Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Հայաստան-Թուրքիա Յարաբերութիւններին Առնչուող Խնդիրների Արծարծումը «Ակօս» Շաբաթաթերթի Էջերում Հրանդ Տինքի Խմբագրապետութեան Տարիներին (1996-2007 Թթ.)

$
0
0

ԷԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԵԱՆ
Թուրքագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու

dink_11917

«Եթէ կ՛ուզէք լաւ բան մը ընել, կրնաք նեցուկ հանդիսանալ կամ թելադրել, որ Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները հիմնուին եւ սահմանները բացուին»[1]:

Հրանդ Տինք

Հայ-թուրքական յարաբերութիւններն ունեն հարիւրաւոր տարիների պատմութիւն, սակայն,  հայաստանի եւ թուրքիայի միջեւ այսպէս կոչուած «միջպետական յարաբերութիւնները», որպէս այդպիսին, դեռեւս շատ նոր են` չհաշուած 1918-1920թթ. Հայաստանի Ա. հանրապետութեան շրջանը: Այստեղ մեկնակէտը 1991թ. անկախ հայաստանի հանրապետութեան հռչակումն է: 1990թ. օգոստոսի 23-ին հռչակուել էր  Հայաստանի անկախութեան գործընթացի սկիզբը, որն, ի վերջոյ, աւարտուեց 13 ամիս յետոյ` 1991 թ.  սեպտեմբերի 21-ին անկախութեան վերականգնումով:

Անկախութեան հռչակումով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման խնդիրը Հայաստանի Հանրապետութեան քաղաքականութեան ճառախօսութեան անքակտելի թեմաներից մէկն է դառնում: Իր հերթին Թուրքիան, որն առաջիններից մէկն էր, որ 1991թ. դեկտեմբերի 16-ին ճանաչեց Հայաստանի  անկախութիւնը[2], այսուհանդերձ, չարձագանգեց իր «նոր» եւ անկախ հարեւանի հետ առանց նախապայմանների միջպետական յարաբերութիւններ հաստատելու Երեւանի առաջարկին[3]: Աւելի՛ն. Թուրքիան ձեւակերպեց եւ մինչեւ օրս էլ առաջ է քաշում մի քանի նախապայման` Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար[4].

1.- Վերահաստատել Կարսի պայմանագիրը եւ հրաժարուել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից,

2.- Հրաժարուել Օսմանեան կայսրութիւնում 1915թ. Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից,

3.- Դուրս բերել զօրքերը Լեռնային Ղարաբաղից, ներառեալ` ազատագրուած տարածքներից եւ ճանաչել դրանք որպէս Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւն. այսինքն` ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը իրականացնել ազրպէյճանանպաստ տարբերակով:

Հայաստանի նորագոյն պատմութեան այս տինամիք եւ տրամաթիք շրջափուլում` ղարաբաղեան պատերազմի ժամանակ, երբ 1993թ. հայկական զօրքերի կողմից ազատագրւում է Քարվաճառը, Թուրքիան, շփոթութեան մէջ յայտնուելով, շրջափակում է Հայաստանը եւ դրանով մէկ անգամ եւս հաստատում, որ հայ-թուրքական յարաբերութիւնները պայմանաւորում է ղարաբաղեան հակամարտութեամբ, ինչպէս նաեւ` «եղբայրական» յարաբերութիւնների մէջ գտնուող Ազրպէյճանին հաճոյանալու առիթը: Բացի այդ` Թուրքիան ի ցոյց է դնում իր համաթուրանական մօտեցումները, մասնաւորապէս` իր աջակցութիւնը «կրտսեր եղբայր» Ազրպէյճանին: Այսպէս, Թուրքիան, Քարվաճառի ազատագրմամբ պատճառաբանելով, փակում է իր օդային տարածքը Հայաստան թռիչքների համար, դադարեցնում է իր բոլոր կանոնաւոր կամ չարթըրային թռիչքները դէպի Հայաստան, կասեցնում Կարս-Գիւմրի երկաթուղու շահագործումը: Այս առումով թուրք դիւանագէտ Կիւնտուզ Աքթանը նկատում է. «Թուրքիա, հակառակ անոր որ Հայաստանի անկախութիւնը ճանչցող առաջին պետութիններէն մէկը եղած է, Ազրպէյճանի կապակցութեամբ լուրջ տարակարծութիւններ ծագած են երկու երկիրներու միջեւ…»[5]:

Աւելի՛ն. Թուրքիայի նախագահ Թ. Օզալը, մեղադրելով Ռուսաստանին` Հայաստանին օգնութիւն տրամադրելու մէջ[6], յայտարարում է, որ Թուրքիան Ազրպէյճանի հետ ռազմական յարաբերութիւնները կ՛աշխուժացնի պատրաստ լինելով մարտական գործողութիւնների: Սակայն Ռուսաստանի կոշտ արձագանգից եւ նախազգուշացումից յետոյ[7] թ. Էօզալը, 1993թ. ապրիլին գտնուելով Պաքւում, յայտարարում է,  որ ազրպէյճանցիները իրենց` թուրքերի ընկերներն են, աւելին` բարեկամները. «Միջազգային հարթակում մենք պաշտպանում ենք մեր ազրպէյճանցի եղբայրներին, սակայն ոչ մէկը պէտք չէ սպասի աւելին»[8]:

Քննուող ժամանակաշրջանի փոփոխութիւնները, բնականաբար, իրենց արտացոլումն են գտնում մամուլում, իսկ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման բարդ գործընթացը դառնում է ամենալայն հետազօտման նիւթ: Այդ հարցը դառնում է նաեւ «Ակօս» շաբաթաթերթի կարեւոր թեմաներից մէկը, որի շուրջ սկսուած լրագրողական վերլուծութիւնները հետագայում հիմք են դառնում հասարակական լայն քննարկումների հարթակի ձեւաւորման համար:

Աւելորդ չէ նշել, որ հայ-թուրքական յարաբերութիւնների նկատմամբ որդեգրած մօտեցման մէջ պարբերականը որոշակիօրէն տարբերւում էր պոլսահայ այլ թերթերից:

Հայ-թուրքական յարաբերութիւնների մէջ շաբաթաթերթը, վերջինիս յօդուածագիրները միջպետական` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններից առաւել կարեւորում էին երկու ժողովուրդների եւ հասարակութիւնների յարաբերութիւնները: Այդ մասին շաբաթաթերթում կարդում ենք. «Բուն լուծումը գտնել կարելի է միմիայն երկու ժողովուրդներուն նախաձեռնութեամբ անխուսափելի լուծումը պէտք է որոնել այս յարաբերութէան հիմնումին մէջ, քանի որ Թուրքիա, իր անմիջական դրացիին` Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չհաստատելը դիւանագիտական ճարպիկութիւն մը համարելով եւ երկու ժողովուրդներու միջեւ յարաբերութիւններու բնականոնացման շրջանը սկսելու կոչուած ձեռնարկներու յապաղումով` միջազգային կրկէսի մէջ իր բոլոր ձեռնարկներով միշտ ալ իր վախը պիտի ստեղծէ»[9]: Պարբերականն առաջադրում է այն տեսակէտը, որ  պատմական իրականութեան վրայ այլեւս որեւէ ազդեցութիւն չի գործում Թուրքիայի կողմից իրագործուող այս կարգի օրինագծերի անցնել կամ չանցնելը: Հարկ է նկատել, որ «Ակօս»-ը բաւական կոշտ քննադատական դիրքերից է մօտենում Թուրքիայի պահուածքին` այն համարելով ոչ արդիւնաւէտ եւ ոչ կառուցողական. «այլեւս Թուրքիան է, որ պէտք է զգաստանայ… դեռեւս գետնին տակը շարունակ ոսկորներ փնտռելով, զանոնք հեռատեսիլներէն ցուցադրելով` իր ժողովուրդին պատուաստումներ կատարելու ջանալով, կամ այլ «Հայկական անհիմն պնդումներ»-ու դէմ աշակերտներէն շարադրութեան նախադասութիւններ ակնկալելով` կարելի չէ այս հարցերուն լուծում բերել: Նման ձեռնարկներ կը ծառայեն միմիայն անգամ մը եւս յիշեցնելու, որ պատմութիւնը այլեւս պէտք է դուրս հանուի հարց մը ըլլալէ»[10]: Շաբաթաթերթի  գնահատականը բաւական կոշտ է նաեւ Հայաստանի շրջափակման հարցում թուրք-ազրպէյճանական համագործակցութեան վերաբերեալ եւ յագեցած` հեգնական նրբերանգներով. «Հայաստան անկախութիւնը շահելով` շահեցաւ նաեւ Թուրքիոյ եւ Ազրպէյճանի շրջափակումը»[11]:

«Ակօս»-ը մեծ հնարաւորութիւններ է ստեղծում հայ եւ թուրք տարբեր քաղաքական-հասարակական  համոզմունքների տէր անձանց ազատ աշխատակցութեան եւ թղթակցութեան համար, ինչի շնորհիւ պարբերականը գերիշխող դիրք է զբաղեցնում ընթերցող լսարանի քանակային կազմով: Պարբերաթերթում հարցի շուրջ վերլուծական եւ խմբագրական նիւթերը լուսաբանւում, ներկայացւում եւ քննութեան են դրւում  ուղղակիօրէն` առանց փակագծերի եւ խորհրդանիշների: Հրանդ Տինքը  1996թ. համարներից մէկում տպագրած իր վերլուծական յօդուածով սկզբունքային կեցուածք է դրսեւորում երկու կողմերի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ սկսելու գործում` առաջադրելով նոր մօտեցումներ գործընթացի կարգաւորման շուրջ, որը, ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս անմիջապէս հակազդեցութիւն առաջացրեց` աշխուժացնելով թուրքական ժխտողական ուժերի ճամբարը:  Տինքը նշում է, որ ակներեւ է երկկողմ յարաբերութիւնների նոր շրջափուլ մտնելը: Վերոնշեալ յօդուածում նա նկատել է տալիս այն, որ յարաբերութիւնների «սիրաբանութեան / սիրախաղի» / շրջանն է, որին  ապա կը յաջորդի հարսանիքը[12]:

Տինքն իր այս յօդուածով «Ակօս»-ում սկիզբ է դնում հարցի շուրջ ձեւաւորուող նոր շրջանակի, ուր արծարծւում են հայ-թուրքական յարաբերութիւնների հիմնախնդիրները:

Հայաստան-Թուրքիա կամ հայ-թուրքական յարաբերութիւնների անվերջանալի եւ բարդ գործընթացը Հ. Տինքը համեմատում էր բարդ ծածկագիր ունեցող փականի հետ: Նա համոզուած էր, որ այստեղ օգտագործուելիք բանալին պտոյտ առ պտոյտ պէտք է բացի այդ փականը, ուր իւրաքանչիւր ծածկագրի գաղտնազերծումը հեշտացնելու է յաջորդի լուծումը: Սակայն, ըստ նրա, առաջինների շարքում պէտք չէ տեղ զբաղեցնի «պատմութիւնը»: Ինչպէս նշում է նա, հայ-թուրքական յարաբերութիւններում հիմնական արգելքը  պատմութիւնը եւ պատմութիւնից ժառանգած հոգեվիճակներն են:

Իսկ պատմութիւնը ոչ միայն պետութիւնների, այլեւ ժողովուրդների միջեւ ծագած հարց է: Այդ պատճառով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմութեան լուծումը չի նշանակի ժողովուրդների  միջեւ հարցի լուծում: Նա պաշտպանում է այն տեսակէտը, որ պատմութիւնը պէտք չէ լուծել, այն պէտք է հասկանալ: Այդ իսկ պատճառով Տինքն առաջարկում է  թողնել պատմութիւնը  պատմաբանների`[13] առաջ ձեւաւորելով հաւաքական յիշողութիւն,[14] քանի որ պատմութիւնը, որի վրայ խարսխուել է ժողովուրդը, կարող է հակադարձուել եւ բանտ դառնալ[15]:

Հ. Տինքը չի համաձայնւում բոլոր նրանց հետ, ովքեր կարծում էին, թէ երկկողմ դիւանագիտական յարաբերութիւններ կարելի է հաստատել միայն պատմական խնդիրների լուծումից յետոյ: Նա վստահ էր, որ բանալու առաջին պտոյտը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն ու սահմանների բացումը պէտք է լինեն: Միայն դրանից յետոյ աւելի կը հեշտանայ Ղարաբաղի, պատմութեան, ինչպէս նաեւ սահմանների հետ կապուած խնդիրների լուծումը:

Նա վստահ էր, որ Կարսի պայմանագրի վերահաստատումը չէ փականը բացելու առաջին ծածկագիրը: Այն դէպքում, երբ մի շարք փորձագէտներ համարում են, որ եթէ Կարսի պայմանագիրը վերահաստատուի, ապա մնացած հարցերը կը դադարեն նախապայման լինել: Լեռնային Ղարաբաղի եւ Ցեղասպանութեան հարցերն էլ ժամանակի ընթացքում, վերջիվերջոյ, կը լուծուեն: Ըստ նրա, Թուրքիայի` Հայաստանի իշխանութիւններին ներկայացուող Կարսի պայմանագիրը վերահաստատելու պահանջը գործընթացը տանում է փակուղի: Նա պարզորոշ տեսնում էր, որ Հայաստանը երկընտրանքի առջեւ է: Եւ Թուրքիան էլ դրա հրահրողն է, ուստի գտնում էր, որ երկու կողմերի անկեղծութեան դէպքում իրականում դժուար չէ խնդիրը յաղթահարել դիւանագիտօրէն: Պէտք է միայն կամք դրսեւորել:

Հ. Տինքն այսպէս քննութեան է դնում յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի բոլոր հիմնական կողմերը` փորձելով բացայայտել դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան պատճառները:  Նա գիտակցում էր, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի անելանելիութեան, պարտութեան ու տարածքային կորստի մասին վկայող փաստաթուղթ է: Բնական է, որ հայութեան շրջանում այդ պարտութիւնը չընդունողները ամէն հնարաւոր պահի հանդէս են գալիս ազգային քաղաքականութեան դիրքերից: Օրինակ, ինչպէս նշում է Տինքը, 1993թ. ՀՅԴ կողմից ՀՀ խորհրդարանական յանձնաժողովներից մէկում Կարսի պայմանագիրը չճանաչելու մասին օրէնք ընդունելու առաջարկ է արուել, որը, սակայն, մերժուել է[16]:

«Ակօս»-ում յաճախ են զուգահեռաբար քննութեան դրւում Հայաստան-Թուրքիա-Ազրպէյճան միջպետական յարաբերութիւնները, որտեղ յատկապէս շեշտւում է Արցախի հիմնահարցը, որը, ինչպէս յայտնի է, թուրքական կողմն անհիմն շահարկում է եւ համարում նախապայման` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատման համար: Որոշ թուրք հեղինակներ ուղղակիօրէն կամ տողատակում պաշտպանում են պետական այդ թեզը[17]  եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը քննում թուրք-ազրպէյճանական յարաբերութիւնների պարունակում. «Այնքանատեն որ Հայաստան-Ազրպէյճան պատերազմը կը շարունակուի, այս բնականոնացմանը պիտի չիրականանայ»[18] դիրքորոշումը թուրքական իրականութեան մէջ պաշտպանուած մօտեցում է: Հրանդ Տինքը, կարծիք յայտնելով, որ ղարաբաղեան հիմնահարցը Կովկասում խաղաղութեան հաստատման խոչընդոտ խնդիր է եւ պահանջում է շուտափոյթ լուծում, միեւնոյն ժամանակ նկատում է, որ Թուրքիան, Հայաստանի հետ յարաբերութիւններ զարգացնելով, կը կարողանայ Ղարաբաղի հարցում կառուցողական դեր ստանձնել եւ կողմերի միջեւ հանդէս գալ որպէս միջնորդ[19]: Սա ի հարկէ ռոմանթիք մօտեցում էր, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը, պահուածքը տարիներ շարունակ ապացուցել է հակառակը:

Այսպիսով, Հայաստան-Թուրքիա  դիւանագիտական յարաբերութիւնների խնդիրները քննութեան դնելով  շրջահահայեաց մեկնակէտից, բոլոր հնարաւոր հայեցակէտներից` «Ակօս»-ը, նորովի եւ բազմակողմ կարծիքների վրայ հիմնուելով, ժամանակի նորագոյն սերնդի ուշադրութիւնը սեւեռում է մշակուելիք անհրաժեշտ քաղաքականութեան վրայ:

 

——

[1] «Ակօս», Պոլիս, թիւ 388, 5 սեպտեմբեր 2003:  Շարադրանքում` բոլոր տեղերում, պահպանում ենք պարբերաթերթի բնագրային ուղղագրութիւնը:
[2] V. Oskanyan, «Turkey misses its chance with Armenia … with its neighbour» Armenia Foreign Ministry website (February 7, 2007).
(http://www.armeniaforeignministry.com/minister/070207-la-times.html)
[3] http://fes.ge/de/images/Fes_Files/2011_GEO/20%20years%20of%20independence%20rus.pdf
[4] «Türkiye’nin Ermenistan’a sunduğu şartlar» Dünya Bülteni website (December 22, 2007) (http://www.dunyabulteni.net/news_detail.php?id=30113)
[5] «Ակօս», թիւ 276, 13 յուլիս 2001:
[6] E. Fuller., The New York Times and ITAR-TASS, 15 April 1993. Svante E. Cornell, Turkey and the Conflict in Nagorno Karabakh: A Delicate Balance, Middle Eastern Studies, vol. 34,  No. 1, January 1998.
[7] «The Independent», 1 July 1993.
[8] «Азг»,18.08.1993.
[9] «Ակօս», թիւ 380, 11 յուլիս 2003:
[10] Նոյն տեղում:
[11] «Ակօս», թիւ 253, 2 փետրուար 2001:
[12] Hrant Dink, «Düğün ne zaman?», Agos, 25 Şubat 1996.
[13] «Ակօս», թիւ 115, 12 յունիս 1998:
[14] Hrant Dink, «Ortak anıttan önce ortak bellek», Agos, 17 Mayıs 2002.
[15] http://www.youtube.com/watch?v=oAwDPfkuqEI
[16] տես Հրա՛նտ Տինք, երկու մօտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան, Ե., 2009, էջ 73-78:
[17] Gün Kut, «Herkes Çözüm istiyor», Agos, 19 Nisan 1996
[18] «Ակօս», թիւ 115, 12 յունիս 1998:
[19] «Ակօս», թիւ 288, 5 հոկտեմբեր 2001:

 


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>