Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13556

Բանակում Ծառայող Զինուորի Համար Դրախտն Իր Տունն Է

$
0
0

ԱՆԱՀԻՏ ԳԷՈՐԳԵԱՆ

Յունուարի 28-ը Հայոց բանակի օրն է: Մեր բանակի, պետութեան համար 2016-ի ապրիլն ամրագրուեց որպէս հերոսական ամիս: Մենք զրուցեցինք ապրիլեան քառօրեայ պատերազմում զոհուած եւ հերոսացած Անդրանիկ Զոհրաբեանի հօր` Ատոմ Զոհրաբեանի, ինչպէս նաեւ հոգեբան Մանուկ Խաչատրեանի հետ: Անդրանիկ Զոհրաբեանը քափիթան Արմենակ Ուրֆանեանի զինուորներից էր, զոհուեց Ուրֆանեանի, Ռոբերտ Աբաջեանի ու Քեարամ Սլոյեանի հետ նոյն խրամատում: «Նրանք զոհուեցին ապրիլի 2-ի գիշերը, 6 օր լուր չունէինք որդուցս: Այդ օրերի ընթացքում հակասական լուրեր էինք ստանում: Օրինակ` ապրիլի 4-ի երեկոյեան սուտ լուր ստացանք, որ Անդրանիկը վիրաւոր է, տեղափոխում են Մուրացանի հիւանդանոց  վիրահատելու: Յետոյ պարզուեց, որ ինքը չէ: Որդուս ու Ռոբերտ Աբաջեանի մարմինները թշնամին փորձել էր տանել իրենց դիրք, սակայն չէր հասցրել` թողնելով չէզոք գօտում: Այդ պատճառով նրանց չէին կարողանում բերել ու չէին էլ կարողանում մարմինները ճանաչել` հեռաւորութեան պատճառով: Նրանց բերեցին ապրիլի 8-ի առաւօտեան,- պատմում է Անդրանիկի հայրը, ապա յաւելում: Անդրանիկը, Արմենակը, Ռոբերտն ու Քեարամն ընկերներ են եղել, նոյն ջոկում են կռուել: Զօրամասում Անդրանիկի ու Քեարամի անկողիններն իրար կպած էին, մի քիչ հեռու Ռոբերտի անկողինն էր: Հիմա նրանք եղբայրներ են, էդ խրամատում իրենց թափուած արիւնով նրանք եղբայրացան»: Անդրանիկ Զոհրաբեանը ծնուել է 1996թ. մայիսի 1-ին, Վեդի քաղաքում: Նա 3 երեխաներից աւագն էր, միւս 2-ն աղջիկներ են: Անդրանիկը 2 նախասիրութիւն ունէր` ֆութպոլ եւ խոհարարութիւն: Ֆութպոլով զբաղւում էր մանկութիւնից: «Նա ուզում էր ֆութպոլիստ դառնալ, բայց նաեւ հասկանում էր, որ Հայաստանում բարձր կարգի ֆութպոլիստ դառնալը բարդ է, ուստի որոշել էր ֆութպոլի մարզիչ դառնալ: Նա երկրպագում էր «Արսենալին» եւ «Պարսելոնա»-ին: Թէեւ երբ Զիտանը խաղում էր ֆութպոլ, ինքը դեռ փոքր էր, սակայն նրան շատ էր սիրում: Անդրանիկը կեդրոնական պաշտպան էր, եւ պաշտպան ֆութպոլիստներից նրա համար առաջինը Ռոպերթօ Քարլոսն էր: Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունուեց Եւրոպական քոլեճի Վեդու մասնաճիւղ: Զուգահեռ շարունակում էր զբաղուել ֆութպոլով: Անդրանիկը բանակ զօրակոչուելուց առաջ ընդունուեց Ֆիզիքական կուլտուրայի ինստիտուտ`  մարզչամանկավարժական ճիւղի ֆութպոլի բաժին: Նա ինձ ասում էր. «Պա՛պ, մեր մէջ տաղանդաւոր երեխեք շատ կան, մեզնով լուրջ չզբաղուեցին Վեդիում, Երեւանում: Ես զգում եմ` բարձր կարգի ֆութպոլիստ դառնալը Հայաստանում շատ դժուար է, բայց ես կ՛անեմ դա, բանակից վերադառնամ® տե՛ս, թէ Վեդիում ինչ ֆութպոլային խումբ եմ հաւաքելու»: Նա լաւ էր սովորում, պատասխանատու էր: Թոյլ չէր տալիս, որ մամային ու պապային դպրոց կանչեն ու բողոքեն: Շատ թասիբով էր: Սիրած աղջիկ ունէր: Մահուանից յետոյ ենք այդ մասին իմացել: Նա ծառայութեան ընթացքում ընկերների միջոցով ծաղիկներ էր ուղարկել աղջկան»,- հպարտօրէն ու թախիծով պատմում է հայրը: Քոլեճն աւարտելուց յետոյ Անդրանիկը խոհարարական դասընթացներ անցաւ: «Փոքր տարիքից միշտ մամային ու տատիկին խանգարում էր խոհանոցում, ինչ-որ բաներ էր պատրաստում: Ամէնից շատ սիրում էր իր մամայի տոլման, տատիի պատրաստած տապակած ձուկը: Ինքն իր ձեռքով էլ կարտոֆիլ էր տապակում», պատմում է Ատոմ Զոհրաբեանը: «Նա ինձ ասում էր. «Պա՛պ, մարդ պիտի 2 մասնագիտութիւն ունենայ: Դու մի մասնագիտութիւն ունես (քանի որ մենք լաւ չենք ապրել), որի պատճառով այլ բանով չես կարողացել զբաղուել: Եթէ մէկը չստացուի, գոնէ կը կարողանամ միւսով օրուայ հացս վաստակել»: «Մենք մինչեւ այսօր էլ սպասում ենք նրան: Զգում ենք, որ ինքը կայ: Երբ երեխայիդ բանակ ես ճանապարհում, միշտ սպասում ես վերադարձին: Ողջ-առողջ ճանապարհում ես ու մտածում, որ ինքն էդպէս էլ վերադառնալու է: Միշտ համոզուած ենք, որ ինքը հոգեպէս մեր տանն է: Փորձում ենք ամէն հարց լուծել կամ գործել այնպէս, ինչպէս ինքը կ՛ուզէր, որ անէինք: Կեանքում ամենաուժեղ զգացումը յոյսն ու հաւատն են, երեխային ուղարկում ես բանակ` գիտակցելով, թէ դէպի ուր ես ուղարկում: Խորհուրդ կը տամ, որ ծնողերը յոյսով տղաներին ճանապարհեն բանակ ու հաւատով սպասեն: Տունը զինուորի համար ամենալուսաւոր վայրն է, ուր ինքն ուզում է վերադառնալ, ուստի ամէն ծնող թող իր տունը ջերմութեամբ ու լոյսով պահի: Բանակում ծառայող երեխու համար դրախտն իր տունն է: Ճիշդն այն է, որ երեխուդ ինչպէս ուղարկում ես բանակ, այնպէս էլ յետ ստանաս, բայց, ցաւօք, յաճախ հակառակն է լինում: Զոհուածների ծնողներով յաճախ ենք հանդիպում: Ամէն ծնող դարձել է իր երեխայի կատարած սխրանքի, հերոսութեան քարոզիչը: Մեր ամենամեծ ուժը նրանց կատարած սխրանքի արժեւորումն է: Հակասական զգացողութիւններ ունենք. ե՛ւ ցաւ կայ, ե՛ւ հպարտութիւն: Տղաները 20 տարի ապրեցին, բայց այնպիսի մի գործ են արել, որ բոլորն են արժեւորում: Իրենց արածն է մեզ ապրեցնում»,  վստահեցնում է Անդրանիկի հայրը: «Առհասարակ մարդ հերոսանում է, երբ իր անձը զոհում է ալտրուիստական նպատակով,- նշում է «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրեանը, ապա` յաւելում:- Որպէս կանոն` նման կորուստների դէպքում մենք նոյնականանում ենք հերոսի հարազատի հետ, քանի որ մտածում ենք, որ դա կարող էր նաեւ մեզ հետ պատահել: Դրա համար մնում է մի սփոփանք` հերոսացնել զինուորին, թէկուզ` յետմահու: Կարծես կորուստը հատուցում ենք նրա մասին խօսելով, խօսքով ու յիշողութիւններով կարծես նրան կենդանացնում ենք: Եկէք` պատկերացնենք 2 դէպք. առաջին դէպքում հերոսին յիշում են, հերոսացնում, միւս դէպքում` ոչ: Երկու կողմերն էլ կորստի ցաւ ունեն, սակայն աւելի մեծ սփոփանք է գտնում այն ծնողը, որի զաւակին յիշում են: Նրանք հասկանում են, որ իրենց որդին կեանքը տուել է ինչ-որ կարեւոր բանի համար, քանի որ մահն էլ, ինչպէս կեանքը, իմաստ ունի»: Անդրանիկ Ատոմի Զոհրաբեանը 2016թ.-ին ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի կողմից պարգեւատրուել է Մարտական ծառայութեան մետալով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի կողմից` Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:

«Հրապարակ»


Viewing all articles
Browse latest Browse all 13556

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>