Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Սարդարապատում Քո Շունչն Ինչի՞ց Է Կտրւում

$
0
0

ՎՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Երբեք չէի կարող մտածել, որ օրերից մի օր ինքս ինձ հարց կ՛ուղղեմ` ո՞ւր ենք գնում: Սարդարապատի բարձունքում եղանակն էլ համահունչ էր օրուայ խորհրդին` տօթ, բայց` ամպոտ, հեղձուցիչ` շունչդ կտրուելու ու այդ պահին քեզ հետ մտորելու չափ: Իսկ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի յուշակոթողի մէջ հող-մասունքի զետեղման արարողութեան ժամանակ խեղդւում էիր ոչ թէ բազմութեան առատութեանից ու անձկութիւնից, այլ` արմատը կորցնելու գիտակցումը կոկորդիդ թողնելով:

Դողդոջուն ձեռքերով մի պապիկ շոյում էր Մանուկեանին վերաբերող մասունքների սափորներ ու լաց լինում: Ինչ-որ բանի մասին էր երկխօսում, շնորհակալութիւն էր յայտնում, մտովի անցնում մէկդարեայ պատմութեան միջով ու կրկին շոյում` հպարտութեամբ, որ պետութեան հիմնադիրն իր արժանի տեղում է:

Չմտածէք, թէ հայրենասիրական պաթոսից ելնելով եմ գրում, պարզապէս այսօր հասկացայ, թէ ինչքա՜ն ենք անջրպետուել ինքներս մեզնից: Քանի՞ հոգեւորական է մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, որո՞նք են պայքարել ու պետութիւն հռչակել, ի՞նչ ենք մենք պատգամել ու պատգամում մեզնից յետոյ եկողներին: Ինքս ինձ եմ հարցնում, յետոյ հարցն ուղղում նաեւ ձեզ` իմ սերնդակիցներին` մի մոտել բարձր, մի մոտել ցածր սմարթֆոնից, «Ինսթակրամ»-ում երկու նկար պակաս հրապարակելուց, ուղիղ եթերում հօրեղբօր տղայի ծննդեան արարողութեան «լուսաբանումից» զատ` ի՞նչ ենք անում: Քաղաքականութիւնից, Սորոսից, սեւ զգեստից, ծաղկաւոր թիթեռնիկից, երկիրը թալանածներից եւ բազմազան այլ երեւոյթներից անդին` գիտե՞նք ինքներս մեզ: Հանրապետութեան դպրոցներից քանիսի՞ հայոց պատմութեան ուսուցիչն է երեխաներին ահով-սարսափով, սիրով, գուրգուրանքով, եթէ շատ կ՛ուզէք, դուխով սերտել տալիս հայի, հայոց պատմութեան փառաւոր էջերի դասերը: Գիտէ՞ք` ով ենք… Եթէ միայն իմանայիք: Հայրենիքը լոկ օրհներգի անընդհատ շահարկուող թեման չէ, ՊԵԿ ծառայողին պատին յենած դրօշի համար անարգանքի սեանը գամելը չէ, Թումանեանի անունից «Վեր կաց ու քայլիր», իսկ Արամ Մանուկեանի անունից «կոռումպացուած» չինովնիկին մերժելը չէ: Հայրենիքը արմատն է, ծինը, յիշողութիւնը, յարգանքը, դողդոջուն ձեռքերով աճիւնասափորը գուրգուրելն ու մեծերի հետ երկխօսելը: Հայրենիքը նաեւ համամարդկային արժէքներն են, դրանք ընդունելն ու քոնը դրանց շարքը դասելը:

Սարդարապատի բարձունքում շնչահեղձ անողը ոչ թէ շոգն էր, այլ` ազգայինի գիտակցման կորուստն ընդունելու ցաւը: Խնդրում եմ` պաթոս չփնտռէք,  չփնտռէք յանկարծ, պարզապէս երբ տեսակապով սիրելու կը լինէք ձեր հարազատներին, հարցրէք նրանց` իսկ Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>