Ընդհանուր
Շահումեանը արեւելքից սահմանակցում է Մարտակերտին, հարաւից` Քաշաթաղի շրջանին, հիւսիս-արեւմուտքից` Հայաստանի Գեղարքունիքին եւ հարաւ-արեւմուտքից Սիւնիքին, Վայոց ձորին, Հիւսիսային մասում Շահումեանի շրջանը սահմանակից է Ազրպէյճանին դեռեւս բռնակցուած հայկական տարածքներում ձեւաւորուած խանլարի շրջաններին: Ունի խիստ լեռնոտ մակերեւոյթ, չորս կողմից շրջապատուած է լեռնաշղթաներով` արեւելեան Սեւանի, Արցախի, Մռաւի լեռնաշղթայով եւ Արցախի բարձրաւանդակով: Վայկունիքից է սկիզբ առնում Թարթառ գետը իր բազմաթիւ վտակներով, որի լեռնահովիտը յայտնի է իր մեղմ եւ առողջարար կլիմայով:
Շրջանի տարածքը կազմում է 1 829,8 քառ. քմ: Շրջանի 16 համայնքներում 01.07.2018 թ. դրութեամբ բնակւում է 3779 մարդ: Շրջանն ազատագրուել է ազրպէյճանական բռնակցումից 1993 թուականի ապրիլի 4-ին: Շրջկեդրոնը Քարվաճառ քաղաքն է, որի բնակչութիւնը կազմում է մօտ 800 մարդ: Քարվաճառը գտնւում է Ստեփանակերտից 130 քմ, Վարդենիսից` 75 քմ եւ Երեւանից 230 քմ հեռաւորութեան վրայ:
Շրջանի բնակչութեան զգալի մասը դեռեւս Ազրպէյճանին բռնակցուած Շահումեանի ինչպէս նաեւ Խանլարի ու Դաշքեսանի շրջաններից են: Մնացեալը հայաստանցիներ են եւ Արցախի Հանրապետութեան այլ շրջաններից տեղափոխուածներն են:
Այժմեան Շահումեանի շրջանը զբաղեցնում է Արցախի հրաբխային գեղատեսիլ բարձրաւանդակի զգալի մասը: Հրաբխային այս բարձրաւանդակը բնութագրւում է իր անզուգական բնական գեղեցկութիւններով: Այն հարուստ է բնական պաշարներով, մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում յատկապէս բազմազան գունաւոր մետաղների հանքավայրերը ու երեւակումները, հանքային ջրի պաշարները: Էական ջրաելեկտրականութեան զարգացման համար անհրաժեշտ ջրային պաշարները: Շրջանի բնական զբօսանքի ու հանգստի հնարաւորութիւնները զբօսաշրջութեան զարգացման հրաշալի նախապայման է:
Շրջանի Գիւղատնտեսութիւնը
Շահումեանի շրջանի գիւղատնտեսական նշանակութեան հողային հաշուեկշիռը (համայնքային եւ պետական պահուստային ֆոնտ) կազմում են մօտ 110.000 հեկտար, որից մօտ 103.000 հեքթարն արօտավայրեր են: Խոտհարքերը գերազանցում են 3000 հեկտարը: Վարելահողերի մակերեսը մեծ չէ` մօտ 300 հեկտար (հիմնականում Ծար համայնքում), որից ըստ նշանակութեան օգտագործւում է չնչին մասը: Բազմամեայ այգիների եւ բանջարաբոստանային մշակոյթի մասին յստակ տեղեկութիւններ չկան, սակայն շրջանը երբեմնին յայտնի է եղել իր պտուղ բանջարեղէնով:
Շրջանի մեքենաքարշակային պարկը հարուստ չէ: Թերեւս սա այն պատճառներից մէկն է, թէ ինչու է մշակւում գիւղատնտեսական նշանակութեան հողերի մի փոքր հատուածը:
Անասնաբուծութիւնը շրջանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժերից մէկն է: Խորհրդային ժամանակահատուածում շրջանի տարածքում պահուել է առաւել քան 100.000 գլուխ խոշոր եղջրաւոր անասուն (ԽԵԱ) եւ աւելի մեծ քանակութեամբ` ոչխար եւ այծ: Այսօր մարզում առկայ է 2850 գլուխ ԽԵԱ, որից կով` 1052, 1078 գլուխ խոզ, 7637 թեւ թռչուն: Էական քանակ են կազմում նաեւ ձիերը, որոնց թուաքանակը ճշգրտուած չէ: Շրջանում առկայ են նաեւ մի քանի հարիւր գլուխ գոմէշ` հիմնականում Մանաշիդ համայնքում:
Ի տարբերութիւն Հայաստանում կիրառուող անասնաբուծական սովորութեան, խոշոր գլխաքանակն ունեցող անասնատէրերն իրենց կենդանիներին շուրջօրեայ պահում են արօտավայրում` հորթերին չառանձնացնելով մայրերից: Շուկայական նպատակներով կաթի վերամշակում փաստացի գոյութիւն չունի: Կաթնամթերք արտադրւում է տնայնագործական եղանակներով: Կաթի հաւաքման կայան նոյնպէս գոյութիւն չունի: Մէկ անգամ Արցախ կաթ ընկերութիւնը կաթի մթերում իրականացնելու փորձ կատարեց, սակայն այդ գործունէութիւնը երկար չտեւեց: Անասնապահները, քննարկումների ընթացքում, կարեւորեցին մթերման կայանի կամ կաթի վերամշակման արտադրամասի կարեւորութիւնը:
Առաւել մեծ է ոչխարաբուծութեան կարողականութիւնը հաշուի առնելով թէ՛ բնակլիմայական տուեալը, թէ՛ տարածաշրջանում ոչխարի մսի գնալով աճող պահանջարկը, նաեւ Հայաստանից կենդանի ոչխարների եւ ոչխարի մսի արտահանման ծաւալները:
Առանձնայատուկ բարձր է գնահատւում Քարվաճառի մեղրը: Շրջանում կայ մօտ 2700 մեղուափեթակ: 2018 թ. արտադրուել է մօտ 42 տոննա մեղր: Պէտք է նշել, որ Շահումեանի շրջան մեղուափեթակներ են տեղափոխում թէ՛ Հայաստանից, թէ՛ Արցախից: Իւրաքանչիւր մեղուագործ ինքն է վաճառում իր մեղրը: Շատ յաճախ, արտադրուող մեղրի քանակը որոշւում է նեղրի պահանջարկով, այսինքն` մեղրագործն արտադրում է այնքան մեղր, որքան կարող է վաճառել, թէպէտ աւելի շատ արտադրելու կարողութիւն ունի: Շրջանում մեղրի որակի ստուգման տարրալուծարան չկայ: Չկայ նաեւ մեղրի ընդունման եւ փաթեթաւորման կէտ, չնայած կան խօսակցութիւններ, որ նման կէտ պէտք է բացուի:
Հնարաւորութիւններ
1.- Շրջանում հիմնել կաթի վերամշակման արտադրամաս: Սրանով հնարաւոր կը լինի խթանել անասնապահութիւնը, մեծացնել անասնագլխաքանակը, տարբեր ուղղութիւններով տանիլ անասնապահութիւնից ստացուող եկամուտները (կաթ եւ միս):
2.- Անասնապահական արտադրանքի շուկայահանման ժամանակ շեշտել կաթնամթերքի եւ մսամթերքի օրկանական ծագումը:
3.- Շուկայահանել Շահումեանի շրջանին յատուկ արտադրանք` յատուկ շեշտելով ծագման վայրը, օրինակ` Քարվաճառի գոմշի պանիր, մածուն եւ թթուասեր:
4.- Հիմնել մեղրի ընդունման եւ փաթեթաւորման կայան եւ մեղրի որակի ստուգման տարրալուծարան: Շուկայահանման ժամանակ շեշտել ծագման վայրը եւ օրկանական ծագումը, օրինակ` Քարվաճառի ալպեան օրկանական մեղր կամ Քարվաճառի անտառային օրկանական մեղր: Արտադրամասի ստեղծումը կը խթանի մարզում մեղուապահութեան զարգացումը:
5.- Հիմնել մեքենաքարշակային կայան:
6.- Հիմնել անասնաբուժական սպասարկման կէտեր, որոնք կ՛իրականացնեն առաջնահերթ անասնաբուժական միջոցառումներ, օրինակ` պատուաստումներ, կը վերահսկեն համաճարակային ֆոնը, կը բուժեն կամ կը խոտանեն հիւանդ կենդանիներին: Սպասարկման կէտերը կարող են տրամադրել վճարովի ծառայութիւններ, օրինակ` արհեստական սերմնաւորում, կը տրամադրեն խորհրդատուութիւն եւ կը հանդիսանան անասնաբուժական դեղատներ:
Շրջանի Զբօսաշրջային Գրաւչութիւնը
Շահումեանի շրջանը հարուստ է բնական եւ պատմա-ճարտարապետական յուշարձաններով: Շրջանի ողջ տարածքը խիստ լեռնային է եւ կտրտուած: Շատ են բարձրաբերձ լեռնագագաթները:
Շահումեանի շրջանում է գտնւում Արցախի ամենաբարձր գագաթը` Գոմշասարը (Գեամիշ)` 3724 մեթր բարձրութեամբ: Շրջանի բնական սահմաններն են Մռաւի լեռնաշղթան` հիւսիսում, Վարդենիսի (Ռմբոստեան) լեռնաշղթան` արեւմուտքում եւ Ծաւդէից լեռնաշղթան` հարաւում: Մռաւի լեռնաշղթայում են գտնւում Օմարի եւ Գեամիշի լեռնանցքները:
Բարձրալեռնային շրջանը հարուստ է գետերով ու առուներով: Լեռնային առուները սնուցում են Լեւ, Տրտու (Թարթառ) եւ Դտխու լեռները: Շահումեանի շրջանում են գտնւում Մեծ եւ Փոքր Ալ լճերը: Ջրհաւաք աւազանը 140 ք. քմ է: Մեծ Ալ լիճը գտնւում է 2729 մ բարձրութեան վրայ. երկարութիւնը 3,5 քմ է, լայնութիւնը` 1,5-2 քմ, մակերեսը` 5,3 ք. քմ, առաւելագոյն խորութիւնը` 10 մ: Փոքր Ալ լիճը գտնւում է 2743 մ բարձրութեան վրայ. երկարութիւնը 1,5 քմ է, լայնութիւնը` 0,5 քմ, մակերեսը` 1,6 ք. քմ , առաւելագոյն խոր. 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում: Երիտասարդ եւ հնագոյն լաւային հոսքերի հատման եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջեւ. Փոքր Ալի ջրերը հոսում են դէպի Մեծը:
Շահումեանի շրջանը յայտնի է իր տաք հանքային աղբիւրներով եւ գետնի տակից բխող կազաջեռուցիչներով: Առաւելապէս յայտնի են Զուար գիւղի մօտակայքի եւ Ջերմաջուրի (Իստիսուի) տաք աղբիւրները: Մանաւանդ վերջինը յայտնի է եղել իր բուժիչ յատկութիւններով, ինչի պատճառով աղբիւրի մօտ կառուցուել է առողջարան, իսկ ջուրը շշալցուել է:
Բացի բնական յուշարձաններից շրջանը յայտնի է պատմաճարտարապետական յուշարձաններով: Առաւել յայտնի է Դադիվանքը, որը Հայաստանից Արցախ մեկնող զբօսաշրջիկների եւ այցելուների պարտադիր կանգառի կէտ է հանդիսանում:
Սակայն, Շահումեանի շրջանում կան միջնադարեան ամրոցներ, եկեղեցիներ ու հարիւրաւոր խաչքարներ, որոնք դուրս են մնում զբօսաշրջային երթուղիներից: Մասնաւորապէս, յիշատակման է արժանի 9-րդ դարի Հանդաբերդի ամրոցը, որը գտնւում է անտառապատ, բարձր լերան գագաթին` 1665 մ բարձրութեան վրայ: Բերդից ոչ հեռու կանգնած է նոյնանուն եկեղեցին:
Թարթառ գետի ափին է գտնւում 12-13րդ դարերի Կուսանաց անապատը (նաեւ` կուսանաց Սուրբ Աստուածածին անապատ կամ կուսանաց Սուրբ Ոսկեանց անապատ), որի մասին դարձեալ քչերը գիտեն, չնայած որ համալիրը գտնւում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու անմիջական հարեւանութեամբ:
Նուազ ուսումնասիրուած եւ համարեա այցելուներ չունեցող պատմաճարտարապետական կոթողները գտնւում են մայրուղուց հեռու` շրջանի լեռներում: Յիշարժան են ծովի մակերեւոյթից 2100 մեթր բարձրութեան վրայ գտնուող Ծար գիւղում պահպանուած 13-րդ դարի Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր եկեղեցիները:
Հնարաւորութիւններ
Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց կառուցումով դէպի Արցախ ուղեւորափոխադրումները ծաւալի զգալի մասը սկսեց անցնել Շահումեանի շրջանով, ինչի արդիւնքում նոր շունչ հաղորդուեց շրջանին: Մեծացաւ զբօսաշրջիկների հոսքը, կառուցուեցին ու կառուցւում են հանրային սննդի ճաշարաններ: Նոր կառուցուող Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը եւս լրացուցիչ հնարաւորութիւններ կը ստեղծի ու կ՛աշխուժացնի կեանքը 18 քմ հեռու գտնուող Քարվաճառ քաղաքում եւ զբօսաշրջիկների նոր հոսք կ՛ապահովի: Սակայն, որպէսզի շրջանը կարողանայ զբօսաշրջիկների հոսքից եկամուտ ունենայ, անհրաժեշտ է, որ զբօսաշրջիկներն առնուազն մէկ գիշեր անցկացնեն շրջանում: Մինչդեռ շրջանում որեւէ հիւրանոց չկայ: Որպէս հիւրատուն ծառայող սեփական տները քիչ են եւ հիմնականում զուրկ են տարրա ու կ՛աշխուժացնի կեանքը 18 քմ հեռու գտնուող Քարվաճառ քաղաքում եւ զբօսաշրջիկների նոր հոսք կ՛ապահովի: Սակայն, որպէսզի շրջանը կարողանայ զբօսաշրջիկների հոսքից եկամուտ ունենայ, անհրաժեշտ է, որ զբօսաշրջիկներն առնուազն մէկ գիշեր անցկացնեն շրջանում: Մինչդեռ շրջանում որեւէ հիւրանոց չկայ: Որպէս հիւրատուն ծառայող սեփական տները քիչ են եւ հիմնականում զուրկ են տարրական պայմաններից:
Անհրաժեշտ է.
1.- Քարվաճառ քաղաքում կառուցել համեստ, բայց մաքուր եւ առաջնային պահանջներին բաւարարող հիւրանոց:
2.- Ճանապարհամերձ եւ բնական ու պատմաճարտարապետական կոթողներ ունեցող կամ դրանց մօտ գտնուող համայնքներում կառուցել հիւրատներ կամ սեփական տները վերակառուցել/յարմարեցնել որպէս հիւրատներ:
3.- Հիմնել հանրային սննդի ճաշարաններ, որոնք կը մատուցեն տեղական արտադրութեան սննդամթերք:
Հիմնական դժուարութիւնը
Շահումեանի շրջանն ունի լայն հնարաւորութիւններ թէ՛ գիւղատնտեսութեան, թէ՛ զբօսաշրջութեան զարգացման համար: Սակայն այդ հնարաւորութիւններն օգտագործելու համար անհրաժեշտ է խրախուսել բնակչութեան ներհոսք դէպի շրջան: Իր բնակչութեամբ ողջ շրջանը մի գիւղ է` ցրուած 1800 քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ:
Ներհոսքի կազմակերպման առաջին նախապայմանն է շրջանում կառուցել կամ վերանորոգել բնակարաններ/սեփական տներ, բարելաւել Քարվաճառ քաղաքի կենցաղը, մշակութային կեանքը:
Քարվաճառ, 2019