Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13222

Հանրային Ծառայողների Աշխատատեղերը Կրճատւում Են «Աշխատի՛ր, Հայաստան» Կարգախօսի Ներքոյ

$
0
0

ԹԱԴԵՒՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի տնտեսակա
հետազօտութիւնների գրասենեակի
ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Օրերս Ազգային ժողովն ընդունեց կառավարութեան կառուցուածքի փոփոխութիւն նախատեսուող օրէնքը:

Թերեւս դրականն այն է, որ պաշտօնակատարների փոխարէն` վերջապէս կը նշանակուեն բոլոր նախարարները, եւ կ՛ունենանք լիարժէք ձեւաւորուած կառավարութիւն: Ի վերջոյ կը կատարուեն կառավարութեան ձեւաւորմանը վերաբերող ՀՀ սահմանադրութեան պահանջները:

Միւս կողմից էլ, արդէն այս փուլում նոր թափ են առնում պետական համակարգում այսպէս կոչուած` կրճատման խնդիրների շուրջ քննարկումները:

Վաղուց արդէն պարզ է, որ հիմնական նպատակադրումը պետական հատուածի աշխատատեղերի կրճատումն է: Պարզ է նաեւ, որ չեն հրապարակւում կրճատման իրական չափերը եւ իրավիճակից կախուած` օրուայ իշխանութիւնները հնչեցնում են իրարից էապէս տարբերուող թուեր:

Սկզբում ներկայացւում էին պետական համակարգի գերուռճացուածութեանը եւ նախատեսուող կրճատումներին վերաբերող անհասկանալի մեծ թուեր, մինչեւ` տաս հազար:

Հանրային առարկայական դժգոհութիւնները տեսնելով` կառավարութիւնը յետ քայլ արեց, եւ հրապարակ բերուեց փուլային կրճատումների` առաւել անցնցում տարբերակը, ըստ որի, առաջին փուլում բաւարարուելու են մինչեւ հարիւր աշխատատեղերի կրճատումներով:

Առիթ ունեցել ենք յայտնելու հրապարակային տեսակէտներ եւ փաստարկուած մտահոգութիւններ` կառավարութեան նոր կառուցուածքի, կրճատումների քողի ներքոյ պետական հատուածի աշխատատեղերի նպատակադրուած կրճատումների վերաբերեալ:

Առաջին հայեացքից այս գործընթացները, կարծես, յիշեցնում են նախկին իշխանութիւնների կողմից, մօտ անցեալում, մեկնարկած պետական համակարգի աշխատատեղերի կրճատման նոյնաբովանդակ քայլերը:

Միանգամից հարկ է նկատել, որ պետական գործառոյթների նուազեցումը, պետական կազմակերպութիւնների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջոյ` աշխատատեղերի կրճատումները ինքնին չեն կարող համարուել համակարգային կրճատումներ եւ ինքնաբերաբար չեն յանգեցնելու պետական համակարգի արդիւնաւէտութեան բարձրացմանը:

Կրճատումների գործընթացները միագործօն չեն, եւ համակարգային առումով սխալ կը լինի դրանց հանգուցալուծումը միայն որոշակի ընդհանրական տպաւորութիւններով: Ասենք, օրինակ, «համակարգն ուռճացուած է, պետական ծառայողները աշխատելու փոխարէն` սուրճ են խմում, ուստի այդ աշխատատեղերը պիտի կրճատուեն»:

Ակնյայտ է, որ այս մօտեցմամբ եւ աւելորդ շտապողականութեամբ, առարկայական առաջանալու են համակարգային` չլուծուած աւելի շատ խնդիրներ:

Պետական հատուածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանօրէն պէտք է ածանցուի կրճատումի հիմնական գործընթացներից եւ ինքնաբերաբար պէտք է հանդիսանայ դրա վերջին փուլը:

Նախ` պէտք է յստակ ու չափելի ուրուագծուեն երկրի զարգացման ծրագիրը եւ պետութեան դրական պարտաւորութիւնները, այն է` պետութեան կարգաւորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կեանքում:

Այնուհետեւ անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառոյթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան հնարաւոր կը լինի ձեւաւորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցուածքը:

Միայն այս հիմնարար քայլերի արդիւնքները կարող են բաւարար լինել` մշակելու գործող համակարգը նորի փոխարկելու արդիւնաւէտ մոտելը: Հէնց այս մոտելը կարող է լիարժէք ներառել պետական տարբեր մարմինների միջեւ եւ դրանց ներսում պետական միջոցների տրամաբանական վերաբաշխումն ու նախատեսուող գործառոյթների հետ արդիւնաւէտ հաւասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պէտք է հիմնուած լինի մասնագիտական խորքային վերլուծութիւնների, իրատեսական հաշուարկների ու կանխատեսումների վրայ:

Հետեւաբար հիմնաւոր, չափելի ու տեսանելի կը դառնան նաեւ պետական այն միջոցները, այդ թւում` աշխատատեղերը, որոնք, կրճատման արդիւնքում անխուսափելիօրէն ենթակայ կը լինեն վերաբաշխման կամ կրճատման:

Պակաս կարեւոր չէ նաեւ առարկայական այն հանգամանքը, որ կրճատման արդիւնաւէտութիւնն ուղղակի պահանջում է` հաստիքների կրճատման դէպքում աշխատանքը շարունակող մասնագէտների ընտրութիւնը կազմակերպել բացառապէս արդար եւ մրցակցային սկզբունքների հիման վրայ:

Նախապատուութիւնը պէտք է տալ հանրային ծառայողի մասնագիտական եւ մարդկային որակներին, առարկայական կերպով գնահատուած մասնագիտական ունակութիւնների համապատասխանութեանը զբաղեցուող պաշտօնին, այլ ոչ թէ` կուսակցական պատկանելութեանը կամ խնամի-ծանօթ-բարեկամ կապերին:

Ցաւօք, այս անընդունելի գործելաոճը շարունակւում է` ստանալով նոր ձեւեր եւ փաթեթաւորումներ:

Հարկ է եւս մէկ անգամ կրկնել` այս կարեւոր ու բարդ գործընթացները, իւրաքանչիւր դէպքում, անշեղօրէն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի արհեստավարժութիւնը կուսակցական պատկանելիութիւն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում: Այսինքն պետական համակարգ բարձր որակաւորում ունեցող մասնագէտներ ներգրաւելու եւ նրանց ասպարէզի աճի համար պէտք է ստեղծուեն արդար, հաւասար ու իրական հնարաւորութիւններ:

Միւս կողմից` պէտք չէ որեւէ կերպ ընդհանրացուի եւ թերագնահատուի պետական հատուածի աշխատատեղերի կրճատման ուղղակի եւ էական ընկերային ազդեցութիւնը աշխատանքը կորցնող քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների վրայ:

Կրճատման գործընթացները պէտք է ունենան ընկերային լիարժէք բաղադրիչ: Պէտք է ցուցաբերուի անհատական մօտեցում` աշխատանքը կորցնելու ռիսք ունեցող անձանց ընկերային կարիքների եւ դրա պատճառով առաջացող առարկայական խնդիրների լուծման հնարաւորութիւնների համալիր գնահատման սկզբունքով:

Գործող իշխանութիւնների կողմից առաջ քաշուող «Աշխատի՛ր, Հայաստան» կարգախօսի ներքոյ եւս անընդունելի է առարկայական այն փաստի անտեսումը, որ աշխատանքը կորցնողի յետեւում ընտանիք է` իր ընկերային ծանր խնդիրներով:

Իսկ մեր երկրում աշխատաշուկան շարունակում է գերլարուած մնալ` գործազրկութեան 20,8 տոկոս մակարդակի եւ շուրջ 25 տոկոս աշխատող աղքատների խորապատկերին, երբ միջին աշխատավարձը նախորդ մէկ տարուայ ընթացքում աճել է ընդամէնը երկու տոկոսով, իսկ մէկ անձի հաշուով կենսապահովման նուազագոյն զամբիւղի արժէքը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նուազագոյն ամսական աշխատավարձի չափը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13222

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>