ՀՅԴ ԿԿ Անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Փոխնախագահ, Պատմական Գիտութիւնների Դոկտոր, Փրոֆեսէօր Վահրամ Բալայեան
Image may be NSFW.
Clik here to view.1980-ական թուականներին վերընձիւղուած արցախեան ազգային-ազատագրական շարժումը շատ բան փոխեց հայութեան կեանքում:
Արցախեան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրաւունքների, Աստծոյ կողմից նրան տրուած ազատ ապրելու իրաւունքի վերահաստատման համար: Դա բաւականին մարդասիրական էր, եւ պատահական չէ, որ մենք շատ համակիրներ ունեցանք` ի դէմս տարբեր պետութիւնների, ժողովուրդների, որոնք շատ դէպքերում անգամ Արցախի տեղը չգիտէին: Շարժման շնորհիւ նրանք հասկացան, որ երկրագնդի մի հատուածում բնակուող մի ժողովուրդ ձգտում է ազատ ապրել եւ պաշտպանել իր տարրական իրաւունքները: Այս իսկ տեսանկիւնից կարեւոր էր համաշխարհային հանրութեանը ներկայացնել, որ սա անջատողական շարժում չէր, տարածքի համար կռիւ չէր, այլ պայքար էր ազատութեան ու անկախութեան համար: Կարծում եմ` համաշխարհային հանրութեան կողմից այս ամէնն ընկալուեց:
Երկրորդ կարեւոր հանգամանքն այն էր, որ մեր շարժումն ընթացք ստացաւ միջազգային իրաւական եւ տուեալ ժամանակաշրջանի խորհրդային օրէնքների շրջանակներում: Այսինքն այդ բոլորը ունեցան իրաւական հիմնաւորում, եւ այս տեսակէտից մեր շարժումն անխոցելի է: Առայսօր միջազգայնագէտները, իրաւաբանները, պետական գործիչները նմանատիպ գնահատականներ տալիս են, որով մեր պայքարը տարբերւում է շատ ու շատ երկրներում սկսուած նմանատիպ շարժումներից:
Արցախեան շարժումը նաեւ հնարաւորութիւն ստեղծեց, որպէսզի նորից վերակերտուի հայկական պետականութիւնը: Ճիշդ է` մենք խորհրդային տարիներին թէ՛ Խորհրդային Հայաստանում, թէ՛ ԼՂԻՄ-ում պետականութեան որոշակի նշոյլներ ունէինք, բայց անկախութիւնը լիարժէք չէր: Շարժումը նման հնարաւորութիւն ստեղծեց, որպէսզի բազում դարերի պետականութիւն ունենալու երազանքը իրականութիւն դառնայ: Պետականութիւնը հնարաւորութիւն տուեց, որ ազգն ապրի, յարատեւի, դիմակայի տարածաշրջանի մարտահրաւէրներին:
Շարժման կարեւոր պահերից մէկն էլ այն էր, որ արցախեան պայքարը ինչ-որ տեղ ձախողեց Թուրքիայի եւ Ազրպէյճանի քաղաքական վերնախաւի մօտ տասնեակ տարիներ գուրգուրանքով պահպանուած համաթրքութեան գաղափարախօսութեան իրագործումը: Մեզ համար տեսանելի էր, որ Ազրպէյճանը նպատակաուղղուած քաղաքականութիւն էր վարում, որպէսզի հայաթափի Արցախը: Այս ծրագիրը, որը միս ու արիւն էր ստացել Թուրքիայում, նպատակ ունէր հայաթափել նաեւ բուն Խորհրդային Հայաստանի տարածքը: Պատահական չէր, որ հէնց Թուրքիայի անմիջական ջանքերով 1921թ. Արցախը, Նախիջեւանը բռնակցուեցին Ազրպէյճանին: Դա այդ ծրագրերի մի մասն էր կազմում, եւ խորհրդային ողջ ժամանակահատուածում նպատակային քաղաքականութիւն էր վարւում, որպէսզի Խորհրդային Հայաստանի, մասնաւորապէս Նախիջեւանին յարակից հատուածներում` Կապանում, Սիսիանում, Վայոց Ձորում թուրքական տարրը հաստատուի: Ժամանակի ընթացքում վերաբնակեցման միջոցով կարողացան նշուած վայրերում ստեղծել թուրքական գիւղեր, որոնք մահացու վտանգ դարձան մեր պետականութեան եւ ընդհանրապէս հայութեան ինքնութեան պահպանման համար: Արցախեան շարժումը հնարաւորութիւն տուեց, որպէսզի այս գօտին նոյնպէս վերադառնայ իր նախկին տիրոջը եւ չիրագործուի մեզ համար կործանարար ծրագիրը: Այս տեսանկիւնից արցախեան շարժումն անգնահատելի է:
Արցախեան շարժումը նաեւ փոխեց, յեղաբեկեց մարդու հոգեբանութիւնը, նրա գաղափարախօսութիւնը, հնարաւորութիւն տուեց, որպէսզի մարդը ոչ միայն ազատ ապրելու իրաւունքը տնօրինի, այլ միաժամանակ ձեռք բերի ներքին ազատութիւն: Այս սերունդը միաժամանակ ապրեց հասարակարգի վերափոխման շրջան: Խորհրդային տարիներին մարդու ազատութիւնները, իրեն ազատօրէն դրսեւորելու հնարաւորութիւնները կաղապարուած էին: Նոր սերունդը հնարաւորութիւն ունեցաւ պայքարի միջոցով ձեռք բերել նաեւ այդ ազատութիւնը: Ի հարկէ, մենք դեռ այս ասպարէզում բաւականին աշխատանքներ ունենք կատարելու, որովհետեւ մարդու ներքին ազատութիւնից է կախուած նաեւ հասարակութեան լիաթոք զարգացման, առաջանցիկ քայլեր կատարելու գործընթացը: Կարծում եմ, որ այս առումով արցախեան շարժումը նպաստաւոր հող ստեղծեց, եւ մենք պարտաւոր ենք այդ գործընթացն աւելի խորացնել, զարգացնել եւ հասնել մեր հիմնական նպատակին:
Image may be NSFW.
Clik here to view.
Ղարաբաղեան Շարժումը Եւ Ազատամարտը Լուսաբանող Լրագրող, Ահ Մշակոյթի, Երիտասարդութեան Հարցերի Եւ Զբօսաշրջութեան Նախարար, ՀՅԴ Անդամ Սերգէյ Շահվերտեան
Image may be NSFW.
Clik here to view.Երբ խօսում ենք արցախեան շարժման մասին, որպէս թիւ մէկ յաղթանակ` պէտք է ընդգծենք համազգային միասնականութեան մթնոլորտը, որը ձեւաւորուել է ղարաբաղեան շարժման առաջին իսկ օրուանից: Ղարաբաղեան շարժումն է մի գաղափարի շուրջ համախմբել հայութեանը: Ու միասնականութեան բնական արդիւնքը եղաւ յաղթանակ, քանի որ, երբ ամբողջ ազգը միաւորւում է մէկ գաղափարի շուրջ, այդ գաղափարը յաղթում է: Սարդարապատի ճակատամարտից եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան ձեւաւորումից յետոյ հայ ժողովուրդն այդպիսի յաղթանակ չի ունեցել: Ղարաբաղեան շարժումն առաջին դէպքն էր, երբ մենք սկսեցինք ընդլայնել մեր տարածքները: Ղարաբաղեան շարժման արդիւնքում ունեցանք ոչ միայն ազատագրուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, այլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, որը երեք անգամ աւելի տարածք ունէր, քան` այն տարածքը, որտեղ ծնուել է ղարաբաղեան շարժումը:
Ցաւօք, հետագայ տարիներին մենք չկարողացանք պահպանել միասնականութեան ոգին, էլ աւելի զարգացնել ու ամրապնդել մեր յաղթանակը` ստեղծելով աւելի լաւ, աւելի բարեկեցիկ, ապրելու համար աւելի յարմար հայրենիք: Դա երեւի թէ մեր ամենամեծ բացթողումն էր, որ մենք չկարողացանք ամրագրել այդ յաղթանակը: Մենք չստեղծեցինք այդ երազանքների հայրենիքը, որտեղ մարդն արժանապատիւ կը համարէր ապրել: Մենք բոլորս ենք պատիւ համարում ապրել հայրենիքում, բայց մեր հայրենիքը պէտք է լինէր այնպիսին, կը լինի այնպիսին, որ ամբողջ հայութիւնը ցանկանայ վերադառնալ իր նախնիների հողը: Սա իմ պատգամն է ապագայի համար:
«ԱՊԱՌԱԺ»