ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ազդակ» բացառիկում մենք անդրադարձել էինք, թէ ինչպիսին էր արցախեան հակամարտութեան համար 2015 թուականը: Այսօր եւ առաջիկայում մենք կ՛ամփոփենք, թէ ինչպիսին էր անցնող տարին Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների համար:
Տասնեակ տարիներ շարունակուող միջազգային մեկուսացումն ու պատժամիջոցները Իրանը յաղթահարեց 2015-ի յուլիսին` Վեցնեակի հետ ստորագրելով պատմական համաձայնագիր: Սա կարելի է համարել տարուայ ամենալաւ լուրերից մէկը ինչպէս Հայաստանի, այնպէս էլ հայ-իրանական յարաբերութիւնների համար:
Իրանի ապաշրջափակումը կարող է նոր որակ հաղորդել ոչ միայն Երեւան-Թեհրան համագործակցութեանը, այլեւ` փոխել ողջ տարածաշրջանի պատկերը: Իրանը առաջիկայ տարիներին լիովին համարկուելու է համաշխարհային տնտեսութեանը: Եթէ Հայաստանը կարողանայ ճիշտ օգտուել փոփոխուող իրավիճակից, ապա տնտեսական եւ քաղաքական լուրջ օգուտներ կը քաղի:
Աւելի՛ն. այս նոր իրավիճակում Հայաստան-Իրան երկաթուղու եւ հայ-իրանական համատեղ խոշոր տնտեսական նախագծերի համար, ինչպիսին է, օրինակ, Արաքս գետի վրայ համատեղ ջրաելեկտրակայանների կառուցումը, կարող են բացուել նոր հնարաւորութիւններ ու ֆինանսաւորման նոր աղբիւրներ:
2008-ի աշնանը Սերժ Սարգսեանը յայտարարեց երեք խոշոր նախագծերի մեկնարկի մասին, որոնցից մէկը Իրան-Հայաստան երկաթուղին է: Խոստումից յետոյ անցել է աւելի քան եօթ տարի, սակայն այդ ուղղութեամբ որեւէ նշանակալի քայլ չի կատարուել: Երկաթուղու կառուցումը շարունակում է մնալ մշուշոտ: Եթէ անգամ անհրաժեշտ գումարները հայթայթուեն, ապա միանշանակ չէ այդ նախագծի տնտեսական նպատակայարմարութիւնը` հաշուի առնելով Իրան-հայաստան ապրանքաշրջանառութեան ոչ էական ծաւալները: Անշուշտ պէտք է հաշուի առնել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը նշանակում է նաեւ երկաթուղային կապ Իրանի եւ Վրաստանի, ինչպէս նաեւ` Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ` Հայաստանի համար դրանցից բխող հնարաւորութիւններով:
Տարուայ ընթացքում Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ` նախագահ, խորհրդարանի նախագահ, վարչապետ կամ արտաքին գործերի նախարար, չայցելեց Իրան: Փոխարէնը, Երեւան այցելեցին Իրանի արտաքին գործերի նախարարը երկու անգամ, ուժանիւթի նախարարը եւ նախագահի տեղակալը, որ փաստօրէն կատարում է այդ երկրի վարչապետի լիազօրութիւնները: Վարչապետ Էսհաղ Ճահանկիրիի այցի ընթացքում կայացաւ հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցում էր 300-ից աւելի գործարար Հայաստանից եւ շուրջ ութ տասնեակ` Իրանից:
Վերջին 25 տարիներին` Հայաստանի անկախութիւն նուաճելուց յետոյ, հայ-իրանական յարաբերութիւններում պահպանուել է կայուն բարիդրացիութիւն, որն արտայայտուել է նաեւ երկկողմ բարձրաստիճան բազմաթիւ այցերով: Հայաստանի երեք նախագահները` Լեւոն Տէր Պետրոսեանը, Ռոպէրթ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը, ընդհանուր առմամբ ութ անգամ այցելել են Իրան: Այդ ժամանակահատուածում Իրանի նախկին նախագահներից Մոհամետ Խաթամին եւ Մահմուտ Ահմատինեժատը Հայաստան այցելել են չորս անգամ:
Հայ-իրանական յարաբերութիւններում հեռանկարային են առաջին հերթին ուժանիւթը եւ զբօսաշրջութիւնը: Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլթ ելեկտրական գծի կառուցումը, ինչպէս յայտարարուեց Իրանի վարչապետի այցի ընթացքում, կ՛աւարտուի երկու տարուայ ընթացքում: Ծրագրի նպատակն է միացնել ոչ միայն հայկական եւ իրանական, այլեւ հայկական եւ վրացական ուժանիւթի համակարգերը: Այսպիսով, ստեղծուելու է Վրաստան-Հայաստան-Իրան ուժանիւթային համակարգ, որտեղ կապող օղակը լինելու է Հայաստանը:
Ելեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը հնարաւորութիւն կը տայ Հայաստանին 2018-ից աւելացնել կազ-ելեկտրուժ փոխանակման ծաւալը: Իրան-Հայաստան կազախողովակաշարով Հայաստան մղուող կազը վերածւում է ելեկտրական հոսանքի եւ բարձրավոլթ գծերով յետ ուղարկւում Իրան:
Երրորդ բարձրավոլթ ելեկտրագծի կառուցումը ինքնին բերելու է նրան, որ Հայաստանը աւելի մեծ ծաւալներով է կազ ներմուծելու Իրանից, քանի որ իրանական կազը, Երեւանի ջերմաելեկտրակայանում վերածուելով ելեկտրական հոսանքի, վերադառնում է Իրան: Սակայն ժամանակն է, որպէսզի Իրան-հայաստան կազատարը օգտագործուի իր ողջ թողունակութեամբ: Իրանի կազի արտահանման ազգային ընկերութեան գործադիր տնօրէնը յայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է աւելացնել Հայաստանին մատակարարուող կազի ծաւալները եւ դրանք հասցնել տարեկան 2,3 միլիառ խորանարդ մեթրի` օգտագործելով երկու երկրների միջեւ առկայ կազատարի տարողունակութիւնը: Իրան-Հայաստան կազատարն ունի օրական 6 միլիոն խորանարդ մեթր կազ մատակարարելու տարողունակութիւն, մինչդեռ ներկայում մատակարարւում է միայն 1 միլիոն, այսինքն` վեց անգամ պակաս:
Եթէ իրաւամբ իրանական կազը կարող է մրցակից լինել ռուսականին, ապա Իրանից Հայաստանի տարածքով կարող է կազ գնել նաեւ Վրաստանը, ինչը արել է ժամանակին, բայց` Ազրպէյճանի տարածքով: Ի դէպ, մի քանի օր առաջ յայտարարուեց, որ Թիֆլիսն Թեհրանի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան կազ մատակարարելու շուրջ: Իրանի կազի ազգային ընկերութեան ներկայացուցիչը նշեց, որ պայմանաւորուածութեան համաձայն, Իրանը պէտք է կազը հասցնի մինչեւ Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանայ հայ-վրացական սահմանին:
Հայ-իրանական երկկողմ այցերի ընթացքում շատ է խօսւում տնտեսական բաղադրիչը ուժեղացնելու մասին, սակայն, իրականում, բազմաթիւ նախագծեր մնում են լոկ բարի մտադրութիւններ: Հայ-իրանական վերջին մեծ նախագիծը Իրան-Հայաստան կազատարն էր, որ կառուցուեց 2007-ին: Ուշագրաւ էր, որ այս նախագիծը կեանքի կոչուեց այն տարիներին, երբ Իրանի նկատմամբ արեւմտեան պատժամիջոցները աւելանում էին` պայմանաւորուած նաեւ նախկին նախագահ Մահմուտ Ահմատինեժատի քաղաքականութեամբ:
Հայաստան-իրան առեւտրատնտեսական համագործակցութիւնը խոչընդոտող գլխաւոր պատճառներից է Հայաստանի տարածքում աւտոճանապարհների խիստ անորակ վիճակը: Հայաստանը նման ճանապարհներով երբեք պէտք չէ ակնկալի, թէ կարող է դառնալ տարանցիկ պետութիւն Իրանի եւ Վրաստանի միջեւ: Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցումը, որ ձգձգւում է տարիներով, կարող է էապէս փոխել իրավիճակը` դրականօրէն ազդելով եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան, եւ տարանցման համար:
Իր հերթին, Իրանը պէտք է Հայաստանի քաղաքացիների համար առաւել դիւրացնի ինքնաշարժներով մուտքը իր տարածք, ինչպէս դա անում է հայկական կողմը: Եթէ իրանցիները առանց դժուարութեան կարող են իրենց ինքնաշարժներով այցելել Հայաստան, ինչը տեսանելի է նաեւ շարքային քաղաքացիների համար, ապա նոյնը չեն կարող անել հայաստանցիները, քանի որ Իրան մուտք գործելու համար պէտք է մաքսատանը թողնել երաշխիքային մեծ գումար: Սա լուրջ խոչընդոտ է զբօսաշրջութեան զարգացման եւ երկու ժողովուրդների` փոխադարձ ճանաչողութեան համար:
Անհրաժեշտ է յստակութիւն մտցնել այն նախագծերում, որոնք տարիներով մնում են օրակարգում, սակայն առաջ չեն շարժւում: Եթէ Իրան-Հայաստան երկաթուղու եւ Արաքսի ջրաելեկտրակայանների կառուցումը անիրատեսական է անկախ հանգամանքներից, ապա պէտք է կեդրոնանալ համատեղ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրայ` նկատի ունենալով այն նոր հնարաւորութիւնները, որոնք բացւում են Իրանի առջեւ պատժամիջոցների վերացումից յետոյ:
Պայմանաւորուած պատժամիջոցներով` Իրանի` Հայաստանում ներդրումների ծաւալը եղել է աննշան: Այսօր, երբ ֆինանսներ են հոսելու Իրան, երբ Իրանը կարողանալու է օգտագործել արեւմտեան դրամատներում տարիներ արգելափակուած իր տասնեակ միլիառաւոր տոլարները, Հայաստանը պէտք է անի առաւելագոյնը` երկրում իրանական ուղղակի ներդրումները խթանելու համար:
Հայաստան-իրան ապրանքաշրջանառութիւնը կազմում է մօտաւորապէս այնքան, որքան Հայաստան-Թուրքիայ ապրանքաշրջանառութիւնը, որը, պայմանաւորուած փակ սահմանների իրողութեամբ, իրականացւում է երրորդ երկրներով: Հայաստանի արտաքին առեւտրի մէջ Իրանի մասնաբաժինը կազմում է ընդամէնը 6 տոկոս: Հայաստան-Իրան ապրանքաշրջանառութիւնը 2015-ի 11 ամիսներին կազմեց 250 միլիոն դոլար, որից արտահանումը դէպի Իրան 71 միլիոն տոլար, ներմուծումը` 179 միլիոն: