ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Չափաւորականութեան ոտնաձայնը խորհրդարանում. սա է տպագիր ու ելեկտրոնային գրեթէ բոլոր զանգուածային լրատուամիջոցների արձագանգը` փետրուարի 26-ին կայացած ընտրութիւնների արդիւնքներում:
Տուեալների ամփոփումը վկայում է այն մասին, որ 10-րդ գումարման խորհրդարանում ուժերի յարաբերակցութեան էական վերադասաւորման ականատեսն ենք լինելու: Նոր խորհրդարանը մեզ է ներկայանում նոր հանդերձանքով:
Մօտաւոր պատկերն այսպիսին է. խորհրդարանական 290 աթոռների 29 տոկոսը բաժին է հասել չափաւորական-բարեփոխական «Յոյս»-ի դաշինքին, 24 տոկոսը` պահպանողականներին, 22 տոկոսը` անկախ թեկնածուներին ու խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիճանիին յարող թեւին: Ընտրատարածքների 18 տոկոսի ճակատագիրը որոշուելու է 2-րդ փուլի ընտրութիւններով, իսկ 7 տոկոսի ճակատագիրը դեռեւս անորոշ է:
Թուաբանական պարզ հաշուարկը ցոյց է տալիս, որ 10-րդ խորհրդարանում չափաւորական-բարեփոխականներն ու անկախները ունենալու են յարաբերական մեծամասնութիւն: Ակնյայտ է, որ նրանց միջեւ ձեւաւորուելու է դաշինք, ինչն ամբողջովին տեղաւորւում է խորհրդարանական անդրքուլիսեան դիւանագիտութեան տրամաբանութեան սահմաններում:
Թւում է, թէ 2-րդ փուլի ընտրութիւնների արդիւնքներն անգամ չեն կարող էական փոփոխութիւն մտցնել վերոնշեալ պատկերում, քանի որ առաջին փուլում այդ ընտրատեղամասերի զգալի մի հատուածում առաւելութիւնը չափաւորական-բարեփոխականների ու անկախների կողմն է:
Այս ընդհանուր պատկերին մէջ, անհրաժեշտ է սակայն յատուկ ուշադրութեան արժանացնել Թեհրանում ստացուած ընտրական պատկերը: Ինչպէս ընդունուած է ասել` մայրաքաղաքը Իրանի ընտրութիւնների սիրտն է: Իւրայատուկ մի «ջերմաչափ», որը ցուցանում է աշխուժ հասարակութեան քաղաքական հակուածութիւնը, ակնկալիքներն ու ցանկութիւնները: Եւ սա ամենեւին էլ պատահական չէ: Թեհրանում է կենտրոնացած երկրի քաղաքական վերնախաւի, մտաւորական սերուցքի մեծամասնութիւնը: Թեհրանն ունի ընտրողների ամենամեծ թուաքանակը, որոնց ընտրեալներին բաժին է հասնում խորհրդարանական աթոռների ամենամեծ թիւը (30): Իսկ ամենակարեւորը` Թեհրանի ընտրեալներն են, որ աւանդաբար ամենամեծ ազդեցութիւնն ունեն խորհրդարանական խմորումների, քաղաքական կողմնորոշումների ու իրադարձութիւնների ընթացքի վրայ: Այս պատկերը նոյնութեամբ տարածւում է Բանիմացների խորհրդի վրայ եւս` Թեհրանին դարձնելով համաիրանական նշանակութեան բոլոր ընտրութիւնների շարժի կենտրոնը:
Հէնց այս պատճառով էլ այդքան կարեւորւում է մայրաքաղաքում, փետրուարի 26-ին կայացած զոյգ ընտրութիւններում չափաւորական-բարեփոխականների տպաւորիչ յաղթանակը, որն ինչ խօսք, պահպանողականների համար պէտք է, որ խլացնող ահազանգի ազդեցութիւն ունենայ:
Ի հարկէ նոյնը տարածական է նաեւ կայացած ընտրութիւնների ողջ պատկերի վրայ, մանաւանդ եթէ հաշուի առնենք մեկնարկային այն անհաւասար պայմանները, որոնք առկայ էին մրցակից երկու հոսանքների համար:
Ընտրութիւնների արդիւնքներին անդրադարձած, «Իրան» օրաթերթի այսօրուայ համարի գլխաւոր լուրում դիպուկ է ասուած. «Ակնյայտ էր, որ չափաւորական-բարեփոխականների շարքայինները մրցում էին պահպանողականների զօրավարների հետ»: Եւ սա հէնց այն է, ինչն աւելի տպաւորիչ է դարձնում մէկի յաղթանակն ու միւսի պարտութիւնը:
Այդուհանդերձ, պէտք չէ մոռանալ նաեւ, որ չափաւորական-բարեփոխականների դաշինքի այս յաջողութիւնն ունի համաչափ ու հաւասարազօր պարտաւորութեան հանգամանք եւս:
Փետրուարի 26-ին ժողովուրդը կատարեց իր պարտքը. հերթն այժմ օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններինն է` փոխարինելու եւ արժեւորելու ժողովրդի վստահութեան քուէն:
Կան կուտակուած լրջագոյն մարտահրաւէրներ (յատկապէս` ընկերային-տնտեսական ոլորտներում), որոնց յաղթահարումը պահանջում է ժողովրդի վստահութեան պարտատոմսը դրամագլխի վերածելու խելամիտ գործընթաց: Գործընթաց, որը ենթադրում է քաղաքական անհիմն ու անտեղեակ իրարանցումներից հեռու, մտածուած, ծրագրաւորուած, սառնասիրտ ու հաւասարակշռուած ռազմավարութիւն եւ, բնականաբար, դրան համաչափ մարտավարութիւն:
Կարճ ասած` չափաւորականութեան յաջողութեան գրաւականը նոյն ինքը չափաւորական տրամաբանութիւնն ու մտածողութիւնն է: Այլապէս ամէն ինչ կ՛ընթանայ «Դարձ ի շրջանս իւրոյ» անպտուղ տրամաբանութեամբ, ճիշդ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ 6-րդ գումարման խորհրդարանում:
«ԱԼԻՔ»