ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ
Թաւրիզի առաջնորդարանի բակում
Կրկին վերադառնալով Թեհրան` հասցրեցինք ծանօթանալ հայկական Սասուն թաղամասում գտնուող Աւետիսեան բուժարանին, որը իւրայատուկ բարեգործական հաստատութիւն է, ունի 90 հոգանոց աշխատակազմ, որից 45-ը` բժիշկ: 65 տարեկանից բարձր մեր հայրենակիցներին սպասարկում են անվճար: Այն գործում է շնորհիւ խնամակալ մարմնի եւ Ազգային առաջնորդարանի: Բուժարանի հովանաւորութիւնը կազմակերպում է Ժոզեֆ Մեհրաբեանը, ով սիրով մեզ ուղեկցեց, իսկ տնօրէնուհին` Մարիեթ Թումիյեանը հանգամանալից բացատրեց իրենց բուժհաստատութեան գործունէութիւնը, նաեւ անհրաժեշտ բուժօգնութիւն ցոյց տուեց մեր խմբի անդամներին:
Թեհրանում մէկ այլ հանդիպում էլ տեղի ունեցաւ «Չհարմահալ» միութիւնում, որտեղ հրաւիրեալ խմբագիրները պատասխանեցին հանդիպումը վարող, Թեհրանի Հայ դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանի հարցերին` անդրադառնալով յատկապէս տարծաշրջանային եւ քաղաքական խնդիրներին:
Ընդհանրապէս Իրանում 10 օրերի ընթացքում ունեցած մեր հանդիպումներն անցան հիւրասիրութեան, ջերմութեան ու հոգատարութեան բացառիկ այնպիսի պայմաններում, որ դժուար թէ որեւէ այլ երկրում մենք նման վերաբերմունքի արժանանայինք: Եւ սա գալիս է իրանահայութեան բացառիկ կազմակերպուածութիւնից ու նուիրուածութիւնից` ազգայինին, երկրին ու հայկականին:
Մեր ճամբորդութեան ամենահետաքրքիր բաժիններն էին մասնագիտական հանդիպումները մեր գործընկերների` իրանցի լրագրողների հետ: Նախ հանդիպեցինք «ԹԱՍՆԻՄ» յայտնի լրատուական գործակալութեան միջազգային լրատուութեան ընդհանուր տնօրէն Ապաս Ասլանի եւ նրա գործընկերներ` միջազգային լրատուութեան փորձառու լրագրող Ղորողիի եւ հայազգի մեկնաբան Սերգէյ Բարսեղեանի հետ: Վերջինս նաեւ «Իրանեան դիւանագիտութիւն» կայքէջի խմբագիրն է: Նրանց կարծիքով էլ տեղեկատուութեան միջոցները լաւագոյն կամուրջն են ժողովուրդների ու պետութիւնների միջեւ կապերի հաստատման, այդ իսկ պատճառով կարեւորում են նաեւ տեղեկատուական համագործակցութիւնը եւ լրատուութեան փոխանակումը: Հայաստանին վերաբերող լրատուութիւնը հիմնականում ստանում են «Արմէնփրեսից», նաեւ Երեւանում ունեն ռատիոհեռուստատեսութեան թղթակից, որի լուրերը տարածւում են ԻՐԻՊ լրատուական կենտրոնի միջոցով: Հայաստանի նկատմամբ յատուկ մօտեցում կայ: Բոլոր կուսակցութիւնները միակարծիք են, որ Հայաստանի հետ պէտք է աշխուժացնել շփումները: Գործակալութիւնը, որ հիմնուել է 5 տարի առաջ, պահպանողական ուղղութիւն ունի, 300 հոգի աշխատկից եւ կայքէջի 1 միլիոն այցելու:
«100 տոկոսանոց մետիա անկախութեան դեռեւս չենք հասել, բայց փորձում ենք հասնել լրատուութեան անկախութեան: Մենք աշխատում ենք մեր սահմանադրութեան սահմաններում եւ սկզբունքայինների հոսանքին ենք պատկանում», պատասխանելով մեր հարցին ասաց Ասլանին:

Մեր խումբը «Ճամ է ճամ» օրաթերթում
Իսկ 2001 թուականին հիմնադրուած «Ճամ է ճամ» օրաթերթի լրատուութեան պատասախանատու Աքպար Եաղուպին ծանօթացրեց թերթի պատմութեանը, մշակութային, քաղաքական ու հասարակական էջերին եւ նոյնիսկ մի հրապարակում ցոյց տուեց, ուր գրուած էր, որ տպագրութիւնն Իրանում հիմնել են հայերը: Մօտ 300 հազար տպաքանակ ունեցող թերթն առաջինն է Իրանում հասնում ընթերցողներին, քանի որ իրենք 6 տպարան ունեն երկրի տարբեր քաղաքներում եւ ապահովում են միաժամանակեայ տպագրութիւն: «Ճամ է ճամ»ը 2002-ին առաջին թերթն է եղել, որ կայքէջ է բացել:
Օրաթերթի արտօնատէր եւ գլխաւոր տնօրէն դոկտոր Մուրատ Էնատին նշեց, որ իրենց սեփականատէրը հեռուստատեսութիւնն է, բայց իրենք աշխատում են անկախ լինել: Մանաւանդ երեք տարի է` հեռուստատեսութիւնը ֆինանսապէս չի օգնում, եւ իրենք թերթը պահում են գովազդի ու վաճառքի հաշուին: «Մեր առաւելութիւնը մշակութային, ընկերային եւ լրատուական բնագաւառներում է», ասաց նա:

Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամաւորները` Կարէն Խանլարեանը եւ Ժորժիկ Աբրահամեանը
«Իրանցիները հայերին շատ են սիրում, եւ հայերն էլ իրօք յարգանքով են վերաբերում: Մեր պատասխանատուներն էլ յատուկ վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ», ասաց դոկտոր Էնատին, ով դոկտորական ատենախօսութիւն է գրել Միացեալ Նահանգներում քաղաքական լոպպինկի մասին, իբրեւ օրինակ ներկայացնելով հայկական լոպպին:
Իրանեան տպաւորութիւններին դեռ առիթներ կը լինեն անդրադառնալու, սակայն պէտք է նշել, որ իրանահայութիւնն այն բացառիկ համայնքներից է, ուր զգացւում է անմիջական կապը երկրի ու ժողովրդի հետ: Զգացւում են երկու ժողովուրդների փոխազդեցութիւնները, յարգանքը` մշակոյթի եւ աւանդոյթների հանդէպ: Իսկ դա ստեղծում է միմեանց հետ խաղաղ ապրելու եւ արարելու իտէալական պայմաններ: Հայերին վստահում են եւ աջակցում: Դա ամենակարեւորն է:
Թեհրան-Փրակա
13-20 Սեպտեմբեր, 2016թ.
Լուսանկարները` «Օրեր»-ի
Յ.Գ. Կը ցանկանայի յատուկ շնորհակալութիւն յայտնել մեր խմբի բոլոր անդամներին, մեր ուղեկիցներին ու կազմակերպիչներին 8-օրեայ ուղեւորութիւնը միասին անցկացնելու եւ հրաշալի պահեր ապրելու համար: Մեր խմբի կազմում էին` Միացեալ Նահանգներից «Ասպարէզ» օրաթերթի գլխ. խմբագիր Աբօ Պողիկեանը, «Քալիֆորնիա Քուրիէր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանը եւ լուսանկարիչ Արամ Սասունեանը, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զաւէն Թորիկեանը, Ֆրանսայի «Նոր Յառաջ» շաբաթաթերթի գլխ. խմբագիր Ժիրայր Չոլաքեանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, «Ռատիօ Վան»-ի գլխ. խմբագիր Աւետիս Կիտանեանը, Սիրիայի «Գանձասար» պարբերականի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը, Չեխիայից ես` «Օրեր» եւրոպական ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանը եւ orer.eu կայքէջի գլխ. խմբագիր Աննա Կարապետեանը, Հայաստանից Հ1-ի մեկնաբան Աբրահամ Գասպարեանը, «Երկիր Մետիայից» հեռուստալրագրող Լուսինէ Ղարիբեանը, «Կենտրոն» հեռուստաընկերութիւնից վաւերագրող, diplomat.am կայքէջի խմբագիր Նայիրի Հոխիկեանը, «Արցախփրեսի» տնօրէն եւ գլխ. խմբագիր Վահրամ Պօղոսեանը, նկարահանողներ Աշոտ Խաչատրեանն ու Արտակ Գէորգեանը: Մեր խմբի հետ էին նաեւ` ՀՅԴ մամուլի դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ մամուլի վարչութիւնների ղեկավարներ Վաղինակ Վարդանեանն ու Էվելինա Բաղդասարեանը:
(Շար. 2 եւ վերջ)