ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Image may be NSFW.
Clik here to view.
Պարզւում է, որ իրական է: Եւ կամ մօտ է իրականութեանը: Յամենայն դէպս երեւոյթն այդպէս են ներկայացնում ազրպէյճանական ընդդիմադիր լրատուամիջոցները` մատնանշելով այդ գործողութեան (բնորոշումը թողնում եմ մասնագէտներին) հեղինակին` Ազրպէյճանի այլեւս լուծարուած ազգային անվտանգութեան նախարարութեան վերջին ղեկավարին` զօրավար-գնդապետ Էլտար Մահմուտովին: Նրան, ում այդ բարձր ու պատասխանատու պաշտօնում դեռեւս 2004թ. յուլիսին նշանակել է անձամբ նախագահ Իլհամ Ալիեւը` տեղափոխելով ներքին գործերի նախարարութեան աշխատակազմից, եւ աւելի քան տասնմէկ տարի անց` 2015-ի հոկտեմբերին, երբեմնի ընկերոջը, գործակցին ու բաժակակցին անսպասելի ազատել զբաղեցրած պաշտօնից: Միաժամանակ նախագահի այլ հրամանագրով կառավարութեան կազմի մէջ մտնող այդ գերատեսչութիւնը վերակազմաւորուել է Ազգային անվտանգութեան ծառայութեան: Թէ ինչո՞ւ ազրպէյճանական պաշտօնական կամ իշխանամէտ լրատուամիջոցները միաբերան նշում են, որ Մահմուտովի օրօք նախարարութիւնը վերածուել էր աւազակային խմբաւորման` երկար տարիներ շարունակ անպատիժ կատարելով բազմաթիւ ծանր յանցագործութիւններ` խոշոր չափերի շորթումներ, կաշառակերութիւն, պետական եւ մասնաւոր գոյքի բռնազաւթումներ, միլիառների հասնող պիւտճէական եւ դրամատնային միջոցների իւրացումներ, մարդկանց առեւանգումներ, ահաբեկչութիւն, սպանութիւններ, կողոպուտներ, թմրանիւթերի վաճառք եւ այլն:
Ինչ վերաբերում է անձամբ շնորհազուրկ նախարարի եւ նրա մեղսակիցների ճակատագրին, ովքեր նոյնպէս բարձրաստիճան անձինք են, ապա, ինչպէս յայտնում են նոյն այդ լրատուամիջոցները, Մահմուտովի նկատմամբ ազրպէյճանական դատարանի որոշմամբ սահմանուել է տնային, իսկ միւսների նկատմամբ` պարբերաբար երկարաձգուող կալանք: Ներկայումս այս վերջինների` Ակիֆ Չովտարովի, Սուպահիր Կուրպանովի, Թէյմուր Կուլիեւի, ազգային անվտանգութեան միւս զօրավարների ու գնդապետների քրէական գործերը, յանձնուած լինելով դատական վարոյթի, ահա ամիսներ ի վեր քննւում են Պաքուի միեւնոյն` Սապունչիի շրջանային դատարանում:
Հարց է ծագում` ինչո՞ւ «Կովկասի գերուհին» խորհրդային սիրուած ժապաւէնի հերոսներից մէկի` «Վախկոտի» արտայայտութեամբ ասած, «աշխարհի ամենամարդասէր դատարանը», որպիսին ինքնաթմբկահարում է ազրպէյճանական արդարադատութիւնը, նման անարդար խտրականութիւն է դրսեւորում` աւազակախմբի պարագլխին թոյլ տալով շարունակել կեանքը սեփական առանձնատան շքեղ պայմաններում, իսկ յանցակիցներին` նետելով բանտային ճաղերի ետեւ:
Հարցի առաջին պատասխանը, որքան էլ տարօրինակ թուայ, ամէնից շուտ բարձրաձայնել է անձամբ ինքը` տնային կալանքի ենթարկուած Էլտար Մահմուտովը, պաշտօնազրկումից անմիջապէս յետոյ յայտարարելով, որ եթէ իրեն քրէական պատասխանատուութեան ենթարկեն, այսինքն դատեն ու ճաղերի ետեւ գցեն, ապա ինքը գիտէ, թէ իր գաղտնարաններից ի՛նչ աղմկայարոյց փաստաթղթեր կը նետի հանրային հարթակ: Ընդ որում, նա հասկացրել է, որ անգամ իր սպանութեան դէպքում փաստաթղթերը դուրս կը սպրդեն ապահով թաքստոցներից ու կը դառնան ոչ միայն ազրպէյճանական, այլեւ միջազգային հանրութեան սեփականութիւն: Թէ առհասարակ ի՛նչ եւ, մասնաւորապէս ում համար ի՞նչ վտանգ է թաքնուած այդ սպառնալիքի տակ, նա, ի հարկէ, խոհեմաբար չբացայայտեց` ըստ երեւոյթին ելակէտ ընտրելով «Խելօքին մէկ ասա, յիմարին` հազար ու մէկ» ասացուածքը:
Թէ ի՛նչ ական է պարունակում Էլտար Մահմուտովի սպառնալիքը, այդ մասին վերջերս թեթեւակի ակնարկել են Եւրոպայում գործող ազրպէյճանալեզու ընդդիմադիր լրատուամիջոցները: Ո՛չ, ի հարկէ, Ազրպէյճանի իշխանութիւններին ինչ-ինչ ծառայութիւն մատուցելու եւ այդպիսով իսկ նրանց հաճոյանալու ցանկութեամբ: Մասնաւորապէս, Միացեալ Նահանգներում որպէս վտարանդի ապաստանած ազրպէյճանցի լրագրող Պէյտուլլա Մանաֆովը, ով յատուկ մեկնաբանութիւններով պարբերաբար հանդէս է գալիս «Ազրպէյճան սասի» («Ազրպէյճանի ձայն»), «Թուրան» եւ համացանցային այլ հեռուստակայանների ալիքներով, անդրադառնալով հարցին, օրերս նուրբ հիւմըրով, բայց միանգամայն հասցէական ակնարկել է, թէ էլտար Մահմուտովը, լինելով փորձառու չէկիստ, միջոցներ չի խնայել արտասահմանեան ընկերութիւններից ձեռք բերելու թանկարժէք գաղտնի տեսաձայնագրման սարքեր, որոնք տեղը տեղին դրել է Իլհամ Ալիեւի առանձնատանը` բոլոր մանրամասներով արձանագրելով նախագահի ոչ այնքան ակնահաճոյ առօրեան` գինարբուքի, թմրանիւթերի օգտագործման, խաղամոլութեան, անգամ միասեռ սիրախաղերի տեսարաններով:
Որ Իլհամ Ալիեւը դեռ երիտասարդ տարիքից գինարբուքների սիրահար է, թմրամոլ ու խաղամոլ, ի հարկէ, ամենեւին գաղտնիք չէ Ազրպէյճանում եւ նրա սահմաններից դուրս: Որպէս ապացոյց` ահա մի ցայտուն գրաւոր վկայութիւն, որ մահից յետոյ թողել է նրա հարազատ հօրեղբայրը` ակադեմիկոս Ճալալ Ալիեւը: Հանգուցեալ ակադեմիկոսի այդ գրութիւնը «ԱզերեւրոթայմսԹՎ» կայքէջի խմբագրութեանն է տուել նրա թիկնապահներից մէկը: Հօրեղբայրը մասնաւորապէս պատմում է թուրքական խաղատներից մէկում իր զարմիկի գործած «հերոսութիւնների» մասին: Մէջբերում եմ. «Երիտասարդ տարիներին տարուելով հերոյինով եւ մոլախաղերով` Իլհամ Ալիեւը դեռեւս չի կարողանում ազատուել այդ վատ սովորութիւնից: Նրան միայն խաղատները եւ թմրանիւթերն են հետաքրքրում»: Ճալալ Ալիեւն այնուհետեւ գրել է, որ մի անգամ իր զարմիկն անչափ մեծ գումար է տանուլ տուել խաղատներից մէկում, որը պատկանում էր «խաղատների արքայ» մականունով յայտնի, հետագայում Հայտար Ալիեւի կարգադրութեամբ գնդակահարուած Լիւթֆի Թոփալին: Նա պատմում է, թէ քանի որ Իլհամ Ալիեւի մօտ փող չի եղել եւ, ընդ որում, խուսափում էր պարտքը վերադարձնել, խաղատան թիկնապահները ծեծում ու պատանդ են վերցնում նրան: Այդ մասին տեղեակ են պահում Հայտար Ալիեւին, որը խոստանում է վճարել գումարը: Փողերը խաղատուն են հասնում վեց ժամ յետոյ: Այդ ժամերին պահակային ծառայութեան աշխատակիցներն Իլհամ Ալիեւին ստիպում են լուանալ խաղատան յատակը եւ անգամ` զուգարանը: Եւ միայն այն բանից յետոյ, երբ հայրը վճարում է պարտքը, ազատ են արձակում նրա որդուն` Ազրպէյճանի ապագայ նախագահին: Ի լրումն նշեմ նաեւ, որ, այլ աղբիւրների համաձայն, դէպքը տեղի է ունեցել Պոլսի խաղատներից մէկում, եւ Հայտար Ալիեւի խնդրանքով նրա որդու` միլիոնների հասնող պարտքն իր, թէ ում գրպանից խաղատան տիրոջն էր վճարել այն ժամանակ Պոլսի քաղաքապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը` Թուրքիայի ներկայիս նախագահը: Ինչպէս ասում են` ձեռքը ձեռք է լուանում: Բայց պարտքը մնում է պարտք, եւ այն ի վերջոյ վերադարձնել է պէտք, թէ ինչպէ՛ս եւ ի՞նչ ձեւով, արդէն կողմերի պայմանաւորուածութիւնից է կախուած: Հիմք ընդունելով Պէյտուլլա Մանաֆովի ակնարկը, ի լրումն նաեւ հանգուցեալ ակադեմիկոսի վկայութիւնն Իլհամ Ալիեւի յոռի սովորութիւնների մասին, կարելի է ենթադրել, թէ ինչպէս է այն վերադարձւում: Կարծում եմ` բաւական է համացանցում բացել Ալիեւ-էրտողան յաճախակի հանդիպումներն արտացոլող լուսանկարների հոծ շարքը, առանձնապէս դիտել նրանք, որոնցում արական սեռի երկու նախագահներն իրար են նայում արտառոց շողոմ հայեացքներով, ապա, թէկուզ եւ արգահատանքով, կարելի է պատկերացնել, թէ ինչպէս:
Ի դէպ, քանի որ խօսք բացուեց Ճալալ Ալիեւի գրութեան մասին, ուստի եւս մէկ փոքր անդրադարձ այդ գրաւոր վկայութեանը, որտեղ նոյն կերպ, թէկուզ եւ աւելի մեծ նողկանքով է նա խօսում Ազրպէյճանի Առաջին տիկնոջ` երկրի ներկայումս առաջին փոխնախագահ Մեհրիպան Ալիեւայի մասին: Մէջբերում եմ. «Այս անամօթը` գռեհիկ Մեհրիպանը, իշխում է ամբողջ Ազրպէյճանում: Նա իր ձեռքում է հաւաքել Ազրպէյճանի ողջ հարստութիւնը: Ինչքան էլ որ վերցնի այդ վհուկը, չի կշտանում ո՛չ փողից, ո՛չ նաւթից, ո՛չ էլ ոսկուց: Անձամբ ես գիտեմ Ազրպէյճանում 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կեանք է ապրել»:
Շարունակենք հետեւել Ճալալ Ալիեւի գրութեանը: Նրա տեղեկատուութեամբ, Մեհրիպան Ալիեւան չորս տարի շարունակ` 1991-1995թթ., ապրել է Թուրքիայում, որտեղ նրան իր խնամակալութեան տակ վերցրած` պահել է Ազրպէյճանի սակաւապետներրից մէկը` «ԱԶԱԼ» (Ազրպէյճանի օդային ուղիներ) խոշոր ընկերութեան ներկայիս նախագահ Ճհանկիր Ասկերովը: Ընդ որում, չնայած թուրքական թերթերը գրել են նրա այդ տարիների կեանքի մասին, սակայն ազրպէյճանական ոչ մի պարբերական երբեւէ չի անդրադարձել դրան, քանզի, ինչպէս նախագահի հօրեղբայրն է վկայում, Մեհրիպան Ալիեւան լրատուամիջոցներին խստիւ արգելել էր որեւէ անդրադարձ իր թուրքական կեանքին: «Եթէ դուք ուշադրութիւն դարձնէք,- գրել է հանգուցեալ ակադեմիկոսը,- ապա կը տեսնէք, որ Մեհրիպանը մինչեւ 1995թ. ոչ մի լուսանկար չունի, իսկ ընդհանուր առմամբ` անգամ մէկ համատեղ լուսանկար Իլհամի հետ»:
Ինչ վերաբերում է նրան, թէ, արդեօք, Իլհամ Ալիեւը տեղեա՞կ է կնոջ անբարոյ առօրեային, ապա Ճալալ Ալիեւի գրութիւնից պարզւում է, որ` այո՛: Ահա թէ ի՛նչ է նա գրում. «Անամօթ Իլհամը իմանալով, որ Ազրպէյճանում շատերը, այդ թւում` իր շրջապատից, մտերմիկ կապի մէջ են իր կնոջ` Մեհրիպանի հետ, միեւնոյն է` ամէն օր բարեւ է տալիս այդ մարդկանց, անգամ` սեղմելով նրանց ձեռքը: Նրա համար բացարձակապէս միեւնոյն է, թէ որտեղ է անառակութիւն անում իր կինը, միայն թէ հերոյին լինի»: Եւ այդ խաղամոլին դուք համարում էք ձեր նախագա՞հը, դիմելով իր հայրենակիցներին, հարցնում է Ճալալ Ալիեւը:
Կարող էք հարցնել` լա՛ւ, իսկ ինչո՞ւ Ազրպէյճանի նախագահի հարազատ հօրեղբայրն այդ ոճով ու բնութագրումներով է խօսում զարմիկի ու նրա կնոջ մասին: Բանն այն է, որ ամէն ինչ այնպէս փայլուն ու սահուն չէ այդ երկրի իշխանական վերնախաւում, ինչպիսին այն փորձում է ներկայացնել ազրպէյճանական քարոզչութիւնը: Հանրայայտ է Ազրպէյճանի երկու հզօր քլանների` ալիեւների եւ փաշայեւների մրցակցային պայքարը` քաղաքական ու տնտեսական լծակների համար: Առաջինները քրտական ծագումով նախիջեւանցի գործիչներն են եւ, այսպէս կոչուած, «երազները» (երեւանցի ազրպէյճանցիները), որոնց գլուխ կանգնած է Իլհամ Ալիեւը, իսկ երկրորդի շահերը կոչուած է ներկայացնելու նրա կինը` Մեհրիպան Ալիեւան: Եւ այդ պայքարում փաշաեւները մէկը միւսի յետեւից յաղթանակներ են տանում: Ընդ որում, այն հանգամանքը, որ երկրի Առաջին տիկինն ամուսնու հրամանագրով նշանակուել է պետութեան առաջին փոխնախագահ, ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն այդ խմբաւորման եւս մէկ էական յաղթանակ: Յայտնի է, որ Ճալալ Ալիեւը նախագահ եղբօր` Հայտար Ալիեւի մահից յետոյ կտրականապէս դէմ էր, որպէսզի նրա մինուճար որդին զբաղեցնի պետութեան ղեկավարի աթոռը: «Խաղամոլ եւ հարբեցող Իլհամ Ալիեւը, որը չունի ո՛չ քաղաքական կրթութիւն, ո՛չ համապատասխան ունակութիւններ, օրէցօր երկիրը ճահճի է վերածում: Նա Ազրպէյճանը եւ նրա ժողովրդին իբրեւ խաղադրոյք է դրել, որը վաղուց է տանուլ տուել Վլատիմիր Փութինին: Ազրպէյճանը երկիր է, որ հարբեցողը տանուլ է տուել», նշել է նա: Պատահական չէ, որ, ինչպէս ինքն է յայտնում խնդրոյ առարկայ գրութեան մէջ, երեք տարի շարունակ իրեն, որպէս բանտարկեալի, տնային կալանքի տակ են պահել Պաքուի Պատամդար արուարձանի իր առանձնատան մէջ` մշտապէս անհաղորդ մնալով իրեն ընդունելու եւ ականջ դնելու իր բոլոր խնդրանքներին: Ի լրումն նշեմ, որ նախագահ Իլհամ Ալիեւը ճոխ յուղարկաւորութիւն է կազմակերպել իր այդ անհաշտ ու ըմբոստ հօրեղբօր համար` հողին յանձնելով պատուաւոր թաղումների թիւ 1 ծառուղում, նրա հարազատ եղբօր` Ակիլ Ալիեւի կողքին: Ինչ խօսք, իշխող տոհմի պատուի եւ արժանապատուութեան պահպանման հարց էր:
Այս պարունակում` մէկ այլ ուշագրաւ իրողութիւն: Ահա երկար տարիներ է, ինչ Լոնտոնում է բնակւում Իլհամ Ալիեւի միակ քոյրը` Սեւիլ Ալիեւան, զրկուած լինելով Ազրպէյճան վերադառնալու իրաւունքից: Դարձեալ` Մեհրիպան Ալիեւայի կամքով ու վճռով եւ նրա ամուսնու` հանրապետութեան նախագահի հլու համաձայնութեամբ: Թէկուզ Պաքւում է բնակւում նրա ամուսինը` արտաքին գործերի փոխնախարար Մահմուտ Մամետկուլիեւը, ով 90-ական թուականներին Հայտար Ալիեւի հաւատարիմ թիկնապահներից էր եւ, որպէս այդպիսին, արժանացել էր նրա միակ փեսան դառնալու պատուին ու մեղրամիսից անմիջապէս յետոյ նշանակուել Մեծն Բրիտանիայում Ազրպէյճանի արտակարգ եւ լիազօր դեսպան: Ներկայումս նա այդ գերատեսչութիւնում աշխատում է նոյնպէս փոխնախարարի պաշտօնի կարգուած Հաֆիզ Փաշայեւի, այո՛, Մեհրիպան Ալիեւայի հարազատ հօրեղբօր հետ: Ի դէպ, վերջինս նոյնպէս դեսպան էր աշխատում: Բայց` Միացեալ Նահանգներում: Սակայն, ասում են, երկու դեսպաններն էլ չեն արդարացրել իրենց, ուստի յետ են կանչուել Պաքու եւ, ինչպէս վայել է հզօր իշխանական տոհմերի ներկայացուցիչներին, փառաւորապէս նշանակուել են այդ բարձր պաշտօններում: Ինչ որ է: Արդէն իսկ Պաքւում լուրեր են շրջանառւում, որ Մեհրիպան Ալիեւան մտադիր է առաջիկայում փոխել կառավարութեան կազմը` այն համալրելով իւրայիններով: Ըստ այդ լուրերի, հնարաւոր է, որ 82-ամեայ վարչապետ Արթուր Ռասիզատէին կենսաթոշակի ուղարկեն եւ նրան փոխարինի Առաջին տիկնոջ հոմանի, 40-ամեայ Ռամին Կիւլուզատէն, ով բոլորովին վերջերս է նախագահի հրամանագրով նշանակուել հաղորդակցութեան, կապի եւ բարձր արհեստագիտութիւնների նախարարութեան ղեկավար, մի նոր գերատեսչութիւն, որ առաջին փոխնախագահի կամեցողութեամբ ստեղծուել է յատուկ այդ երիտասարդի համար` երկու նախարարութիւնների միաւորման հիմքի վրայ: Բնականաբար դժուար չէ ենթադրել, որ նոր կառավարութիւնը կը գործի բացարձակապէս առաջին փոխնախագահի բարձր հովանու ներքոյ:
Վերադառնանք Պէյտուլլա Մանաֆովի մեկնաբանութեանը: Ի հարկէ, նրա ակնարկներից դժուար չէ կռահել, որ Ազրպէյճանի, իր իսկ արտայայտութեամբ, «գումարբազ», ասել է թէ` խաղամոլ նախագահի այդ զուարճալիքները ոչ միայն իրականացուել, այլեւ տեսաձայնաերիզների վրայ արձանագրուել են առաջին հերթին Ազրպէյճանի ազգային անվտանգութեան նախկին ղեկավարի օժանդակութեամբ: Աւելի՛ն. վերջինիս քաջ յայտնի են ալիեւների ընտանիքի անդամների աւելի քան 250 միլիառ տոլարի ֆինանսական հաշիւներն արտերկրի դրամատնային կառոյցներում, տասնեակ օֆշորային գործարքները, աշխարհի 33 երկրում ձեռք բերած 48 շքեղ առանձնատների արժէքներն ու հասցէները, չհաշուած` Ազրպէյճանի տարածքում առկայ անթիւ-անհամար շինութիւններն ու արտադրութիւնները:
Այնպէս որ, նրանք, ովքեր անմիջապէս գլխի ընկան, թէ ինչ վտանգի մասին է հնչած սպառնալիքը, ստիպուած եղան առայժմ բաւարարուել նախկին նախարարի նկատմամբ միայն տնային կալանքի վճռով: Բնականաբար` առայժմ: Մինչեւ պղտոր ջրերը կը պարզուեն: Այսինքն` մինչեւ որ կը կարողանան ի յայտ բերել Մահմուտովի հոգեպահուստ թաքստոցները: Բայց որ ծայր աստիճան դժուար է խնդիրն իրագործել, նկատի առնելով նախկին նախարարի չեկիստական հմտութիւնն ու փորձառութիւնը, էն գլխից պարզից էլ պարզ է բոլորի, այդ թւում, առաջին հերթին, սպառնալիքի գլխաւոր հասցէատիրոջ` պետութեան ղեկավար Իլհամ Ալիեւի համար: Թէ ե՛րբ կը պայթի դանդաղ գործողութեան այդ ականը, չշտապենք ժամկէտներ կռահել: Իսկ որ գործում է այդ դաւադիր ականը` դատելով նրա լարուած ժամացոյցի լսելի չխկչխկոցից, աներկբայ է:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար