Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Եկամտային Հարկի Դրոյքաչափերի Նախատեսուող Համահարթեցումը

$
0
0

Հայաստանի  կառավարութիւնը նախատեսում է գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիւ սանդղակը համահարթեցնել եւ նախատեսել եկամտային հարկի միասնական մէկ դրոյքաչափ` 23 տոկոս:

Արդիւնքում համեմատաբար ցածր վարձատրութեամբ աշխատողների եկամտային հարկի բեռը առնուազն սկզբնական շրջանում կը մնայ նոյնը` 23 տոկոս: Փոխարէնը` էապէս կը նուազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրոյքաչափերը` 28 եւ 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Նախատեսուած չէ եկամտի չհարկուող շեմ, ասենք, օրինակ` կենսապահովման նուազագոյն զամբիւղի արժէքի չափով:

Տեղին է յիշեցնել, որ Հայաստանում մինչեւ 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների թիւը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թուի (2019թ.փետրուարի դրութեամբ` 569 հազար մարդ) շուրջ 65 տոկոսը (մօտ 370 հազար մարդ), իսկ վարձու աշխատողների ընդհանուր թուի մօտ 25 տոկոսը (շուրջ 142 հազար մարդ) կազմում են աշխատող աղքատները:

Խնդիրներ

1.- Նախատեսուող փոփոխութիւնը հակասում է Հայաստանի սահմանադրութեամբ ամրագրուած` սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջին, մտահոգիչ է սոցիալական արդարութեան տեսանկիւնից, ամբողջապէս հակասում է սոցիալական պետութեան գաղափարախօսութեանը, չի բխում միջազգային լաւագոյն փորձից:

2.- Փոփոխութեան հիմքում շուկայական կարգաւորմանն ապաւինելու մօտեցումն է, որն անխուսափելիօրէն կը նպաստի իրական եկամուտների ձեւաւորմանը «շատին` շատ, քչին` քիչ» սկզբունքով` ի հակադրութիւն «շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքի եւ հանրային կեանքում համերաշխ զարգացման կարեւորագոյն պայմանի: Այսինքն այս փոփոխութեամբ բարելաււում է բարձր եկամուտ ունեցողների վիճակը` ի հաշիւ ցածր եկամուտներ ունեցողների:

3.- Այս մօտեցումը չի համապատասխանում գործող կառավարութեան ծրագրային նպատակադրումներին` միտուած սոցիալական ներառական զարգացմանը, արժանապատիւ աշխատանքի խթանմանն ու ցածր եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

4.- Գործատուների համար չկայ խթան` ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրութիւնը առաջանցիկ աւելացնելու համար:

5.- Եկամտային հարկի համահարթեցման արդիւնքում պետական պիւտճէի մուտքերի կրճատումն էլ նախատեսւում է փոխհատուցել անուղղակի հարկերի աւելացմամբ, որն անխուսափելիօրէն կը յանգեցնի սպառողական գների բարձրացման: Արդիւնքում կը վերացուի հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը` հարկային բեռը հարուստներից առաւելագոյնս տեղափոխելով աղքատների վրայ:

6.- Եկամտային հարկի համահարթ դրոյքաչափի ներմուծման միջոցով ստուերը կրճատելու կառավարութեան ակնկալիքը հիմնաւոր չէ (տարբեր հեղինակաւոր կազմակերպութիւնների, այդ թւում` Աշխատանքի միջազգային կազմակերպութեան փորձագէտների գնահատմամբ նոյնպէս այստեղ էական եւ ուղղակի կապը բացակայում է): Անընդունելի է Հայաստանի իշխանութիւնների այն փաստարկը, որ բարձր եկամուտ ստացող անձինք խուսափում են հարկեր վճարելուց: Նախ` բարձր եկամուտ ունեցողները հիմնականում աշխատում են ֆինանսական, տեղեկատուական արհեստագիտութիւնների, ուժանիւթի ոլորտներում եւ հիմնականում զբաղեցնում են պատասխանատու պաշտօններ, որի պարագայում ստուերային վարձատրութեան ռիսքն ամենացածրն է: Միւս կողմից, եթէ բարձր եկամուտ ունեցող անձինք խուսափում են հարկեր վճարելուց, պէտք է ոչ թէ փոխել օրէնսդրութիւնը, այլ` բարելաւել հարկային վարչարարութիւնը:

7.- Այս փոփոխութիւններով փորձ է արւում սահուն կերպով քողարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը: Փաստօրէն, բարձր եկամուտներ ունեցողների կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դէմ առկայ բողոքները մեղմելու համար պարտադիր սոցիալական վճարի չափով նուազեցւում է նրանց եկամտային հարկի դրոյքաչափը:

Այլընտրանքային լուծումներ

Աշխատանքը խթանելու, արժանապատիւ աշխատանքի պայմաններ ապահովելու, արդիւնքում` աղքատութիւնը նուազեցնելու առարկայական նպատակադրումներից բխող հարկային բարեփոխումները պէտք է միտուած լինեն առաջին հերթին ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

Այդ նպատակով առաջարկւում է.

1.- Առաջիկայ միջնաժամկէտում ներդնել եկամուտների համատարած յայտարարագրման (խրախուսման բաղադրիչով) եւ ռիսքերի գնահատման վրայ հիմնուած ստուգումների ամբողջական համակարգեր, որոնք կը նպաստեն եկամտային հարկի գծով պետական պիւտճէի մուտքերի իրական աւելացմանն ու ստուերի հետեւողական կրճատմանը:

2.- Սոցիալական պաշտպանութեան ոլորտի կայուն եւ տարբերակուած ֆինանսաւորման ապահովման, ինչպէս նաեւ սոցիալական ապահովագրութեան հիմնական ռիսքերի դէպքում պետական թիրախաւորուած աջակցութեան տեսանկիւնից առարկայականօրէն անհրաժեշտ է միասնական եկամտային հարկը տարանջատել եւ նորից անցում կատարել պարտադիր սոցիալական վճարներին ու եկամտահարկին: Այս դէպքում պարտադիր սոցիալական վճարները կարող են ունենալ մէկ դրոյքաչափ, իսկ եկամտահարկի դրոյքաչափերը` պրոգրեսիւ:

3.- Զուգահեռաբար, եկամտահարկի բարեփոխումներով ամբողջացնել այդ հարկատեսակի սոցիալական բաղադրիչը, այն է`

– Սահմանել չհարկուող շեմ` առնուազն կենսապահովման նուազագոյն զամբիւղի արժէքի չափով,

– Սահմանել եկամտահարկի պրոգրեսիւ դրոյքաչափերի քառաստիճան սանդղակ:

Առաջին դրոյքաչափը սահմանել առնուազն 10 տոկոսային կէտով փոքր երկրորդից, իսկ երկրորդը եւ երրորդը` առնուազն 5 տոկոսային կէտով համապատասխանաբար փոքր` յաջորդող դրոյքաչափերից,

Առաջին դրոյքաչափը տարածել եկամուտների այն շեմի վրայ, որը բաւարար է միջին ընտանիքի (չորս անդամներից բաղկացած) նուազագոյն կենսապահովման զամբիւղն ապահովելու համար (ներկայումս մէկ անձի հաշուով` 55 հազար դրամ):

Եկամտային հարկի պրոգրեսիւ դրոյքաչափերի լիարժէք գործադրման դէպքում համեմատաբար ցածր վարձատրութեամբ աշխատատար ճիւղերում նոր աշխատատեղերի ստեղծումը գործատուների համար կը դառնայ առաւել շահեկան: Այն գործատուի համար առաւել քիչ ծախսատար կը լինի, քանի որ հնարաւորութեան դէպքում նա բարձր վարձատրութեամբ մէկ աշխատատեղի (որը կը զբաղեցնէր միայն բարձր որակաւորում ունեցող մէկ աշխատող) փոխարէն` կը ստեղծի ասենք` երկու եւ աւելի աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել նաեւ միջին կամ ցածր որակաւորում ունեցող աշխատողները: Արդիւնքում էապէս կը նուազի գործատուի կողմից վճարուող եկամտային հարկի ընդհանուր չափը, բացի այդ` կը հեշտանայ երիտասարդների մուտքը աշխատաշուկայ:

4.- Եկամտային հարկի չհարկուող շեմ սահմանելուն եւ առաջին դրոյքաչափը` 23 տոկոսից նուազեցնելուն զուգահեռ, սոցիալական ներառական զարգացման համար առարկայական անհրաժեշտութիւն են նաեւ մեր երկրի ստանձնած միջազգային պարտաւորութիւններից բխող`

– Աշխատանքի արժանապատիւ պայմանների ապահովման տեսանկիւնից Հայաստանի  աշխատանքային օրէնսդրութեան բացերի ու հակասութիւնների վերացումը, միջազգային իրաւունքի սկզբունքներին համապատասխանեցումը,

– Պետութեան գործուն աջակցութեամբ արհմիութիւնների դերի բարձրացումը,

– Աշխատանքային օրէնսդրութեան պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողութեան ամբողջականացումը եւ արդիւնաւէտութեան ապահովումը,

– Նուազագոյն աշխատավարձի բարձրացումն ու սահմանումը կենսապահովման նուազագոյն զամբիւղի արժէքից բարձր` միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում:

ՀՅԴ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ
ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>