Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Արցախեան Մամուլի Պատասխանատուները Հայ Մամուլի Համահայկական Համագումարում

$
0
0

Նիւթը պատրաստել է
ՅԱՍՄԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԸ

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ, յուլիսի 2-4-ը Պէյրութում տեղի է ունեցել Հայ մամուլի համահայկական համագումարը, որին մասնակցել են նաեւ արցախեան մամուլի պատասխանատուները` քաղաքական վերլուծաբան Միքայէլ Հաջեանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարեանը, «Արցախփրես» լրատուական գործակալութեան տնօրէն Վահրամ Պօղոսեանը, ՀՅԴ «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանը:

Համագումարին բացման խօսքով հանդէս է եկել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը: Նա նշել է, որ 2019 թուականը հռչակուել է որպէս Հայ մամուլի տարի: Արամ Առաջինն իր խօսքում անդրադարձել է առկայ համահայկական քարոզչական դաշտի խնդիրներին, հայկական մամուլի ներքին եւ արտաքին մարտահրաւէրներին, ելեկտրոնային լրատուութեան դրական եւ բացասական ազդեցութիւններին:

Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանը կարդացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ողջոյնի խօսքը` ուղղուած համագումարի մասնակիցներին:

Համաժողովի երկրորդ նիստին «Արցախփրես» լրատուական գործակալութեան տնօրէն Վահրամ Պօղոսեանը հանդէս է եկել «Արցախեան մամուլը. մարտահրաւէրներ եւ խնդիրներ» թեմայով զեկոյցով:

Նա անդրադարձել է արցախեան մամուլի խնդիրներին եւ համահայկական լրատուադաշտում դրանց առանձնայատկութիւններին:

«Ապառաժ»-ի հետ ունեցած զրոյցում Վահրամ Պօղոսեանը նշել է, որ համագումարին ներկայացրած արցախեան մամուլի խնդիրների մէջ առանձնացրել է այլընտրանքային հնարաւորութիւնների բացակայութիւնը:

Նա կարեւորել է տեղեկատուական դաշտում արհեստագիտական առաջընթացին համահունչ քայլելն ու մասնագէտների պարբերաբար վերապատրաստումը, համահայկական մարտահրաւէրների միասնական օրակարգի ձեւաւորումն ու լուծման գործում համահայկական ներուժի արդիւնաւէտ օգտագործումը:

Արցախի լրագրողների վերապատրաստմանը խոչընդոտող ֆինանսական միջոցների անհրաժեշտութիւնը Վահրամ Պօղոսեանը համարել է լուրջ խնդիր, որի պատճառով, ըստ նրա, արցախեան մամուլն այսօր մեկուսացուել է:

«Մեր գլխաւոր խնդիրը ելեկտրոնային տարբերակների տեսքով հնարաւորինս շատ տեղեկատուութիւն փոխանցելն է ոչ միայն արցախեան, այլեւ համահայկական լսարանին, որովհետեւ համահայկական օրակարգը ձեւաւորւում է առաջին հերթին մամուլի միջոցով, եւ պէտք է հասանելի լինի հանրութեանը:

Վահրամ Պօղոսեանն խնդրայարոյց վերնագրերի, ֆեյք-նորութիւնների դէմ պայքարը համաշխարհային խնդիր է համարել:

«Խորքային հարցերի արդիւնքների մասին պէտք է խօսել յետոյ: Այնուհանդերձ, յոյս եմ յայտնում, որ մենք ինչ-որ յաջողութիւններ կ՛ունենանք, որովհետեւ պայմանաւորուածութիւն է ստեղծուել յանձնախումբ կազմելու եւ հետագայում շարունակելու ներկայացրած խնդիրներին պարբերաբար անդրադառնալու եւ լուծման ճանապարհներ փնտռելու հարցերը», եզրափակել է նա:

Քաղաքական վերլուծաբան Միքայէլ Հաջեանը վարել է համաժողովի «Մամուլը եւ նորարար արհեստագիտութեան մարտահրաւէրները» օրակարգային թեմայով երրորդ նիստը: Նրա գնահատմամբ, համաժողովը հայկական լրատուամիջոցների պատասխանատուների, մամուլի գործիչների համար միմեանց հետ առերես շփուելու ու մտքեր փոխանակելու արդիւնաւէտ ու պահանջուած հարթակ է:

«Անկախ նրանից, որ հայ լրատուական դաշտը ներկայացնում է քաղաքական տարբեր բեւեռներ, համահայկական խնդիրներում այն գործում է միասնական սկզբունքներով», նշել է նա:

Մեր զրուցակցի խօսքով, համայն հայութեան ազգային պահանջատիրութեան` Հայ դատի, Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչման գործընթացներին հակակշիռ հետզհետէ առաւել լայնօրէն ծաւալուող ապատեղեկատուութեան դէմ պայքարում հայ լրատուական դաշտի անելիքները, փաստօրէն, շատ աւելին են, քան կատարուած է ու կատարւում է առայսօր:

Կարեւորելով հայկական լրատուամիջոցների համագործակցութեան ապահովման անհրաժեշտութիւնը` նա նշել է, որ այդ խնդիրն առաւել արդիւնաւէտ կարելի է կեանքի կոչել գործընթացի նկատմամբ համակարգային մօտեցման պարագայում: Հակառակ պարագան, Միքայէլ Հաջեանի համոզմամբ, բացասաբար է անդրադառնում արտաքին տեղեկատուութեան ու քարոզչութեան ասպարէզում հայ մամուլի գործունէութեան վրայ, որոշակի նուազեցնում նրա արդիւնաւէտութիւնը:

«Արդիւնքում,- նշել է նա,- փաստօրէն խախտւում է տարուող աշխատանքների նպատակասլացութեան եւ հետեւողականութեան սկզբունքը, անտեսւում ռազմավարական ու մարտավարական բնոյթի թեմատիկ խնդիրների փոխհամաձայնեցուած յատկանշման եւ դրանց դերաբաշխուած ու ներդաշնակ լուսաբանման անհրաժեշտութիւնը»:

Միքայէլ Հաջեանի տեսակէտով, արտաքին քաղաքական ու տեղեկատուական մարտահրաւէրներին արժանուոյնս դիմակայելու համար անհրաժեշտ ու նպատակայարմար է ստեղծել այդ ասպարէզում տարուող աշխատանքները համակարգող համահայկական մարմին:

Համագումարի 5-րդ նիստը նախագահել է «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանը: Նա հանդէս է եկել «Տեղեկատուական անվտանգութիւնը եւ լրատուութեան հաւաստիութիւնը» թեմայով զեկոյցով: Արա Պուլուզեանի խօսքով, այսօրուայ լրատուադաշտում լրատուամիջոցը գործում է որպէս զէնք եւ կարող է օգտագործուել թէ՛ բարու, թէ՛ չարի կողմից:

«Մենք պարտաւոր ենք այդ զէնքն օգտագործել մեր թշնամիների ուղղութեամբ: Միաժամանակ, ներքին լրատուական դաշտում պէտք չէ հատենք կարմիր գծերը` միմեանց նկատմամբ ցուցաբերելով յարգանք», յաւելել է նա:

Նոյն նիստին «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարեանը հանդէս է եկել «Սեփական ստորագրութեան հաւաստիութիւնը» զեկոյցով: Խմբագիրն անդրադարձել է տպագիր մամուլի խնդիրներին: Ըստ նրա, այն կարծես դուրս է մղուել տարածքից, եւ միշտ չէ, որ կարողանում է ապահովել տեղեկատուութեան արագութիւն: Հայկական լրատուադաշտում տպագիր մամուլի այս խնդիրը նա որակել է որպէս բաւականին մտահոգիչ:

Իր զեկոյցում Նորեկ Գասպարեանն անդրադարձել է ստորագրութեան արժանապատուութեանն ու հաւաստիութեանը: Նրա խօսքով, նոր սերունդը, թւում է, այնքան էլ չի յարգում իր ստորագրութիւնը եւ հեռացել է ազնիւ, արդար, պետականամէտ լրագրութիւնից:

Սերնդափոխութեան մասին խօսելիս` նա ընդգծել է. «Ես հաւատում եմ նոր սերնդին, բայց վախենում եմ երբեմն չհասկանալ նրանց: Լրագրողը սխալուելու իրաւունք չունի, քանզի սխալուելը հաւասարազօր է ականապատուած դաշտով անցնելուն»: Ն. Գասպարեանն ափսոսանք է յայտնել, որ համաժողովի օրակարգում չի ընդգրկուել Արցախի միջազգային ճանաչման հարցը: Ըստ նրա,  համաժողովից առանձնայատուկ ակնկալիքներ ունենալը ամենեւին էլ ճիշդ չէ, որովհետեւ այն աւելի շատ միմեանց հանդիպելու, նոր ծանօթութիւններ հաստատելու, համագործակցութեան ծրագրեր մշակելու, ապագան որոշակիօրէն ուրուագծելու լաւագոյն առիթ կարելի է համարել:

Նորեկ Գասպարեանը շնորհակալութիւն է յայտնել համագումարի կազմակերպիչներին` յանձին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին, ում ներկայութիւնն ու փառահեղ եւ հայեցի խօսքը վայելելը նա երանութիւն է համարում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>