ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նա ընդամէնը մէկ հայկական երգ երգեց ու այդ երգով կարողացաւ գրաւել աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի սրտերը: Ֆրանսացի պարիթոն, ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբի անդամ ժերեմի Տելվերը համահայկական սիրոյ արժանացաւ այն բանից յետոյ, երբ առասպելական Շարլ Ազնաւուրի հոգեհանգստի արարողութեան ժամանակ գեղեցիկ մեկնաբանութեամբ ներկայացրեց «Հայկական վալս» ստեղծագործութիւնը` չտիրապետելով հայերէնին: Տելվերը Հայաստանում է, Երեւանում մասնակցում է «Քեզ համար, Ազնաւո՛ւր» խորագրով համերգին` այստեղ ներկայացնելով հայերի սրտերը գերած ստեղծագործութիւնը:
Ժերեմին անկեղծանում է` իր փոխարէն կարող էր լինել ցանկացած այլ երգիչ, որովհետեւ Ֆրանսայում բազում տաղանդաւոր արուեստագէտներ կան: Բայց բախտը ժպտաց հէնց իրեն: «Արմէնփրես»-ի հետ զրոյցում երգիչը պատմում է Հայաստան այցի, Շարլ Ազնաւուրի երգերի ու միւզիքըլում երգելու երազանքի մասին:
Համահայաստանեան Սէր` Մէկ Երգից Յետոյ
Չէի սպասում, որ երգից յետոյ նման արձագանգ կը լինի: Ֆրանսական ազգային պահակագնդի երգչախմբում բոլորս շատ զարմացանք նման արձագանգից, որովհետեւ պարզապէս մեր գործն էինք անում: Մենք Ֆրանսայում յաճախ ենք ելոյթ ունենում մեծ մարդկանց հրաժեշտի արարողութիւններին: Շատ կարճ ժամանակ ունէինք կազմակերպչական առումով ամէն ինչ հասցնելու համար: Մենք շատ կեդրոնացած էինք աշխատում ու, անկեղծ ասած, չէինք սպասում նման արձագանգի, աղմուկի, սիրոյ:
Սէր Երաժշտութեան Նկատմամբ
Ես երաժիշտների ընտանիքից չեմ: Սովորել եմ պատմութիւն եւ աշխարհաքաղաքականութիւն, դրանից յետոյ` ընդունուել երաժշտանոց, եւ իմ կեանքը փոխուել է: Երգել եմ տարբեր երգչախմբերում, յետոյ յայտ եմ ներկայացրել` երգելու Ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբում: Տղամարդկանց հոյակապ խումբ է, որը ղեկավարում են երկու կին: Մենք բազմաթիւ արարողութիւնների ենք մասնակցում, Ֆրանսայում համերգներ տալիս: Երբեմն ելոյթ ենք ունենում եւրոպական երկրներում:
Երբ փոքր էի, եւ ձայնասփիւռից երաժշտութիւն էր հնչում, միշտ ձայնակցում էի, երգում: Այդ թւում` նաեւ` Շարլ Ազնաւուրի երգերը: Բայց այդ ժամանակ դասական երաժշտութիւն չէի պարապում: Ֆրանսայում աւագ դպրոցում սովորելու տարիներին բացայայտեցի դասական երաժշտութիւնը: 20 տարեկան էի, երբ ընդունուեցի երաժշտա նոց, հիմա գրեթէ 34 տարեկան եմ:
Որեւէ գործիք չեմ նուագում: Իմ միակ գործիքը ձայնս է:
Ֆրանսական Ազգային Պահակագնդի Երգչախմբի Հնարաւոր Այցը Հայաստան
Ի հարկէ ես սիրում եմ դասական երաժշտութիւն, բայց սիրում եմ նաեւ Ճազ: Հայաստանի մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի եւ Հայաստանում Ֆրանսայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ եղանք «Մեցցօ» ակումբում: Ուղղակի հիասքանչ էր: Ճազ շատ եմ սիրում, իմ տանն էլ շատ եմ ճազ երաժշտութիւն լսում, որովհետեւ այն շատ գեղեցիկ է:
Մենք Լիլիթ Մակունցի եւ Ժոնաթան Լաքոթի հետ քննարկել ենք ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբի` Հայաստանում հնարաւոր հիւրախաղերի կազմակերպումը: Մեր երգչախումբն այնքա՜ն գեղեցիկ երգացանկ ունի, յուսով եմ, որ մի օր կը կարողանանք այն ցոյց տալ հայ ունկնդրին: Ի հարկէ դա կապուած է մեծ ծախսերի հետ, որովհետեւ երգչախմբում 40 երգիչ է, գումարած` դաշնակահար, խմբավար, խմբավարի օգնական եւ այլք: Գիտեմ, որ հեշտ նախագիծ չէ: Բայց ես ցանկանում եմ իմ գործընկերներին ցոյց տալ Հայաստանը, որովհետեւ դուք հիանալի, ջերմ, բարի մարդիկ էք: Նրանք արժանի են տեսնելու այս ամէնը: Ազնաւուրի հոգեհանգստին միայն ես չէի երգում: Նրանք բոլորն ինձ հետ էին: Ես այսօր այստեղ մենակ եմ, եւ նրանք էլ պէտք է գան Հայաստան:
Երաժշտութիւնն Ու Արշաւները
Ես շատ եմ սիրում արշաւների մասնակցել, սարեր մագլցել, գեղեցիկ բնապատկերներ տեսնել: Ֆրանսան շատ գեղեցիկ երկիր է: Յուսով եմ` նաեւ Հայաստանում էլ արշաւների կը մասնակցեմ: Հայաստանի մշակոյթի փոխնախարար Տիգրան Գալստեանն ինձ հրաւիրել է իր հետ արշաւի: Յուսով եմ` կատակ չէր, որովհետեւ շատ եմ սիրում արշաւներ: Եւ յոյս ունեմ, որ կ՛իրականացնենք այդ գաղափարը, որովհետեւ այստեղ հիասքանչ բնապատկերներ կան: Բնաշխարհն ինձ ոգեշնչում է, ես շատ եմ սիրում լինել բնութեան գրկում:
Բացի այդ, շատ եմ սիրում ոչինչ չանել: Ուղղակի հանգստանալ գիւղում: Սիրում եմ հանդիպել ընկերներիս հետ: Ընկերներիցս շատերն են երաժիշտներ, յաճախ չենք հանդիպում, քանի որ մշտապէս շրջագայութիւնների մէջ ենք:
Ես վայելում եմ կեանքը: Կեանքն իրօք շատ կարճ է, պէտք է պարզապէս վայելել այն:
Ես ֆրանսացի եմ, սիրում եմ նաեւ համեղ սնուել, լաւ գինի ըմպել: Այստեղ պարզապէս հիանալի գինի խմեցի: Հայկական խոհանոցը շատ լաւն է, Գառնիում շատ համեղ խորոված համտեսեցինք:
Հայաստանում Հանդէս Գալը` Մեծ Պատիւ
Պէտք է ասեմ, որ այստեղ շատ բան չեմ հասցրել տեսնել: Բազում լրագրողների հանդիպեցի (ծիծաղում է): Ժամանակացոյցս յագեցած է բազում հանդիպումերով, փորձերով: Շատ կարճատեւ ճանապարհորդութիւն է: Արդէն հանդէս եմ եկել օփերային թատրոնում: Շնորհակալ եմ Հայկ Պետրոսեանին Շարլ Ազնաւուրին նուիրուած այս հիանալի համերգը կազմակերպելու համար:
Մեծ պատիւ է, որ ինձ հրաւիրել են, որովհետեւ, գիտէ՞ք, ես պարզապէս լաւ երգիչ եմ, բայց իմ երկրում այնքա՜ն լաւ երգիչներ կան: Ես ինձ շատ բախտաւոր եմ համարում, որ այստեղ եմ:
Բացայայտելով Ազնաւուրին
Ես շատ փոքր էի, երբ բացայայտեցի Շարլ Ազնաւուրին: Իմ մայրիկն ու հայրիկը շատ են լսել ֆրանսական երգեր, այդ թւում` Շարլ Ազնաւուրի գործերը: Ազնաւուրը կարծես եղել է իմ ընկերը: Ես երեք անգամ հեռուից տեսել եմ նրան, բայց անձնապէս չեմ ճանաչել: Բայց ես նրա երկրպագուն եմ եղել:
Շատ սիրելի երգեր ունեմ նրա երկացանկից` Լա Պոէմ, Լա Մամա-ն, Մուրիր տ՛էմէ, Իէր անքոր-ը Գիտէ՞ք, այնքա՜ն շատ են: Ազնաւուրը մեծ մարդ էր, հանճար, այնքա՜ն երգեր ունի գրած:
Միւզիքըլում Երգելու Երազանք
Քանի որ ես դասական երգիչ եմ, շատ եմ երգում նաեւ օփերային ստեղծագործութիւններ: Յաջորդ ամիս երգելու եմ Փարիզի «Օփերա քոմիք»: Յոյս ունեմ, որ մի օր Պրոտուէյի որեւէ միւզիքըլում կ՛երգեմ: Երեւի, սա իմ երազանքն է:
Լուսանկարները` Տաթեւ Դուրեանի