Արցախեան շարժման սկզբնաւորումից անցել է 28 տարի:
28 տարին մէկ սերնդի գիտակցական կեանքի ձեւաւորման եւ աշխուժ կենսագործունէութեան ժամանակահատուած է: Այն սերնդին, որը գիտակցականօրէն (նաեւ հասարակական, քաղաքական առումներով) կայացաւ արցախեան շարժման գործընթացների մէջ, կարելի է անուանել ղարաբաղեան սերունդ: Արցախեան սերունդը, յանուն հայկական պատմական տարածքի ազատագրման, դուրս եկաւ ոչ միայն որոշակի թշնամու, այլեւ խորհրդային հզօր մեքենայի դէմ, Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, միջազգայնացած հարցի նկատմամբ ճնշումին դիմակայեց, եւ քանի դեռ վերջնականօրէն լուծուած չէ արցախեան խնդիրը, մնում է արցախեան պայքարի մասնակիցն ու զինուորը:
Ի հարկէ անցած 28 տարիների ընթացքում գերակշռել է արցախեան «հրաբուխի քնած» կամ սահմանային յարաբերական անդորրի ժամանակահատուածը, երբ արցախեան սերունդը հնարաւորութիւն է ունեցել աւելի շատ զբաղուելու իր առօրեայ հոգսերով, ջանքերը կեդրոնացնել ժողովրդավարութեան, ընկերային-տնտեսական եւ ներքին այլ խնդիրների վրայ, բայց նրա մէկ աչքն ու ականջը միշտ եղել է Արցախի կողմը: Արցախեան շարժումն ու յաղթանակը հայ ժողովրդի ու արցախեան սերնդի համար ամէնից առաջ արժանապատուութեան վերականգնման եւ հատուցման հարց էր` անցած դարասկզբին տեղի ունեցածի դիմաց: «Արցախեան» երեւոյթով հայ ժողովուրդը շտկեց մէջքը, արձանագրեց, թէկուզ մէկ հատուածի չափով, խլուած հայրենիքի վերադարձ: Արցախեան պայքարը մեծ ազդեցութիւն է գործել ղարաբաղեան սերնդի ազգային ինքնագիտակցութեան վրայ: Արցախեան յաղթանակը այն կերտած սերնդին հաղորդեց ինքնավստահութիւն, հոգեկան անդորր եւ հաւատ` սեփական ուժի ու հնարաւորութիւնների նկատմամբ: Այս յաղթանակը հոգեւոր կամուրջ գոյացրեց, որի շնորհիւ հայ մարդը ներշնչուեց իր անցեալով եւ տէր զգաց հազարամեակների պատմութեանը: Մանաւանդ նկատի ունենալով, որ եօթանասուն տարի եւ դրանից էլ առաջ, անգամ սեփական հողի վրայ ապրելով` հայ մարդը ասես այդ հողի իրական տէրը չէր, հողի եւ մնացած արժէքների տէր ու տնօրէնը կարծես թէ դարձել էին նուաճողները:
Արցախի ազատագրումից, զուգահեռաբար Հայաստանի անկախացումից յետոյ անգամ, խաղաղ առօրեայի մէջ հայ մարդու հոգեբանութեան վրայ զգալի եղաւ ղարաբաղեան ձեռքբերման ազդեցութիւնը: Ասուածը աւելի ակնառու դարձնելու համար պատկերացնենք, թէ մենք կորցրել ենք Արցախը (Աստուած մի՛ արասցէ) եւ դրանից յետոյ արցախեան սերնդի ներկայացուցիչը սեղանի մօտ հայրենասիրութեան թեմայով կենաց է խմում, իր երեխային հպարտօրէն հայոց պատմութիւն է պատմում, պարզապէս որպէս կայացած մարդ ինքնավստահութեան յաւակնոտութեամբ շփւում է ընկերների, շրջապատի կանանց` մեծ ու փոքրի հետ: Անհնար է թւում, ամօթը թոյլ չէր տայ:
Հակառակ օրինակը հարեւան երկիրն է, որն, օրինակ, միլիոնաւոր տոլարներ է տալիս սպանական ինչ-որ խմբի` խնդրելով, որ իրենց մարզաշապիկների վրայ գրեն այդ երկրի անունը: Այսինքն, որպէսզի աշխարհն իմանայ, թէ իրենք կան: Այո՛, այս արեւի տակ պարտուած ժողովուրդ լինելուց վատ բան չկայ: Առանց խորանալու յիշենք մեզ` մինչեւ արցախեան յաղթանակը:
«Արցախ»-ը պատմական նոր ուղի բացեց հայ ժողովրդի առաջ եւ դարձաւ մէկ սերնդի ճակատագիրը (յուսանք, որ կայացող նոր սերնդի գիտակցութեան մէջ Արցախը կ՛ամրապնդուի, ինչպէս ընկալւում են Շիրակը, Լոռին կամ Արմաւիրը եւ այս սերնդի ճակատագիրը այլ նպատակներ կ՛ուղենշեն):
Պատահական չէ, որ երբ վտանգ սպառնաց Արցախին, արցախեան սերունդը մէկ մարդու պէս ոտքի ելաւ եւ գնաց իր ճակատագրի ետեւից: Այդ ճակատագիրն այլեւս սերնդից անբաժան է, քանի դեռ նա գոյութիւն կ՛ունենայ: Արցախեան սերնդի համար արցախեան որեւէ կորուստ իր ճակատագրի, իր անձնական կորուստն է:
Ինչո՞ւ է շարադրւում այս ակնառու ճշմարտութիւնը եւ ի՞նչ նպատակով:
Նպատակն այն եզրակացութիւնն է, որ սահմանադրօրէն ամրագրուած տարողութեամբ Արցախի տէրը հայ ժողովուրդն է եւ մասնաւորապէս արցախեան սերունդը: Արցախի հարցով շատերը կարող են բանակցել, բայց ինչ-որ բան կարող է զիջել միայն հայ ժողովուրդը եւ Ղարաբաղի սերունդը: Վերջում նրանց մօտ պէտք է գան եւ նրանց պէտք է հարցնեն բանակցողները, միջնորդներն ու ուզողները: Վերջնական վճիռը պատկանում է նրանց, ում ճակատագիրն է Արցախը: Իսկ ընդհանրապէս` մարդը կարող է կերտել իր ճակատագիրը, բայց սեփական ճակատագրից փախչել չի կարող:
24 յունիս 2016