Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13523

Երկրում Ռազմական Բռնատիրութի՞ւն Էք Հաստատելու

$
0
0

1469443220-6949

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Քաղաքական եւ քաղաքացիական շարժումների հիմնական տարբերութիւնն այն է, որ եթէ քաղաքականը ենթադրում է երկարաժամկէտ ծրագրաւորում եւ ծրագրային իրագործում, ապա քաղաքացիական շարժումը միշտ տեղական բնոյթ ունի եւ ուղղուած է որոշակի իրավիճակում առաջացած որոշակի խնդրի լուծմանը:

Քաղաքացիական շարժման մեթոտաբանութիւնը կարող է դառնալ քաղաքականի իրականացման մեքանիզմ: «Սասնայ ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրաւումը արդէն գրեթէ 10 օր շարունակ փորձ է արւում ներկայացնել որպէս քաղաքական կամ քաղաքացիական պայքարի դրսեւորում: Իրականում, սակայն, այն, ինչ ձեռնարկել են խմբի անդամները, ոչ մէկի եւ ոչ էլ միւսի տրամաբանութեան մէջ չի մտնում: Այն քաղաքացիական չէ, որովհետեւ նախ` պահանջներն են քաղաքական` Սերժ Սարգսեանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլեանի ազատ արձակում եւ այսպէս կոչուած ազգային համաձայնութեան կառավարութեան ձեւաւորում, երկրորդ` քաղաքացիական պայքարը հէնց նրանով է քաղաքացիական, որ մերժում է առաջին հերթին ինքնաձիգի եւ նռնակների կիրառութիւնը, այսինքն` բնոյթով ռազմական մեթոտները:

Չնայած առաջադրուող քաղաքական պահանջներին` խմբի սկսածը  որեւէ պարագայում քաղաքական չէ, որովհետեւ ընդհանրապէս անհասկանալի է, թէ երկարաժամկէտ կտրուածքով ի՞նչ քաղաքական խնդիր են ուզում լուծել եւ ինչպէ՞ս:

ՊՊԾ գնդի տարածքը գրաւած զինեալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարում էին, թէ իրենց հրամանատարը բացառապէս Ժիրայր Սեֆիլեանն է, եւ պատրաստ են կատարել բացառապէս նրա հրամանները: Միեւնոյն ժամանակ նրանք պնդում էին, որ հրամանատարը տեղեակ չի եղել իրենց գործողութեան մասին: Դժուար է հասկանալ, սրանով նրանք Սեֆիլեանի՞ն են, որպէս հրամանատարի, զերոյի հաւասարեցնում, թէ՞ պարզապէս նման անհեթեթ պատճառաբանութեամբ ուզում են իրենց քայլի համար Սեֆիլեանին պատասխանատու չդարձնել: Բայց խնդիրն այստեղ Սեֆիլեանի «բանակի» ներքին կարգապահութիւնը չէ: Խնդիրն այն է, որ դրանով է նաեւ դրսեւորւում այն ընդհանուր  խառնաշփոթը, որ ստեղծել են զինեալները եւ «հիմնադիր խորհրդարանը»:

Գրաւելով ՊՊԾ զօրամասը` խումբն իր առջեւ նպատակ է դրել ոտքի հանել ժողովրդին, ինչպէս Պաւել Մանուկեանն է ձեւակերպում` «տէր կանգնելու իրենց յաղթանակին»: Բայց գնդից դուրս ժողովրդին ոտքի հանող, կազմակերպչական գործունէութիւն իրականացնող եւ պատասխանատուութիւն կրող ենթակայ ուղղակի չկայ: Բոլոր այն անհատներին, ովքեր ձգտում էին ստանձնել Խորենացի փողոցում հաւաքուած զանգուածին առաջնորդելու դերը, մեղադրուեցին զինուած խմբի անդամների ինքնազոհողութեան վրայ ձեռքերը տաքացնելու, շարժման վերմակն իրենց վրայ ձգելու, սեփականացնելու, անձնական ու խմբակային փառասիրութիւններին ծառայեցնելու մէջ:

Առաջին օրերին, Նիկոլ Փաշինեանի գործօնը հաշուի չառած, «ամպիոնը» բացարձակապէս դատարկ էր: Ով հասցնում էր, իրեն իրաւունք էր վերապահում ստանձնել ոչ ֆորմալ առաջնորդի դերը: Հիմա ստեղծուել է այսպէս կոչուած համակարգող խորհուրդ: Բայց վերջինս ոչ թէ քաղաքականացնում է գործընթացը, այլ բացառապէս զբաղուած է խմբի կենսապահովման հարցերով, ընդ որում` գրեթէ անտեղեակ, թէ ի՛նչ է կատարւում խմբի եւ իշխանութիւնների միջեւ: Իսկ վերջիններս բանակցութիւնների մէջ են, որոնց բովանդակութիւնից Խորենացի փողոցում ոչ ոք տեղեակ չէ:

Չկայ ընդհանուր, միասնական պատկերացում` ինչպէս զարգացնել գործընթացը գնդի պատերից դուրս, որովհետեւ հասարակութիւնը, ողջախոհութիւն դրսեւորելով, չի գնում արիւնահեղութեան, զինուած ապստամբութեան, ինչի օրինակը իրենց յանդուգն յարձակմամբ տուեց զինուած խումբը եւ ինչի կոչն էր անում այդ խմբի խօսնակ Վարուժան Աւետիսեանը: Այն, որ «Սասնայ ծռեր»-ի անդամները, «Հիմնադիր խորհրդարանը» չէին որոշել` ինչպէս պէտք է աշխատել ժողովրդական զանգուածների հետ, ինչպէս պէտք է քաղաքական արհեստագիտութիւններով մեծացնել փողոց դուրս եկող քաղաքացիների շրջանակը, փաստում է այն մասին, որ կա՛մ նրանց նպատակը գործընթացը քաղաքական հունի մէջ դնելը չէր, կա՛մ էլ պարզապէս չգիտեն` ինչպէս դա անել:

Եթէ այս ուժերն անգամ շարժման քաղաքականացման տեսլականը չունեն, այսինքն չունէին գործողութիւնների կարճաժամկէտ ծրագիր եւ գործում են տարերայնօրէն` ընդամէնը իշխանութեան գործողութիւնների թելադրանքով, նրանք առաւել եւս չէին կարող ունենալ իրենց պատկերացրած ժողովրդավարական Հայաստանի կերտման երկարաժամկէտ ծրագիր: Խօսքն այստեղ ոչ թէ ցանկութիւնների ու ռոմանթիք պատկերացումների մասին է, այլ դրանց իրականացման որոշակի գործնական եւ ամենակարեւորը` օրինական մեքանիզմների մասին է:

Քաղաքականութեան եւ սահմանադրականութեան տեսանկիւնից խմբի ձեռնարկումը եւ ներկայացրած պահանջները ամուր տրամաբանութեան չեն ենթարկւում, կամ աւելի ճիշդ ենթարկւում են երկրում ռազմական բռնատիրութիւն հաստատելու տրամաբանութեան վրայ, անկախ նրանից` ցանկանո՞ւմ են դա, թէ՞ ոչ: Եթէ խմբի անդամներն ազնիւ են երկրում սահմանադրական կարգը պահպանելու հարցում, ապա պէտք է համակերպուեն այն մտքի հետ, որ Սերժ Սարգսեանի հրաժարականի պահանջի կատարման դէպքում երկրի ղեկավարի գործառոյթը ստանձնելու է ԱԺ նախագահը, տուեալ դէպքում` Գալուստ Սահակեանը: Նրա հրաժարականի դէպքում` վարչապետ Յովիկ Աբրահամեանը: Վերջինիս հրաժարականի դէպքում` ԱԺ նախագահի երկու տեղակալներից մէկը: Իսկ նաեւ նրանց հրաժարականների դէպքում երկրում պարզապէս սկսւում է իսկական սահմանադրական ճգնաժամ:

Եթէ վերոնշեալ դէմքերից ոեւէ մէկը հրաժարական չի տալիս, ապա ինչպէ՞ս է խումբը պատրաստւում պարտադրել նրան անցկացնել այնպիսի ընտրութիւններ, ինչպիսիք ակնկալում է, եւ ինչի արդիւնքում ձեւաւորուելու է իրենց համար ցանկալի քաղաքական մեծամասնութիւն, ընտրուելու է իրենց համար ընդունելի նախագահ:

Կրկին ոստիկանական գո՞ւնդ  են գրաւելու, թէ՞ ինքնաձիգը դնելու են Գալուստ Սահակեանի, Յովիկ Աբրահամեանի կամ Էդուարդ Շարմազանովի ճակատին, ապա ամէն ընտրատեղամասում «Սասնայ ծռեր»-ի զինուած ջոկատայիններ են կանգնեցնելու, որպէսզի ստանան քուէարկութեան ցանկալի արդիւնքը: Եթէ այո՛, ապա սա ռազմական բռնատիրութիւն է: Իսկ եթէ բոլորն են հրաժարական տալիս, որպէս «վարչակարգի» անդամներ, ապա ո՞վ է կառավարելու երկիրը. Պաւլիկ Մանուկեա՞նը, Ժիրայր Սեֆիլեա՞նը, բայց ո՞ւմ մանտայով, ո՞ւմ են նրանք ներկայացնելու. Խորենացի փողոցում հաւաքուածների՞ն…

2015թ. ընդունուել է նոր սահմանադրութիւն: Վերջինիս համաձայն, նախագահի հրաժարականի դէպքում Հայաստանում սկսւում է խորհրդարանական կառավարման համակարգ: Այսինքն Սերժ Սարգսեանի հրաժարականի դէպքում ԱԺ-ն է դառնում հիմնական քաղաքական որոշումներ կայացնող մարմինը: Համաձա՞յն են դրան սեֆիլեանականները: Թերեւս` ոչ, որովհետեւ խորհրդարանը համարում են ոչ օրինական, իսկ այնտեղ գտնուող քաղաքական ուժերին` կեղծ եւ ծախուած: Ի՞նչ են մտադիր այդ դէպքում անել. ցրե՞լ խորհրդարանը, բայց ինչպէ՞ս, ի՞նչ հիմքով: Գուցէ ինքնաձիգով, օղակը քաշած նռնակների սպառնալիքով հերթով պարտադրեն պատգամաւորներին հրաժարակա՞ն տալ: Թէ՞ նախ ինքնաձիգերի փողերի տակ սահմանադրական նոր հանրաքուէ են անցկացնելու:

Կամ` ենթադրենք, թէ իշխանութիւնը համաձայնում է կատարել ազգային համաձայնութեան կառավարութեան ձեւաւորման պահանջը, եւ Յովիկ Աբրահամեանը հրաժարական է տալիս. նախ, ինչպէ՞ս է որոշուելու, թէ  ո՛վ կարող է լինել նոր կառավարութիւնում, ու ինչպէ՞ս է որոշուելու, թէ  որո՛նք են այն ազգային ուժերը, որոնք նոր կառավարութիւնում պորտֆելներ կ՛ունենան:

Այդ ցուցակը «Սասնայ ծռեր»-ի տղերքն ու Ժիրայր Սեֆիլեա՞նն են որոշելու: Լա՛ւ, ենթադրենք, թէ դա էլ որոշեցին, ու բանից դուրս եկաւ, որ, ինչ-որ մէկի թեթեւ ձեռքով, փաստօրէն, այդ կառավարութիւնում չներկայացուած ուժերը դարձան ապազգային: Ինչպէ՞ս է այդ կառավարութիւնը գործունէութիւն ծաւալելու` առանց խորհրդարանի քաղաքական մեծամասնութեան վստահութեան: Եթէ նորաստեղծ կառավարութեան ծրագիրը խորհրդարանը չհաստատի, ինչպէ՞ս են յեղափոխականները կանխելու երկրում քաղաքական ճգնաժամը. գուցէ երկրո՞րդ անգամ են նռնակների օղակները քաշելու` պատգամաւորներին ստիպելով սեղմել «կողմ» կոճակը:

Այս հարցերի պատասխանը ոչ ոք տալ չի ցանկանում: Ձեռնտու չէ: Որովհետեւ հէնց սկսեն մտածել պատասխանների շուրջ, մտածողութիւնը, երեւի կ՛արգելակուի: Կարեւորը` հեռացման խնդիրը լուծելն է:  Թէ ի՛նչ կը լինի դրանից յետոյ, որ «գրողի ծոցը» կը գնայ երկիրը, հետաքրքիր չէ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13523

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>