Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Իրան-Միացեալ Նահանգներ Պրոքսի Դիմակայութիւն. Ինչպէս Պէտք Է Վարուի Հայաստանը

Image may be NSFW.
Clik here to view.

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր

Իրան-Միացեալ Նահանգներ պրոքսի դիմակայութեան վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում` Հայաստանի համար:

Անկախացումից ի վեր Հայաստանը մշտապէս փորձել է խորացնել Իրանի հետ բարեկամական, գործընկերային յարաբերութիւնները, որոնք ձգտում են ռազմավարականի: Զուգահեռաբար, Հայաստանը փորձել է սերտ, ինչ-որ տեղ գործընկերային յարաբերութիւններ ձեւաւորել եւ ընդլայնել նաեւ Միացեալ Նահանգների հետ:

Գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական այնպիսի պայմաններում, որոնցում գտնւում է Հայաստանը, Իրանի հետ յարաբերութիւնները կենսական նշանակութիւն ունեն երկրի համար: Ըստ էութեան, Իրանի հետ յարաբերութիւններն այլընտրանք չեն կարող ունենալ: Երեւանում բոլորն են գիտակցում այդ յարաբերութիւնների պահպանման, շարունակականութեան եւ զարգացման անհրաժեշտութիւնը: Այդ պատճառով էլ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանն իրաւացիօրէն փորձել է խուսափել Իրանի եւ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների երկընտրանքից: Սա ամբողջովին արդարացուած քաղաքականութիւն է, քանի որ որեւէ պետութիւն առաջին հերթին առաջնորդւում է սեփական շահերով, այլ ոչ թէ` այլոց շահերի հակադրման ճանապարհով:

Տարիներ շարունակ Հայաստանի այս քաղաքականութիւնը միջազգային հանրութեան, այդ թւում` Միացեալ Նահանգների համար ընդունելի եւ ընկալելի է եղել: Նախկինում, յատկապէս` Պարաք Օպամայի նախագահութեան շրջանում, Ուաշինկթընը հաշուի է առել Հայաստանի բացառիկ աշխարհաքաղաքական պայմանները եւ, ինչպէս ընդունուած է ասել, մատների արանքով է նայել Երեւան-Թեհրան յարաբերութիւններին:

Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխուեց այն բանից յետոյ, երբ նախագահ Թրամփի վարչակազմը որոշեց դուրս գալ Իրանի հետ Միջուկային համաձայնագրից: Իրան-Միացեալ Նահանգներ շահերի բեւեռացման խորապատկերին` Միացեալ Նահանգների նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթընի այցը Հարաւային Կովկաս տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու` Միացեալ Նահանգների վարչակազմի առաջին ակնյայտ փորձն էր:

Հայաստանի կտրուածքով, Ուաշինկթընին մտահոգում են յատկապէս Իրանի հետ ֆինանսադրամատնային եւ սահմանային առեւտրատնտեսական յարաբերութիւնները, որոնք կարող են մարտահրաւէրի վերածուել Միացեալ Նահանգների ամենախիստ պատժամիջոցների միջոցով` Իրանի վրայ առաւելագոյն ճնշում գործադրելու քաղաքականութեան համար: Ակնյայտ է, որ Միացեալ Նահանգները փորձում է Երեւանին «կա՛մ, կ՛ամ» ընտրութեան առջեւ կանգնեցնել, որը միանշանակ հակասում է Հայաստանի անմիջական շահերին:

Այս բարդ պայմաններում  Հայաստանը դեռեւս խուսափում է յստակ կողմնորոշումից: Ներկայ դրութեամբ սա, ի հարկէ, ինչ-որ տեղ կարող է արդարացուած քաղաքականութիւն թուալ: Բայց, միեւնոյն ժամանակ, ակնյայտ է, որ դա ցաւազերծող դեղամիջոցների բնոյթ կրող, իրավիճակային լուծում է, որը, սակայն, պարզ չէ, թէ ինչքանո՛վ է կարող պահպանել իր արդիւնաւէտութիւնը, եւ ի՛նչ ժամանակով է հնարաւոր այն շարունակել:

Պէտք չէ մոռանալ, որ Իրանի հետ առնչուող աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապուած որեւէ խնդիր ուղղակիօրէն ազդում է նաեւ Հայաստանի վրայ: Այլ խօսքով, դրանք կենսական նշանակութիւն ունեն Հայաստանի համար` հաշուի առնելով մանաւանդ դրանց բաղադրիչները, որոնց հիմնական մասն անվտանգութեան բնոյթի են եւ անմիջականօրէն ազդում են Հայաստանի անվտանգային մթնոլորտի վրայ: Հետեւաբար ոչ միայն անհրաժեշտ է, որ Հայաստանն ակնդէտ հետեւի Իրան-Միացեալ Նահանգներ պրոքսի դիմակայութեան զարգացման ամբողջ ընթացքին եւ տրամաբանութեանը, այլ նաեւ պէտք է յստակ հասկացնի, որ չի պատրաստւում գործօն դեր ստանձնել հնարաւոր հակամարտութեան դէպքում,  կողմերից մէկի շահերից ելնելով` չի պատրաստւում մեկուսացնել միւսին: Աշխարհաքաղաքական առումով, սա բխում է Հայաստանի անմիջական եւ կենսական շահերից:

Երեւի անհրաժեշտութիւն չկայ յուշելու, թէ Իրան-Միացեալ Նահանգներ հնարաւոր ռազմական առճակատումն ինչպիսի՛ բարձր ռիսքային իրավիճակ եւ մարտահրաւէրներ կարող է ստեղծել Հարաւային Կովկասի համար` ընդհանրապէս, իսկ Հայաստանի համար` յատկապէս: Նման պայմաններում իրավիճակը միանշանակօրէն կարող է առաւել աղէտալի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, եթէ, ի հարկէ, Երեւանը թոյլ տայ աններելի սայթաքում, տրուի սադրանքին եւ ուղղակի կամ անուղղակի ներքաշուի հակամարտութիւնում կողմերից մէկի դիրքերից:

Վստահ եմ, որ բոլորը կռահում են, թէ խօսքը յատկապէս ո՛ր կողմի մասին է: Մեր յիշողութեան մէջ դեռեւս թարմ են 2008 թուականի ռուս-վրացական հակամարտութեան հետեւանքները Վրաստանի համար, որոնք այն օրերի վրացական իշխանութիւնների` վերացական խոստումներին հաւատալու եւ սադրանքին տրուելու` աշխարհաքաղաքական սխալ հաշուարկի արդիւնքն էին:

Յատուկ «Երկիր»-ի համար

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>