Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Սեփական Տարածքը Գնդակոծելու Ազրպէյճանական Փորձառութիւնը

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ  
Քաղաքական վերլուծաբան

Ազրպէյճանի զինուած ուժերն այդպէս էլ չսովորեցին ուղիղ նշանակէտին կրակել: Մանաւանդ` հրթիռահրետանային կայանքներից: Կրակելը, ի հարկէ, կրակում են: Այդ մէկը կարծես թէ իւրացրել են, գիտեն: Բայց ահա` նախանշուած թիրախին, դեռեւս ոչ մի կերպ: Որպէս ապացոյց` բերենք հէնց միայն վերջին միջադէպը. հրետանային արկը, որ արձակուել է Ազրպէյճանի հիւսիսարեւմտեան տարածաշրջանում` Աղստաֆայի (Աղստեւի) եւ Շամխորի (Շամքորի) շրջաններում անցկացուած վերջին զօրավարժութեան ընթացքում, փոխանակ դէպի արեւմուտք` Հայաստան սլանար, ասենք թէ` դէպի մօտակայ Իջեւան, թռել-հասել է ոչ այլուր, քան Գեանջայ (Գանձակ) քաղաք, որ գտնւում է զօրախաղերի վայրից հարաւ-արեւելքում: Արկն ընկել է քաղաքի առանձնատներից մէկի վրայ, ճեղքել տանիքն ու առաստաղը, ընկել յատակին: Բայց չի պայթել, քանզի, ինչպէս հաստատել է Ազրպէյճանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը. «Ուսումնական արկ էր: Եթէ մարտական լինէր, ապա անխուսափելի կը լինէին զոհերը: Արկը, թռչելով 18 քիլոմեթր, դիպել է այդ տանը` ետաթռիչք կատարելով ժայռից»: Իսկ թէ յատկապէս ո՞ր հրաձգարանից է արձակուել արկը, դեռեւս լիովին պարզ չէ: Ազրպէյճանի ռազմական գերատեսչութիւնը, ստիպուած լինելով արձագանգել համացանցում այդ կապակցութեամբ բարձրացուած աղմուկին, սկզբում որպէս արկի արձակման վայր նշել է Աղստաֆայի, ապա Շամխորի շրջանի Սէյֆալի գիւղի մերձակայ հրաձգարանը:

Դա, ի հարկէ, միակ նման դէպքը չէ ազրպէյճանական ազգային բանակի շուրջ 30-ամեայ պատմութեան մէջ: Նախադէպեր` ինչքան կ՛ուզէք: Առաւել եւս` արցախեան ազատամարտի տարիներին, երբ ազրպէյճանցի հրետանաւորների արձակած արկերը ոչ այնքան հայկական գիւղերն էին ընկնում, որքան առաւելապէս շրջակայ տարածքները: Բայց ահա Արցախի բնակավայրերին մեծապէս վնասում էին հիմնականում խորհրդային բանակի ռուս, ուքրանացի եւ այլազգի վարձկան հրետանաւորների արձակած արկերը, ինչպէս նաեւ` նոյն ազգութիւնների օդաչուների իրականացրած օդային ռմբահարումները: Ինչպէս յիշում էք,  90-ականներին խորհրդային, ապա եւ անկախ Ազրպէյճանի այն ժամանակուայ ղեկավարներն ակամայ կանգնել էին, այսպէս ասած, կոտրած տաշտակի փաստի առջեւ. խորհրդային զինուած ուժերից բռնազաւթուած կամ ժառանգուած վիթխարի քանակութեան զէնք ու զինամթերքի առկայութեան պայմաններում նորաստեղծ ազրպէյճանական բանակը չունէր հարկ եղած թուով սեփական հրետանաւորներ, օդաչուներ, հրթիռային կայանքներն ու սարքերը կառավարելու ունակ մասնագէտներ: Այլ կերպ ասած, Պաքուն իր համար պարզեց, աւելի ճիշդ` Արցախի Պաշտպանութեան բանակն իր գրագէտ ու կշռադատօրէն հաշուարկած ու կազմակերպած հարուածներով Պաքուին ստիպեց ի վերջոյ հասկանալ, որ կենդանի ուժի եւ սպառազինութեան քանիցս գերակշիռ մեծութեամբ հանդերձ, ազրպէյճանական բանակը, չունենալով զօրատեսակներին համարժէք մասնագէտներ ու հրամանատարներ, շարունակում է մնալ ծայր աստիճան թոյլ կառավարելի, իսկ շատ յաճախ` անկառավարելի հաւաքական զանգուած:

Բանն այն է, որ խորհրդային իշխանութեան օրօք Ազրպէյճանից բանակ զօրակոչուած ազրպէյճանցիները, հաշուի առնելով նրանց կրթական ցածր մակարդակն ու ռուսերէնի վատ իմացութիւնը` զինուորական ծառայութեան էին ուղարկւում հիմնականում շինարարական գումարտակներ, որտեղ նրանք գործ ունէին բացառապէս շինարարական գործիքների` բահի ու քլունգի հետ: Իսկ շինարար զինծառայողների որդեգրած սկզբունքն այս էր. «Վերցրու աւելին, նետիր շատ աւելի հեռուն ու քանի թռչում է` դադար առ»: Խօսքը, ինչպէս երեւի կռահեցիք, բահով շատ աւելի հող վերցնելու եւ, որքան հնարաւոր է, հեռու նետելու եւ այդ ընթացքում հանգստանալու մասին է:

Ըստ զինատեսակների, զօրամասեր ժամկէտային զինծառայութեան էին ուղարկւում Ազրպէյճանի հիմնականում ռուս, հայ, հրեայ եւ այլ ազգութիւնների քաղաքացիները, որոնց ստացած միջնակարգ կրթութիւնն անհամեմատ հիմնաւոր ու խորն էր: Որպէս այդպիսիք, ի հարկէ, մասամբ զօրակոչւում էին նաեւ ազգութեամբ ազրպէյճանցի այն պատանիները, որոնք ռուսական դպրոցներ էին յաճախել, բայց նրանց թիւը խիստ սակաւ էր: Ի հարկէ, Ազրպէյճանում գործում էր Նախիջեւանսկու անուան ռազմական դպրոցը, որ 60-ականների վերջերին իշխանութեան գալով` հիմնադրել էր հանրապետական Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար կարգուած Հայտար Ալիեւը, եւ որը գործում էր «միայն տեղական քատրերի համար» սկզբունքով` զինուորական ուսման ընդունելով բացառապէս ազգութեամբ ազրպէյճանցի դեռահասների` ութամեայ կրթութեան հիմքի վրայ:

Դպրոցում ուսումն աւարտելուց յետոյ նրանք նպատակային ուսման էին ուղարկւում Խորհրդային Միութեան տարբեր զինուորական կրթօճախներ` ի վերջոյ համալրելով խորհրդային սպայակազմը, հեռանկարային առումով` կազմելու համար ապագայ անկախ Ազրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերի կորիզը: Սակայն, ինչպէս ցոյց տուեցին իրադարձութիւնների հետագայ ընթացքը, առանձնապէս, արցախեան ազատամարտում ազրպէյճանական զինուժի կրած խայտառակ պարտութիւնների շարանը, ազգային սպայակազմի այդ թուաքանակը, անգամ` անչափելի սպառազինութիւնը, սակաւ բաւարար էին լիարժէք մարտունակ զինուած ուժեր կազմաւորելու ու կռուելու կարողունակ հայերի դէմ յաջողութեամբ պատերազմելու համար:

Ի միջի այլոց նշեմ, որ հէնց Հայտար Ալիեւի իշխանութեան օրօք էր, որ բազմազգ Ազրպէյճանում անհամեմատ լայնօրէն արմատաւորուեցին ու որպէս ժամանակի հրամայականներ անշեղ հաստատուեցին «տիտղոսակիր ազգ» եւ «տեղական քատրեր» հասկացութիւնները` իբրեւ այդպիսիք ընդունելով հանրապետութեան միմիայն ազրպէյճանցի քաղաքացիներին, որոնք առաջնահերթ իրաւունք ունէին մասնագիտական ուսումնառութիւն ստանալու ԽՍՀՄ առաջատար բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում, իսկ ուսումն աւարտելուց յետոյ վերադառնալով Ազրպէյճան` ղեկավար դիրքեր զբաղեցնելու  հանրապետութեան կենսագործունէութեան անխտիր բոլոր բնագաւառներում: Ուշագրաւ է նաեւ, որ Մոսկուայի, Ս. Փեթերսպուրկի, խորհրդային երկրի այլ քաղաքների առաջատար բուհերի ոչ բոլոր ազրպէյճանցի շրջանաւարտներին էր, որ ետ էին կանչում Ազրպէյճան: Նրանց մի որոշակի մասը, դարձեալ հեռագնայ նպատակով, թողնւում էր այդ քաղաքներում` աշխատանքի տեղաւորելով պետական կառավարման տարբեր մարմիններում, գիտական հաստատութիւններում ու արտադրական ձեռնարկութիւններում` առկայ լծակների կիրառմամբ Ազրպէյճանի շահերն իրենց կեցութեան վայրերում առաջ մղելու ու պաշտպանելու յանձնարարականով: Պատահական չէ, որ այսօր էլ` տասնամեակներ անց, Ռուսաստանի, Ուքրանիայի, Պիելոռուսիայի եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետութիւնների տարբեր մակարդակների վարչական կառավարման եւ այլ մարմիններում, ինչպէս նաեւ պիզնես շրջանակներում մեծ թիւ են կազմում ազգութեամբ ազրպէյճանցի գործիչները եւ գործարարները: Այն տարիներին նման  անձանց Ազրպէյճանում միանգամայն իրաւացիօրէն անուանում էին ոչ այլ կերպ, քան` «Ալիեւի թռչնակներ»: Ի լրումն ասուածի` նշեմ նաեւ, որ հետագայում հէնց այդ «թռչնակների» աջակցութեամբ եւ օժանդակութեամբ է, որ Մոսկուայում պաշտօնանկ արուած Հայտար Ալիեւն ինքնավստահ վերադարձաւ Ազրպէյճան` 1993-ի յունիսին վերստին ձեռքն առնելով երկրի կառավարման սանձերը, իսկ նրա մահից յետոյ` 2003-ին, որդին` Իլհամ Ալիեւը զբաղեցրեց հանգուցեալ հօր թափուր մնացած նախագահական բազկաթոռը:

Բայց այս ամէնը, ինչպէս նշեցի, ի միջի այլոց: Վերադառնանք բուն նիւթին:

Եւ այսպէս, ազրպէյճանական բանակն այդպէս էլ չսովորեց ուղիղ նշանառութեամբ կրակելու ռազմական արուեստը: Դրան չի նպաստում նաեւ վերջին տարիներս ձեռք բերուած արդիական ու գերարդիական սպառազինութիւնը, որ Ազրպէյճան է ներկրւում  Ռուսաստանից, Ուքրանիայից, Պիելոռուսիայից, Սլովաքիայից, Թուրքիայից, Իսրայէլից, Փաքիստանից, աշխարհի այլ երկրներից` օրինական կամ անօրէն ճանապարհներով: Չի նպաստում նոյն այդ երկրների զինուորական կրթօճախներում ազրպէյճանական բանակի համար տարիներ ի վեր հրամանատարական քատրերի պատրաստման ու վերապատրաստման ողջ գործընթացը: Ստացուած պաշտպանական կամ հարուածային բնոյթի նոր  զինատեսակները, որ այսօր ազրպէյճանական զինանոցի առիւծի բաժինն են կազմում, դարձեալ կիրառւում են վարձու, աւելի ճիշդ` վարձկան օտարերկրեայ մասնագէտների անմիջական ջանքերով կամ նրանց հրահանգչական վերահսկողութեան ներքոյ:

Ինչպէս դա տեղի է ունեցել 2016-ի ապրիլեան պատերազմի ժամանակ, իսրայէլական անօդաչու սարքերի պարագայում, որոնք հետախուզական կամ ռմբահարման գործողութիւններ էին իրականացնում հէնց իսրայէլցի մասնագէտների անմիջական կառավարմամբ: Եթէ յիշում էք, այն ժամանակ, ապրիլեան մարտերի աւարտից յետոյ այդ կապակցութեամբ հսկայական աղմուկ բարձրացաւ հրէական պետութեան քաղաքական շրջանակներում, եւ կարծես թէ դադարեցուեց իսրայէլցի մասնագէտների գործուն մասնակցութիւնն այդ սարքերի կառավարման գործին: Ասում եմ` կարծես թէ, որովհետեւ մինչեւ հիմա էլ առկայ են կասկածներն առ այն, թէ իրօք դադարեցուե՞ց: Ի վերջոյ, այդ ռազմական սարքերն արտադրող ընկերութիւնը կամ ընկերութիւնները հազիւ թէ հրաժարուած լինեն նման շահաւէտ գործարքից, որի շրջանակներում սեփական մասնագէտների օգնութեամբ սպասարկման խնդիրը նրանց համար ընդամէնը մանրադրամ է:

Նոյնը վերաբերում է նաեւ այլ երկրներից ձեռք բերուած միւս արդիական զինատեսակների կիրառման խնդրին: Այո՛, հասկանում ենք, որ վաճառող կողմը, համաձայն առեւտրային գործարքի, սովորաբար պարտաւորւում է գնորդին ուսուցանել, սովորեցնել այդ ապրանքատեսակի օգտագործման ձեւերն ու միջոցները` անմիջապէս իր մօտ կամ գնորդի տարածքում: Բայց բանն այն է, որ նոյն այդ գնորդը, տուեալ պարագայում` ազրպէյճանական զինուժը, անկախ փորձուսուցման այդ ջանքերից, ի վիճակի չէ լիովին ընկալել մատուցուող գիտելիքների եւ ունակութիւնների ողջ համալիրը, ինչի արդիւնքում, ահաւասիկ, զօրավարժութեան ընթացքում Աղստաֆայից կամ Շամխորից, ի՞նչ էական է, թէ որտեղից,  արձակուած ուսումնական արկն ընկնում է ոչ թէ իրական կամ պայմանական հակառակորդի տարածքը, այլ` հէնց սեփական տարածքի մի խոշոր բնակավայր, որն իր մեծութեամբ Պաքուից յետոյ երկրորդն է Ազրպէյճանում:

Իսկ եթէ ուսումնական չլինէր արկը եւ պայթէ՞ր, զոհերի տեղի՞ք տար Գեանջայի (Գանձակի) բնակիչ այդ ընտանիքում: Պատկերացնել կարելի է, թէ ի ցոյց մնացեալ աշխարհի` ինչ աղմուկ-աղաղակ կարող էր բարձրանալ Ազրպէյճանում, մանաւանդ` Պաքուի իշխանամէտ քարոզչամեքենայի կողմից, ուղղուած ոչ թէ երկրի ռազմական գերատեսչութեան անճարակութեան, այլ, այո՛, Հայաստանի դէմ, թէ` «Հայ-հարայ, մարդասիրական աղէտ է. հայկական զաւթիչ զօրքը, խախտելով հրադադարը, հեռահար հրետանուց կրակ է բացել շփման գծից շա՜տ ու շա՛տ  հեռու գտնուող ազրպէյճանական քաղաքի վրայ ու սպաննել խաղաղ բնակիչների»: Ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան ողջ 30-ամեայ պատմութեան մէջ երեւի թէ առաջին անգամն է, որ Պաքուն արկակոծութեան այդ միջադէպը չի վերագրել Երեւանին: Ողջունելի է: Ինչպէս ասում են` այս անգամ «լաւ պրծանք»…

Բայց ահա նոյնը չենք կարող ասել ազրպէյճանական բանակի գումարտակի հրամանատար Ակիլ Օմարովի սպանութեան կապակցութեամբ: Այդ 36-ամեայ սպան նոյնպէս, ինչպէս որ` Գեանջա-գանձակ քաղաքը վերը նշուած միջադէպում, մեծ հեռաւորութեան վրայ էր գտնւում  հակադիր զօրքերի շփման գծից, երբ անսպասելի մահացու խոցուեց մայիսի 30-ին, Ակնայի ուղղութիւնում: Պաքուն այդ սպանութիւնը շտապեց մեղսագրել հայկական կողմին, թէ իբր Օմարովը հայ դիպուկահարի կրակոցից է խոցուել: Աւելի՛ն. այդ հանրապետութեան ԱԳՆ մամլոյ ծառայութիւնն իր յայտարարութեան մէջ քաղաքական ենթատեքստ է տուել տեղի ունեցածին` յայտարարելով, թէ իբր. «Այս արիւնոտ գործողութիւնը, որը Հայաստանի զինուած ուժերի կողմից իրականացուել է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի ժամանակ, սադրանք է եւ նպատակ է հետապնդում ձախողել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնները»: Արցախի ՊՆ մամլոյ ծառայութիւնը, ինչ խօսք, արձագանգեց հնչած մեղադրանքին` նշելով, որ դա սադրիչ ապատեղեկատուութիւն է, չի համապատասխանում իրականութեանը, քանզի Պաշտպանութեան բանակի առաջատար ուժերը շարունակում են յարգել հրադադարը եւ որեւէ նախայարձակ գործողութեան չեն դիմել:

Որ իրօք դա սադրիչ ապատեղեկատուութիւն է Ազրպէյճանի կողմից, հաստատում են նաեւ, որքան էլ որ տարօրինակ թուայ, համացանցի ազրպէյճանցի օգտատէրերը: Մասնաւորապէս, ահա թէ ի՛նչ է գրում նրանցից մէկը` ոմն Ասլան Ասլանով. «Սովորաբար գումարտակի սպայակոյտը գտնւում է ռազմաճակատի գծից 25-30 քմ-ի վրայ: Հրադադարի ժամանակ գումարտակի հրամանատարը հազուադէպ է այցելում ռազմաճակատի գիծ: Բոլոր հրահանգները տրւում են հրամանատարական կէտում քարտէսի կամ տեղանքի բնապատկերի մանրակերտի վրայ: Այո՛, գումարտակի հրամանատարը կարող է խիստ անհրաժեշտութեան դէպքում կրակագիծ այցելել: Բայց այդ ժամանակ եւս զրոյի է հաւասարւում նրա գնդակահարութիւնը հակառակորդի կողմից: Քանի որ ռազմաճակատի գիծը վաղուց է գտնւում միեւնոյն տեղում: Եւ թշնամու կողմից գնդակոծուող բոլոր տեղամասերը մտցուած են քարտէսի մէջ:

Գումարտակի հրամանատարը բոլորից լաւ է տեղեակ վտանգաւոր տեղամասերի մասին: Այնպէս որ, անչափ առեղծուածային միջադէպ է»: Ասել է թէ` ազրպէյճանցիները նոյնպէս չեն հաւատում, առնուազն կասկածում են, որ իրենց բանակի սպան խոցուել է հայ դիպուկահարի կրակոցից:

Յամենայն դէպս ազրպէյճանական հանրութեան մի որոշակի մաս իրաւասու է հարցնել. իսկ ի՞նչն  է Ակիլ Օմարովին դրդել յայտնուելու  եւ անզգուշութիւն ցուցաբերելու շփման գծի` իրեն քաջ յայտնի վտանգաւոր հատուածում: Թէ ի՛նչ աստիճան լկտի է Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարի պատասխանն այդ հարցին, կարելի է միայն շշմել: «Ոմանք,- ասել է նա,- հարցնում են, իսկ ի՞նչ է արել այդ հազարապետն այնտեղ: Նահատակ դարձած այդ հազարապետն այնտեղ կատարել է իմ հրամանը, զբաղուել է տարածքում մարտական պատրաստութեամբ»:

Բայց քանի որ, այնուամենայնիւ, սպիտակ շորի վրայ սեւ թելով արուած կարկտանի տպաւորութիւն է թողնում Պաքուի պաշտօնական վարկածը, այդ երկրի իշխանութիւնները շրջանառութեան մէջ են դրել եւս մէկ վարկած: Պարզւում է, որ Օմարովը սպաննուել է ոչ թէ շփման գծում, այլ` խոր թիկունքում, սակայն դարձեալ հայերի կողմից, որոնք հետախուզական խմբի կազմում հակառակորդի թիկունք են թափանցել Ազրպէյճանի զինուած ուժերի իրենց գործակալ-զինծառայողների աջակցութեամբ: Ի հաստատումն այդ նոր վարկածի` վերջիններս արդէն ձերբակալուել են, եւ դժուար չէ պատկերացնել, որ շատ շուտով ազրպէյճանական հանրութիւնը հերթական անգամ ականատես կը լինի «հայկական լրտեսներ» հռչակուած ազրպէյճանցի զինծառայողների դատաստանին: Ընդ որում` չի բացառւում, որ բոլոր այդ «լրտեսներն» էլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ լինեն: Առաւել եւս, որ սպանութեան բուն զոհն ինքը` Ակիլ Օմարովը նոյնպէս ազգութեամբ ազրպէյճանցի չէ, այսինքն` ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչ է, որ խոցուելու պահին  գտնուել է  դիպուկահար հրազէնի համար անհասանելի հեռաւորութեան վրայ:

Ինչպէս ազրպէյճանական աղբիւրներից պարզել է «Կոլոս Արմէնիի» թերթի հեղինակ  Վլադիմիր Մանուկեանը «Ինկիլոյցի Օմարովի կեանքը եւ մահը» յօդուածում, հազարապետ Օմարովը ծնուել է Ազրպէյճանի Կախիի շրջանի Լալափաշայ աւանում, ազգութեամբ ինկիլոյցի-վրացի է, հաւատափոխ արուած մահմետական, ով սակայն, հնարաւոր է, թաքնուած քրիստոնեայ է: Յօդուածագրի տեղեկատուութեամբ, Լալափաշան կամ բուն վրացական անուանմամբ` Չատիվարին, վրացական գիւղ է, որից Ազրպէյճանը խլել է մայրենի լեզուն` 1963-64 թուականներին փակելով մինչ այդ գործող վրացական դպրոցը, ինչը յանգեցրել է ինկիլոյցի բնակիչների մասնակի ուծացման: Վրաստանի քաղաքական ղեկավարութիւնը փորձել է պահպանել ինկիլոյցիների վրացական ինքնագիտակցութիւնը` տրամադրելով նրանց  արտօնեալ տեղեր երկրի բուհերում:

Սակայն Պաքուն ազրպէյճանական պետութեան դաշնային հեռանկարի մտավախութեամբ սկսել է հալածանքներ կիրառել բնիկ վրացիների նկատմամբ: «Վերջին ժամանակներս Դաւիթ Կարեճի վիճելի վանական համալիրի պատճառով վրաց-ազրպէյճանական յարաբերութիւնները սրուելու համապատկերում,- գրում է հեղինակը,- ակնյայտ է դառնում, որ Ազրպէյճանը պատահաբար չէ որպէս զոհ ընտրել բնիկ վրացի Օմարովին: Ալիեւի իշխանութիւնը, ըստ էութեան, ցանկացած յարմար իրավիճակում վարում է ազգային փոքրամասնութիւնների ոչնչացման աշխուժ քաղաքականութիւն` նպատակ ունենալով ամրապնդել իր աղօտ «երկրառազմավարական» ապագան»:  Յօդուածագրի համոզմամբ, «Ինկիլոյցի Օմարովի սպանութիւնը ոչ միայն առիթ է դիպուկահարային յանցագործութիւնների աշխուժացման, այլեւ իւրատեսակ պատժիչ գործողութիւն` Ազրպէյճանում վրացական գործօնի դէմ»:

Իսկ որ ազրպէյճանա-արցախեան հակադիր զօրքերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում հետզհետէ աւելի է սրւում, կարծում եմ, աներկբայ է: Միայն անցած շաբաթ, ինչպէս տեղեկացնում է Արցախի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը, հակառակորդի կողմից հրադադարը  խախտուել է 190 անգամ, տարբեր հատուածներում արցախեան դիրքերի ուղղութեամբ արձակուել է շուրջ 2 հազար կրակոց: Այն հանգամանքը, որ այդ հրաձգութեան մէջ փոքր թիւ չեն կազմում դիպուկահարային կրակոցները, անշուշտ, բացատրւում է Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարի առաջադրանքով, որ նա բարձրաձայնել է օրերս իր հրաւիրած խորհրդակցութեան ժամանակ` պահանջելով էլ աւելի արդիւնաւէտ դարձնել մարդորսութիւնը հայկական դիրքերում` դիպուկահար խմբերի կողմից:

Կայ այդպիսի ժողովրդական արտայայտութիւն. «Որտե՞ղ է թաղուած շան գլուխը»: Ինչո՞ւ յիշեցի այդ հռետորական հարցը: Բանն այն է, որ Ազրպէյճանի ռազմական գերատեսչութեան ղեկավարը, իր վերջին հարցազրոյցներից մէկում հերթական անգամ յոխորտալով, թէ ազրպէյճանական բանակն անչափ հզօր է եւ ցանկացած պահի պատրաստ է ջախջախել թշնամուն, մէկէն անսպասելի վերապահում է կատարել. «Միջազգային իրադրութիւնը մեզ թոյլ չի տալիս պատերազմ սկսել Ղարաբաղում»: Կարելի է ենթադրել` այդ պահին Հասանովն  ակամայ վերյիշել է Աղստաֆայի, թէ Շամխորի հրաձգարանից պայմանական հակառակորդի ուղղութեամբ արձակուած եւ իրականում Գեանջա (Գանձակ) քաղաքում ընկած հրետանային արկի  պատմութիւնը, որի պատճառով դադարեցուել է ձախողուած զօրավարժութիւն, ու լեզուն կծել է. երեւի թէ հասկացել է, որ գլուխ-գովասանքն էլ իր չափն ու սահմանն ունի, ի վերջոյ` ազրպէյճանական բանակը պատրաստ չէ նման արկածախնդրութեան: Ինչպէս որ 2016-ի ապրիլին էր, երբ միջազգային իրադրութիւնը նոյն կերպ թոյլ չէր տալիս պատերազմ սկսել Արցախում:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար                  


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles