ՄԵՐՈՒԺԱՆ ՏԷՐ ԳՈՒԼԱՆԵԱՆ
Պատանեկութեանս տարիներին, երբ ես առաջին անգամ Ջաւախքից գալիս էի Երեւան, տեսայ Արարատը: Մինչ այդ տեսել էի ոչ թէ գրքերում, թերեւս դասագրքերում չկար Արարատի պատկերը, այլ` բացիկների վրայ: Եւ Թալինից Արարատեան դաշտ իջնելիս տեսայ Լեռը Սրբազան:
Յետոյ ոչինչ, որ մեր պատմութեան դասատուին երեւանեան կրկէսի ժամանակաւոր հիւրանոցում ծեծեցին, ով մեզ Հայաստան էր բերել: Մենք բոլորս պատրաստ ու ուժեղ տղաներ էինք, բայց չփորձեցինք օգնել մեր դասատուին, որովհետեւ մենք եկել էինք մեր երանելի հայրենիքը, որտեղ մեզ բոլորովին չէր թւում, թէ այդպէս կ՛ընդունեն: Յետոյ շատ աւելի ուշ, երբ ես իմ հայրենիքում ուսանող էի, հասկացայ պարզ մէկ բան, որ մենք սխալ էինք, որ մեր ուսուցչին տէր չկանգնեցինք, քանի որ այդ հարբած պատահական ձեւակերպումը բոլորովին էլ իմ հայրենիքը չէր: Ինչպէս այսօր իմ հայրենիքը չեն այն մարդիկ, որոնց թւում է, թէ իրենց կուտակած հարստութեամբ մեր երկիրն են պահում…
Այսօր զարմանալիօրէն կայ ընդունուած առաջին կարծիք, երկրորդ կարծիք, կայ դիմութիւն եւ չընդդիմութիւն: Ես երրորդ կարծիքն եմ: Բայց, բարի՛ եղէք տիկնայք եւ պարոնայք, երրորդ կարծիք բոլորովին էլ չի նշանակում երրորդական կարծիք… Եւ ես երրորդ կարծիքս ասում եմ. «Թողէք անձնական, չափազանց անձնական նկրտումները` ինքնահաճոյ, ինքնանպատակ, անհայրենական, եւ հաւաքուէք Սրբազան Լերան պատկերի առաջ, որը Էր եւ Է»: Տարօրինակ է, սակայն, բախտի բերումով Աստծոյ ամէն օր ես աշխատանքի գնալիս եւ վերադառնալիս նայում եմ, որ տեսնեմ Լեռը, ում պատկերը մանկութիւնից երազել էի: Եւ մտածում եմ. «Մի՞թէ կարելի է այլ բան մտածել, դաւադիր բան մտածել, երբ քո դիմաց է Լեռը Սրբազան…»: Մտածում եմ նաեւ, որ Լերանն ուխտագնացութեան եկած աշակերտներին եւ նրանց պատմութեան դասատուին չի կարելի վիրաւորել, ով իր աշակերտներին բերել էր ցուցադրելու Սուրբ Լեռը, քանզի ինչպէս մենք, եւ ուսուցիչները նոյնպէս` անցողիկ են, եւ ուսուցչի արժանապատուութիւնն իր աշակերտների մէջ պէտք է լինի: Արժանապատուութիւն, որը ես տեսայ մեր համազգային սահմանը պահող զինուորների ոգիներում եւ համոզուեցի, որ նրանք, որ աւելի համարձակ են, քան մենք էինք մեր ջահելութեան տարիներին, ի տարբերութիւն մեզ` երբեք թոյլ չէին տայ ոեւէ մէկին նեղացնել իրենց ուսուցչին:
Ուսուցչին չպաշտպանող աշակերտին լեռը չի ճանաչի, եւ աշակերտն այդ չի կարող առնչուել սրբազանութեանը, քանի որ լեռն աւելի քան մերն է, յաւերժական է եւ ճակատագիր: Այսինքն թէ` մեր բոլորի դիմաց` ուսուցչի, թէ աշակերտի, ուղիղ խնդիր է դրուած: Թէ մոռանամ քեզ Արարատ… երդումը, որը մտածւում, սակայն չի հնչում, հասունանում ու չի արթնանում, եւ որը մեզ կը մաքրէր դաւադիր մտքերից, մեզ կը հաւաքէր մեր ուղիղ խնդրի դիմաց, որտեղ բոլորը տէր են եւ ոչ մէկը` ենթակայ:
«Առաւօտ» 10.06.2016