Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13451

Ջիւան Աւետիսեանն Իր Նոր Ժապաւէնի Շուրջ Աստղային Կազմ Է Հաւաքել

$
0
0

ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ստորեւ կը ներկայացնենք հայրենի բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի հետ «Արմէնփրէս»-ին կատարած հարցազրոյցը` անոր նոր` «Վերջին բնակիչը» ժապաւէնին առիթով:

verjin-bnakichy-9_010416

Բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի նոր` «Վերջին բնակիչը» ժապաւէնը հայկական գիւղի տեղահանութիւնից յետոյ ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է: 2016 թուականին հանրութեան դատին յանձնուելիք ժապաւէնը, բեմադրիչի հաւաստմամբ, սիրոյ եւ դրանից ծնուող ինքնազոհողութեան մասին է: Բեմագրութեան հեղինակներն են Ծովինար Խաչատրեանը եւ Մասիս Բաղդասարեանը: Երաժշտութիւնը գրում է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, «Սիսթըմ աֆ է տաուն» ալթերնաթիւ մեթալռոք խմբի մենակատար Սերժ Թանկեանը: «Արմէնփրէս»-ը նոր ժապաւէնի մասին զրուցել է բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի հետ:

«Վերջին Բնակիչը» Ժապաւէնի Նկարահանումներն
Արդէն Աւարտուած Են

12004963_1386415974999282_1085998992854130981_n

Իմ նախորդ` «Թեւանիկ» ժապաւէնի նկարահանումներն աւարտելուց յետոյ սկսեցի «Վերջին բնակիչը» ժապաւէնի աշխատանքները: Վերջինիս նախագիծը նախորդ տարի` «Թեւանիկ» ժապաւէնի հետ ներկայացրել էի Քաննի 67-րդ փառատօնի շարժապատկերի շուկայում: «Թեւանիկ»-ը նկարագրում է պատերազմական իրավիճակում յայտնուած գիւղի երեք պատանիների մէկ օրուան կեանքը: «Վերջին բնակիչը» ժապաւէնի գլխաւոր հերոսները ծայրայեղ լարուած պատերազմական իրավիճակում յայտնուած եօթանասունն անց մարդիկ են:

Միջազգային Համագործակցութեան
Արդիւնք-Ժապաւէն

Այս անգամ ցանկացայ ստեղծել մի ժապաւէն, որը ծնունդ կ՛առնի միջազգային համագործակցութեան արդիւնքում: ժապաւէնում իրենց մասնակցութիւնն են ունեցել դերասաններ, ովքեր մեծ ճանաչում ունեն աշխարհի տարբեր մասերում: Մեր հայ ճանաչուած եւ սիրուած դերասանների` Ալեքսանդր Խաչատրեանի, Սօս Ջանիբեկեանի հետ գլխաւոր հերոսներին կերպաւորում են աշխարհահռչակ դերասան Հոմայուն Էրշատին` Իրանից եւ Լիթուայում մեծ ճանաչում ունեցող դերասանուհի Սանտրա Տաուքշայտէն: Մեր միւս շատ սիրելի հայ դերասանների` Բաբգէն Չօբանեանի, Նարինէ Պետրոսեանի, Էլֆիք Զոհրաբեանի կողքին խաղում են նաեւ Տիմիթրա Խաթուփին` Յունաստանից, Աննէ Պետիանը` Միացեալ Նահանգներից, Արմէն Գրիգորեանը (Կրէյկը)` Ռուսաստանից:

verjin-bnakichy-22_010416

Ժապաւէնը Հայկական Գիւղում Մնացած
Միակ Հայ Բնակչի Մասին Է

Ժապաւէնում ներկայացուած են 1988-89 թթ. դէպքերը: Պատմութիւնը հայկական գիւղի տեղահանութիւնից յետոյ ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է: «Վերջին բնակիչը» ժապաւէնի թեման կապուած է Արցախի, սումկայիթեան ողբերգութեան հետ, որոնք իրենց հետքն են թողել հազարաւոր մարդկանց ճակատագրերի վրայ: Մարդկանց հետ տեղի են ունեցել բազմաթիւ պատմութիւններ, որոնք համամարդկային տարողութիւն ունեն: Պէտք է ուղղակի նկատել, պատմել…

Բարդութիւններ, Դժուարութիւններ

Բաւականին բարդ աշխատանքային օրեր ենք ունեցել, դժուարութիւնների շատ ենք հանդիպել, բայց կարողացել ենք յաղթահարել: Առաջին հերթին, ի հարկ է, ժապաւէնի նիւթն էր, որ մարդկանց գրաւեց: ժապաւէնի բոլոր դերասանները սիրեցին պատմութիւնը, գաղափարը եւ սիրով ցանկացան խաղալ իրենց առաջարկուած կերպարները: Ինձ համար մեծ պատասխանատուութիւն էր ունենալ այսպիսի խմբակ: Միայն հաղորդակցութիւնն արդէն խնդիր էր, հաղորդակցւում էինք մի քանի լեզուներով: Բոլոր խնդիրները լուծուեցին շնորհիւ ժապաւէնի աշխատակազմի բարձր արհեստավարժութեան եւ բծախնդիր աշխատանքի:

Արցախեան Նկարահանումներ

Նկարահանումներն իրականացրել ենք Արցախում` իմ հայրենի գիւղում` Խաչմաչում: Գիւղի պատկերը ես վաղուց նախագծել էի իմ մտքում` որպէս այս ժապաւէնի գործողութիւնների վայր, եւ այն յաջողութեամբ ի կատար ածեցինք: Ժապաւէնի  նկարահանումները սկսեցինք այս ամրանը` օգոստոսի 8-ից եւ աւարտեցինք օգոստոսի 30-ին: Մեր պատրաստուածութիւնը թոյլ տուեց 22 օրուայ մէջ իրականացնել լիամեթրաժ ժապաւէնի նկարահանումները: Այժմ ժապաւէնը յետարտադրական փուլում է` մոնթաժային, ձայնային աշխատանքներ, երաժշտութիւն եւ այլն:

11921790_1385178228456390_2360432539661696271_n

Սերժ Թանկեանը Ժապաւէնի
Երաժշտութիւնը Ստեղծողն Է

Ժապաւէնի երաժշտութիւնը ստեղծողը բոլորիս շատ սիրելի մարդ, երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկեանն է, ով այժմ երաժշտութեան արարման ճանապարհին է: Վստահ եմ, որ հիանալի աշխատանք է լինելու` համահունչ ժապաւէնի իրադարձութիւններին եւ ասելիքին: Ես էլ մեծ ակնկալիքով սպասում եմ մեր յետարտադրական աշխատանքների աւարտին: «Վերջին բնակիչը» ժապաւէնը պատրաստ կը լինի եւ հանդիսատեսի դատին կը յանձնուի 2016 թուականի գարնանը:

«Վերջին Բնակիչը» Եւ
«
Թեւանիկ»

Եթէ համեմատենք իմ երկու ժապաւէնները, ապա նմանութիւններ կը գտնենք: Երկուսն էլ առնչութիւն ունեն Արցախի հետ, դէպքերը պատերազմական նոյն պատմական իրադարձութիւնների խորապատկերին են ծաւալւում, բայց երկուսի պատմութիւնները մէկը միւսից խիստ տարբեր են: Յուսով եմ, որ հանդիսատեսը կը սիրի նաեւ «Վերջին բնակիչը» ժապաւէնը: «Վերջին բնակիչը» ժապաւէնը սիրոյ եւ նրանից ծնուող ինքնազոհողութեան մասին է: Դա յոյս է տալիս, որ հակամարտութիւններից բզկտուող աշխարհում կեանքը կը շարունակուի: Բայց ժապաւէնը պատմելն իմաստ չունի, պէտք է նայէք:

 

Լուսանկարները` ժապաւէնի պաշտօնական ֆեյսպուքեան էջից

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13451

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>