Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Ուժի Դիւանագիտութիւն (Power Diplomacy)

$
0
0

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Մասնագիտական գրականութեան մէջ առանձնացւում են ուժային քաղաքականութեան, դիւանագիտութեան մի շարք արհեստագիտութիւններ կամ մեթոտներ, որոնց էլ կ՛անդրադառնանք սոյն նիւթում: Թէեւ միջազգային յարաբերութիւններում ուժի դիւանագիտութեան մեթոտները նոր չեն կիրառութիւն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտութիւն է առաջացել: Սա թերեւս պայմանաւորուած է նոր աշխարհակարգում առանձնացուած մեթոտների տեսութեան զարգացման եւ կիրառութեան շրջանակների ընդլայնման իրողութիւններով:

Փափուկ եւ կոշտ ուժի դիւանագիտութիւն

«Փափուկ ուժ» (Soft power) հասկացութիւնը սահմանել է ամերիկացի յայտնի քաղաքագէտ Ճոզեֆ Նայը դեռեւս նախորդ դարի 80-ականներին: Այդ հարցերին նա մանրամասն անդրադարձել է 1990 եւ 2004թթ. լոյս տեսած իր երկու աշխատութիւններում (մանրամասն տե՛ս http://www.kropfpolisci.com/exceptionalism.nye.pdf, https://www.academia.edu/28699788/Soft_Power_the_Means_to_Success_in_World_Politics_-_Joseph_S._Nye_Jr):

«Փափուկ ուժ» հասկացութիւնում ընդգծւում էր հոգեւոր-գաղափարական, քաղաքակրթական-մշակութային արժէքների կարեւորութիւնը: Առանձնակի նշանակութիւն էր տրւում միջազգային յարաբերութիւններում տուեալ պետութեան միջազգային կշռի ու հեղինակութեան ամրապնդման, ազդեցութեան տարածման հարցերում այնպիսի գործօններին, ինչպիսիք են լեզուն, մշակոյթը, կրօնը եւ այլն: Ինչպէս նշուեց, մասնագիտական տեսութիւնում ուժի դիւանագիտութեան հասկացութիւնների սահմանումները թէեւ մի քանի տասնամեակների պատմութիւն ունեն, սակայն դրանց կիրառութիւնը գալիս է դարերի խորքից: Փափուկ ուժի դիւանագիտական հնարքների մասին անդրադարձներ գտնում ենք հին չինական փիլիսոփայութիւնում: Որպէս փափուկ ուժի դասական օրինակ` նշւում էր կանացիութիւնը, կանացի գրաւչութիւնը:

Պատահական չէ, որ մասնագիտական գրականութիւնում փափուկ ուժի դիւանագիտութիւնը ներկայացւում է նաեւ որպէս համոզմունքների, գրաւչութեան դիւանագիտութիւն` ստանալով «գրաւիչ ուժ» (Attractive power) սահմանումը: Եւ իսկապէս, փափուկ ուժը տուեալ պետութեան կողմից առանց բռնութեան կամ ճնշման, գործընկերների կամաւոր մասնակցութեան ապահովմամբ դրուած նպատակին հասնելու ունակութիւնն է:

Փափուկ ուժի դիւանագիտութիւնը մեծ աւանդոյթներ ունի չինական դպրոցում: Վերջին տարիներին Չինաստանի իշխանութիւնները մեծապէս կարեւորում են արտերկրում չինարէն լեզուի ու ազգային մշակոյթի տարածման քաղաքականութիւնը: Արտերկրում մեծ տարածում ունեն Կոնֆուցիոսի կեդրոնները:

Փափուկ ուժի կիրառման զգալի փորձ է կուտակել նաեւ Ռուսաստանը` իր Русский мир միջազգային նախագծով: Վերջին տարիներին ռուսաստանեան բուհերը յատուկ կրթական ծրագրեր են ներկայացնում արտերկրից ուսանողների հոսքերի ապահովման նպատակով: Այդ հարցում յաջողութիւններ են արձանագրուել յատկապէս Չինաստանից ուսանողների ներգրաւման ուղղութեամբ: Այսօր չին ուսանողները սովորում են Ռուսաստանի շուրջ 85 քաղաքների աւելի քան 150 համալսարաններում:

Դարերի պատմութիւն ունի փափուկ ուժի հնդկական փորձը: Ըստ փորձագէտների` Հնդկաստանի կերպարը համեմատւում էր կանացիութեան հետ, որը մարմնաւորում էր արեւելեան եւ ազգային մշակոյթը, հնդկական փիլիսոփայութիւնը, կրօնն ու Հնդկաստանի հզօրութիւնը: Ժամանակակից Հնդկաստանը փորձում է աշխարհին ներկայանալ արհեստագիտութիւների ու նորարարութիւնների ապրանքանիշով` այն համատեղելով հոգեւոր-մշակութային ժառանգութեամբ, նաեւ` շարժապատկերով, նորաձեւութեամբ եւ այլն:

Փափուկ ուժի դիւանագիտական հնարքների, արհեստագիտութիւնների բազմազանութեամբ ու դրանց կիրառութեան հարուստ փորձով առաջատարներից է Միացեալ Նահանգները: Մասնագիտական գրականութիւնում ամերիկեան փափուկ ուժը ներկայացւում է որպէս դասական դիւանագիտութիւն: Առաջնակարգ նշանակութիւն է տրւում ամերիկեան կենսակերպին, ազատութեան (Liberty) գաղափարին, որը փորձում են որպէս ապրանքանիշ տարածել արտերկրում: Մեծ տեղ է յատկացւում լեզուին, շարժապատկերին, ժամանակակից երաժշտութեանը եւ այլն: Քաղաքական գործընթացների առումով փափուկ ուժի արհեստագիտութիւններից են Ուաշինկթընի` ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերում առաջ քաշած ռազմավարական մօտեցումները: Միացեալ Նահանգներում այսօր փորձում են համատեղել փափուկ ուժի դիւանագիտութեան մշակութային բաղադրիչը նորարարութիւններով, գիտաարհեստագիտական առաջընթացով ու կրթութեամբ:

Ճոզեֆ Նայի գնահատականով, փափուկ ուժը կարեւոր գործօն է եղել Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի նկատմամբ Միացեալ Նահանգների յաղթանակի հարցում: Նա առանձնացնում է ամերիկեան կրթական կեդրոնների դերը, որտեղ ուսում են ստանում արտերկրի ուսանողները, որն ամերիկեան արժէքների վերաբերեալ դրական կերպար ու ապրանքանիշ է ձեւաւորում նրանց գիտակցականում:

Փորձագէտներից ոմանք այն կարծիքն են առաջ քաշում, որ գունաւոր յեղափոխութիւնները նոյնպէս մշակուել են փափուկ ուժի դիւանագիտութեան տեխնոլոգիական գործիքակազմով (աւելի մանրամասն` http://www.spa.msu.ru/uploads/files/publikazii/russianjls_2016_1_naumov.pdf): Այդ մօտեցման համաձայն, գունաւոր յեղափոխութիւնների կարեւոր առանձնայատկութիւններից մէկն այն էր, որ այն, որպէս կանոն, ուղեկցւում է ոչ բռնի ճանապարհով, ինչը «փափուկ ուժ» հասկացութեան գլխաւոր բնութագրիչներից է:

Ամերիկացի քաղաքագէտը դիտարկում է «փափուկ ուժ» հասկացութիւնը նաեւ ՕԹԱՆ-ի համածիրում: Ըստ նրա դիտարկման, ՕԹԱՆ-ի փափուկ ուժ ասելով` պէտք է հասկանալ այն, որ Դաշինքը դուրս է գալիս զուտ ռազմական կամ պաշտպանական գործունէութեան սահմաններից եւ իր առաքելութիւնը կեդրոնացնում է հանրային դիւանագիտութեան ուղղութեամբ` կառոյցը հանրութեան համար գրաւիչ եւ ընկալելի դարձնելու նպատակներով:

Փափուկ ուժի վարկանիշային` 2018թ. զեկոյցում (A Global ranking of Soft power) առանձնացուած 30 պետութիւնները գլխաւորում է Մեծն Բրիտանիան, որին յաջորդում են Ֆրանսան ու Գերմանիան: 4-րդ հորիզոնականում են Միացեալ Նահանգները: Ըստ վարկանիշային այս զեկոյցի` փափուկ ուժի համաշխարհային ազդեցութեան ցուցիչով առաջատար են եւրոպական երկրները: Մեծն Բրիտանիայի պարագայում, որպէս փափուկ ուժի հիմնական գործիքներ, նշւում են մշակոյթը, շարժապատկերը, երաժշտութիւնը եւ այլն: Որպէս փափուկ ուժի կիրառման արդիւնաւէտ օրինակ` զեկոյցում առանձնացւում էր Անգլիայի Բարձրագոյն լիկան (աղբիւրը` https://softpower30.com/wp-content/uploads/2018/07/The-Soft-Power-30-Report-2018.pdf):

Ի տարբերութիւն փափուկ ուժի` կոշտ ուժը (Hard power) ելնում է ուժի ճնշման մեթոտաբանութիւնից: Շատ յաճախ կոշտ ուժի քաղաքականութիւնն ուղեկցւում է  երկրի ռազմական կամ տնտեսական լծակների, պատժամիջոցների բանեցմամբ` դրամատնային հաշիւների, գումարների սառեցման միջոցով: Յաճախ դրանք կիրառւում են միասին: Մասնագիտական գրականութիւնում կոշտ ուժը սահմանւում է նաեւ որպէս յարձակողական ուժ:

Խելամիտ ուժ

Դիւանագիտութեան կամ քաղաքականութեան բաւական լայն լծակների հնարաւորութիւն է ընձեռում խելամիտ ուժ (Smart power) մեթոտը: Մեթոտի վերաբերեալ մասնագիտական սահմանում կրկին գտնում ենք Ճոզեֆ Նայի քաղաքագիտական աշխատութիւններում: Նայը, խելամիտ ուժ ասելով, հասկանում է կոշտ եւ փափուկ դիւանագիտութեան փոխլրացման, համատեղման քաղաքականութիւնը: Խելամիտ ուժը ներառում է դիւանագիտական, քաղաքական, ուժային-ռազմական, տնտեսական, մշակութային-հոգեւոր եւ այլ ուղղութիւններով լծակներն ու գործիքակազմը:

Խելամիտ ուժի մեթոտը հայեցակարգային կիրառութիւն սկսեց ունենալ Միացեալ Նահանգներում` 2000-ականներից սկսած: Հայեցակարգի հիմնական դրոյթներից մէկն այն էր, որ Միացեալ Նահանգներին անհրաժեշտ է թուլացնել երկրի մասնակցութիւնը միջազգային յարաբերութիւններին եւ դա փոխհատուցել միջազգային կազմակերպութիւնների ու հաստատութիւնների ներգրաւուածութեան ընդլայնման հաշուին: Հարցը կարեւորւում էր յատկապէս Ուաշինկթընի` մերձաւորարեւելեան ռազմարշաւի համապատկերում: Այդ մեթոտի կիրառման անհրաժեշտութեան դիրքերից էր ժամանակին քանիցս խօսել Հիլարի Քլինթոնը (աղբիւրը https://www.cbsnews.com/news/clinton-use-smart-power-in-diplomacy/): Որպէս առաջնահերթութիւն` նշւում էր միջազգային յարաբերութիւններում ՄԱԿ-ի` որպէս փափուկ ուժի դերակատարման ընդլայնման անհրաժեշտութեան մասին:

2006թ. Ճ. Նայը ղեկավարում էր Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կեդրոնի կողմից ստեղծուած Խելամիտ ուժի հարցերով յանձնաժողովը (Commission on Smart Power-Center for Strategic and International Studies): 2007թ. նոյեմբերին յանձնաժողովը զեկոյց պատրաստեց, որում վերահաստատում էր խելամիտ ուժը` որպէս նոր աշխարհակարգում Միացեալ Նահանգների առաջընթացի կամ համաշխարհային գերիշխանութեան վերականգնման ճիշդ ուղի (աղբիւրը` https://www.csis.org/programs/former-programs/smart-power-initiative): Զեկոյցը կրում էր «Աւելի խելամիտ, աւելի անվտանգ Ամերիկա» (A Smarter, More Secure America) վերնագիրը (աղբիւրը` https://www.csis.org/analysis/smarter-more-secure-america, https://csis-prod.s3.amazonaws.com/s3fs-public/legacy_files/files/media/csis/pubs/071106_csissmartpowerreport.pdf): Ուշագրաւն այստեղ այն է, որ նման հայեցակարգային, ռազմավարական առաջարկներով հանդէս են գալիս ուղեղային կեդրոնները: Սա եւս մէկ անգամ վերահաստատում է այն, որ Միացեալ Նահանգներում ուղեղային կեդրոններն ուրոյն մասնակցութիւն ու դեր ունեն որոշումների կայացման մեքանիզմում:

«Ռենտ» ընկերութեան` 2005թ. «Չափելով ազգային հզօրութիւնը» (Measuring National Power) զեկոյցում առաջարկւում էր պետութեան հաւաքական հզօրութիւնը գնահատել կամ հաշուարկել կոշտ եւ փափուկ ուժի մեթոտաբանութեամբ: Զեկոյցում կարեւորութիւն էր տրւում համաշխարհային գործընթացներում «ոչ պետական դերակատարների» (Non-state actors-NSAs) մասնակցութեան անհրաժեշտութեան հարցերին: Առանձնացւում էին ուղեղային կեդրոնները, մասնաւոր, վերազգային խոշորագոյն ընկերութիւնները եւ այլն:

Մասնագիտական գրականութիւնում առանձնացւում է նաեւ «սուր ուժ» հասկացութիւնը (sharp power): Սուր ուժի արհեստագիական հնարքները բանեցւում են արտերկրի հասարակութիւններին ձեռնածութեան ենթարկելու միջոցով` երկրում ներքաղաքական անկայունութեան ստեղծման նպատակներով: Արհեստագիտութիւններում մեծ կարեւորութիւն է տրւում հանրութեան առանձնացուած շերտերում (նաեւ` խոցելի խմբերում) հոգեբանական-տեղեկատուական ներգործման, հանրութեան բարոյալքման, մոլորեցման հարցերին:

Ամփոփում

Արտաքին աշխարհում պետութեան կերպարանաւորման կամ ապրանքանշային հարցերը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների, ազգային քաղաքականութեան անքակտելի բաղադրիչն են: Ի հարկէ, աշխարհի առաջատար, զարգացած երկրներն անհամեմատ մեծ հնարաւորութիւններ ունեն ազգային ապրանքանիշի համաշխարհայնացման գործում: Սակայն այդ հարցում ոչ պակաս կարողութիւններ կան նաեւ փոքր ազգ-պետութիւնների համար: Դասական օրինակներից մէկը Իսրայէլն է, որն աշխարհին այսօր ներկայանում է Start-up Nation ապրանքանիշով:

Կարծում ենք, որ ազգային կերպարի ստեղծման գործում Հայաստանը կարող է համատեղել իր քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային հարուստ ժառանգութիւնն ու զարգացող նորարարական-արհեստագիտական ներուժը: Ի տարբերութիւն Իսրայէլի, որն ունի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներուժ` համատեղելու փափուկ եւ կոշտ ուժի դիւանագիտութիւնը, Հայաստանը թերեւս սկզբնական փուլում պէտք է կեդրոնացնի իր միջոցները մեծապէս փափուկ ուժի արհեստագիտական մօտեցումների մշակման ու կիրառման ուղղութեամբ: Հայութեանը շատ աւելի պատկերաւոր հեռանկարներ կարող է տալ խելամիտ ուժի դիւանագիտութեան մշակումն ու դրա տեղայնացումը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles