ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴԵԱՆ
Ջաւախքն էլ առաջուանը չէ. հազարաւոր փակ տներ, հարիւրաւոր դատարկ փողոցներ: Եւ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլեւս դատարկ է, շատ ուշ կը լինի:
Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօճախը, իսկ հայաթափուող Ջաւախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհաւանական է, որքան` օտարութեան մէջ ձեռք բերած բարեկեցիկ կեանքից ջաւախքցու հրաժարուելն ու հայրական տուն վերադառնալը: Իսկ հարազատ օճախները մինչեւ վերջին շունչը չլքող, վճռական ջաւախքցի տարեցների յոյսը չի մարում` զաւակները թոռների հետ մի օր ետ կու գան:
Սակայն, փակ դռների փականների ժանգը է՛լ աւելի է կարծրանում: Անհնար է չնկատել հայաթափման հրէշաւոր ծրագրի իրագործումն այստեղ ընկերային-տնտեսական ճգնաժամի խորապատկերին. նրա տարեցտարի ամայացող քաղաքների ու գիւղերի տխուր տեսարանը, որն ամբողջանում է նրա սրտով անցնող Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղիով: Ջաւախքի տարածքում երկաթուղիի ընթացող շինարարական աշխատանքներում կարծէք, թէ արտառոց բան չկայ, քանի որ դրանց երբեմն ներգրաւուում է նաեւ տեղի աշխատուժը, սակայն վաստակած գումարն, աւա՜ղ, շատ հայ երիտասարդների համար դառնում է հայրենի հողն ընտանիքով լքելու ճանապարհածախս:
Իրականում չարիքն աւելի խորքային է, որի մասին մօտ մէկ դար առաջ իր հարցազրոյցում ասել է բրիտանացի գործակալ Լորանս օֆ Արաբիա. «Հայերը պէտք չէ ունենան Հայաստանը, բուն երկիրը»:
Թուրք-վրացական սահմանը սկսւում է Ախալքալաքի Կարծախ գիւղով: Վերջին տասնամեակում վրաց իշխանաւորների թեթեւ ձեռքով անհամեմատ մեծացել են թուրքական եւ ազրպէյճանական արտադրութեան տնտեսական ապրանքների, գիւղմթերքի ու պարենամթերքի իրացման ծաւալները Ջաւախքում: Սա դեռ չարեաց փոքրագոյնն է: Թուրքական տարրի ներկայութիւնը մտահոգում է նաեւ վրացիներն. պէտք չէ մոռանալ ամիսներ առաջ Պաթումում բացուած թուրքական դպրոցի շուրջ բարձրացուած աղմուկը:
Իսկ Ջաւախքի կորուստն անդառնալի է. հայերի տասնամեակներով փակ տներն այսօր գնում են թուրքերը (սրանց պէտք չէ շփոթել մսխեթցի թուրքերի հետ): Այսօր ջաւախքցու տան տէրը դառնում է թուրքը, եւ անհնար է չլսել դժգոհութիւնն աւագների` «թուրքը քաղաք է հասել ու տնաւորուել»: Այսօր թուրքը անարգելք ելումուտ է անում երբեմնի հայաշատ Ջաւախքում, իսկ ջաւախքցին չի յիշում, թէ վերջին անգամ ե՞րբ է այստեղ թուրք տեսել:
«Եղբայրական» Վրաստանի հետ «սերտ» յարաբերութիւնների արդիւնքում Հայաստանից այս էլ արդէն քանի՞ տարի է գիւղմթերք, պարենամթերք ու տնտեսական ապրանքներ Ջաւախք չեն արտահանւում, հայկական շուկան, բառի բուն իմաստով, դուրս է մղուել այստեղից` տեղը զիջելով թուրքական ու ազրպէյճանական ապրանքներին:
Հայաթափման ծրագիրը սկսուել է մատաղ սերնդից, որին քիչ-քիչ հեռացնում են արմատներից ու մայրենիից. դպրոցներում հայոց պատմութիւն առարկան շաբաթը մէկ անգամ է դասաւանդւում, իսկ հայոց լեզու եւ հայ գրականութիւն առարկաները միասին` շաբաթը հինգ դասաժամ: Շատ դպրոցների տնօրէններ ու մանկավաժներ ազգութեամբ վրացի են, հայկական դպրոցներում գերիշխում է վրացերէնի ու վրացականի շունչը:
Իւրաքանչիւր առարկայի դասաժամի կէսն անցկացնում են վրացերէն, կէսը` հայերէն: Համացանցում դպրոցահասակ հայ երեխաների շփման մէջ նկատելի է վրացերէնի առաւելութիւնը: Իսկ Հայաստանի սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի կրթութեան նախարարութեան պատկան մարմինները, մէկ տասնամեակից աւելի է, չեն կարողանում յաղթահարել հայերէն գրականութեան մուտքի արգելքը Ջաւախք:
Ինչո՞ւ:
Թող հարցի պատասխանը Հայաստանի կառավարութիւնն ու Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարները տան: Ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին յայտնի դարձաւ, որ Ջաւախքի Նինոծմինդա քաղաքի հիւանդանոցի սեփականատէրը Ազրպէյճանի առաջին տիկին Մեհրիպան Ալիեւան է, իսկ գործադիր տնօրէնը ազրպէյճանցի Էլտար Ալիեւն է: Սա հանրութեանը յայտնի դարձաւ այն ժամանակ, երբ բուժհաստատութեան հայ աշխատակիցները փորձել էին աջակցութիւն ցուցաբերել Արցախում մարտնչող հայ զինուորներին ու ազատամարտիկներին, ինչն, անշուշտ, առաջացրել էր հիւանդանոցի ազերի վերադասի դժգոհութիւնը, եւ հայ բուժաշխատակիցներին աշխատանքից ազատելու նրա սպառնալիքը չէր ուշացել:
Թուրքական տարրի ներկայութիւնը Ջաւախքում այլեւս նորութիւն չէ, օրինակները բազմաթիւ են: Ջաւախքցին այլեւս իր գլխի տէր չէ. ինքը չի որոշում` իրեն ի՞նչ է հարկաւոր, նրա խօսքը կշիռ չունի, նրա միայն ձայնն է պէտք ընտրութիւնների ժամանակ:
Մենք ուշքի ենք գալիս այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Եթէ այսպէս` հարեւանցիօրէն, Հայաստանի իշխանաւորները շարունակեն Վրաստանի ղեկավարների հետ «սիրախաղ» անել դիւանագիտութեան փոխարէն, ապա եւս մի քանի տասնամեակ եւ Ջաւախքն առանց կրակոցի կը յանձնենք թուրքերին, իսկ վրացիները նրանց համար խնդիր չեն: