Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13471

«Իրանը Սեփական Տարածքում Երբեւէ Ազգութիւնների Դէմ Յանցագործութիւններ Չի Իրականացրել». Դոկտ. Կարէն Խանլարեան

$
0
0

Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Խանլարեանը ասորիների ցեղասպանութեան նահատակների մեծարման միջոցառման ժամանակ զօրակցել է ասորական համայնքին եւ ելոյթ ունենալով` նշել, որ ցեղասպանութիւնը մեր երկու` հայ եւ ասորի ժողովուրդների ընդհանրական  ցաւն է, եւ կարեւորութեամբ յաւելել, որ Հայաստանը հանդիսանում է առաջին երկիրը, ով պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է օսմանական Թուրքիայի կողմից իրականացուած ասորիների ցեղասպանութիւնը:

Իրանահայ պատգամաւորը շարունակելով ցեղասպանութեան թեման` յաւելել է, որ մարդկութեան հնագոյն քաղաքակրթութիւններից մէկի` ասորի ժողովրդի ցեղասպանութիւնը  սկսուել է 18-րդ դարասկզբից, շարունակուել է 1915թ. Հայոց ցեղասպանութեանը զուգահեռ եւ շարունակւում է առ այսօր` Մուսուլում, Նինուէում եւ ասորական այլ քաղաքներում, ինչպէս նաեւ` Հոմսում, Հասաքէում եւ Սիրիայի ասորաբնակ այլ շրջաններում, որոնք գտնւում են ահաբեկիչների ճիրանների տակ:

Վերջինիս վրայ կանգ առնելով` հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշել է, որ Թուրքիան ցեղասպան երկրների ցուցակում բացառիկ մրցանիշ է գրանցել իր դաժան պատմութեան հաշուին: Նա նշել է, որ Թուրքիայի ձեռամբ աւելի քան հինգ ազգութիւններ ու ցեղախմբեր, յանձինս` հայերի, յոյների, ասորիների, մակեդոնացիների, պուլկարների, քրտերի եւ ալեւիների, ենթարկուել են ցեղասպանութեան, ինչի համար մինչ օրս այդ յանցագործ պետութիւնը պատասխանատւութեան չի ենթարկուել միջազգային ատեանների կողմից:

Նա  կարեւորել է պատմական այն փաստը, որ Իրանը, իր աւելի քան չորսհազարամեայ պատմութեան կտրուածքով, երբեք սեփական տարածքներում ապրող ազգութիւնների դէմ կազմակերպուած յանցագործութիւն չի իրականացրել: «Թերեւս հէնց այս պատճառով է, որ Իրանը բոլորից աւելի շատ բարոյական իրաւունք ունի ճանաչելու եւ դատապարտելու այլոց կողմից մարդու դէմ իրականացուած յանցագործութիւնները, ի թիւս այլոց` հայերի եւ ասորիների ցեղասպանութիւնները», ընդգծել է պատգամաւորը:

Դոկտ. Խանլարեանը միջոցառմանը ցուցադրուած տեսանիւթի կապակցութեամբ, որտեղ խօսուել է ՏԱՀԵՇ-ի  կողմից ջարդի ենթարկուած իրաքեան ասորիների փաստերի մասին, եւ այն, որ զոհերի յիշատակը շարունակւում է մնալ առանց յուշարձանի, նշել է, որ Հայոց ցեղասպանութիւնը յիշատակող Տէր Զօրի հայկական եկեղեցին նոյնպէս ՏԱՀԵՇ-ի ձեռամբ է աւերուել եւ հողին հաւասարեցուել: Նա յոյս յայտնեց, որ կը գայ այն օրը, երբ ասորիներն իրենց պատմական հայրենիքում` ազատ, անկախ եւ միացեալ Ասորեստանում, կը կառուցեն ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձաններ:


Viewing all articles
Browse latest Browse all 13471

Trending Articles