ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Վարուժանի յորդուն տաղանդը նրան դրդել է մի քանի բանաստեղծական ծրագրեր միաժամանակ է ստեղծել: Ինչպէս, օրինակ, «Հացին երգը» նա մտայղացել է դեռ «Հեթանոս երգերը» գրելիս, Կանտում, որի մասին կարդում ենք իր բարեկամներից մէկին յղած նամակում` «Հացին երգը» գարնան դէմ պիտի սկսիմ»: Իսկ Չօպանեանին ուղարկել է այդ շարքի բանաստեղծութիւններից մէկը` գրելով. «Յիշատակ մըն է, զոր մանկական տաք երեւակայութիւնս հայ գիւղի մը շրթունքին, սարսուռով, մինչեւ այս օրս հասցուց»:
Այս շարքը, սակայն, աւարտում է երեք տարի յետոյ, 1915թ., որը հրատարակւում է իր գազանային յօշոտումից վեց տարի յետոյ միայն, կրկին Պոլսում, 1921թ. «Նաւասարդ» նորաստեղծ միութեան կողմից:
Այս շարքը բաւական ողբերգական ճակատագրի արժանացաւ: Վարուժանի ձերբակալման օրը արիւնախում խուզարկուները բռնագրաւում են նաեւ իր բոլոր գրութիւնները: 1919թ. Վարուժանի այրին` Արաքսի Թաշճեանը, կաշառելով թուրքական գրաքննութեան աշխատող մի հայի, մտնում է այն ներքնայարկը, ուր հայ գրողներից բռնագրաւած աշխատանքներն են հաւաքել եւ կաշառքի միջոցով փրկում է իր ամուսնու անգնահատելի հարստութիւնը, որը կարծես իր նահատակութեան ամոքիչ սփոփանքը դարձաւ ապրողներիս համար:
1921թ. այս գրքի հրատարակման առիթով կազմակերպած ցերեկոյթին բանախօսում են Վահան Թէքէեանը եւ Շահան Պէրպէրեանը: Ամենայուզիչը եղել է այն պահը, երբ Վարուժանի դուստրը` Վերոնիկը, իր հօր գրքից մի հատուած է արտասանել:
Այսօր իրապէս երախտապարտ ենք իր հոգու վերջին ճիչը դարձած
այդ հատորի ե՛ւ ստեղծման, ե՛ւ ամենակարեւորը` իր կնոջը` Արաքսիին, անձնազոհութեամբ այն փրկելու համար, առանց որի` հայ գրականութիւնը շատ մեծ կորուստ պիտի ունենար:
Ընդհանրապէս իւրաքանչիւր նոր հատոր, նոր խօսք, նոր ասելիք, նոր ոճ նոր բառապաշար է Վարուժանի համար: Իւրաքանչիւր նոր հրատարակութեամբ նոր Վարուժանին ենք հանդիպում: Ինքն էլ խոստովանում է. «Հաճելի է ինծի միշտ լարերս փոխել եւ վերանորոգուիլ արուեստիս մէջ, եւ եթէ մուսաները չլքեն զիս, դեռ պիտի կարենամ շուարեցնել»:
«Հացին երգը» շարքում իրապէս տարբեր Վարուժան է, այստեղ բացակայում է ազգի ծանր վիճակը, դրանով մտահոգ, նրան արթնացնելու, պայքարի մղելու հեւքը: Այստեղ քնարական, լուսաւոր, իմաստնացած իր հողն ու դրա բարիքները փառաբանող բանաստեղծն է:
Իւրաքանչիւր անհատ ընդմիշտ կապուած է մնում իր մանկութեան` անկախ դրա դառը կամ շքեղ յիշողութիւնից, ստեղծագործողը` առաւել եւս: Ուրեմն պատահական չէ Վարուժանի դարձը դէպի իր արմատը, գիւղը, այն ակունքը, որից ստացել էր իր ողջ գունաւորումը:
«Տարիներով կ՛երազեմ վերապրիլ մանկական հասակիս սրտին մէջ` երկնահուպ ժայռի մը վրայ` Ալիսի եզերքը վայրկեա՜ն մը, վայրկեա՜ն մը միայն եւ յետոյ թող անդունդը զիս կլլէ», գրել է նա:
Նրան յոգնեցրել էր Պոլիսը իր կեղծ շպարով, քաղքենիութեամբ, ատելի էր իր համար այդ «շուայտ ու արբեցող կեանք»-ը, ատում էր անգամ «դահլիճներուն փարթամ կիները, որոնց կաւատն է ոսկին» եւ այդ անվերջանալի անհաշտութեան մէջ նա մտքով գտնում է հանգիստը իր գիւղի դաշտերում, դեռ չապականուած մշակի չարքաշ ջիղերում եւ մէկ ամբողջ խորագիր է նուիրում այդ ամէնը փառաբանելու համար: Այդ է վկայում իր գրութիւնը` «Միջավայրս բոլորովին հակաբանաստեղծական է, ստիպուած եմ յիշատակներէս ներշնչուիլ»: Այդ յիշատակները մանկութեան գիւղն էր:
Թէեւ այն միայն յիշատակների արթնացում չէ, այն որոշակի նպատակ ու ասելիք ունէր: Գիւղը հայրենիքի հիմքն էր, անվերջանալի կոտորածները, ազգի ստրկային պայմանները անտանելի էին դարձրել հայի կեանքն ամէնուրեք, յատկապէս` գիւղերում: Հային պարտադրում էին հեռանալ իր հողից, գիւղացուն` իր դաշտից: Հայ գիւղը արագօրէն բնակեցւում էր թուրքերով ու քիւրտերով, այն օրէ օր դատարկւում, քայքայւում էր: Կեանքը մորթւում էր արտերի մէջ, միտքը` գանկի:
Գրողներից շատերը, մտահոգ` հայաթափութեան օրէ օր աճող երեւոյթից, տարբեր միջոցներով փորձում էին յատկապէս գիւղացուն կապել իր հողին: Յիշենք Սիամանթոյի «Հայրենի հրաւէր»-ի տողերը`
«Վերադարձէ՛ք որդիներ, ձեր գութանին ու արօրին»:
Վարուժանն այլ մօտեցում է որդեգրում: Նա բաց հրաւէրքով չի մօտենում հարցին: Հակառա՛կը, գիւղի ողջ առաւելութիւնն է հրամցնում ժողովրդին:
Վարուժանը պաշտել է իր գիւղը, միշտ հպարտացել գիւղացու իր ծագումով, սիրել է ջլապինդ մշակներին, որոնք կարծր հողի եւ կիզիչ արեւի հետ կռիւ տալով` իրենց մարգարտեայ քրտինքով հաց են արարել, «հա՜ցը սրբազան»: Նրանք բարի են, նրանց կրծքի տակ բաբախում է «սիրտն հողի», երակներում արեգակն է յորդում: Նա զանց է առնում այն բոլոր բացասական տարրերը, որոնք իշխում էին գիւղում: Կրկին դիմենք իր նամակին. «Գաւառի երեք տարուան կեանքս (ուսուցչութեան տարիների մասին է խօսքը) ջղայնացնող պայքար մը եղաւ ընդդէմ նախապաշարումներու, ժողովրդական տգիտութեան եւ կուսակցական խօլութիւններու»: Նա գիտէր, որ այդ ամէնը տիրող պայմանների հետեւանք են, որ` դրանք կարելի է ուղղել, իսկ իրական գիւղը հողն է, հայի ծոցը, նրա ոգին պարունակող տարրը` գիւղացին, մշակները:
Այս շարքում ամփոփուած 29 բանաստեղծութիւններից իւրաքանչիւրում (ըստ 1986 թ. Անթիլիասի հրատարակութեան), գիւղական մի բնանկար է, աշխատանքի տարբեր փուլերով լեցուն, որը բնորոշ է դաշտային առօրեային` տափան է, սերմնացան, առաջին ծիլերի հրճուանք ու գեղեցկութիւն, գարնանային օրհնուած անձրեւ, ցորենի հասկերով լեցուն դաշտեր, որոնք նոյն բովանդակութեան ծառայելուց զատ` ունեն իրենց նշանակութիւնը: Իւրաքանչիւրը զարգանում է ըստ դաշտային աշխատանքի պարտադրանքի, որին զարմանալիօրէն այնքան ծանօթ է եղել:
Հետաքրքիրն այն է, որ այս շարքն էլ սկսում է «Մուսային» բանաստեղծութեամբ, ինչպէս` «Սարսուռներ» շարքում, սակայն այս անգամ, ի հակադրութիւն «Սարսուռներ»-ի, որտեղ մուսաներից գիտակցօրէն հայցում է բանաստեղծի դժուարին կոչումը, «Հացին երգը» շարքում նա մուսայից շնորհք է խնդրում` անսխալ վերարտադրելու այն աշխարհը, որտեղից հոսում են մեր զգացումները, որտեղից մեր պապերի կանչն ենք լսում, որի հանդէպ անսահման սէր ու ակնածանք ունի ինքը:
«Սորվեցուր ինձ.- պսակէ քընարս հասկերով…»
Բանաստեղծական շարք ստեղծելու ձեւը 20-րդ դարասկզբին տարածուած էր, իրենից առաջ Սիամանթոն է օգտագործել այն, սակայն Վարուժանի մօտ սոսկ ձեւ չի մնում, այլ դառնում է միջոց` ամբողջական նիւթ, պատկեր ստեղծելու, ուր ամէն մէկ բանաստեղծութիւն իր առանձին բովանդակութեամբ ներկայանալով հանդերձ, դառնում է մեծ կտաւը լրացնող մասնիկ:
Եթէ հետեւէք բանաստեղծութիւնների շարքին, կը տեսնէք աստիճանական, ծրագրային դասաւորում. նախ` արտերն են, յետոյ գործող անձինք` մշակները, եզները, որոնք հերկում են հողը, յետոյ` ցան, տափան, առաջին ծիլեր, անձրեւ, եւ այսպէս շարունակ, մինչեւ ցորենը հասնում, ամբարւում ու ալրաղաց է տարւում:
Ափսոսանքով պիտի նշել, որ այդքան տպաւորիչ այս շարքը աւարտուած չէ: Բացակայում են հացի վերջնական ստեղծումը ներկայացնող մի քանի քերթուածներ, որոնց վերնագրերն են միայն նշուած եղել իր ծոցատետրում, բայց որոնք հաւանաբար դեռ չէին ստեղծուել, միայն ծրագիր են մնացել:
Ըստ իր նշումների, «Ալրաղացին» յաջորդելու էին «Ալիւրը», «Ախոռը», «Թթխմորը», «Փուռը», «Հայրենի սեղանը» եւ «Հացին երգը»: Ոչ ամբողջական լինելը ոչինչ է պակասեցնում այս գործի գեղարուեստական անգնահատելի արժանիքից եւ բովանդակութիւնից:
Այս շարքի իւրաքանչիւր բանաստեղծութիւն միայն երգ չէ, այլ իւղաներկ կտաւ է` «Արտս ոսկո՜ւն է նման բոցերու», կամ` «Հունձք կը ժողվեմ մանգաղով», «Լուսանակը եարս է». դա բանահիւսութիւն է ժողովրդի տքնաջան աշխատանքի` միախառնուած նրա ստեղծած բարիքների, ուրախութեան ու օրհնանքին:
Նա զարմացնում է մեզ կենդանի, շնչող պատկեր ստեղծելու կարողութեամբ: Կարելի՞ է մոռանալ` «Հովե՜ր կ՛անցնին,
Ու ցորեաններս յուշիկ-յուշիկ կ՛արթըննան,
Իրենց խորքէն կը հոսի դող մ՛անսահման»:
Իր տողերից երեւում է երեւոյթների մէջ ներթափանցելու արտակարգ կարողութիւնը: Նա պարզապէս չի անցել արտերի մօտով, այլ ապրել է դրանց արթնացումը, ինչպէս ապրել էր ցեղին վշտերը, մօրը կարօտը, բանուորուհու հիւծախտը, Նեմեսիսի վրէժը:
Եւ պատահական չէ, որ մեր առջեւ կենդանանում է հայ շինականը` իր բրդոտ կուրծքով, նրա ցանքը, հերկը, որը աշխատում, ակօսներ է բացում իր ուղղամիտ բնաւորութեան պէս`
«Մարդը կ՛երթայ երգելով մաճն ափին մէջ պընդաջիղ,
Ու իր ճամբան կը գծէ իր հոգիին պէս ուղիղ»:
Վարուժանը ոչ միայն վերականգնեց հայ գիւղի պատկերը, մշակների ստեղծած բարիքները, այլ իր ակունքից հեռացող հայութեան յիշեցրեց իր կապը իր հողին հետ, այդ հողում իր ծիների ծնունդը, փորձեց արթնացնել հայի երակներում հոսող ստեղծագործ դարաւոր զգացումները` շաղախուած հայրենի բնաշխարհի անկրկնելի գեղեցկութեամբ:
Իր անսահման սէրն ու փափաքը` հային լիառատ ու բազմացած տեսնելու, նոյնքան հրատապ է իր համար, որքան` նրա ազատագրումը: Նրա իւրաքանչիւր տողը սրբազան աղօթք է, երկրպագութիւն հանդէպ գիւղացուն, բնութեանը, հացին, նրա ստեղծողներին, գալիք սերունդ ծնողներին:
«Ափ մը ցերեան ծոցերուդ մէջ
Թող որ ցանեմ, Հարսըս աղուոր,
Հարսըս աղուոր, սէ՜րս հեռաւոոր.
Թող անկողնիդ ակօսին մէջ
Հասկ մը ծըլի` լըման շարքով,
Եւ օրօրած օրոցքիդ մէջ
Արշալոյսներ նընջեն փառքով»:
«Հացին երգը»-ին, ըստ իր ծրագրի, պիտի յաջորդէր «Գինին երգը», ծրագրել էր գրել «Հայ հոմերագիրքը» Սասունցի Դաւթի ընդհանուր մշակումը եւ, ո՞վ գիտէ, դեռ ի՜նչ նոր գործեր պիտի ըմբոշխնէինք, չէ՞ որ նա ընդամէնը 31 տարեկան էր, իր ստեղծագործական ամենածաղկուն տարիքին, եթէ բարբարոս ոգին, ինչպէս ինքն էր բնութագրել թուրքին, վայրագաբար չյօշոտէր նրան:
Վարուժանի մեծագոյն առաւելութիւնը իր ինքնատպութիւնն էր, որ իր ժողովրդի սրտի զարկերը հաւաքագրած, դրանց ականջալուր, դրանք իրական պատգամ դարձրած` ուղղորդում էր իր ազգին դէպի ազատագրում, դէպի մեծն ու հզօրը, ինչպէս եղել էր նախկինում. «Հայը պիտի ապրի` հակառակ իր դահիճներուն: Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու», սա էր իր հաւատամքը:
«Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ», գրում է նա:.
Նա ոչ միայն օգտակար դարձաւ, այլ իր սէրն ու գնահատումը հանդէպ իր ժողովուրդը, հաւատը նրա ներքին ուժի հանդէպ` դարձրեց ժողովրդին առաջնորդող պատգամ: Նա հաւատում էր իր ժողովրդի հանճարեղութեանը եւ այդ աղերսով դիմում նրան.
«Ճառագայք մը բոց մը տուր ինձ տաղանդէդ,
Զի ես տուի սրտիս հրայրքը բոլոր,
Թող մըրրկէ, փոթորկէ զիս այգաւէտ
Հանճարիդ բոցն` որ ցեղիս ջահն է այսօր»:
Իր մեծութիւնը, սակայն, միայն իր ժողովրդով, նրա հանդէպ ունեցած հայրենասիրութեամբ չի ամփոփւում, իր սէրն ու մտահոգութիւնը, իր ազատութեան տենչը համամարդկային ընդգրկում ունեն: Պատահական չէ իր «Անդաստան» բանաստեղծութիւնը, ուր չորս քառեակներում ամփոփում է այս փոքրիկ, Երկիր կոչուած մոլորակի չորս` արեւելեան, արեւմտեան, հիւսիս, հարաւ, կողմերում ապրող ողջ մարդկութեան խաղաղութեան իր մաղթանքը:
Դա աղօթքից վեր, համամարդկային խաղաղասիրութեան, մարդասիրութեան, բնութեան տուած բարիքների գնահատման, բարութեան ու օրհնանքի մի հանճարեղ ուղերձ է համայն մարդկութեանն ուղղուած.
«Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Լայն երակին մէջ ակօսին
Ոչ արիւններ, քրտինք հոսին
Ու երբ հընչէ կոչնակն ամէն գիւղակի`
Օրհներգութի՜ւն թող ըլլայ»:
Վարուժանին ամբողջովին հասկանալու համար պիտի կարդալ նաեւ նրա յօդուածները, նամակները` ուղղուած իր մտերիմներին, մեզ հանրածանօթ իր ժամանակակիցներին` Սիամանթոյին, Արշակ Չօպանեանին, Թէոդիկին, Արիստակէս Քասգանտիլեանին, Վարդգէս Ահարոնեանին, Ռուբէն Զարդարեանին եւ այլոց, ուր անկեղծօրէն կիսել է իր ապրումներն ու մտածումները:
Անշուշտ այսպիսի մի մեծութեան պիտի չհանդուրժէր թուրքի ամուլ, ոճրագործ ուղեղը, պիտի չհանդուրժէր յատկապէս նրա այն բնորոշումը, ուր ասում էր.
«Հայը մի մարտիրոս է, մի վկայ: Ժանտ ձեռքերը ջախջախեցին իր գանկը, բայց նա կրցաւ ստեղծագործել: Կոտրեցին իր բազուկները, բայց նա ակռաներով բացեց իր սրտին ակօսները եւ նիզակներու եւ եաթաղանի հարուածներով պատռեցին իր կուրծքը եւ ծակծկեցին ամբողջ իրանը եւ սակայն չի կրցին մեռցունել զինքը, որովհետեւ սիրտը կը բաբախէր տակաւին այնքան ուժգին, որքան առոյգ երիտասարդի մի սիրտը»:
Այս տողերը կարծես իր գազանային յօշոտման կանխազգացումներն էին: Ճիշդ այդ ձեւով էլ տարիների կուտակած վրէժով բզկտեցին նրա մարմինը, փորեցին աչքը` մոռանալով, որ նա տեսել էր աւելին` իր ոչնչացուող ազգի զարթօնքը, ձուլուել էր իր ժողովրդին: Նրանք մոռացան, որ հանճարներին անհնարին է սպաննել:
2009թ. այս հանճարեղ բանաստեղծի ծննդեան 125-ամեակի առիթով, մի խումբ պոլսահայերի կողմից, որպէս յաւերժացում իր անուան, իր ստեղծագործութեան եւ որպէս ապտակ թշնամուն, յաւէտ յիշեցում իր գազանային արարքին` Պոլսի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը իր խորհրդանշական կիսանդրին կանգնեցուեց, որի ձախ մասում արձանագրուած է «Անդաստան» բանաստեղծութեան վերջին քառեակը:
Վարուժանին մեծարեցին ոչ միայն հայ մեծանուն ստեղծագործողներն ու իր ժողովուրդը, այլ նաեւ` օտարները: Նրա ստեղծագործութիւնները թարգմանուեցին տարբեր լեզուներով, իսկ 1958թ. Պելճիքայի Կանտ քաղաքի համալսարանի մատենադարանի առաջին սրահում եռալեզու` հայերէն, ֆրանսերէն, ֆլամանտերէն արձանագրութեամբ յուշատախտակ տեղադրուեց Վարուժանի մեծադիր դիմաքանդակով եւ կենսագրութեամբ: Որի վրայ քանդակուեցին իր «Նեմեսիս» բանաստեղծութեան տողերը.
«Ինչ փոյթ կեանքը մեռնող,
Երբոր երազը կ՛ապրի,
Երբոր երազն անմահ է»:
Մեծ ստեղծագործողների երթը գալիս է նրանց մահից յետոյ, եկող սերունդներն են տալիս նրանց գնահատականը, ինչպէս Յ. Օշականն է բնութագրել այդ երեւոյթը.
«Դիմանալ իր սերունդին` փոքր արժանիք մէ: Դիմանալ յաջորդին` փաստ արուեստագէտ խառնուածքի մը: Դիմանալ երրորդ սերունդի մը` հոս է մեծ գրագէտին սահմանը: Չեմ վախնար գրելու` Դանիէլ Վարուժան մեծագոյն փառքերէն մէկն է մեր քնարերգութեան, եթէ ոչ` մեծագոյնը»:
135 տարի է անցել բրգնիկցի մեր մեծագոյն բանաստեղծի ծնունդից, խլուած է մեզնից իրեն ծնած Անատոլիայի մեր այդ գեղեցիկ բնաշխարհը, բայց յաւերժացած է այն իր բանաստեղծական տողերում, եւ իւրաքանչիւր սերունդով թարմանում է մեր մտապատկերում նրա ստեղծած հայրենի հողի կանչը, վերականգւում է ցեղին սրտի զարկերը, շլացնում` հեթանոս աստուածների փայլը, տարածւում հացին երգն ու բոյրը եւ դեռ իր երազը` ազատագրուած տեսնել իր հայրենի տարածքները, մնում են անկատար:
Վարուժանի երթը իւրաքանչիւր սերունդի հետ նորոգուելով, շարունակւում է` պարտադրելով իրականացնել իր պատգամը.
«Ու ամէն ոք Ազգին սիրով լոկ արբշիռ,
Այնպէս վառի, ապըստամբի, բորբոքի,
Որ Թորգոմայ Տունն ըզգայ,
Թէ իր օճախը մարած`
Այսօր հրաբուխ է դարձեր»:
Յ.Գ.- Ես շնորհակալ եմ մօրս` Լուսինին, որ իմ մանկական տարիքում անուղղակիօրէն ծանօթացրեց ինձ Վարուժանին եւ իւրաքանչիւր անգամ շփուելով նրա ստեղծագործութիւններին` զգում եմ, թէ որքա՛ն կարեւոր է փոքր տարիքին կրթուել մեծ ստեղծագործողների գործերով: Իրապէս դրանք մեր կեանքի մեծագոյն ուղեցոյցներն են դառնում:
(Շար. 5 եւ վերջ)
20 ապրիլ 2019
Սան Ֆրանսիսքօ