ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
ԱՀ վաստակաւոր իրաւաբան
Nulla poena sine lege
«Չկայ պատիժ առանց օրէնքի»
Լատինական իրաւական սկզբունք
Հայաստանում Եւ Արցախում Յունիսի 14-ը
Բռնադատուածների Յիշատակի Օրն Է
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տօների եւ յիշատակի օրերի մասին» օրէնքի համաձայն, յունիսի 14-ը բռնադատուածների յիշատակի օրն է: Նոյն օրը նախատեսուած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան տօնացոյցում: Օրուայ ընտրութիւնը պայմանաւորուած է նրանով, որ ուղիղ 70 տարի առաջ, խորհրդային ամբողջատիրական վարչակարգը, հիմնականում «դաշնակ» պիտակի տակ իրագործեց հազարաւոր հայ ընտանիքների բռնաքսորը Ռուսաստանի Դաշնութեան Ալթայի երկրամաս: Այդ միջոցառումն ընդամէնը Խորհրդային Միութեան կողմից իրականացուած հերթական ազգային տեղահանութիւններից մէկն էր, որից անմասն չմնաց նաեւ հայ ժողովրդի արցախեան հատուածը: Այդ հրէշաւոր գործողութեան կատարման համար ԽՄԿԿ Կենտկոմի Քաղպիւրոն համապատասխան յանձնարարական իջեցրեց կենտրոնական եւ հանրապետական մարմիններին, որոնք էլ յաջողութեամբ իրականացրին:
Հարկ է նշել, որ մեր երկրամասի` Արցախի համար աքսորի նախապատմութիւնը, յոյժ գաղտնի պայմաններում, սկսուել էր դեռեւս 1948թ., երբ Խորհրդային Ազրպէյճանի ղեկավար, փանթուրքիզմի մորթի հագած Միր Ճաֆար Պաղիրովը հանրապետութեան կոմունիստներին ցուցում տուեց` երկրով մէկ «հողմացրիւ անել յայտնի եւ անյայտ դաշնակցականներին»: Պաղիրովը չէր կարող հանդուրժել, որ Թալէաթին եւ միւսներին շանսատակ անող կուսակցութեան նախկին անդամներից ոմանք դեռեւս գոյութիւն ունեն Խորհրդային Ազրպէյճանում:
Այդ առումով, կոմկուսի Լեռնային Ղարաբաղի կազմակերպութեան 13-րդ մարզային համագումարը, որը տեղի ունեցաւ 1949թ. յունուարի 9-ին, մարզկոմի քարտուղար Տ. Գրիգորեանի աշխատանքը գնահատեց անբաւարար եւ նրան ազատեց զբաղեցրած պաշտօնից: Պաքուն մարզի նորընտիր քարտուղար Աբրահամովի եւ պետանվտանգութեան բաժնի պետ Զիյալովի առջեւ խնդիր դրեց` «կուսակցական եւ պետական գաղտնիութեան պայմաններում» նախապատրաստել այն անձանց ցուցակները, որոնք ընկնում են Պաղիրովի կողմից հնչեցրած պաշտօնական յանձնարարականի տակ: Այն ընդունուեց ի գիտութիւն եւ ի կատարումն` անտեսելով, որ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը դեռեւս 1923թ. Խորհրդային Միութեան տարածքում իր գործունէութիւնը դադարեցնելու մասին «ինքնալուծարման» որոշում էր կայացրել:
Առանց որեւէ մեղադրանքի կամ անհատական եզրակացութեան կամ որեւէ բացատրութեան, մի խօսքով, առանց դատ ու դատաստանի, շուրջ 15000 հայ 1949թ. յունիսի 14-ին անդրկովկասեան հանրապետութիւններից եւ սեւծովեայ առափնեայ տարածքներից բռնի տեղահանուեց, որոնց Ալթայի երկրամաս տեղափոխելու համար պահանջուեց ընդհանուր առմամբ 16 ապրանքատար գնացքակազմ: Սա հայերի զանգուածային աքսորի առաջին դէպքն էր: Աղէտն աւելի սարսափելի կը լինէր, եթէ ընտանիքում Համաշխարհային Բ. պատերազմի մասնակից չլինէր: Ցաւօք, Արցախից աքսորուած մարդկանց եւ նրանց ընտանիքների կազմի վերաբերեալ մեզ մօտ արխիւային տուեալները չեն պահպանուել (դրանք անկասկած կարելի է գտնել ՌԴ Ալթայի երկրամասի արխիւներում, բնականաբար, տուեալ հարցով հետազօտական աշխատանքի պետական կամ կուսակցական հովանաւորութեան պարագայում), սակայն մի քանի հաւաստի փաստեր խնդրի վրայ որոշակի լոյս են սփռում: Այսպէս, Խորհրդային Ազրպէյճանի ներքին գործերի նախարարի զեկուցագրի համաձայն, հանրապետութիւնից աքսորուել է 1000-ից աւելի դաշնակցական, իսկ թիւ 97111 ապրանքատար գնացքակազմը տեղափոխել է միայն Լեռնային Ղարաբաղից աքսորուածներին:
Խորհրդային օրէնսդրութեամբ աքսորը, որպէս հիմնական պատիժ, նշանակւում էր դատարանի դատավճռով` միութենական հանրապետութիւնների քրէական օրէնսգրքերում թուարկուած որոշակի յանցագործութիւնների կատարման համար: Ընդ որում, աքսորը չէր կարող նշանակուել 16 տարին չլրացած անչափահասների նկատմամբ: Բայց, արի ու տես, Լեռնային Ղարաբաղից աքսորեալ ընտանիքներում հարիւրաւոր երեխաներ են եղել: Այդ «անմեղ մեղաւորներն» աքսորուել են` չիմանալով ո՛չ իրենց մեղքը եւ ո՛չ էլ աքսորի պատճառները: Դեռ աւելի՛ն. ոեւէ աքսորեալ անձնական գործ չի ունեցել: Էլ ուր մնաց` կայ յանցագործութիւն` կայ պատիժ, չկայ յանցագործութիւն` չկայ պատիժ հանրայայտ իրաւական սկզբունքը: Ահա այդպէս է Խորհրդային Միութիւնը գնահատել վաստակը մի երկրամասի, որտեղից Համաշխարհային Բ. պատերազմ զօրակոչուել է 45000 հայորդի, որից քսանմէկն արժանացել է Խորհրդային Միութեան հերոսի կոչման, մէկը` կրկնակի, հինգը` փառքի երեք աստիճանի շքանշանի, իսկ 23000-ը չեն վերադարձել, եւ որը տուել է Խորհրդային Միութեան երեք մարաջախտ ու մէկ ծովակալ: Աքսորեալների ճակատագիրը կիսել են` գրող եւ հրապարակախօս Արամայիսը (Միսաք Տէր Դանիէլեան), Ղարաբաղի 1919թ. Ազգային խորհրդի անդամներ Իսրայէլ Ղուլիքեոխեանը, Աբրամ Կիսիբեկեանը եւ այլ մտաւորականներ: Առաջին երկուսը մահացան աքսորավայրում, իսկ Կիսիբեկեանր ողջ մնաց` թղթին յանձնելով իր յուշագրութիւնները` աքսորի մանրամասների եւ դաժան պայմանների մասին: Ըստ յուշերի, յունիսի 14-ի գիշերը հայ ժողովրդի համար կատարեալ մի ողբերգութիւն էր: Դաժանութիւնն այն աստիճանի էր հասել, որ ծննդաբերութեան ցաւով բռնուած կանանց թոյլ չեն տուել ազատուելու` պատճառաբանելով, որ ճանապարհին կը ծննդաբերեն, իսկ հիւանդանոցներում բուժուողներին նոյնպէս խցկել են վակոնները` բժիշկներին պատասխանելով, թէ` որտեղ կը մահանան, այնտեղ էլ կը թաղուեն: Վակոններում գտնուող կանանց եւ երեխաների լացն ու ճիչը նմանւում էին մորթուող անասունների բառաչին: Նրանք փորձ էին անում դուրս պրծնել վակոններից, սակայն ուղեկցողները մուտքի մօտ կանգնած, հրացանները ձեռքներին, ամուր կողպել էին վակոնները: Մեծ ու փոքր` թափուած իրար վրայ, արցունքներն աչքերին, ահն ու մահը սրտներում` ողբում էին իրենց սեւ օրը: Մարդիկ չգիտէին, թէ ո՛ւր են իրենց քշում: Կռահել են միայն ճանապարհի 16-րդ օրը` Արեւմտեան Սիպիր` Ալթայի երկրամաս: Մինչեւ տեղ հասնելը իւրաքանչիւր շնչի տրուել է կէս քիլոկրամ հաց եւ արիշտայից պատրաստուած ջրալի կերակուր: Թէյը կամ տաք ջուրը բացառուած էր: Այդ բարբարոսութեան կազմակերպիչները նախօրօք մտածել էին, որ իրենց ուժերից վեր էր հազարաւոր մարդկանց բնական պահանջներն արգելելը, ուստի այդ նպատակով ստեղծել էին «հրաշք զուգարաններ», որոնք ընդօրինակուած էին տաճկական եաթաղանի զինանոցից:
Աքսորի ճանապարհին ծննդաբերութեան եւ մահուան դէպքեր են արձանագրուել: Տողերիս հեղինակի հօրեղբայրը` Արցախի Թաղավարդ գիւղացի Արսէն Յովսէփեանը, ընտանիքի 10 անդամի կազմով, աքսորուել էր այն բանի համար, որ մասնակցել է ռուս-թուրքական վերջին պատերազմին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան կռիւներին: Կինը` Հայկանուշը, 9-րդ երեխան ծննդաբերել է ապրանքատար վակոնում, սակայն բժշկական-առողջապահական անտանելի վատ պայմանների պատճառով նորածինը կենդանի չի մնացել: Տեղ հասնելուն պէս աքսորեալներին ցրել են երկրամասի տարբեր շրջաններում` տեղաւորելով նրանց գետնատներում, խորհրդային տնտեսութիւնների շէնքերում, մասնաւոր տներում եւ այլն: Նրանց աշխատացրել են դաշտերում, ագարակներում, մեքենա-թրաքթորային կայաններում` որպէս բանուորներ: Հաց ստացել են միայն հանրային աշխատանք կատարողները: Աքսորեալների երեխաները, զրկուած լինելով մայրենի դպրոցներից, ստիպուած յաճախել են ռուսական դպրոցներ` մոռանալով հայոց լեզուն:
Հայ ժողովրդի զանգուածային տեղահանութիւնն «օրինականացուեց» 1949թ. նոյեմբեր-1950թ. յունիս ամիսներին: Աքսորուած ընտանիքի աւագի (կամ ընտանիքի այն անդամի, ով աքսորի պատճառն էր) անունով պետանվտանգութեան մարմինները կազմել են աքսորի հիմք համարուող փաստաթղթեր, որոնց մասին աքսորեալները տեղեկացուել են իրենց նոր բնակութեան վայրերի պարէտատներում, որտեղ էլ յայտնել են, որ աքսորն անվերադարձ է եւ մշտական: Միաժամանակ աքսորեալները զգուշացուել են` ինքնակամ չլքել բնակավայրը` հակառակ դէպքում սպառնալով 20 տարուայ բանտարկութեամբ կամ տաժանակիր աշխատանքներով: Աքսորեալը պարտաւոր էր շաբաթը մէկ անգամ ներկայանալ պարէտատուն եւ ստորագրել` հաւաստելով իր ներկայութիւնը ճիշդ տեղում, իսկ իշխանութիւններն այդ տարաբախտ մարդկանց կարգավիճակի համար մոգոնել էին «յատուկ վերաբնակներ» յորջորջումը:
Պատմութիւնը, ինչպէս ասում են, ենթադրական խոնարհում չունի: Փաստերը վկայում են` 1949թ. յունիսեան բռնաքսորը նախաքայլ էր հրէշաւոր մի ծրագրի, որը բացայայտուեց Պաղիրովի դատավարութեան ժամանակ: Խորհրդային Հայաստանին միութենական հանրապետութեան կարգավիճակից զրկելու (բնակչութեան թիւը մէկ միլիոնից ցածր դարձնելու դէպքում) եւ հանրապետութեան տարածքն Ազրպէյճանի եւ Վրաստանի միջեւ բաժան-բաժան անելու նպատակով 1953թ. ամրանը պէտք էր իրականացուէր հայ ժողովրդի մի վիթխարի բռնագաղթ, սակայն Ստալինի մահը խանգարեց այդ դիւային ծրագրի իրականացումը: Այդ պարունակում արժանահաւատ պէտք է համարել Ստալինի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ Չորեքչեանի միջեւ զրոյցն առ այն, որ Ստալինը, կաթողիկոսի աջակցութիւնը ստանալու ակնկալիքով, նրան յայտնել է, որ հայ ժողովուրդը, Ալթայի երկրամաս տեղափոխուելու դէպքում, կարող է անծայրածիր եւ բերրի հողերի տէր դառնալ, ինչին Չորեքչեանը բացասական պատասխան է տուել` պատճառաբանելով, որ հայոց մշակութային արժէքները եւ Մասիս սարը հնարաւոր չէ տեղափոխել այնտեղ:
Հարկ է նշել, որ Պաղիրովի հայատեացութիւնը չափ ու սահման չունէր: Նա Մոսկուային դուր գալու եւ, ասենք, թէկուզ բրդի պարտաւորութիւնը կատարելու նպատակով չէր խորշում անգամ արցախահայերի ընտանիքների ներքնակները քանդել եւ բուրդը վերցնել` ժողովրդին թողնելով մերկ յատակին: Ինչեւէ: Ստալինի մահից յետոյ փոխուեց երկրի ներքին քաղաքականութիւնը, թողութիւն տրուեց աքսորեալների «յանցանքներին» եւ ձեւականօրէն ընթացք տրուեց` հազարաւոր անմեղ մարդկանց ոտնահարուած իրաւունքների վերականգնմանը: Դարձեալ առանց դատ ու դատաստանի, յանձնելով միայն ազատ արձակման տեղեկանք, աքսորեալներին ազատ տեղաշարժուելու իրաւունք վերապահուեց: Ի տարբերութիւն Խորհրդային Հայաստանի, որը բարեացակամ էր իր աքսորեալ հայրենակիցների` հայրենիք վերադառնալու դիմում-խնդրանքներին, Խորհրդային Ազրպէյճանի ղեկավարութիւնը որեւէ հանդիպակաց քայլ չի կատարել ազրպէյճանահայ աքսորեալների` հայրենի բնակավայրերը վերադառնալու խնդրանքները բաւարարելու համար, եւ, որպէս կանոն, դրանք մերժել է` պատճառաբանելով, որ արտաքսման որոշումը նրանց հանդէպ ճիշդ է եղել: Այդ պատճառով էլ շատ քչերը վերադարձան իրենց բնօրրանները, մեծահասակներն իրենց մահկանացուն կնքեցին աքսորավայրում, կար նաեւ խառն ամուսնութեան գործօնը, իսկ ընտանիքների մի մասն էլ, հերթական աքսորի վախից դրդուած, տեղափոխուեց Միջին Ասիայի եւ Հիւսիսային Կովկասի տարբեր բնակավայրեր:
Ազրպէյճանը, փայլուն սերտած լինելով երիտթուրքերի եւ ամբողջատիրական վարչակարգի դասերը, Խորհրդային Միութեան մայրամուտին, արցախեան ազատագրական շարժումն արմատախիլ անելու նպատակով, ձեռնամուխ եղաւ երկիրը բնիկ հայերից մաքրելու գործընթացին: Սումկայիթի, Գանձակի, Պաքուի եւ հայաշատ այլ բնակավայրերի հայ ցեղի ջարդերը, կոտորածները եւ բռնատեղահանումը փանիսլամիզմի գաղափարախօսութեան ցայտուն օրինակներ են հանդիսանում: Ազրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծուած Կազմկոմիտէն` հանրապետութեան Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլեանիչկոյի գլխաւորութեամբ եւ ազրպէյճանական ոստիկանութեան յատուկ ջոկատայինների ու խորհրդային բանակի աջակցութեամբ, «Օղակ» ռազմական գործողութեան միջոցով (ի վարձատրութիւն ռուսների հանդէպ հայերի նուիրուածութեան) 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրեց հիւսիսային Արցախի, Շահումեանի, Շուշիի, Հադրութի եւ ինքնավար մարզի յարակից շրջանների հայ բնակչութեան մի ստուար հատուածի տարհանումը հայրենական բնակավայրերից: Հարիւրաւոր հայորդիներ անհիմն քրէական պատասխանատուութեան ենթարկուեցին:
Անկախութեան նուաճումից յետոյ, Արցախի Հանրապետութիւնը 1999թ. դեկտեմբերի 31-ին «Բռնադատուածների մասին» օրէնք ընդունեց, որում տրուեց «բռնադատուած» եզրոյթի ընդգրկուն սահմանումը: Համաձայն օրէնքի, բռնադատուած է համարւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում մշտապէս բնակուող այն քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1921թ. յուլիսի 5-ից) նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական շարժառիթներով`
Ա) Դատապարտուել է հակախորհրդային ագիտացիային եւ քարոզչութեանը, հակախորհրդային կազմակերպութեանը մասնակցելու, ազգային եւ ցեղային իրաւահաւասարութիւնը խախտելու, խորհրդային պետական հասարակական կարգերն արատաւորող ակնյայտ յերիւրանքներ տարածելու յօդուածներով եւ հետագայում արդարացուել է,
Բ) Քրէական պատասխանատուութեան է ենթարկուել արտադատարանական կարգով,
Գ) Անօրինական կարգով ենթարկուել է բժշկական բնոյթի հարկադրական միջոցների,
Դ) Արտաքսուել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկուել քաղաքացիութիւնից,
Ե) Աքսորուել կամ արտաքսուել է որպէս բռնադատուածի ընտանիքի անդամ:
Բռնադատուած է համարւում նաեւ Արցախի Հանրապետութիւնում մշտապէս բնակուող այն քաղաքացին, ով սկսած 1988թ. փետրուարից` արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար քրէական պատասխանատուութեան է ենթարկուել Ազրպէյճանի Հանրապետութեան դատական իշխանութիւնների կողմից կամ հետաքննական եւ նախաքննական մարմինների կողմից պահուել է անազատութեան մէջ: Վերոնշեալ անձանց իրավիճակը հաւաստող փաստաթղթերի բացակայութեան դէպքում, այդ փաստը հաստատւում է դատական կարգով: Ինչպէս նկատելի է, բռնադատուածների մասին օրէնքը վերաբերում է քաղաքական բռնութիւնների բոլոր զոհերին:
Օրէնքը որոշ արտօնութիւններ է տալիս բռնադատուածներին: Մասնաւորապէս, բնակտարածութիւնը կորցրած բռնադատուածին բնակարանային պայմանների բարելաւման կարիք ունենալու դէպքում, իր նախկին բնակութեան վայրում, սեփականութեան իրաւունքով, տրամադրւում է սահմանուած չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարութեան համար` օժտելով հանրապետութիւնում գործող արտօնեալ պայմաններով երկարաժամկէտ վարկ ստանալու իրաւունքով: Կառավարութիւնը կարող է բռնադատուածին ազատել հանրապետութեան պետական եւ հանրային բնակարանային ֆոնտի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապուած փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձուող վճարից, եթէ բռնադատման ժամանակ բռնագրաւուել է նրա բնակտարածութիւնը: Ընդհանրական ծախսերի բնագաւառում կազի, ելեկտրականութեան, ջրամատակարարման ծառայութիւններից ու փոխադրամիջոցներից օգտուելու, ինչպէս նաեւ աղբահանութեան, ջրահեռացման եւ հեռախօսի վարձերը վճարելու համար բռնադատուածին տրւում է ամէնամսեայ դրամական օգնութիւն` կառավարութեան կողմից սահմանուած կարգով եւ չափով:
Բռնադատուածն ունի դեղորայքի արժէքի (ըստ դեղատոմսի) վճարի 50 տոկոս զեղչի իրաւունք: Բռնադատուածի սեփականութիւնը հանդիսացող բռնագրաւուած գոյքի, նրա կողմից վճարուած տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրւում է միանուագ դրամական փոխհատուցում` հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած նուազագոյն աշխատավարձի տասներկուպատիկի չափով:
Հիմք ընդունելով «Բռնադատուածների մասին» օրէնքը` հանրապետութեան նախագահը 2000թ. փետրուարի 7-ին ստորագրել է հրամանագիր` «Բռնադատուածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տուող յանձնաժողովի կազմը հաստատելու մասին»: Բռնադատուածների հարցով զբաղուող միջգերատեսչական յանձնաժողովի կազմը մի քանի անգամ փոխուել է: Ղեկավարուելով նշուած հրամանագրի պահանջներով` Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը համապատասխան որոշմամբ մի շարք միջոցառումներ է նախատեսել` բռնադատուածների համար օրէնքով սահմանուած իրաւունքների եւ արտօնութիւնների իրականացման վերաբերեալ:
Արցախի արդարադատութեան նախարարութեան վիճակագրական տուեալների համաձայն, ներկայումս հանրապետութիւնում 284 քաղաքացի ստացել է բռնադատուածի, իսկ 21-ը` բռնադատուածի առաջին հերթին ժառանգի կարգավիճակ:
Մեր երկրում տարէցտարի աւելանում են տարբեր իրադարձութիւններին եւ մարդկանց նուիրուած յուշարձանների թիւը: Այսօր, երբ հանրապետութեան սահմանադրութեամբ մարդկային կեանքը բարձրագոյն արժէք է համարւում, կարծում ենք, արդարացուած կը լինի մայրաքաղաք Ստեփանակերտում ունենալ նաեւ բռնադատուածներին նուիրուած յուշակոթող, որով իսկ կը մերժենք քաղաքական բռնութիւնները եւ յարգանքի տուրք կը մատուցենք անցեալի բռնութիւններին զոհ գնացած մեր հայրենակիցների յիշատակին, կը փաստենք Արցախի ժողովրդի` ազատ ապրելու եւ այդ ազատութիւնը պաշտպանելու վճռակամութիւնը: