Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Սօս Սարգսեանի Ծննդեան 90-ամեակին Առիթով

$
0
0

Անծանօթ դէմք մը չէ Սօս Սարգսեան: Տարբեր առիթներով անդրադարձած ենք անոր ստեղծագործական կեանքին, յատկապէս` իր դերասանական փառահեղ վաստակին: Պատահական չէ, որ ան կը համարուի հայրենի թատերական արուեստի ՆԱՀԱՊԵՏԸ: Անձնապէս բախտաւոր եղած եմ ո՛չ միայն  անոր հետ կապ ունենալուս համար, այլեւ վայելած եմ նաեւ անոր ընկերութիւնն ու նոյնիսկ մտերմութիւնը: Ան եղած է նաեւ գործընկերս, այն առումով, որ «Բագին» ամսագիրը (երբեմն նաեւ` «Ազդակ-Շաբաթօրեակ») կը տարածէր հայ մտաւորականութեան մէջ: Իր եւ Վարուժան Խտըշեանին հետ (որոնք շատ շուտով մտերմացան) միասնաբար անցուցած ենք տաք ու պաղ օրեր, վայելած` հայրենի բնութիւնն ու մշակութային կեանքը, որ վերելքի մէջ էր այդ տարիներուն: Սօսը ո՛չ միայն քանքարաւոր դերասան եւ կամ առհասարակ թատերական գործիչ էր, այլեւ է՛ր նաեւ գլխագիր ՄԱՐԴ, կայծակնամաքուր հայրենասէր ու նաեւ տաղանդաւոր գրող: Իր հեղինակութեամբ հրատարակուած են շուրջ տասնեակ մը հատորներ, որոնք կը շօշափեն այլազան նիւթեր: Թատերական, արուեստի, քաղաքական, գաղափարական եւ այլ թեմաներու կողքին, ան ունի նաեւ յուշագրութիւններ, որոնք հրատարակուած են «Կանչ» հատորի «Մտորումներ եւ յուշեր» բաժնին մէջ:

Տրուած ըլլալով, որ նաեւ Անդրանիկ Ծառուկեանի մահուան 30-ամեակն է այս տարի, ինչպէս նաեւ Վարուժան Խտըշեանի մահուան տասնամեակի սեմին կը գտնուինք, ստորեւ կու տանք Սօս Սարգսեանի յուշերուն այն հատուածը, որ կը վերաբերի Վարուժան Խտըշեանին ու Անդրանիկ Ծառուկեանին:

Մ. Ծ.

Վարուժանը Յայտնուեց Երեւանում Իսկ
Անդրանիկը, Սասունցիների Իրինդ Գիւղում

Վարուժան Խտըշեան

… Էսպէս ուրեմն, Վարուժանը յայտնուեց Երեւանում, ես արդէն նրա մասին շատ բան գիտէի, հեռուից-հեռու յետեւում էի նրա գործունէութեանը, տեղեակ էի, թէ ինչ է բեմադրել Պէյրութի թատրոններում, ինչ է խաղացել, ինչ յաջողութիւններ ունի: Հանդիպեցինք իմ տանը, ի հարկէ բաժակ բարձրացրինք նրա գալուստի ու մեր հանդիպման համար: Պարզուեց, որ երկար ժամանակով է եկել (Գեղարուեստա-թատերական ինստիտում ինչ-որ խնդիրներ ունի): Բաղրամեան փողոցում մի կիսանկուղային բնակարան էր վարձել, որն էլ դարձաւ շատ ու շատ դերասանների, արուեստագէտների հաւաքատեղի: Ինձ համար էլ մինչեւ հիմա գաղտնիք, թէ ինչ արագութեամբ հայաստանցիները համախմբուեցին նրա շուրջը, ի՞նչ ձգողական ուժ կայ նրա մէջ, հոգու ի՞նչ հարստութիւն, ի՞նչ հմայք: Բոլոր նրանք, ովքեր գէթ մէկ անգամ շփւում էին նրա հետ` հմայւում, զմայլւում էին, դառնում նրա երկպագուն, նրա ընկերը: Ի հարկէ, երեւանեան նրա տունը ինչ-որ պոհեմային շղարշ ունէր, գինու պաշտամունք կար, խօսքի անկեղծութիւն, հումոր, բանավէճեր երբեմն` շատ սուր ու անզիջում: Արտիստական հոգու տէր, Վարուժանը միեւնոյն ժամանակ սկզբունքային էր, շատ հարցերում անբարիշտ ու կարծր, բայց միշտ արուեստագէտի էութեամբ, միշտ թատրոնահոտ, միշտ բարի: Դաշնակցութեան համախոհն էր. թոյլ չէր տայ նրա հասցէին որեւէ սխալ արտայայտութիւն, որեւէ նսեմացնող յարձակում: Նիկոլ Աղբալեանն ու Սիմոն Վրացեանը նրա համար պաշտամունք էին, կուռք, նրանց մասին խօսում էր մի առանձին ակնածանքով ու սիրով, էդ պահերին  մի պայծառ ժպիտ լուսաւորում էր դէմքը, ձայնը հնչում էր մեղմ, քնքուշ, էդ պահերին Վարուժանը դառնում էր մի ամօթխած պատանեակ, մի խոնարհ աշակերտ… Իսկապէս, աշակերտել էր նրան ու շատ էր հպարտ դրա համար:

Էսպէս, թէ էնպէս Երեւանի արուեստագէտների շրջապատում Վարուժանը մի նոր ու թարմ երանգ էր, մի քիչ անսպասելի, այլ մտածելակերպով, այլ մօտեցումներով, այլ աշխարհահայեացքով: Մի քանի տարի Վարուժանը հայրենիքում ապրեց լիքն ու բովանդակալից կեանքով, կարող եմ ասել` վայելեց հայրենիքի քաղցրութիւնը ծայրից ծայր… Անընդհատ շրջում էր մեր գաւառներում, էնտեղ էլ էր շրջապատ ստեղծել, պարզ գիւղացի արհեստաւոր մարդիկ, բարեկամացել էին նրա հետ ու սիրել:

Ասում եմ` հայրենիքի քաղցրութիւնը վայելեց ու առաջին հերթին նկատի ունեմ էն, որ հէնց էստեղ գտաւ իր սէրը, իր կեանքի նուիրեալ ու հաւատարիմ ընկերոջը, մի քաղցրիկ աղջկայ, հրաշք Անժելային…

Շատ հեշտ կարողացաւ յարմարուել մեր կենցաղին, մեր լաւ ու վատին: Նրա ստացած հայեցի դաստիարակութիւնը, նրա ազգային էութիւնը հայրենիքում մի տեսակ բացուեց ու ծաղկեց: Ես գոհ էի, որ իմ ընկերն իրեն էդքան լաւ է զգում իր երկրում: Ի վերջոյ, Վարուժանը մի քանի տարի ապրել եւ ուսանել էր Լոնտոնում, ծնուել եւ մեծացել էր եւրոպակենցաղ Պէյրութում, ու ոչ մի անգամ ոչ մի տրտունջ մեր անյարմար կենցաղից, ոչ մի բողոք, ոչ մի կծու դիտողութիւն, ոչ մի փնթփնթոց հայրենիքի հասցէին, ի տարբերութիւն շատ շատերի, որոնք պարտք են համարում մեր թերութիւնները տեսնել, դիտողութիւններ անել, «խելացի» խորհուրդներ տալ: Ոչ, օտար չէր Վարուժանը, ամէն ինչ հասկանում էր, ըմբռնում, սեւն ու սպիտակը համարում իրենը:

Էստեղ մի քանի թատրոններում` Տրամաթիքական, Սունդուկեան, Լենինականում, հեռուստատեսութեամբ փայլուն բեմադրութիւններ արեց: Սիրեցին բոլոր թատերախմբերում, առանձնապէս գիւմրեցիները նրա ամէն օրը տօն էին սարքում: Սիրուեց, կարծում եմ, նախ տաղանդի, բարձրաճաշակութեան, բեմարուեստի նրբութիւններին տիրապետելու, բայց նաեւ մարդկային իր առաքինութիւնների համար: Մտաւորականին վայել պարկեշտ է փոխյարաբերութիւնների մէջ, ընկերների հետ` նրբանկատ, ուշադիր: Բնական իր իմաստնութեամբ գիտէ` ում հետ ինչպէս կարելի է վարուել, որ յանկարծ, Աստուած մի արասցէ, չվիրաւորի, չնեղացնի: Ի հարկէ, էդ ամէնը շրջապատը զգում եւ տեսնում է ու նոյնով պատասխանում իրեն:

Մի օր ասաց. «Սօս, ինչու հոս ամէնը ինծի կը սիրեն»: Կատակով պատասխանեցի. «Վարուժան, էդ էլ քո խաչն է, ծնուել ես, որ քեզ սիրեն, Աստուած է էդպէս կամենում»: Բայց ես հո գիտեմ, որ ոչնչից ոչինչ չի ծնւում, մի փունջ արժանիք պիտի ունենաս…

Ուզեցի, որ Վարուժանն անպատճառ որեւէ հայկական ֆիլմում նկարահանուի: Բարեբախտաբար, հէնց էդ ժամանակ Ժիրայր

Աւետիսեանը նկարահանում էր «Ձորի Միրոն»: Խնդրեցի Ժիրայրին` չմերժեց: Փոքր դեր էր, Վարուժանը պէտք է ներկայացնէր ռուսական բանակում ծառայող հայ զինուորի: Բայց… պէտք է խօսէր ռուսերէն: Հիմա զգեստաւորուել, պատրաստուել, աւտոպուսով մեկնում ենք նկարահանման վայրը: Վարուժը մի թղթի կտորի վրայ հայերէն տառերով գրել է ռուսերէն իր խօսքը, պէտք է ասի «Ստոյ, նէ ստրելեատ, էտօ արմեանի»: Էդ թղթի կտորը դրել է իր զինուորական գլխարկի մէջ ու շատ մտահոգ, շատ լարուած րոպէն մէկ գլխարկից հանում է ու բարձրաձայն կրկնում: Ու մէկ էլ յանկարծ վիզը ծուռ ու խեղճացած դիմում է ինձ «Սօս, ջանս, ինչո՞ւ անընդհատ կ՛ուզեմ «նէ ստրելեատ»-ի փոխարէն ըսել «սամալեոտ»:

Ծիծաղից կոտորուեցինք:

– Վարուժան ջան, չասես, «սամալեոտ», դրանք տարբեր բաներ են:

– Է- գիտեմ, ջանս, բայց ինչո՞ւ կ՛ուզեմ այդպէս ըսել…

Ի հարկէ, Վարուժանը դերը ճիշդ խաղաց, ու շատ տպաւորիչ մի կերպար ստեղծուեց: Ամէն անգամ ֆիլմը դիտելիս ուրախանում եմ, որ էդտեղ մենք միասին ենք:

Էս ամէնը` էսպէս… Տարին մէկ-երկու անգամ գնում-գալիս էր: Էն էլ ասեմ, որ երկուսով յաճախ էինք խօսում բաների մասին, որ մեզանում արգիլուած էր: Առաջին հանրապետութեան մասին, էդ տարիների անցուդարձի մասին ինքը շատ բան գիտէր, պատմում էր մանրամասն: Խնդրեցի, որ եթէ մէկ էլ գնայ Պէյրութ, հետը բերի Սիմոն Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» աշխատութիւնը

– Է, ինչպէ՞ս կրնամ, գիտես չէ` ինչպէս կը ստուգեն սահմանի վրայ:

– Չգիտեմ,- ասացի,- չգիտեմ, ոնց ուզում ես արա, բայց պիտի բերես: Ու զարմանքիս, ուրախութեանս չափ չկար, երբ յաջորդ գալուն էդ գիրքը բերեց:

– Վարուժ, էս հրաշք է, էս ինչպէ՞ս կարողացար:

– Ինձի լսէ: Շատ տանջուեցայ, մտորեցի` ինչպէ՞ս ընեմ, ո՞ւր թաքցնեմ: Վերջը մի համարձակ որոշում կայացրի, գիրքը չթաքցրի, առա ձեռքս ու ամբողջ թռիչքի ընթացքին ձեւացրի, թէ կը կարդամ, սահմանն անցնելիս էլ դրեցի թեւիս տակ ու այդպէս բաց-բաց անցայ: Իրերս մանրամասն տնտղեցին, ստուգեցին, այս գրքին` ոչ մի ուշադրութիւն:

Լիաթոք ծիծաղեցինք նրա հնարամտութեան վրայ: Ասացի.

– Վարուժ, ռեժիսորական հանճարդ էստեղ էլ փայլատակեց, բայց եթէ ճիշտը կ՛ուզես` պիտի չվախենայիր, որովհետեւ Վրացեանի մասին գիտեն միայն ԿԳԲ-ում, իսկ սահմանի վրայ կանգնած տղաները ի՞նչ իմանան Վրացեանն ո՞վ է, Աղբալեանն ո՞վ է… Մի խօսքով` կեցցես:

Կարծեմ մի տեղ պատմել եմ, թէ էդ գիրքը ինչպէս ամբողջ երկրով ձեռքից ձեռք անցաւ, մարդիկ պարզապէս խլխլում էին իրարից…

Լիբանանի պատերազմը սկսուել էր արդէն, Վարուժանը դարձեալ որոշեց գնալ: «Մի՛ գնա,- յորդորեցի,- չե՞ս տեսնում ինչ դաժան պատերազմ է էնտեղ»: Չլսեց, գնաց: Լուր ստացայ, որ էդ ծանրագոյն պայմաններում անգամ Վարուժանը յաջողացրել է բեմադրութիւն անել, լիբանանահայերը էդ սարսափելի ռմբակոծութիւններն անտեսելով, հաւաքել ու ներկայացումը խաղացել են: Յետոյ երկար ժամանակ լուր չունէի, ու մի տեսակ անհանգիստ էր հոգիս… Ու յանկարծ բօթ` Վարուժանի հետ դժբախտութիւն է պատահել: Իմացանք մանրամասները, առաւօտեան տան դուռը բացել է ու ակամա ձգել էն լարը, որ ամրացուած է եղել շէմին թաքցուած ռումբին: Մի կերպ հասցրել են հիւանդանոց, հէնց մի խումբ զինուած արաբ մարդիկ, բայց ոտքը ծունկից ներքեւ այլեւս չկար… Յետոյ Վարուժանը պատմեց, ասում է` ոտքս մի բարակ ջիղով դեռ կպած էր ինձ, հիւանդանոցի ճանապարհին երիտասարդ արաբներից մէկը աւտոմատը ուղղեց ինձ ու իրենց հրամանատարին հարցրեց` կրակե՞մ: Հրամանատարն ասաց` ոչ: «Էդպէս էլ չհասկացայ,- ասում է Վարուժանը, էդ ջի՞ղն էր ուզում կտրել փամփուշտով, թէ՞ ինձ էր ուզում խփել…»: Էդպէս էլ չիմացուեց, թէ ով եւ ինչի համար էր արել էդ չարագործութիւնը:

Անդրանիկ Ծառուկեան

Անդրանիկ Ծառուկեանը իր «Նայիրի» թերթում էդ դէպքի մասին նիւթ էր տպել ու բնաբան դրել «Մարդը մարդուն գայլ է»:

Մի քանի խօսք` Ծառուկեանի մասին:

Ծառուկեանը Խտըշեանի քրոջ` Սոնայի ամուսինն էր, թող հոգին լոյս դառնայ էդ մեծ հայրենասէրի, տաղանդաւոր, հրաշք մարդու: Բախտս բերել է, Ծառուկեանի հետ մի քանի հանդիպում եմ ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Փարիզում: Ինձ համար չափազանց հետաքրքիր ժամեր ենք անցկացրել: Զարմանալի մարդ էր` խելօք, ամէն ինչից տեղեակ, իրատես, հայրենիքի հանդէպ անսահման սիրով լցուած: Առաջին անգամ Հայաստան է եկել վաթսունական թուականներին: Վաղարշ Վաղարշեանը մտերմացել է նրա հետ եւ, իր արտիստական հեղինակութիւնն օգտագործելով, պտտեցրել նրան գրեթէ ողջ Հայաստանով: Ես էլ փորձեցի նրան Լենինական տանել, բայց չյաջողուեց: Բանն այն էր, որ Իրինդ Գիւղում նոր էին դրել Անդրանիկի արձանը, մտածեցի, մեր ճամբին վրայ է, մտնենք գիւղ` թող Ծառուկեանը տեսնի: Էդպէս էլ արեցինք, մտանք: Էն էլ ասեմ, որ Անդրանիկի ոտքերն այլեւս իրեն չէին ենթարկւում (Փարիզում էլ նրան սայլակի վրայ եմ տեսել), ստիպուած էինք մեքենան որքան հնարաւոր է մօտեցնել արձանին, որպէսզի լաւ տեսնի: Ակումբի մօտ գիւղացիներ էին հաւաքուած, ինձ տեսան ու մօտեցան մեզ: «Բարեւ, բարեւ, ի՞նչ կայ-չկայ, էս ո՞ւր էք գնում»:

– Լենինական,- ասացի,- Ծառուկեանին եմ տանում:

– Ծառուկեանն ո՞վ է որ:

– Ինչպէ՞ս, չէ՞ք ճանաչում: Սփիւռքից, տաղանդաւոր գրող:

– Հա, էդ լաւ է:

– Համ էլ դաշնակցական է,- չգիտեմ ինչու աւելացրի ես:

– Էդ դհա լաւ…

Գիւղացիների թիւը գնալով աւելացաւ, մօտենում են, ջերմ բարեւում, հարցուփորձ անում: Զգում եմ, որ ժամանակ են ձգում ու իրար մէջ ինչ-որ փսփսում: Ու մէկ էլ թէ`

– Ոչ մի տեղ պիտի չերթաք:

– Չի լինի,- ասում եմ,- էնտեղ մեզ սպասող կայ, պայմանաւորուել ենք… Այ քեզ մատաղ, անյարմար բան կը լինի, եթէ չգնանք, հրաւիրուած ենք, էնտեղ մարդիկ պատրաստութիւն են տեսել… Անդրանիկն էլ իր հերթին է միջամտում:

– Թոյլ չենք տայ, հէնց էսօր դուք մեր հիւրն էք:- Ասացին ու մեքենան շրջապատեցին: Շատ համոզելուց յետոյ տեսայ, որ էլ ճար չկայ սրանց յամառութիւնը կոտրելու, նստեցի մեքենայի մէջ ու վարորդին ասում եմ` քշի գնանք: Վարորդը շարժիչը միացնում է, գազին զոռ է տալիս… մեքենան տեղից չի շարժւում: Այ քեզ հանելուկ: Դա մի ասա էս տղամարդիկ մեքանան բարձրացրել են օդ: Անիւները օդում կատաղի ու դատարկ տեղը պտտւում են: Ինչ արած` յանձնուեցինք: Մեքենայից մեզ դուրս քաշեցին` աղմուկով, հռհռոցով, հարայ-հրոցով: Ամբողջ գիւղն արդէն հաւաքուել էր: Անդրանիկին իր սայլակով ձեռքերի վրայ բարձրացրին երկրորդ յարկ` ակումբի մեծ սրահը: Կարծես մոգական գաւազանի շարժումով` մի քանի րոպէում կանայք սեղան գցեցին` հաց, պանիր, տնական կարագ, մեղր, կանաչի, տղամարդիկ վազեցին գառ մորթելու, յայտնուեցին երաժիշտները զուռնայ, դհոլ, դուդուկ, կլառնետ… Մի խօսքով` կերուխում, մի խօսքով` քէֆ-ուրախութիւն: Բուռն, ինքնաբուխ, հետաքրքիր…

Գիւղացիներն էլ պար բռնեցին (իրենց յայտնի «Եարխուշտան»), երգեցին ֆիտայական երգեր, արտասանեցին Շիրազ ու Սեւակ, կենացներ ասացին… օրը դարձրին ուշ գիշեր, օրը դարձրին գեղեցիկ կեանք` սիրով, յարգանքով, շնորհքով լեցուն: Անդրանիկն ուղղակի ապշել էր, հրճուանքի մէջ էր, կողքիս նստած անընդհատ մրմնջում էր. «Աս ի՞նչ մարդիկ են, աս ի՞նչ ժողովուրդ են, աս ի՞նչ հրաշք ծնունդներ են»: Շատ յուզուեց Անդրանիկը, ոգեւորուեց ու ինքն էլ կրքոտ յուզաթաթախ արտասանեց իր «Թուղթ առ Երեւան» յայտնի բանաստեղծութիւնը:

Հասկնալի է, այլեւս ոչ մի Լենինական էլ չգնացինք, ու Անդրանիկը շատ գոհ մնաց, ու ես էլ ինձ լաւ զգացի, հպարտ զգացի, որ ունենք էդ տեսակ, էդ բանիմացութիւնների տէր մարդիկ մեր գիւղում, էդքան շնորհքով… ի՜նչ լեցուն ու հարուստ օր մը:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>