներկայացրել է նախկին համանախագահ Ճէյմս Ուորլիքը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի սկսուել նախկին խորհրդային հանրապետութիւնների անկախացումից յետոյ, այդ խնդիրը շարունակուել է տասնամեակներ, եթէ ոչ դարեր, ասել է նա: Ընդ որում, նա ղարաբաղեան խնդիրը տարբերակել է Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի եւ Մերձտնեսթրի հակամարտութիւններից: Կողմերը պէտք է սահմանեն ԼՂ վերջնական իրաւական կարգավիճակը` ապագայում փոխադարձ համաձայնութեամբ եւ իրաւական պարտաւորեցնող կամարտայայտմամբ:
Այդուհանդերձ, ըստ ամերիկացի համանախագահի, գոյութիւն չունի բեմագրութիւն, որում խաղաղութիւնը կարող է ապահովուած լինել առանց լաւ նախապատրաստուած խաղաղ գործողութիւնների, որոնք վայելում են կողմերի վստահութիւնը: Վկայակոչելով Մատրիտեան սկզբունքները, որոնք ընդունուել են որպէս հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմք, Հոկլանտն ասել է, որ սա երկարատեւ քաղաքականութիւն է եւ կապուած չէ այս կամ այն համանախագահի հետ:
Հարկ է նկատել, որ Հոկլանտը, լաւ պատկերացնելով հակամարտող կողմերի դիրքորոշումների անհամատեղելիութիւնը, ստիպուած էր իր խօսքում ընդգծել, որ եթէ կողմերը համաձայն չեն առաջարկուող ծրագրի առանձին կէտերին, գոնէ համաձայն են քննարկել այն: Նրա կարծիքով, հէնց դա է կարեւորը:
Հանդիպմանը ներկայ ազրպէյճանցի լրագրողներին անհանգստացրել է այն փաստը, որ ամերիկացի համանախագահի ներկայացրած կէտերում ոչինչ նշուած չէր Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մասին: Կարծում ենք` դիւանագիտական այս հնարքն ինքնանպատակ չէր. միջնորդական առաքելութեամբ զբաղուող իւրաքանչիւր լուրջ գործիչ պարտաւոր է տեղ թողնել արցախեան կողմի համար: Ոչ միայն նա, այլեւ միւս համանախագահները քաջատեղեակ են պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշմանը, համաձայն որի, առանց Արցախի Հանրապետութեան անմիջական մասնակցութեան` հնարաւոր չէ պատկերացնել հակամարտութեան հանգուցալուծումը եւ առհասարակ որեւէ փաստաթղթի ստորագրումը:
Վերոշարադրեալն ամբողջացնելու նպատակով յատուկ ընդգծենք, որ, այսպէս կոչուած, Մատրիտեան սկզբունքներն իրենց սպառել են ապրիլեան պատերազմից յետոյ, երբ ազրպէյճանական վայրագութիւններին ականատես միջնորդների համար ընկալելի է դարձել Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման առաջնահերթութիւնը: Իսկ դա այն հարցն է, որը ձեւափոխման չի ենթարկւում անգամ համաշխարհային ուժային կեդրոնների մրցակցութեան սրացումների պարագայում: