ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ
Ներածութիւն
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ միանգամայն հասկանալի է սպասուածից աւելի մեծ թուով յօդուածների առկայութիւնը Միացեալ Նահանգներ-Չինաստան մրցակցութեան կամ ակնկալուող բախման մասին: Նման մօտեցումն ակնյայտ է Միացեալ Նահանգների նոր հանրապետականների ներկայացուցիչների շրջանում, եւ Չինաստանը շարունակաբար պատասխանում է, որ այն զարգացող երկիր է, որի կարգախօսն է. «Ապրել ներդաշնակօրէն եւ բարգաւաճել»: Մի խօսքով, չիները խնդրում էին իրենց հեռու պահել միջազգային վէճերից, քանի որ Չինաստանի ուշադրութեան կենտրոնում այն է, թէ ինչպէս միջին խաւը դարձնել մեծամասնութիւն Չինաստանում:
Դիտարկելով պատմութիւնը` մենք կարող ենք եզրակացնել, որ Չինաստանը երբեք չի երազել մայրցամաքների եւ երկրների գաղութացման մասին, նոյնիսկ կայսրերը հարաւարեւելեան Ասիայի կղզիները գրաւելու նկրտումներ չեն ունեցել:
Ինչպէս արդէն նշուեց, չիներն այլ կերպ են ընկալում հսկողութիւնը եւ գերիշխանութիւնը, եւ կարելի է եզրակացնել, որ Չինաստանը բաւարարուած է ՀԱԱՊԱ-ում ունեցած իր դիրքով` մեծագոյն դերակատարութիւն ունենալով տնտեսական միտումների շրջանառութեան մէջ եւ հնարաւորութիւն տալով չինական սփիւռքին զբաղուել պիզնեսով եւ բարգաւաճել` դրանով իսկ ազդեցութիւն հաստատելով տարածաշրջանում: Ես անձամբ ականատես եմ եղել չինական սփիւռքի կարգավիճակին Մալեզիայում, Սինկափուրում եւ Ինտոնեզիայում: Նշուած երկրներում չիները հիմնականում զբաղւում են պիզնեսով: Ըստ էութեան, Մալեզիայում ֆինանսական միջոցները բաժանւում են չիների, մալեզիացիների եւ հնդիկների միջեւ: Չիները հիմնականում ներկայացուած են պիզնեսի եւ առեւտրի ոլորտում եւ ամենապահովուածն են, մալեզիացիները գործում են կառավարութեան ոլորտում եւ բանակում, հնդիկները զբաղւում են բժշկութեամբ եւ բուժակութեամբ: Նոյնը կարելի է ասել նաեւ Ինտոնեզիայի մասին, որտեղ թէեւ չիները փոքրամասնութիւն են կազմում, եթէ համեմատենք Մալեզիայի եւ Սինկափուրի հետ, բայց դարձեալ զբաղեցնում են համապատասխան դիրքեր պիզնեսի ոլորտում:
Մենք այստեղ չենք անդրադառնայ Սինկափուրին, քանի որ այն հիմնականում բնակեցուած է չիներով: Մալեզիայում գտնուող միակ արտօնագրուած խաղատունը եւ ժամանցի վայրը, որը կոչւում է «Կենթինկ հայլենտ» («The Genting highland»), պատկանում է չին ընտանիքի, եւ նրանում աշխատողների մեծամասնութիւնը Մալեզիայի եւ Չինաստանի չիներ են: Այն համարւում է 4-րդ խոշորագոյն ընկերութիւնը երկրում: Այսպիսով, գաղտնիք չէ, որ Չինաստանը մեծ ազդեցութիւն ունի խաղաղովկիանոսեան տարածաշրջանում` կապուած վերոնշեալ երկրի հետ ոչ միայն պիզնեսի, այլեւ նաեւ մշակոյթի ոլորտում` խրախուսելով չինական սփիւռքին մօտ լինել իրենց արմատներին երաժշտութեան, իրավիճակային կատակերգութեան (սիթքոմ) եւ խոհանոցի միջոցով: Սոյն յօդուածի նպատակը Չինաստանին քննադատելը չէ եւ ոչ էլ այս երկրի նկատմամբ գերագոյն հիացմունքի ցուցադրումը` խորհրդաւոր կամ առեղծուածային բացայայտումներով, ինչպէս որ անում են շատ արեւմտեան գրողներ Ասիայի մասին գրելիս: Աւելի՛ն. մենք չենք կարող անտեսել այն մեծ նուաճումները, որոնց հասել են չիները իրենց երկրում, հազիւ թէ որեւէ այլ զարգացող երկիր երբեւէ նման ձեռքբերումներ է ունեցել նախկինում` դառնալով աշխարհում թիւ մէկ պետութիւնը բազմաթիւ ոլորտներում` սկսած Մետաքսի ճանապարհից մինչեւ մեր օրերը:
Մինչդեռ արեւմտեան գրողներից ոմանք շեշտը դնում են միայն ժողովրդավարութեան բացակայութեան վրայ, ինչն իստ իս, մեծ սխալ է, քանի որ ազատական ըմբռնումը հեռու է Չինաստանի մշակոյթից, եւ ես վստահ եմ, որ մօտ ապագայում մենք չենք տեսնի արեւմտեան արժէքների իւրացում այս հասարակութեան կողմից:
Չինաստանն ասիական երկիր է, եւ չիներն ունեն իրենց սեփական մշակոյթը եւ ընկալումները: Չինաստանը չի պարտադրում իր մտածելակերպը տարածաշրջանի երկրներին, եւ Միացեալ Նահանգները, մասնաւորապէս, պէտք է յարգի Չինաստանին եւ նրա ժողովրդին: Բացի այդ, ընթերցողը կարող է առաջ քաշել այն փաստարկը, որ շրջակայ երկրները կրել են բրիտանական գաղութացման ազդեցութիւնը, եւ դրանցում կեանքն այս կամ այն չափով աւելի արեւմտականացուած է, քան Չինաստանում: Դա ընդունելի է, սակայն` որոշ վերապահումներով: Օրինակ` Մալեզիայում աւելի քան չորս տասնամեակ իշխում է մէկ կուսակցութիւն: Չնայած այն հանգամանքին, որ Սինկափուրը մեծ յաջողութիւնների է հասել, այն ստեղծուել եւ ղեկավարւում է ինքնիշխանական նախագահի կողմից: Ինտոնեզիան յայտնի է փտածութեան եւ ինքնիշխանական առկայութեամբ:
Վերջապէս, ես կը ցանկանայի ընդգծել, որ իմ յօդուածները Չինաստանի մասին չեն լինի ակադեմական գրուածքներ, ինչպիսիք են Մերձաւոր Արեւելքի քաղաքականութեանը վերաբերող նախորդ աշխատանքները, այլ կը լինեն աւելի պատմողական ժանրի` ներկայացնելով այն, ինչն ըստ իս կարող է հետաքրքրել հայ ընթերցողին: Միեւնոյն ժամանակ, դրանք կը ներառեն իմ` որպէս ականատեսի սեփական վերլուծութիւնը:
Վերադառնալով մեր խնդրին, նշեմ, որ ես չեմ կարող հիանալ արհեստագիտութիւններով եւ ժամանակակից ճարտարապետութեամբ` կառուցուած վերջին տասնամեակներում, քանի որ, ըստ էութեան, ելեկտրոնիկան դառնում է անիմաստ, երբ ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք օգտագործել, արգելափակուած են կառավարութեան կողմից:
Պէտք է ընդունել, որ որոշ չին ուսումնասիրողներ տարածում են ազգայնական եւ նաեւ յանդուգն կարգախօսներ, ինչպէս, օրինակ` «Մենք բաւականին հզօր ենք Միացեալ Նահանգների դէմ դուրս գալու համար»: Նրանք դա բացատրում են այն հանգամանքով, որ Սառը պատերազմի աւարտից յետոյ աշխարհը պէտք չէ լինի միաբեւեռ, եւ Չինաստանը կարող է լրացնել դատարկութիւնը որպէս արեւմտեան համախմբման դէմ առաջատար երկիր: Ես համաձայն չեմ այս փաստարկի հետ, քանի որ «Չինաստանը բաւականին ուժեղ է եւ բաւական թոյլ»` հակաամերիկեան համախմբումը գլխաւորելու համար ոչ թէ դրան պարտադրուող պատժամիջոցների պատճառով. Չինաստանը երկար ժամանակ կարող է գոյատեւել ինքնաապահովմամբ, բայց չի կարող հանդուրժել երկրի պառակտումը, որը կարող է իրականացուել միւս ճամբարի մրցակիցների կողմից: Ներկայումս կարծել, թէ Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների դաշինքը կարող է ծնկի բերել Չինաստանին, անմտութիւն է, քանի որ Ռուսաստանը եւ Չինաստանը որոշակիօրէն աջակցում են միմեանց ՊՐԻՔՍ-ի միջոցով, որը դեռեւս մեծ վտանգ չէ Միացեալ Նահանգների համար: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ի՛նչն է վատ Չինաստանի համար, ապա դա թուրքական ծագում ունեցող մուսուլման ույղուրներն են Սինցզեան նահանգում:
Մենք անընդհատ տեսնում ենք լուրերի թողարկումներում, որ նրանք դիմադրութիւն են ցոյց տալիս Չինաստանի իշխանութեանը, սա օրհասական վտանգ է Չինաստանում, յատկապէս` իսլամական արմատականութեան եւ ժիհատականութեան տարածման այս փուլում: Չինաստանը պարզապէս ընկրկում է վերջերս Ֆրանսայում տեղի ունեցած ահաբեկչութեան նման արարքներից` մարզադաշտերի, ճաշարանների կամ մեթրոյի ռմբահարումներից: Միւս վիճելի հակամարտութիւնները կապուած են Թայուանի եւ Թիպեթի հետ, բայց ինչպէս նշուել է, ըստ իս, մեր օրերում վտանգի աղբիւրը իսլամական արմատականութիւն է: Ներկայացնենք մի կարճ միջադէպ, որը թերեւս յայտնի է նրանց, ովքեր հետեւում են Թուրքիայի արտաքին քաղաքականութեանը: Երբ Չինաստանը 2008 թ. հիւրընկալեց միջազգային ամառային Ողիմպիական խաղերը, Սինցզեանը հանդէս եկաւ նախապատրաստուած ցոյցերով` արտայայտելով անկախանալու իր ցանկութիւնը: Էրտողանը միւս կողմից (Էրտողանը բաց չի թողնում որեւէ հնարաւորութիւն` հանդէս գալու որպէս ույղուրների եւ պաղեստինցիների մեծ եղբայր) թոյլ տուեց մեծաքանակ ցոյցեր չինական իշխանութիւնների դէմ, որոնց ժամանակ այրում էին չինական դրօշները` միեւնոյն ժամանակ Թուրքիայի դրօշի կողքին ծածանելով դրանից միայն կապոյտ գոյնով տարբերուող դրօշը:
Փեքինի միջազգային օդակայանի սպասասրահում Հարպին քաղաք մեկնելիս մենք սպասում էինք մեր թռիչքին, այդ պահին մեկնում էր Ուրումչի (Սինցզեան նահանգի մայրաքաղաք) ուղեւորուող օդանաւը: Դա լաւ հնարաւորութիւն էր հանդիպել այդ մարդկանց, նոյնիսկ մի վայրկեանով: Այսպէս, ես գնացի դէպի ելքը եւ նստեցի երկու մարդկանց կողքին, որոնք զրուցում էին միմեանց հետ: Ուզում էի տեսնել, թէ արդեօք նրանց լեզուն որեւէ նմանութիւն ունի՞ թուրքերէնի հետ եւ նրանց արտաքինը աւելի մօտ է չիների՞ն, թէ՞ մոնկոլներին: Ի զարմանս ինձ` ես հասկացայ նրանց խօսակցութեան մօտ 40 առ հարիւրը: Ի հարկէ չի կարելի պնդել, որ Սինցզեան մեկնող ցանկացած թուրք կարող է հասկանալ նրանց բարբառը, բայց վստահ եմ, որ նա կը հասկանայ բազմաթիւ բառեր, ինչպէս որ ես: Ես դիմեցի նրան, եւ ասացի. «Ալ սալամու ալէյքոմ»` ամբողջ աշխարհում ընդունուած մուսուլմանական ողջոյնով, նա ժպտաց եւ հարցրեց ինձ, թէ արդեօք ես թուրքմե՞ն եմ (թիւրքական ծագման ցեղախումբ, որն ապրում է այժմեան Սիրիայի հիւսիսարեւմտեան շրջանում եւ Թուրքիայի աջակցութեամբ պատերազմում է սիրիական բանակի դէմ): Ես պատասխանեցի նրան, որ Թուրքիայից եմ` տեսնելու համար նրա արձագանգը:
Ի զարմանս ինձ` նա կանգնեց, գրկեց ինձ եւ համբուրեց գլուխս: Այդ պահին ես համոզուեցի, որ ույղուրները պատրաստ են ծնկի բերել Չինաստանին, ինչպէս որ դա տեղ է ունենում Մերձաւոր Արեւելքում, նրանք այնքան յաւակնոտ են եւ համարում են Թուրքիային իրենց մեծ եղբայրը, նրանց մեծամասնութիւնը լաւագոյն տարբերակը համարում է Չինաստանից անկախացումը եւ շարիաթի օրէնքի հաստատումը: Ոչ ոք չէր հաւատում, որ Սիրիան կարող է ամբողջովին ոչնչացուել. մենք հասկանում էինք, որ իսլամականացումն աճում էր, սակայն դա հասարակական մտահոգութիւն էր: Հիժապ կրելը պարտադիր չէր, իւրաքանչիւրը վարւում էր ըստ իր հայեցողութեան: Մի խօսքով, ույղուրները դանակներն իրենց գրպաններում պատրաստ կանգնած են, այս պահին նրանք այնքան յաջողակ չեն եւ Սիրիայի ժիհատականների նման չունեն արհեստավարժ զէնք, բայց նրանք էլ հանդարտ չեն: Գրեթէ ամէն օր չինական հեռուստատեսութիւնը ցուցադրում է Սինցզեան նահանգում պատահած միջադէպերի մասին` անջատողականների եւ նոյնիսկ չինական բանակի միջեւ: Ըստ իս, բեմագրութիւնը հետեւեալը կը լինի. «Մի իսլամական պետութիւն ազատագրելու համար հոգեբանական աջակցութիւնը կ՛ապահովուի Էրտողանի, իսկ զէնքը` Սէուտական Արաբիայի, իսկ ոճրագործութիւնից առաջ նախապատրաստումը Սի.Այ.Էյ.-ի կողմից, գումարած այն, որ Միացեալ Նահանգներն ամենայն հաւանականութեամբ դրանց կ՛անուանի ազատութեան մարտիկներ: Ոչ ոք չի կարող ասել յստակօրէն, թէ ի՛նչ տեղի կ՛ունենայ Չինաստանում, այս կանխատեսումները կարող են լիովին ճիշդ չլինել, սակայն ես գրում եմ` հիմնուելով փաստերի վրայ, վտանգն ակնյայտ է, սակայն, թէ որքան հեռու այն կը գնայ, ժամանակը ցոյց կը տայ:
Միւս կարեւոր խնդիրը վերաբերում է ժողովրդավարութեանը, որով Միացեալ Նահանգների պաշտօնեաները շարունակում են չիներին յանդիմանել 70-ական թուականներից մինչ օրս: Մենք բոլորս տեսել ենք, թէ ինչի է Միացեալ Նահանգները հասել է իր արտաքին քաղաքականութեան ասպարէզում այս հարցի առնչութեամբ: Այս հարցում Պուշի հայեցակարգը ոչ ժողովրդավարական հասարակութիւններում ժողովրդավարութիւն տարածելն էր: Այսպէս, մենք չգիտենք, թէ ինչու Միացեալ Նահանգների վարչակազմը ընտրեց զէնքով դիւանագիտութիւնը` հասարակութիւնների հետ աշխատելու փոխարէն, որպէսզի դրանք հասնեն զարգացման իրենց կամքով, ոչ թէ բռնի ուժով: Ցաւօք, Միացեալ Նահանգների պաշտօնեաները կարծում են, որ ոչ ժողովրդավարական երկրներին պատերազմ պարտադրելը օրինական է, քանի որ դրանք կարծես թէ վտանգ են ներկայացնում ամերիկեան ժողովրդի համար: Ինչ վերաբերում է Չինաստանին, չիները տասնամեակներ շարունակ առաւելագոյնն են արել` փորձելով բացատրել Միացեալ Նահանգների պաշտօնեաներին, որ չինական մշակոյթը եւ կեանքի նկատմամբ մօտեցումը համեմատելի չէ նորաստեղծ ամերիկեան պետութեան հետ:
Չիներն ունեն ազատականացուած տնտեսութիւն եւ ներմուծման-արտահանման առեւտուրը համապատասխանեցրել են համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, չիները կարծում են, որ զարգացումն անհրաժեշտ է իրենց հասարակութեանը` նոր գաղափարների հասնելու համար, որպէսզի բարելաւեն իրենց կենսամակարդակը: Նրանք կտրականապէս դէմ են վերեւից պարտադրուած կանոններին, որոնք կարող են յանգեցնել քաոսի: Ի դէպ, Չինաստանի բնակչութիւնն ընդհանուր առմամբ զգալիօրէն տարբերւում է ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Մերձաւոր Արեւելքի կամ Արեւելեան Եւրոպայի երկրների բնակչութիւնից:
Պէտք է նշել, որ նրանք մեծ յարգանք ու հաւատ ունեն իշխանութիւնների նկատմամբ, եւ չնայած Արեւմուտքի բարձրաձայնած փտածութեան մեղադրանքներին, չիները դեռ մօտ են կանգնած միակ իշխող կուսակցութեանը: Դա նշանակում է, որ բացի ժողովրդից` ոչ ոք ի վիճակի չէ փոխել կենտրոնամէտ քաղաքական ասպարէզը Չինաստանում, մինչդեռ Հայաստանում վերջին շրջանում սահմանադրութիւնը փոխուեց բնակչութեան կամքին հակառակ, եւ դա առաջացնելու է նուաստացման զգացում ու անվստահութիւն իշխանութեան նկատմամբ` վտանգաւոր լարուածութեամբ:
Մինչդեռ այս ամէնը չի նշանակում, որ Չինաստանը պատասխանատու ուժ է` անկախ ընդհանրական հարցերում իր ներգրաւուածութիւնից, ինչպիսիք են` «ահաբեկչութեան դէմ պատերազմը», հսկայական ներդրումները Ափրիկէում` աղքատութեան դէմ պայքարելու եւ ՀԱԱՊԱ-ի հետ համագործակցութեան համար եւ այլն: Այդուհանդերձ, Չինաստանը հեռու է այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են` անհատական արժէքները, մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքը. ստեղծարարութիւնը եւ խնդիրների վերլուծութիւնը բացակայում են պետական, ինչպէս նաեւ մասնաւոր ընկերութիւններում: Եթէ Չինաստանն այսօր ներկայանում է որպէս լաւագոյն եւ միակ երկիր` ապրանքներ մատակարարելով աշխարհին, չիները ներկայացուած չեն բազմաթիւ այլ ոլորտներում, ինչպէս, օրինակ` միջազգային շոու պիզնեսը, որը կապուած է իմ ընտանեկան պիզնեսի հետ: Պէտք է ընդունել, որ Չինաստանն ունի լուրջ խնդիրներ օտարերկրացիների հետ պիզնեսով զբաղուելու առումով: Նկատի ունեմ այն, որ նրանց համար ոչ մի տարբերութիւն չկայ օտարերկրացի եւ տեղացի արուեստագէտների միջեւ վերաբերմունքի առումով, դա առաջացնում է թիւրիմացութիւն եւ երբեմն նոյնիսկ կարող է յանգեցնել հակամարտութեան: Օրինակ, մի քանի տարի առաջ ես Չինաստանի հիւսիսարեւելեան շրջանում էի, նրանք այն անուանում են «Տոնկ պէյ» (Dong bei)` պարի մեծ խմբի հետ, որի կազմում հիմնականում սլաւոնական երկրներից էին: Ձմեռ էր, եւ կեցութեան համար տրամադրուած շէնքում, որտեղ մենք պէտք էր մնայինք, չկար տաք ջուր: Երբ մենք բողոքեցինք, նրանք զարմացան եւ կարծեցին, որ ոչ մի սխալ բան չկայ, քանի որ չին արուեստագէտները մնացել էին նոյն շէնքում եւ երբեք չէին բողոքել այդ խնդրից: Այսպիսով, դա նշանակում է, որ չին արուեստագէտները սառը ցնցուղ էին ընդունել` առանց բողոքելու պարզապէս այն պատճառով, որ մարդու իրաւունքների հարց գոյութիւն չունի Չինաստանում: Նրանք մտավախութիւն են ունեցել, որ բողոքելու դէպքում կը մնան ընդհանրապէս առանց ջրի: Իմ հայրը վճռական էր տրամադրուած. «Կա՛մ դուք լուծում էք այս խնդիրն այսօր, կա՛մ մենք հեռանում ենք»: Սա մէկն է այն խնդիրներից, որոնց շատ արտասահմանցիներ հանդիպում են Չինաստանում, եւ իւրաքանչիւր ոք ունի իր սեփական պատմութիւնը:
Գրողները կարող են վէպեր գրել Չինաստանում օտարականի կեանքի մասին, սակայն առանցքային հարցը, որ մենք բոլորս պէտք է հասկանանք, այն է, որ չիները կարող են յարմարուել անյարմարաւէտ ու նուաստացուցիչ վիճակին այն պատճառով, որ առկայ է դաժան մրցակցութիւն` աշխատանքը պահելու հարցում. պարզ է, եթէ նրանք չեն յարմարւում, կան հազարաւոր մարդիկ, որոնք սպասում են այդ աշխատանքին: Այսպիսով, սա է բացատրութիւնը, թէ ինչո՛ւ են չիներն այդքան աշխատասէր եւ շատ յաճախ նրանք նոյնիսկ աշխատում են աւելի քան 10 ժամ` առանց յաւելավճարի, ինչպէս որ ընդունուած է արեւմտեան զարգացած երկրներում: Զաւեշտալի է, երբ ամերիկացիները բարձրացնում են մարդու իրաւունքների հետ կապուած հարցեր Չինաստանում, մինչդեռ «Էփըլ» ընկերութեանը («Apple Co.) (ելեկտրոնիկայի ոլորտի Միացեալ Նահանգների հսկան) մեղադրանք էր ներկայացուել` Չինաստանում գտնուող գործարանի չին աշխատողներին շահագործելու համար:
Մէկ այլ հետաքրքիր խնդիր, որին մենք բախուեցինք այս տարի, անլար համացանցի խնդիրն էր: Մենք ապրում ենք մի հիւրանոցում, որտեղ համացանցի կապը շատ թոյլ է. երբեմն չենք կարող բացել նոյնիսկ սովորական էջ կամ յաւելուած:
Համացանցը մեր պիզնեսի ամենակարեւոր միջոցներից է (մենք պէտք է ուղարկենք շատ լուսանկարներ, տեսանիւթեր, պայմանագրեր, կրաֆիքա եւ այլն): Սա է իմ գործը որպէս մենէյճըր: Ինչ վերաբերում է արուեստագէտներին, աշխատանքից յետոյ բոլորն ուզում են սքայփով խօսել իրենց ընտանիքների հետ եւ այլն: Ըստ իս, դա շատ կարեւոր հարց է, քանի որ արուեստագէտների ժամանակացոյցը շատ յագեցած է, քանի որ նրանք պէտք է ներկայացնեն չորս շոու մէկ օրում, եւ դրանից յետոյ իրաւունք ունեն զրուցել իրենց մտերիմ մարդկանց հետ: Դա արուեստագէտներից բացի, որոնց նրանք տեսնում են ամէն օր, այլ մարդկանց հետ շփուելու միակ տարբերակն է: Այսպէս, անլար համացանցը բացակայում է արդէն 10-րդ օրը: Նրանք գալիս են ամբողջ օրը վերանորոգելու, բայց ոչինչ չի փոխւում: Ես հասկացայ մի բան, որ Չինաստանից գնուած հեռախօսները աշխատում էին, ի տարբերութիւն մեր հեռախօսների: Ես կասկածեցի, որ դրանք արգելափակուած են, եւ դա կարող է անել միայն կառավարութիւնը, մասնաւորապէս, իշխող կուսակցութեան հետախուզական ծառայութիւնը: Ես չեմ կարող պնդել, որ խնդիրը կապուած է կառավարութեան հետ, բայց կարող եմ կասկածել, որ եթէ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` Google-ը, Facebook-ը, Youtube-ը, արգելուած են, ապա ինչո՞ւ չարգելափակել նաեւ օտարերկրեայ սարքերի համացանցը:
Ինչեւէ, երեք օր յամառելուց յետոյ մենք իմացանք, թէ ինչո՛ւ մեր սարքերը չեն միանում համացանցին: Պարզապէս այն պատճառով, որ մենք արդէն տեղադրել էինք VPN յաւելուած, որը կոտրում է արգելափակուած սըրվըրը եւ ներխուժում համակարգ` հնարաւորութիւն տալով մուտք գործել Չինաստանում արգելափակուած կայքեր: Հետախուզական ծառայութիւնները արգելափակում են ձեր հեռախօսը եւ վերաբեռնում: Դուք չէք կարող ոչինչ անել, ձեզ մնում է միայն ջնջել VPN յաւելուածները: Ես վստահ չէի դրանում, բայց զգում էի, որ չինական կառավարութիւնը պէտք է ներգրաւուած լինի այս հարցում: Իրականում տեսնում եմ, որ քիչ մարդիկ են մտահոգուած այս իրավիճակով, երբ շատ արտասահմանեան էջեր արգելափակուած են, ժողովուրդը չի կարող հետեւել օտարերկրեայ նորութիւններին` իմանալու համար, թէ ի՛նչ է մտածում միւս կողմը որեւէ հարցի շուրջ: Գրաքննութիւնը շատ պարզ է, ուղղակի աներեւակայելի:
Մենք չենք խօսում Խորհրդային Հայաստանում վերահսկողութեան մասին: Այստեղ համակարգը` Չինաստանը կամ միակ համայնավարական կառավարութիւնը, պարզապէս արգելափակում է որոնման ցանկացած համակարգ: Աւելի ուշ ես կը հիւրընկալուեմ խորհրդարանի մի պատգամաւորի մօտ` ստանալու համար այն հարցերի պատասխանները, որոնց մասին մենք խօսել ենք այս յօդուածներում եւ դրա միջոցով հնարաւորութիւն կ՛ունենանք իմանալու, թէ ի՛նչ են մտածում չին քաղաքական գործիչները:
Մի քանի անգամ ծրագիրը տեղադրելուց յետոյ ես գտայ մի վճարովի VPN ծրագիր, որը բացում է բոլոր արգելափակուած կայքերը, սակայն պէտք է ունենալ միջազգային դրամատան քարտային հաշիւ: Սա նշանակում է, որ չիները չեն կարող գնել նման ծրագիր իրենց տեղի դրամատնային քարտերով: Ես պէտք է շնորհակալութիւն յայտնեմ իշխանութիւններին, որ արտասահմանցիներին ընձեռում են հնարաւորութիւն աշխատելու ինչպէս տանը: Չիների համար թերեւս դա երբեք չի լինի: