ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ալեքսանտր Լափշինի` իրեն Ազրպէյճանին արտայանձնելու վերաբերեալ Պիելոռուսիոյ դատախազութեան որոշման բողոքարկումը Գերագոյն դատարանի կողմից մերժուելուց յետոյ Մինսքը եւ Պաքուն այնքան արագ կազմակերպեցին նրա տեղափոխումն Ազրպէյճան, որ փաստի առաջ կանգնեցրին այս գործի հետ կապ ունեցող բոլոր կողմերին: Այն պահին, երբ Լափշինն արդէն ինքնաթիռով տեղափոխւում էր Պաքու, Պիելոռուսիայում Ռուսիոյ դեսպանութիւնից «ՌԻԱ Նովոսթի» գործակալութեանը հաւաստիացնում էին, որ իրենք տեղեկութիւն չունեն արտայանձնման մասին, եւ որ Լափշինի պաշտպանները միջնորդութիւն են ներկայացրել` Պիելոռուսիոյ քաղաքացիութեան եւ գաղթականութեան բաժանմունքի միջոցով նրա լրացուցիչ պաշտպանութիւնը կազմակերպելու համար:
Կայծակնային արագութեամբ իրականացնելով Լափշինի` Պաքու տեղափոխումը` Մինսքն ու Պաքուն Ռուսիոյ եւ Իսրայէլին զրկել են քաղաքական կամ դիւանագիտական խողովակներով դրան խոչընդոտելու հնարաւորութիւնից:
Ո՛չ Իսրայէլից եւ ո՛չ էլ Ռուսիայից Լափշինին իրենց յանձնելու պահանջ կամ դիմում Պիելոռուսիոյ իշխանութիւններին չի ներկայացուել: Երէկ «ՌԻԱ Նովոսթի»-ին տուած պարզաբանման մէջ դա յատուկ ընդգծել է Պիելոռուսիոյ գլխաւոր դատախազութիւնը: Սա առաւել քան տարօրինակ է: Մօտ երկու շաբաթ առաջ Ռուսիոյ արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը յայտարարում էր, թէ անցանկալի անձանց արտայանձնման ոլորտում միասնական քաղաքականութիւն իրականացնելու եւ համաձայնեցուած աշխատելու շուրջ Ռուսիան եւ Պիելոռուսիան փոխադարձ պայմանաւորուածութիւն ունեն: Եթէ նման համաձայնութիւններ եղել են, ապա ստացւում է, որ կամ Պիելոռուսիան է խախտել այն` մեղմ ասած, մոլորութեան մէջ գցելով Ռուսիային, կամ Ռուսիան գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանց շրջանակում Լափշինի խնդիրը լուծելու ուղղութեամբ:
Արտայանձնումից յետոյ Ռուսիայի արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ` ընդամէնը իր հիասթափութիւնը յայտնելով Պիելոռուսիոյ իշխանութիւնների կայացրած որոշման կապակցութեամբ եւ հաւաստիացնելով, որ շարունակելու է «անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Ռուսիայի քաղաքացու օրինական իրաւունքներն ու շահերը պաշտպանելու եւ նրան կարճ ժամանակում իր ընտանիք վերադարձնելու նպատակով»: Հարց է առաջանում` ինչո՞ւ Ռուսիայի Լափշինին վերադարձնելու ուղղութեամբ «անհրաժեշտ միջոցառումները» չէր իրականացնում նրա` Պիելոռուսիայում գտնուելու դէպքում, ինչը այդ փուլում աւելի հեշտ իրագործելի էր, եւ փորձում է դա անել Պաքւում, որտեղ խնդիրը նաեւ ներպետական իրաւական հարթութիւնում է: Պէտք է ենթադրել, որ Մոսկուան պարզապէս չի ցանկացել, ի դէմս Լափշինի, իր դէմ նոր խաղաքարտ տալ Լուքաշենքոյին` շահարկելու ճգնաժամ ապրող ռուս-պիելռուսական ներքին խմորումները: Այսինքն` Մոսկուան եւս հարցը քաղաքական հարթութիւնում է դիտարկել, ինչին փաստացի զոհ են դարձել Լափշինը եւ հայկական շահերը: Քաղաքական առումով` եթէ հիմա նոյնիսկ Մոսկուային յաջողուի Պաքուի նկատմամբ ճնշումներով վերադարձնել Լափշինին, թէ՛ նա եւ թէ Երեւանը տանուլ տուած կողմ են դառնում, որովհետեւ ամենասկզբունքայինն այն էր, որ Լափշինը որեւէ պարագայում Պաքւում չյայտնուի:
Ուշագրաւ է նաեւ Իսրայէլի դանդաղկոտութիւնը: Չնայած Լափշինին Պաքու տեղափոխելուց յետոյ, ինչպէս ասել է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովը, Ռուսիոյ հետ միասին նաեւ Իսրայէլն է իրենց բողոքի նոթա յղել, սակայն Լափշինի` Մինսքում գտնուելու ժամանակ, ոչ էլ հիմա Իսրայէլը գործնականում ոչինչ չի ձեռնարկում նրան ստանալու ուղղութեամբ: Առայժմ առաւելագոյնը, ինչ արել է Թել Աւիւը, արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցչի մակարդակով Լափշինի արտայանձման վերաբերեալ տուած «մեկնաբանութիւնն» է, թէ իրենք ուշադիր հետեւում են իրենց քաղաքացու հետ կապուած զարգացումներին: Իսրայէլի այս հանգստութիւնը կասկածներ է յարուցում, որ գործում է իսրայէլա-ազրպէյճանական քուլիսային պայմանաւորուածութիւն, եւ Իսրայէլը պարզապէս թոյլ է տալիս Պաքուին` Լափշինին օգտագործել իր քաղաքական եւ քարոզչական նպատակներով:
Ի դէպ, որքան էլ տարօրինակ հնչի, դրանում կարող է մասնակից լինել նաեւ Լափշինն ինքը, ով երբեք չի թաքցրել իսրայէլա-ազրպէյճանական դաշնակցութեան անվերապահ աջակիցը լինելու իրողութիւնը` անկախ Ազրպէյճանի իշխանութիւնների նկատմամբ վերաբերմունքից: Ամենայն հաւանականութեամբ, Իսրայէլը վստահ է, որ Պաքուն իր քաղաքական ու քարոզչական նպատակներին հասնելուց յետոյ հնարաւորինս արագ կ՛ազատի նրան:
Իսրայէլի եւ Ռուսիայի նման պահուածքի ֆոնին հարց է առաջանում` որքանո՞վ կարող էր Հայաստանը լուծել Լափշինի արտայանձնումը թոյլ չտալու խնդիրը: Ի հարկէ, հանգամանքների դասաւորութիւնը բացարձակապէս Երեւանի օգտին չեն խօսում, եւ սա առարկայականօրէն չափազանց բարդացնում էր խնդիրը: Բայց փաստ է, որ գոնէ Մոսկուայի հետ աշխատելու եւ նրան Մինսքի հանդէպ աւելի կոշտ լինել դրդելու լուրջ ռեսուրս կար, ինչի մասին հասկանալի էր դարձրել Լաւրովը, երբ խօսում էր նման հարցերում ռուս-պիելոռուսական պայմանաւորուածութիւնների մասին: Դատելով Պիելոռուսիայում Հայաստանի դեսպանի Արմէն Խաչատրեանի այն բացատրութիւններից, թէ ինքն արել է իրենից կախուածը, որը, ինչպէս պարզուեց, ընդամէնը Պիելոռուսիայի ԱԳՆ այցելելն է եղել ու Լափշինին Պաքու արտայանձնելու վտանգաւորութեան մասին «դասեր տալը», Երեւանը կարծես առաւելապէս կենտրոնացել է Պիելոռուսիայի ԱԳՆ-ի հետ ուղղակի աշխատանքի վրայ: Ի սկզբանէ անօգուտ մարտավարութիւն` հաշուի առնելով յատկապէս Լուքաշենքոյի անկանխատեսելիութիւնն ու Ալիեւի հետ նրա սիրախաղերը:
Լափշինի արտայանձնումն առանձին իրավիճակային անակնկալ խնդիր չէ: Այդ հարցում, մեղմ ասած, յաջողութեան չհասնելը մինչեւ հիմա իրականացուած արտաքին քաղաքականութեան արգասիքն է, դրա նիւթականացման հերթական դրսեւորումը: Այդ քաղաքականութիւնը չի նպաստել Հայաստանի նկատմամբ թէ՛ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ տարածքում, թէ՛ դրանից դուրս բաւարար յարգանքի, լրջութեան այնպիսի մակարդակի հաստատմանը, որը թոյլ չէր տայ նման իրավիճակի առաջացում` առհասարակ: Այդ դասը պէտք է քաղած լինէինք դեռ 2012թ. Ռամիլ Սաֆարովի արտայանձնումից, որից յետոյ երբեւէ ինքներս մեզ հարց չտուեցինք, թէ, Հունգարիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելուց բացի, ի՞նչ արեցինք նման խայտառակութիւն թոյլ չտալու համար: Փոխարէնը գլխահակ ունկնդրում էինք ՀԱՊԿ-ում ալիեւեան նամակների նազարբաեւական ընթերցումները, լուռ հետեւում, թէ ինչպէս են Լուքաշենքոն կամ Նազարպաեւը հերթով տապալում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը Հայաստանին փոխանցելու գործընթացը: Կասկած չկայ, որ այսպիսի Հայաստանի նկատմամբ այսպիսի «լրջութեան» հետագայ հանդուրժումը դեռ կը կանգնեցնի նոր «լափշինների» փաստի առջեւ: