Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստեանը Դիմատետրի իր էջին վրայ անդրադարձած է Համազգային թատրոնի փակմանն ու այդ առնչութեամբ մշակոյթի նախարարի պաշտօնակատարի պարզաբանմանը:
Ստորեւ` անոր գրառումը.
«Մշակոյթի նախարարութիւնից նորութիւններն արդէն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտութեամբ այլեւս հակազգային են ու հակապետական: Լրահոսի յանկարծահաս բացայայտումից պարզւում է, որ ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմից լուծարման ենթակայ կազմակերպութիւնների ցանկում է յայտնուել նաեւ Սօս Սարգսեանի անուան Համազգային պետական թատրոնը:
Նախարարի պաշտօնակատար Նազենի Ղարիբեանը`«Առաւօտ»-ին տուած հարցազրոյցում, ոչ միայն չհերքեց լուրը, այլեւ իր մեկնաբանութիւններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը յայտնուել է մշակոյթից ու նրա կառավարման ունակութիւններից հազարաւոր մղոններով հեռու, ոլորտը փորձութիւնների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրոյթում:
Փորձելով հիմնաւորել Համազգայինի թատրոնի լուծարման որոշումը` նախարարի պաշտօնակատարը այսպիսի մերկապարանոց հիմնաւորում է ներկայացնում` «թատրոնը որեւէ ժանրային առանձնայատկութիւն չունի, բացի նրանից, որ Սօս Սարգսեանի կողմից է հիմնադրուած»: ժանրային առանձնայատկութիւնը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիւ մէկ պաշտօնեան աւելի է խճճւում, համոզուած յայտարարելով, որ Համազգայինը ուսանողական թատրոն է եւ «հիմնուել է Սօս Սարգսեանի դասարանի հիմքի վրայ»:
Ա՛յ, այսպէս` անտեղեակ, չփաստարկուած, բայց կարեւորը` ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում` չիմանալով կամ զլանալով ճշդել, որ Համազգայինի թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտաւորներ` Շահում Ղազարեանը, Գալեա Նովենցը, Կարէն Ջանիբեկեանը, Նիկոլայ Ծատուրեանը, Մայիս Գարակէօզեանը, Աննա Էլբակեանը, Տիգրան Ներսիսեանը, Կարինէ Ջանջուղազեանը, Նելլի Խէրանեանը, Հրաչիկ Գասպարեանը,դաւիթ Յակոբեանը…
Չիմանալն ինքնին ամօթ չէ, բայց ոչ այս պարագայում: Եթէ տիկին Նազէնին մի քիչ լուրջ վերաբերուէր իր պաշտօնին, աւելի ճիշդ մշակոյթին` Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանաք կը պահանջէր իր աշխատակազմից ու կ՛իմանար այս, նաեւ այն մասին, որ թատրոնը միջազգային փառատօներից բազմաթիւ Կրան փրիներ է բերել Հայաստան, կ՛իմանար, որ «Արտաւազդ»-ի ոչ մի մրցանակաբաշխութիւնից Համազգայինն անմասն չի մնացել, կ՛իմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապէս Արցախի ու հայ զինուորի կողքին է եղել, կ՛իմանար, թէ այն որքա՛ն փնտռուած է սփիւռքում:
Եթէ տիկին Նազենին անկեղծ ցանկութիւն ունենար ճանաչել թատրոնը, ժամանակ կը գտնէր ներկայ լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս առաջնաներկայացումներից գոնէ մէկին:
Ի վերջոյ, եթէ անգամ Համազգայինը տրամաթիքական թատրոն է, ի՞նչ է, ձեր կիսագրագէտ կարծիքով Հայաստանում որեւէ թատրոնի գոյութեան իրաւունքը պայմանաւորուած է սոսկ ժանրային առանձնայատկութեա՞մբ, այն էլ` մէկը լինելու սահմանափակութեամբ, եւ երկրորդ, երրորդ թատրոն ունենալը շքեղութի՞ւն է: Ինչո՞ւ էք ձեզ բարոյական իրաւունք վերապահել, որոշել ինքնիրաւչութեամբ քանդել մեր հանրապետութիւնում կայացած, վաստակ ու աւանդոյթ ունեցող մշակութային օճախ, այո, մի օճախ, որի հիմնադիրը ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ ազգային երեւոյթն է:
Ի դէպ, հեռաւոր 1991-ին, երբ Սօսն ու Համազգային մշակութային միութիւնը հիմնադրում էին թատրոնը, համոզումը մէկն էր. պատերազմի, աղքատութեան եւ խաւարի մէջ ապրող հայ մարդուն հոգեւոր յենարան էր պէտք, պատերազմն յաղթելու ոգի: Մենք, Սօսը, գաղափարը յաղթեցենք. պետութիւնը գնահատեց արժէքն ու իր հովանու տակ վերցրեց: Դա էր պետութեան ազնիւ եւ իմաստուն ճանապարհը դէպի մշակոյթը, դէպի թատրոնը:
Դադարեցրէք ձեր` հերոստրատական արշաւանքն ազգային մշակոյթի դաշտում:
Ես ձեզ ՍՕՍԻ խօսքով եմ պատասխանում, եթէ թատրոնը ձեզ համար սոսկ տարածք է` ՊՈԱԿ, ապա մեզ համար` Հայաստանի, հայրենիքի հոգեւոր սահման»: