Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հրաժեշտ «Դարբնոցին»
Երկիր, որտեղից արտագաղթում են խաղաղ օրերին, իսկ պատերազմի ժամանակ ներգաղթում: Ազգ, որը Ուիլիըմ Սարոյեան եւ Շարլ Ազնաւուր է ծնում: Ժողովուրդ, որն աշխարհին ճատրակ խաղալ է սովորեցնում: Զարմանալի է հայը: Զարմանալի է նաեւ իր պատմութիւնն ու անցած ուղին:
Ճիշդ դարբնոցում յայտնուած սուրի նման` հարուածներից ու կրակից միայն տաշուել, նորոգուել ու առաւել ամրացել է այս ազգը: Ծաղկել է իր ստեղծած արուեստով, յաւերժացել` իր կերտած պատմութեան մէջ, զօրացել` դարաւոր պայքարից: Պայքար գոյութեան եւ իրաւունքի համար, որն հետագայում պիտի պսակուէր պետականութեամբ: Այո՛, 1918 թուականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետութիւնը պսակն էր մեր դարաւոր պայքարի:
Դժուարին Օրեր
«Այն ազգը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանայ». Անաթոլ Ֆրանս:
Ինչպէս գիտենք, 1918 թուականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը 6 դար դադարից յետոյ վերականգնում է իր պետականութիւնը` այս օրը համայն հայութիւնը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրը: Մայիսեան հերոսամարտերը Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ յաղթանակների շնորհիւ է, որ Արեւելեան Հայաստանի մի մասում յաջողուել է վերականգնել հայկական պետականութիւնը:
Մայիսի 26-ին Սարդարապատում յաղթանակելով թուրքական բանակին` հայկական զօրքերը կարողացան կասեցնել թշնամու ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայութեան հաւաքական կամքն իսկապէս հրաշքներ գործեց այդ օրերին: Մայիսեան ճակատամարտերի հերոսների կեանքով ու արեամբ վճարեց Հայաստանը` յաւերժական կորստից փրկուելու համար: Հայկական հանրապետութիւնը հռչակուեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918-ի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասեան ժողովրդավարական դաշնային հանրապետութեան փլուզումից յետոյ: Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտեան եւ Արեւելեան Բիւրոների նիստը Յովհաննէս Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձաւ Երեւանը: Իսկ վերջին վարչապետը Սիմոն Վրացեանն էր:
Առաջին Հանրապետութիւնը հիմնադրուել է հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատուածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրութեան նուաճողական քաղաքականութիւնը խանգարում էին կայուն պետութեան ստեղծմանը: Հայաստանի Հանրապետութեան տարածքը հռչակման պահին 12 հազար քիլոմեթր քառակուսի էր, բնակչութիւնը` 700 հազար: 1918 թուականին Հայաստանը դիւանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մէջ էր: Հարեւան երկրներից միայն Իրանի հետ են հաստատուել բարի դրացիական յարաբերութիւններ:
Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունեցաւ ընդամէնը երկու տարի, մինչեւ 1920 թուականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զօրամասերը եւ հանրապետութիւնը խորհրդայնացուեց:
Գոյատեւելու «Մարտահրաւէր»
Եթէ 1918 թուականի մայիսի 28-ին նախորդած ժամանակաշրջանին հայութիւնը փորձում էր կենտրոնանալ եկեղեցական, մշակութային, կուսակցական կամ այլ կառոյցներում, ապա մայիսի 28-ից յետոյ մեզ համախմբելու սկսեց երկար սպասուած պետականութիւնը: Վերջինս մեր ազգի յառաջադիմելու լաւագոյն հնարաւորութիւնն էր: Եթէ մինչեւ 1918 թուականը տեսնում էինք ցեղասպանութիւն ապրած ազգի յուսահատ աչքեր, ապա այսուհետ շատացան ոչ թէ արցունքից, այլ վրէժից փայլող աչքերը` յոյսով ու հաւատով լեցուն: Մեր պետականութիւնն ինքնին մի իւրատեսակ «մարտահրաւէր» էր` գոյատեւելու եւ յաւերժանալու` ուղղուած սեփական ժողովրդին:
Փակ Օղակ
«Մենք զարմանալիօրէն կենսուրախ ժողովուրդ ենք, եւ ես յամառօրէն հաւատում եմ դրան: Ոչ մէկի բարբարոսութիւնը կամ բռնութիւնը չեն կարող կոտրել հայ ազգի` յաւերժ լոյսին ձգտող հզօր ոգին». Յովհաննէս Թումանեան:
Իuկապէս, հայոց պատմութիւնն է փաստել, որ լոյսին եւ յաւերժին ձգտող ժողովուրդ ենք: Գիտենք նաեւ, որ լաւատեսութիւնն է մղել դէպի լոյս, յոյս տուել, ինչից եւ սնուել է մեր մեծ ներուժը: Սակայն ո՞ւր է լաւատեսութիւնը հիմա: Աջ ու ձախ ոչ կառուցողական քննադատութիւններ, խաւարի մէջ խարխափող ենթադրութիւններ, տան բազմոցներից հնչող «ֆէյսպուքաշունչ» կարծիքներ: Մի՞թէ չենք նկատել, որ պատմութիւնը փակ օղակի պէս է` եւ ուզենք թէ չուզենք ունի կրկնուելու յատկութիւն: Իսկ պատմութեան մէջ միթէ մոռացել ենք` խուճա՞պն է մեզ օգտակար եղել, թէ՞ լուսաւոր ապագայի հանդէպ հաւատն ու լաւատեսութիւնը:
Եռաթեւ Նետը
Վստահ յիշում ենք «Հայկ եւ Բել» հին առասպելը, որը ներկայացնում է հայ ժողովրդի ստեղծման ակունքները` պատկերաւոր նկարագրելով Հայկի քաջ մենամարտն ընդդէմ բռնակալ Բելի եւ հերոսական յաղթանակը:
Երբ Հայկը սպաննեց Բելին, հաւանաբար մտքում իր ցեղախմբի փրկութեան հաւատն էր եւ գուցէ` յոյսը, որ եւս մի քանի սերունդներ վայելելու են իր յաղթանակի պտուղները` ապրելով սեփական հողում եւ անկախ: Երեքթեւեան նետը Բելի կրծքում մխրճելու պահին, դժուար թէ մեր նահապետի մտքով անցնէր, որ գալու է ժամանակաշրջան, երբ իր հողատարածքները օրինաւոր երկիր են դառնալու, որ իր ցեղախմբի ներկայացուցիչները ապագայում հպարտօրէն կրելու են «հայ» ազգանունը, իսկ հողերը` «Հայաստան» անուանումը:
Ո՛չ այդ պահին, ո՛չ էլ յետոյ, Հայկը չէր մտածում, որ էլ առաւել ապագային մի օր էլ յայտնի խաղի սկզբունքով, Հայաստանը աշխարհին «մաթ» է անելու ու Հանրապետութիւն է դառնալու: Իսկ այնուհետեւ` այդ սկզբունքը իր ժողովրդին սովորեցնելով` աշխարհում ճանաչուելու է որպէս ճատրակի վարպետ` ի դէմս Տիգրան Պետրոսեանի եւ Լեւոն Արոնեանի նման հայերի:
Մեր նախահայրը կռահել անգամ չէր կարող, որ ապագայում ազգը նախ իր արուեստով է «մարդամէջ» դուրս գալու` միջազգային մրցոյթներում լաւ ներկայանալը համարելով պատուի հարց (թերեւս երբեմն աւելորդ արժէք տալով դրանց): Հայկը չէր մտածում, որ անուղղակիօրէն իր ձեռքով է ստեղծուելու այն անձնագիրը, որը հպարտութիւնից զատ, աշխարհում դիւրին տեղաշարժի հնարաւորութիւն է տալու իր հայրենակցին:
Սրանք եւ այլ յիշարժան իրադարձութիւններ են պատահել շնորհիւ մեր նահապետի երկաթեայ բազկի եւ եռաթեւ նետի, որոնց դժուար թէ այն ժամանակ անձամբ ինքը հաւատար: Սակայն, հարիւրամեակները յաջորդեցին միմեանց եւ հասանք այսօրին: Այժմ հայկեան երկաթեայ բազուկը մեր պետականութիւնն է, իսկ եռաթեւ նետը` հայոց հզօր բանակը: Լուսաւոր ապագան մերն է լինելու. յուսանք չի կասկածել Հայկը, երանի չկասկածենք նաեւ մենք:
Սարդարապատի Ճակատամարտը
Մայիսի 22-29-ը Արագածի լանջերից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սեւան գիշեր-ցերեկ անդադար ղօղանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինուել եւ օգնութեան է հասել զօրամասերին: Սարդարապատի պաշտպանութեան կազմակերպումը Թ. Նազարբեկեանը յանձնարարել է Երեւանի զօրախմբի հրամանատար զօրավար Մովսէս Սիլիկեանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկուել նաեւ Կողբի եւ Իգդիրի ուղղութեամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարեանի հետեւակային 3-րդ խումբը դիրքաւորուել է Նախիջեւան-Շարուր ուղղութեամբ: Սարդարապատի զօրախումբը դիրքեր է գրաւել յարձակուող թուրքական զօրամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծեալ եւ 2-րդ գնդերին յանձնարարուել է փակել Բաշ Ապարանից Երեւան շարժուող թուրքական 9-րդ գնդի ճանապարհը: Թիկունքի եւ Երեւանի պաշտպանութիւնը ղեկավարել է Արամ Մանուկեանը:
Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրաւել են Սարդարապատ կայարանն ու նոյնանուն գիւղը (այժմ` Հոկտեմբեր) եւ Գեչռլուն (այժմ` գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, Իգդիրի հետեւակային եւ Զէյթունի հեծեալ գնդերը Քէօրփալուից (այժմ` գ. Արշալոյս) եւ Ղուրդուղլուից (այժմ` գ. Արմաւիր) անցել են յարձակման: Ղամշլու (այժմ` գ. Եղէգնուտ) գիւղի մօտ կոտրել են թուրքերի դիմադրութիւնը, վերագրաւել Սարդարապատ կայարանն ու գիւղը եւ հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15-20 քմ: Սակայն, երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասաւորել են ուժերը եւ ամրացել Արաքս կայարանի հիւսիսարեւմտեան Չիմնի եւ Թուլքի բարձունքներում: Մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում ոչնչացուել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Եաղուպ Շեւքի փաշայի զօրքը, սակայն հայերը յետ են մղել նաեւ օգնութեան եկող Միւրսել փաշայի 5-րդ գունդը:
Հայկական հրամանատարութիւնը համալրում ստանալուց յետոյ ստեղծել է հարուածային զօրախումբ` փոխգնդապետ Կարապետ Հասան-փաշայեանի հրամանատարութեամբ, եւ մշակել թուրքերի շրջապատման ծրագիր: Խմբի կազմում էին Երզնկայի հետեւակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսքատրոն (ընդամէնը 4 հրանօթով), որոնք Պանդուխտի (Միքայէլ Սէրեան) գլխաւորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին եւ հարուածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն աւարտուել է թուրքական գերակշիռ ուժերի դէմ լիակատար յաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խաւերի ներկայացուցիչները` անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լաւագոյնս դրսեւորուել են հայկական ռազմարուեստի աւանդոյթները:
Բաշ Ապարանի Ճակատամարտը
Թուրքական հրամանատարութիւնը Բաշ Ապարան (այժմ` ք. Ապարան) ուղարկած 9-րդ գնդով փորձել է հիւսիսից արշաւել Երեւան, անցնել Սարդարապատի շրջանում հակայարձակման անցած հայկական զօրամասերի թիկունքը եւ նրան կտրել Երեւանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարութիւնը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխաւորութեամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զօրաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ` Քուչակ)` դէպի Բաշ Ապարան արշաւող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախուել է հակառակորդի 2 գունդ եւ ոչնչացուել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից աւելի սպաննուած եւ մեծաքանակ ռազմավար, յետ է մղուել Բաշ Ապարանից արեւմուտք:
Ճակատամարտում հայկական զօրամասերին մեծ աջակցութիւն են ցոյց տուել նաեւ եզտի աշխարհազօրայինները (1500 հեծեալ)` Ջհանգիր աղայի գլխաւորութեամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցուել է թուրքական զօրքերի արշաւանքը Երեւան եւ Արարատեան դաշտ: Բաշ Ապարանի ճակատամարտին նուիրուած յուշակոթողի (1979 թուական) մօտ 2000 թուականի մայիսի 28-ին վերաթաղուել է Դրոյի աճիւնը:
Ղարաքիլիսայի Ճակատամարտը
Ալեքսանդրապոլը գրաւելուց յետոյ Ղարաքիլիսայի ուղղութեամբ շարժուող թուրքական զօրամասը մայիսի 20-ին գրաւել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ` Լուսաղբիւր), Ղալթաղչին (այժմ` Հարթագիւղ), մայիսի 21-ին` Վորոնցովկան (այժմ` ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ` ք. Ստեփանաւան) մօտ մայիսի 21-22-ի մարտերից յետոյ Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գիւղում, ապա շարժուել դէպի Դիլիջան: Հայկական զօրքն ունեցել է 6 հազար զինուոր, 10 հրանօթ եւ մօտ 20 գնդացիր, թուրքական զօրքը` 10 հազար զինուոր, 70 հրանօթ եւ 40 գնդացիր: Հայերին օգնութեան են հասել Ղարաքիլիսայի շրջակայ գիւղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարուածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ` Դարպաս) գիւղի մօտ, Բզովդալի (այժմ` Բազում) մատոյցներում եւ Մայմեխ լերան լանջերին` թշնամուն հարկադրելով նահանջել դէպի Համամլու (այժմ` ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանեանի, Աթաբէկ բէյ Մամիկոնեանի զօրամասերը, Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհուած կապիտան Գուրգէն Տէր Մովսիսեանի հրետանաւորները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպաննուած, վիրաւոր եւ գերի): Մեծ էին նաեւ թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով` նրանք անցել են հակայարձակման, եւ հայկական ուժերը հարկադրուած նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում եւ շրջակայ գիւղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչութեանը (շուրջ 5000 մարդ), աւերել բնակավայրերը եւ անցել Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիւ թուրքական զաւթիչները հրաժարուել են Թիֆլիս գնալու մտադրութիւնից եւ չեն կարողացել մտնել Սեւանի աւազան: