Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13224

Անթեղուած Մորմոք` Հայրական Հոգում

$
0
0

ԼԻՐԱ ՂԱԼԱՅԵԱՆ

Դուք` իմ հոգում, հոգիս` ձեր մէջ,
Հող – հայրենի սէրն իմ` անշէջ,
Յաւերժից այս` յանց Մասիս սար,
Ես հսկում եմ ձեր քունն արդար…

Այս քառատողը փորագրուած է արցախեան ազատամարտի առաջամարտիկ, ապրիլեան պատերազմի հերոս նահատակ Նորայր Հաջեանի յուշաքարին` Նորայրի անունից: Մի մարդ, ով տակաւին ընդամէնը 16 տարեկան պատանի, գրեթէ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է արցախեան ազատամարտին:  Նա կրկին առաջնագծում էր 2014թ. օգոստոսին` Ազրպէյճանի հերթական ագրեսիայի օրերին:  2016 թ. ապրիլեան քառօրեային, հէնց սկզբին` ապրիլի 2-ին նա դարձեալ առաջին աշխարհազօրայինների շարքում էր` Թալիշի բարձրադիր դիրքերում,  որտեղ եւ ապրիլի 4-ի ուշ երեկոյեան,  նահատակուեց հերոսի մահով:

«Պապ ջա՛ն, ես գնացի… Ո՞ւր… Առաջնագիծ», սա որդուս հետ վերջին հեռախօսազրոյցն էր` ապրիլի 2-ին,- պատմում է  լրագրող, քաղաքական վերլուծաբան Միքայէլ Հաջեանը, յաւելելով` քանի որ դա առաջին անգամը չէր, ես մի տեսակ հանգիստ էի: Շատ է եղել, որ, իրավիճակի սրմանը զուգընթաց, որդիս շաբաթներով մեկնել է առաջնագիծ` առանց մեզ նախապէս զգուշացնելու: Առհասարակ, նրա` կամաւորական ռազմիկի զինուորական համազգեստը մշտապէս զգեստապահարանում կախուած էր: «Զգուշ կաց, պինդ կաց, տղամարդ կաց», սա է այն բարեմաղթանքը, որ մշտապէս ասում էի  նրան` ճակատը համբուրելով: Այս անգամ  ստիպուած էի  հեռախօսով յղել բարեմաղթանքս: Չգիտեմ, միգուցէ  որդիս լաւ չլսեց պատգամս… Բնականաբար այդ օրերին մեր ընտանիքի ուշադրութիւնը սեւեռուած էր յատկապէս  Մարտակերտի շրջանի վրայ, քանզի Նորայրն իր հայաստանցի իր հին զինակից ընկերների հետ գտնւում էր հէնց Թալիշի դիրքերում:

Նորայր Հաջեանը ծնուել է 1976թ. յուլիսի 17-ին, Պաքւում: 1988թ. յայտնի իրադարձութիւնների պարտադրանքով ընտանիքը գաղթեց Երեւան: Երբ պայթեց արցախեան պատերազմը, 16-ամեայ պատանին 1992թ. դեկտեմբերին կամաւորագրուեց  եւ մինչեւ պատերազմի յաղթական աւարտը տարբեր երկրապահ կամաւորական ջոկատների կազմում («Արամօ-114» ԵԿ գումարտակ, Կորիւն Ղումաշեանի ԵԿ գումարտակ, Սամուէլ Յովսէփեանի «Արծիւ-24» ԵԿ գումարտակ) մասնակցեց  Հայաստանի պաշտպանութեանը (Կոռնիձոր, Շուռնուխ) եւ Արցախի ինքնապաշտպանութեանը  (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ):

– Դեռեւս 88-ին` Երեւանում, երբ ես մասնակցում էի հանրահաւաքներին, ցոյցերին ու երթերին, Նորայրը յաճախ էր խնդրում իրեն վերցնել ինձ հետ: Նրան հետաքրքիր էր այն ամէնը, ինչ կապուած է հայոց պատմութեան եւ հայ ժողովրդի հետ: Ասել` տանը մշտապէս յատուկ ազգային գաղափարախօսութեան դասեր ենք տուել երեխաներին, ճիշդ չի լինի, պարզապէս նրանց մէջ ծիներով ներծծուած էին հայրենասիրութեան սերմերը, որոնք ծիլ էին տալիս օր առաջ: Յիշում եմ` 1989-ի ամրանն էր: Ընդամէնը 13 տարեկան պատանի էր: Մենք ընտանիքով այցելեցինք կնոջս ծնողներին, որոնք բնակւում էին Գորիսի շրջանի Շինուհայր գիւղում: Մի օր էլ որոշեցինք իջնել  հին գիւղատեղի, որտեղից դեռեւս 60-ականներին տեղափոխուել ու նորովի կերտուել էր Շինուհայրը: Այսօրուայ պէս յիշում եմ, թէ ինչպէս էր Նորայրը չոքած մաքրում մամռակալած, ցեխի ու փոշու մէջ կորած  հին խաչքարերը, որոնք անտէրութեան էին մատնուած լքուած ու անտեսուած եկեղեցու բակում: Իմ զարմացական հայեացքին Նորայրն ասաց խիստ վրդովուած. «Պա՛պ, Ղարաբաղ էք ուզում վերադարձնել, մինչդեռ մեր խաչքարերն են անտէրութեան մատնուած»:  Ես հասկացայ, որ որդուս հայրենասիրական ոգին թռչքի է պատրաստւում… 16 տարեկան էր Նորայրը, երբ  1992-ի դեկտեմբերին, մի օր անսպասելի անհետացաւ տնից: Խառը ժամանակներ էին, ընտանիքով խառնուել էինք իրար: Օրեր շարունակ փնտռտուքներից յետոյ պարզուեց, որ  արդէն իսկ անդամագրուել է Երեւանի մեր թաղամասում` Չարբախում, ձեւաւորուած կամաւորական մի ջոկատի ու մեկնել Կոռնիձոր: Գորիսի շրջանի ոստիկանապետի (այն ժամանակ` միլպետի) շնորհիւ գտանք տղայիս, փորձեցի համոզել` հետ վերադառնալ: Պատկերացրէք, դեռ երեսին աղուամազ էր միայն:  Որդուս չոր ու ինքնավստահ թոնից հասկացայ, որ անիմաստ է համոզելը.  «Պա՛պ, միլպետին ասա` ինձ ետ չբերի: Թէ չէ, միեւնոյն է, վերադառնալու եմ այստեղ ու մտնեմ մահապարտների ջոկատ»: Պայմանաւորուեցինք, որ Կոռնիձորից չի հեռանալու: Յետոյ է հրամանատարն ինձ պատմել, որ սկզբից մերժել են Նորայրին, բայց, երբ սկսել է երեխայի պէս աղաչել, կամաւորագրել են: Կոռնիձորում էլ երկար չմնաց, մարտական ընկերների հետ մեկնեց  առաջնագիծ: Երկու ամիս յետոյ միայն բախտ վիճակուեց տեսնել որդուս, ով եկել էր աշխատավայրս: Ուսին ծանր ուսապարկ էր` լի զինամթերքով: Ինքը վտիտ, կաշին ու ոսկորն էր մնացել`  ինչպէս ասում են: Հազիւ կարողացայ բարձրացնել ուսապարկը…

Եւ այսպէս, մինչեւ  պատերազմի աւարտը, յետոյ էլ` ինչպէս արդէն նշեցի… Անգամ պատերազմի աւարտից յետոյ, արդէն հրադադարի պայմաններում` 1995թ. ապրիլին, կրկին մարտական ընկերների հետ միասին,  պաշտպանութեան նախարարութեան առաջադրանքով, մեկնեց առաջնագիծ` Մատաղիսի եւ Թալիշի արանքում գտնուող դիրքերը, որպէսզի  նորակոչիկներին  սովորեցնեն զինծառայութեան տարրերը, դիրքերը պահելու մարտարուեստը:  Յաճախ եմ հանդիպում մարտական ընկերներին, խնդրում պատմել որդուս մասին, ու հպարտութեամբ է հոգիս լցւում, երբ տեսնում եմ, թէ ինչպէս են նրան զինակից ընկերները մեծարում, հերոսացնում առանց այդ էլ ինձ համար հերոս որդուս… խօսում է, ու խորին վիշտ ենք նկատում հպարտ հօր հայեացքում:

– Կայ սերունդների յարաբերակցութիւն: Դարեր շարունակ սերունդները երբեք իրար հետ չեն հաշտուել, քանզի աւագ  սերունդը միշտ համարել է, որ ինքը լաւագոյնն է, կրտսեր սերունդն էլ աւագ սերնդին համարել է պահպանողական: Սակայն փաստ է, որ կեանքն առաջ մղողը կրտսեր սերունդն է: Ես այն համոզմանն եմ, որ իմ ժառանգները, մեր սերնդի ժառանգները  ուղղակի հրաշք  են, որոնցով միայն ու միայն հպարտանալ կարելի է: Այսօր նրանց ձեռքում են կառավարման բոլոր լծակները: Ասել է թէ` մե՛ր կեանքը ենթակայ է նրանց` մեր զաւակների տնօրինմանը,- ասում է Միքայէլ Հաջեանը` շարունակելով,- վստահ եմ, որ ճիշդ ճանապարհով  են տանելու մեզ, քանի որ արժանավայել ուղի են հարթում երկրի համար: Ի հարկէ, հնարաւոր չէ առանց կսկիծի խօսել նահատակների` յատկապէս` որդուդ մասին: Լցւում է սիրտս, բայց զսպում եմ` ցաւը սեղմելով ատամներիս տակ:  Երբեք չեմ մտածել, որ իմ որդին կարող է զոհուել: Կեանքը շարունակւում է, պարզապէս կորուսեալ զաւակի տէր ծնողի համար այն այլ կերպ է շարունակւում… Ես երբեք չեմ խուսափում կատակելուց, նոյնիսկ յաճախ սրամտում եմ, բայց դա արտաքուստ է, ներքուստ ցաւն ու հպարտութիւնն է մէկտեղւում… Ի հարկէ հպարտ եմ իմ զաւակով, որ իր նախնեաց ապ ու պապերի արժանաւոր որդին է, որ չէր կարող իր կեանքը գերադասել հայրենիքից: Նա պէտք է առաջին գծում լինէր, ինչպէս եղաւ 16 տարեկանից մինչեւ 40-ը լրանալը: Ցաւօք, 40-ն այդպէս էլ չբոլորեց: Բանն այն է, որ Նորայրը տարբեր ճակատների ամենաթէժ հատուածներում է կռուել, սակայն Աստծոյ ողորմածութեամբ երբեւէ չէր վիրաւորուել: Միայն մի անգամ, երբ Օմարի բարձունքից  իրենց ջոկատը պիտի տեղափոխուէր այլ հատուած, խիստ ցրտահարուել էր. արահետով, ձիւների միջով իծաշարուկ իջնում էին` զէնքն ուսներից կախ, ծանր ուսապարկերը` մէջքներին: Նորայրը մի պահ յոգնում է եւ նստում փափուկ ձեան վրայ` փոքր-ինչ հանգիստ առնելու:  Յոգնածութիւնն այնքան էր յաղթել, որ հէնց տեղացող առատ ձեան տակ էլ քնով էր անցել: Բախտն այնքանով բերեց, որ նոյն արահետով իջնող մէկ այլ ջոկատ պատահաբար  յայտնաբերեց  ձեան շերտի տակ թաղուած Նորայրին, ով գրեթէ չէր շնչում: Մի կերպ` օղու եւ շաքարաւազի միջոցով վերակենդանացնելով` տղաները նրան իրենց հետ տարան յենակէտ: Երբ ամիսներ անց իմացայ այդ մասին, խնդրեցի, որպէսզի ինձ ծանօթացնի այդ տղաների հետ: Ուզում էի  ծնողական շնորհակալութիւնս  յայտնել: «Պա՛պ ջան, եթէ այդպէս լինի,  գիտե՞ս, թէ քանի ծնող պիտի ինձ շնորհակալութիւն  յայտնի: Քանի քանիսի՛ն էլ ես եմ փրկել: Կռիւ է, այդպէս էլ է լինում», ինչպէս միշտ` կարճ պատասխանեց որդիս:

Ինքը շատ քիչ էր պատմում իր մասին, մարտերի մասին: Չէր ուզում մեզ` ծնողներիս, աւելորդ անհանգստութիւն պատճառել: Միշտ էլ, երբ խօսում էինք պատերազմի վտանգների ու զգուշանալու մասին, ասում էր` պա՛պ, դու կեանքի մեծ փորձ ունես, բայց լրիւ չգիտես կեանքը… ռազմադաշտում կեանքն ուրիշ է: Երբեմն ստիպուած ես լինում արկի պայթիւնից զոհուած ընկերոջդ մարմինը պատառ-պատառ հաւաքել` մոռացած ամէն ինչ…

– Հայոց ազատամարտի «ճուտոներից» էր տղաս: Ընկերներն էին նրան այդ անունը տուել: Երբ արդէն հասուն տղամարդ էր` բեղ-մօրուսով, դարձեալ «Ճուտօ» էին ասում, որից երբեք չէր նեղանում,- խորհում է մտամոլոր հայրը:- Երբեմն զոհուել, նահատակուել, մարտիրոսուել բառերն այլ կերպ եմ օգտագործում` ասելով. «Նորայրիս պէս նորայրացած տղաներ»: Նորայրիս մասին շատերն են ասք հիւսել: Հին ընկերներիցս մէկը, ով Ս. Փեթերսպուրկում է բնակւում` Էդուարդ Պօղոսեանը, «Նորայրացում» վերնագրով  մի ամբողջ պոէմ է հիւսել որդուս մասին:, Նելլի Աւակովան` Միացեալ Նահանգներից,  Ռուբեն Գրիգորեանը Երեւանից, Նուարդ Աւագեանը Ստեփանակերտից բանաստեղծութիւններ են նուիրել Նորայրիս: Որդուս անունով է կոչուել նաեւ Երեւանի  համար 200 դպրոցի 6-րդ Ա. դասարանը: Կորուստս հետ չի կարող գալ, սակայն ինչ-որ տեղ հոգիս ջերմանում է, երբ զգում եմ, որ որդիս մեծարւում է, նրան յիշում են…

Նոյն արկի բեկորից զոհուեցին Նորայրն  ու իր վաղեմի մարտական ընկեր Սարգիս Խալաֆեանը: Ի յիշատակ նրանց` Միքայէլ Հաջեանը երգի խօսք  է նուիրել` «Թալիշի դիրքերում», որ մեղեդու է վերածել պէյրութցի երգահան Վահրամ Էմմիյեանը.

Արկերի տարափ հայոց դիրքերում,
Ոտքի տակ հողն էր անդուլ երերում,
Գիշերուայ մթին անվախ` իրար քով
Խոցուեցին արկից Նորայրն ու Սաքոն…

Նորայրն ընկերական լայն շրջապատ ունէր, որոնց հոգաչափ շնորհակալ են ծնողները: Հօր խօսքով,  եթէ մի ժամանակ Նորայրին ճանաչում էին որպէս  Միքայէլի որդու, ապա այսօր իրեն նաեւ ճանաչում են որպէս հերոս Նորայրի հօր:

Երբ ողբերգական դէպքը տեղի ունեցաւ, ծնողները պարզապէս կաթուածահար վիճակում էին: Նորայրի տասնեակ ընկերներ` ստեփանակերտցի տղաներ, որոնց հայրը համարում է իր զաւակները, իրօք, զաւակի դեր կատարեցին` կազմակերպելով ամէն ինչ` սկսած յուղարկաւորութիւնից մինչեւ  գերեզմանի բարեկարգում եւ յուշաքարի  տեղադրում: Որդեկորոյս հայրը շնորհակալ է նաեւ Արցախի իշխանութիւններին, որոնք սատար են կանգնել որդու ընտանիքին` ապահովելով բնակարանով, բարերարներին, ովքեր կարելւոյնս նիւթապէս աջակցել են որբացած թոռներին: Եւ ամենակարեւորը. երախտապարտ է հարսին` Գայեանէին, որ իր որդու անունը բարձր է պահում բոլոր առումներով: Աւա՜ղ, Գայեանէն եւս իր երեխաների պէս որբացել է դեռատի հասակում, երբ Աղտամից հրետակոծութեան ժամանակ` իրենց տան վրայ ընկած արկի բեկորից կորցրեց  սենեակում գտնուող մօրը` մնալով  տատի խնամքին: Նորայրը նրա համար ե՛ւ սիրող ամուսին էր, ե՛ւ  հոգատար հայր ու եղբայր,  սակայն այս անգամ եւս կեանքը շատ դաժան գտնուեց Գայեանէի հանդէպ` երկրորդ անգամ որբացնելով նրան… Արդէն երեք տարի` ամէն շաբաթ օր, Գայեանէն այցի է գնում ամուսնու գերեզմանին, խօսում նրա հետ…

– Ինչքանո՞վ են ուսանելի ապրիլեան պատերազմի սթափեցնող դասերը` հարցին, այս անգամ` Միքայէլ Հաջեանն այսպէս պատասխանեց.

– Ապրիլեան պատերազմը եւս մէկ անգամ վերահաստատեց, որ յանուն հայրենի հողի մեր նախորդ սերունդների պայքարն անխուսափելի է նաեւ ներկայ ու գալիք սերունդների համար: Նոյնիսկ պէտք չէ մտածել` պատերազմը կ՛աւարտուի՞, թէ՞ ոչ: Անգամ տեւական խաղաղութեան պայմաններում մենք մշտապէս գտնուելու ենք լարուած յարաբերութիւնների մէջ` մեր ոխերիմ թշնամու հետ: Սա մի դաս էր մեզ համար` ի վերջոյ հասկանալու, որ հայն իր հաւաքական ուժով  կռիւ ունի տալու: Երկրորդ` մենք թուլանալու իրաւունք չունենք, առաւել եւս, որ կրկին համոզուեցինք` ունենք արժանաւոր սերունդ, եւ երրորդ` մենք պէտք է մշտապէս պատրաստ լինենք ոչ միայն հոգեպէս եւ բարոյապէս, այլեւ` տնտեսապէս ու մարտականօրէն, քանզի հայրենիքի պաշտպանութեան գործում էական է ամէն ինչ:  Այն սխալները, որ ունեցանք ապրիլեան պատերազմի ընթացքում, այլեւս պէտք չէ կրկնուեն: Ազգ-բանակ` պատասխանատու ենք հաւասարապէս` սկսած երկրի նախագահից մինչեւ շարքային զինուոր ու հովիւ:

Մի անկատար երազանք ունի Միքայէլ Հաջեանը` տեսնել իր որդուն, ում պատկերն իր հոգու մէջ է եւ ամէն քայլափոխի աչքի առջեւ: Սակայն ամենամեծ փափաքն է` ոտքի կանգնեցնել Նորայրի  երեխաներին: Աւագ թոռան` Գրիգորի մէջ,  պապիկը տեսնում է իր որդուն` ընկերասէր, համարձակ, խիզախ, սակայն հարսի` Գայեանէի պնդմամբ, կրտսեր որդին` Արտակն  է նման հօրը:

Հայրենիքը թէ՛ կենդանութեան օրօք, թէ՛ յետմահու, բարձր է գնահատել Նորայր Հաջեան-հերոս քաջորդուն: Նա  2007թ. պարգեւատրուել է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան «Դրաստամատ Կանայեան», 2009թ.`  ԼՂՀ «Մայրութիւն» ՀԿ «Մայրական երախտագիտութիւն»,  2011թ.“  «Վազգէն Սարգսեան» մետալներով, ՀՀ «Արամազդ» յուշամետալով, 2016 թ.` ԼՂՀ եւ ՀՀ  «Մարտական ծառայութիւն» մետալներով (յետմահու)`:

Հերոսապատումն այս աւարտենք Միքայէլ Հաջեանի «Որդիս» երգի կրկներգ-քառեակով`  գրուած ի յիշատակ Արցախեան ազատամարտում նահատակուած հերոսների եւ որի երաժշտութիւնն արարել է երգահան Սեդրակ Երկանեանը:

Որդի՛ս, փարատիր վիշտն իմ անսպառ,
Տուն դարձիր ու բեր սրտիս զօրութիւն,
Հոգուս խայտանքը թող կրկին ծփայ,
Դու` իմ մորմոք ցաւ, իմ հպարտութիւն:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 13224

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>