Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13430

«Golden- Fish-K»` Արցախի Տնտեսութեան Ոսկէ Ձկնիկ

$
0
0

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

Առաջնագծից 800 մեթր հեռաւորութեան վրայ, կրակոցների ձայների ներքոյ Մատաղիս համայնքի ձկնկիթի գործարանը նախատեսում է տարեկան 15-20 թոն սեւ ձկնկիթ ստանալ:

Ձկնկիթի Աճեցումից Մինչեւ Սեւ Արտադրութիւն

Արցախի տնտեսական մեծածաւալ նախագծերից մէկի` «Golden-fish-k» ընկերութեան հիմնումը զուիցերիահայ Վարդան Սրմաքէշի գաղափարն է: Գործարարի ներդրումներն Արցախում անցնում են մի քանի տասնեակ միլիառ դրամի սահմանը` գիւղատնտեսութիւն, դրամատնային համակարգ, ջրաելեկտրակայան, հանքարդիւնաբերութիւն եւ ձկնաբուծութիւն:

Գրանցուած տնտեսական յաջողութիւնները լաւատեսութեան հիմք են տալիս: 2013-ին ուսումնասիրուել է ոլորտը: 2014-ին հիմնուել է արտադրամասը: 2015-ի մայիսի վերջին ստացել են  թառափների առաջին խմբաքանակը` թուով 100.000: 2016-ին ձկնկիթն արտադրւում էր փորձնական նպատակով: Այսօր արդէն հաշուարկւում են առաջիկայ տարիների արդիւնքները:

Մատաղիսի գործարանում բուծում են թառափի սիպիրեան, ռուսական եւ պելուկա տեսակները: Չի բացառւում, որ հետագայում որոշ սաղմոնազգիներ էլ մշտական բնակութիւն հաստատեն Մատաղիսում, մասնաւորապէս` գեղարքունեանց գեղեցկուհի իշխանը:

Ժամանակացոյցի համաձայն, ձկնկիթի արտադրութիւնը միջինը վեց տարի է պահանջում:

«Տարեկան 400.000 ձկան ձկնկիթի է բերւում, սովորաբար գրանցւում է բերուածի 20-30 տոկոսի կորուստ», նշում է «Golden-fish-k» ընկերութեան գործադիր տնօրէն Արմէն Չալեանը:

Ձկնաբուծութեան եւ սեւ ձկնկիթի արտադրութեան գործում ունեցած փորձը ձեռնարկութեան աշխատակիցներին են փոխանցել արտասահմանից հրաւիրուած մասնագէտները: Աշխատողները պարբերաբար մասնակցում են նաեւ արտասահմանում կազմակերպուող դասընթացների:

«Դասընթացների ընթացքում ստացած փորձն ու գիտելիքները փոխանցում եմ աշխատողներին», ասում է Ա. Չալեանը:

Սկզբում սարքաւորումներին, ջրի ջերմաստիճանին, որակեալ կերին առնչուող խնդիրներ ունէին, սակայն ժամանակի ընթացքում այս խնդիրները կարգաւորուեցին:

Սահմանապահ Ուոլ Սթրիթ

Ծովերից ու ովկիանոսներից հազարաւոր քիլոմեթրերով հեռու գտնուող Մատաղիսը փաստեց` ձկնկիթի արտադրելու համար պարտադիր չէ ծով ունենալ:

Երկու գործօն են հիմնականում ազդում որակեալ ձկնկիթի արտադրութեան վրայ` թթուածնով հարուստ ջուրն ու ջրի համապատասխան ջերմաստիճանը: Երկու դէպքում էլ Մատաղիսի գործարանը շահեկան դիրքերում է: Թարթառի զուլալ ջուրն ու ջերմաստիճանի տաքութիւնը, որը տարուայ կտրուածքով կայուն է այս տեղանքի համար, ձկնկիթ ստանալու համար գլխաւոր նախապայմանն են:

«Հոսող ջրի ջերմաստիճանը եւ մաքրութիւնը ամբողջութեամբ համապատասխանում էր այն պայմաններին, որոնք մեզ պէտք էին: Այս պայմաններում հնարաւոր է բարձրակարգ ձկնկիթ ստանալ», նշում է Արմէն Չալեանը եւ` աւելացնում. «Մատաղիսում ձկնկիթի արտադրամաս կառուցելն ունի նաեւ հոգեբանական նշանակութիւն` տեղի բնակիչների համար. ժողովուրդը պէտք է վստահ լինի, որ երկիրը ապագայ ունի»:

Գործարանն ունի 9 հեկտար տարածք: Ձկները պահւում են 350 աւազաններում: Պէտք է կառուցուի նաեւ մեծ աւազան:

Խոշոր պիզնես հիմնելու գաղափարը շատ արագ վերածուեց իրական ձեռնարկի: «Golden-fish-k» ընկերութեանը պատկանող ձկնաբուծարանի շինարարութեան աւարտին անմիջապէս հետեւեց առաջին ձկնկիթի խմբաքանակի ներկրումն ու տեղադրումը:

Այսօր գործարանն ունի 20 աշխատող` 130.000 դրամ միջին աշխատավարձով: Առաջիկայում աշխատողների կարիք եւս կը լինի:

Ձկնկիթի Արտադրութիւնը`
Արցախի Տնտեսութեան Հորիզոն

Ձկնկիթի արտադրութիւնն Արցախի տնտեսութեան շահութաբեր ճիւղ դարձնելու գաղափարը որքան էլ արկածային էր թւում, այնուամենայնիւ ունեցած ջրային պաշարներն ուրուագծում էին հնարաւոր հեռանկարը:

«2020-22 թուականներին մեր ծաւալները հասնելու են 1200-1500 թոն ձկան միս, նաեւ ունենալու ենք 15-20 թոն սեւ ձկնկիթ», նշում է Արմէն Չալեանը` ցաւով աւելացնելով սակայն, որ ապրիլեան պատերազմը ուրուագծուած ժամանակացոյցից յետ է գցել գործարարներին. գործարանում մարդկային կորուստ չի գրանցուել, սակայն այդ օրերին ռմբակոծութիւնների զոհ է դարձել աւելի քան 50.000 ձուկ: Հասցուած նիւթական վնասը կազմել է 120-130 միլիոն դրամ:

Յաջորդ տարի վաճառքի են հանելու 500 թոն ձկնամիս, իսկ 4 տարի անց Արցախում արտադրուած ու մակնշուած ձկնկիթը միջազգային շուկայում է յայտնուելու: Ունեն նաեւ հասուն մայրական կազմ, որից արդէն ստանում են ձկնկիթ. ճիշդ է` դեռ փոքր ծաւալներով, փորձնական նպատակներով:

Առաջին շօշափելի արդիւնքները տեսանելի կը լինեն արդէն երկու տարի անց: Մօտ 700 թոն ձկնամթերք կ՛արտադրուի: Շուտով վերամշակող արտադրամաս էլ կը կառուցուի` տեղում ձկնկիթն ու միսը մշակելու եւ փաթեթաւորելու նպատակով:

6-7 տարի անց Արցախը աշխարհին բարձրակարգ ու բարձրարժէք արտադրանքով կը ներկայանայ: Ձկնաբուծութիւնը տնտեսութեան աշխուժացման լուրջ նախադրեալ է, շահութաբեր ու հեռանկարային ճիւղ: Նախատեսւում է 1 քկ ձկնկիթը վաճառել 3000 ամերիկեան տոլարով:

«Ապառաժ»

 


Viewing all articles
Browse latest Browse all 13430

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>