Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Պարէտ Մարոնեանի «1915 Թ. Կանայք Փաստավաւերագրական Ժապաւէնը

$
0
0

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԵՖԵԱՆ

Որքան հետեւում ենք յաջորդող հատուածներին, այնքան խորանում է մեր կսկիծը եւ յատկապէս` մեր անկարողութիւնը, որ նոյնիսկ պահպանուած բնութեան խօսուն վկայութիւններով, 102 տարի անց էլ չենք կարողանում հաստատել մեր ազգի դէմ կատարուածը: Պաստառից մեզ նայող Դուդան Գորջի անդունդից իր գեղեցկութեան շնորհիւ փրկուած ու ստիպողաբար թրքացած 94-ամեայ Արթիայի մօր պատմութիւնը ուղեկցւում է որպէս թուրք ապրած նրա լուռ հայեացքով, որը խօսուն վկան է իր մօր եւ իր տառապած ու տառապանքի մէջ կորցրած տարիների: Պարէտը իմաստուն ձեւով նրան չի խօսեցնում, այլ մի քանի ակնթարթ նրան միայնակ գամում է պաստառի վրայ, յետոյ աստիճանաբար նրան ձուլում հայակեր կիրճին ու անհետացնում, ինչպէս անհետացել են հայ հազարաւոր կանայք կիրճի մութ խորութեան մէջ, ինչպէս որ, ոչնչացել է հայ ապրելու իրենց երազանքը: Իր հոգի ծակող հայեացքը, սակայն, ուղեկցում է մեզ, առանց բառերի պատմում իր մօր եւ իր կրած դժբախտ կեանքի ու ստիպողաբար թուրքի կերպարանք առած իր տառապանքի մասին, յիշեցնելով մեզ թուրքի գերութիւնից նոր գլուխ բարձրացնող, կրկին իրենց հայութեան արմատներին վերադառնալ ձգտող հազարաւոր հայերի մասին, որոնց մենք աչքաթող ենք անում մինչեւ օրս: Սա յաւելեալ անգամ յիշեցում է մեր ազգային պարտականութեան մասին:

Յաջորդող հատուածում Ուրֆայում ծնուած Վիքթորիա Արթինեանի հպարտ ու գեղեցիկ կեցուածքը մի պահ սփոփում է մեզ, յատկապէս, երբ իր կենսագրութեան մէջ, որպէս իր աղջկայ որդեգրած թոռը` Սթիւ Ճապզն է յայտնւում, որն արեամբ հայ չլինելով հանդերձ, իրեն որդեգրած հայ ծնողների պատմածների միջով, նրանց ապրած ճակատագրով կոփուած, հայութեան դժուար ճակատագրին ծանօթացած, իրեն հայ էր համարում` պանծացնելով հայի անունը:

Անշուշտ անկարելի է խօսել 1915թ կանանց մասին եւ կանգ չառնել Քարեն Եփփէի խոնարհումի արժանի գործունէութեան վրայ: Իր մանրակրկիտ ուսումնասիրութեամբ, Պարէտը Քարեն Եփփէի ներդրումը մեզ է ներկայացնում 1926թ արտադրուած համր ժապաւէնի հատուածով եւ Եփփէի պահպանուած գրառումով, որը փաստում է նրա գործունէութեան եւ հերոսութեան հսկայ տարողութիւնը: Հազարաւոր կանանց ու երեխաներին թուրքերի, քիւրտերի, արաբների ձեռքից, մահուան անապատներից ազատագրելը,հաւաքագրելը, այն էլ` միայնակ կին, բնականաբար միայն արտակարգ ուժի եւ նուիրուածութեան տէր անձը կարող էր անել, եւ  այդ անձը Քարեն Եփփէն էր, հազարաւոր հայութեան փրկարարը: Նա ոչ միայն ապահովութիւն է տուել փրկուածներին, այլ նաեւ` կրթել, սովորեցրել է տարբեր բնագաւառերում, արձանագրել է նրանցից իւրաքանչիւրի կենսագրութիւնը ըստ իրենց յիշողութեան, քանզի շատերը մանուկ հասակում յափշտակուելով ու կրօնափոխուելով, օտար ծածկերի տակ ապրելով, անցած ճանապարհի զարհուրանքից կորցրել են իրենց յիշողութիւնը: Նա այդ արել է նրանց խլուած ինքնութիւնը վերադարձնելու, անյայտութիւնից իրենց դիմագիծը ետ տալու: Նաեւ` փաստաթղթով հաստատելու որպէս անհատ նրանց գոյութիւնը:

Իրար են յաջորդում նրանց լուսանկարները: Դժուար է որպէս հայ ճանաչել դաջուածքով աղաւաղուած երիտասարդ, գեղեցիկ կանանց, որոնց աղաւաղել են յատուկ միտումով` նրանց փախուստը կանխելու եւ որպէս ստրուկ օգտագործելու համար: Ահա Աստղիկը` Եփփէի ցանկում 1.046-րդը, ում հինգ տարեկանին փախցրել են արաբները եւ` օգտագործել որպէս իրենց անձնական իրը: Կամ` 26-ամեայ Եղսան, որ 15 տարի քիւրտին ծառայելուց յետոյ փախել ու ապաստանել է Եփփէի մօտ: Նրա դաջուած, աղաւաղուած դէմքից ու ձեռքերից, մեզ նայող տխուր, ողբերգութեամբ լի աչքերից իր ապրած դաժան տարիների պատմութիւնն ենք կարդում: Եւ կամ Մանուշը` Եփփէի փրկուածների ցանկում 1.466-դը, 8 տարեկանին Տիգրանակերտի ճանապարհին քիւրտի կողմից փախցուած` ապրել է նրա մօտ ութ տարի, յետոյ ամուսնացրել են արաբի հետ, որից ունեցել է մէկ աղջիկ զաւակ, ում անուանել է Իմաստուհի: Ինչպէ՞ս հոգուդ մէջ չտեղաւորես այս ութ տարեկանին իր ազգութիւնից հեռացած երիտասարդ կնոջը, որը իր շառաւղին հայ պահելու համար հայ չքնաղ անուն է տուել իր դստեր եւ 20 տարեկանին նրա հետ համարձակուել է փախչել Հալէպ` ապաստանելով Եփփէի հովանու տակ, ուր եւ նոր ընտանիք է կազմել` ամուսնանալով հայի հետ:

Իր բարի, մայրական ժպիտով պաստառից մեզ նայող Քարեն Եփփէն, որը մահացել է 59 տարեկանին, կարծես խօսում է մեզ հետ եւ հաւաստիացնում մեր ազգին, որ յարատեւելու ենք:

Անշուշտ ցեղասպանութիւնը միայն զանգուածային սպանութիւն չէ, այլ տուեալ ժողովրդի ողջ ունեցուածքի բռնագրաւում ու սեփականացում` տարածքներից սկսած, մինչեւ նրանց ձեռքի ստեղծագործութիւնները, յատկապէս` հայերի դարերով մշակուած արհեստների հարստութիւնը: Թէեւ Պարէտը թռուցիկ ուշադրութեան է արժանացնում այդ հարցը, հայութեան նուրբ ասեղնագործութիւնների եւ գորգերի թուրքերի որպէս իրենցը` թուրքականը ներկացնող փաստը, սակայն դրանով ստիպում է մեզ արթնանալ ու ամէնուրեք անդադար հետապնդել, միջամտել, հաստատել ու պահանջել մեզնից կողոպտուածը, ապացուցել թուրքի ստախօսութիւնն ու գողութիւնը:

Պաստառի վրայ կրկին լուսանկար է, բայց` օտար երիտասարդուհու, սակայն հայութեան համար` հարազատ ու սիրելի դէմք:  Մերի Գրաֆընն է, ամերիկեան միսիոներ բուժքոյրը, որը շատերիս  է ծանօթ Սվազում ներդրած իր ուսուցչական եւ մարդասիրական անձնազոհութեամբ: Կոտորածը սկսուելուն փոխանակ իր ընտանիքի միւս անդամների հետ Ամերիկա վերադառնալու` որոշում է մնալ եւ օգնել անօգնական հայութեան: Սվազի դաժան կոտորածին այս խիզախ ամերիկուհին տեղահանուածների հետ քայլում է դէպի Մալաթիա` անտեսելով թուրք ժանտարմների ահաբեկումը: Իր կեանքի գնով օգնում նրանց ու նաեւ ականատես լինում, թէ ինչպէ՛ս են ճանապարհներին զինուորները, քիւրտերը, թուրք բնակիչները կողոպտում ու վայրագաբար սպաննում անօգնական ու թշուառ տեղահանուածներին, եւ` այդ ամէնը գրառում: Լսելով, որ Սվազում թուրքերի տարազներով ծպտուած հայեր են մնացել, կրկին մեկնում է այնտեղ եւ փրկում տասնեակ հայերի: Անձնուրաց այս ամերիկուհին մահանում եւ թաղւում է Սվազում` հայութեան պատմութեան մէջ դրոշմելով իր անունը:

Յաջորդող հատուածում Անդրանիկ Ճեւահիրճեան լուսանկարչի ընտանիքի անդամների պաստառից մեզ նայող հայեացքը յաւելեալ անգամ հաստատում է հայութեան բարեկեցիկ ու կիրթ կենցաղը Սվազում` Եղեռնից առաջ: Թէեւ, ինչպէս գիտէք, դա ոչ թէ փրկել, այլ աւելի վնասել է իրենց: Հետեւաբար զարմանալի չէր Ճեւահիրճեան ընտանիքի մեծից փոքր տղամարդկանց առաջնահերթ ոչնչացումը: Եղելութիւնների մանրամասները այս անգամ էլ մեզ է փոխանցում Ճեւահիրճեան ընտանիքի շառաւիղը` Ֆրանսաբնակ Էօժենի Նազարէթեանը, որի լաւատեղեակութիւնը իր մօր ընտանիքի անդամների մասին` հաստատում է կրկին ու կրկին, որ, այո՛, հայութեան իւրաքանչիւր սերունդ յաջորդին է փոխանցում իր ժողովրդի դէմ կատարուած սպանդը` իւրաքանչիւր սերունդի վրայ նոր պարտականութիւն դնելով հետապնդել մեր պահանջատիրութիւնը մինչեւ հատուցման հասնելը: Ահա թէ ինչո՛ւ զարմանալի չէ մէկ այլ երախտագիտութեան արժանի, առաջին հայ կին դիւանագէտ, բարերար, գրող, մեծ մարդասէր Տիանա Աբգարի, գործունէութիւնը` հեռաւոր Ճափոնում կամ Մանչուրեայում, լսել, սովորել, իր թոռնուհու ու ծոռնուհու տուած կենդանի տեղեկութիւններով:

Զէնքը ձեռքին, տղամարդու հագուստով, հերարձակ Եղիսաբեթ Սուլթանեանի լուսանկարը հիացում, ուժ եւ կամք է փոխանցում դիտողին, որի մասին հպարտօրէն պատմում է նրա ծոռը` Դերեկ Շերինեանը:

Մէկ այլ հերոսուհու` Ագուլին Թաթուլեանի մասին նոյնքան սիրով ու մանրամասնօրէն ներկայացնում է նրա թոռնուհին` Լորին, հպարտանալով հաճնցի իր մեծ մօր քաջագործութեամբ, որն արհամարհելով իր կողոսկրի մէջ մխրճուած թուրքի փամփուշտը, տղամարդու հագուստներով, զէնքը ձեռքին, Ագուլին անունն էլ փոխելով Կարապետի, շարունակել է կռուել թուրքի դէմ` նրանց ապացուցելով, որ թուրքի գնդակը չի կարող սպաննել հայի ոգին: Այդպէս, փամփուշտը իր կողոսկրում խրուած ապրել է 70 տարի եւ միայն այդ տարիքում է ազատուել դրանից` մերժելով թուրքի ներկայութիւնը իր հետ գերեզման տանել:

Կրկին տղամարդու հագուստով, զէնքը ձեռքին, լուսանկարից մեզ նայող Խաթուն Եափուճեանի հայեացքում սարսափ ու ողբերգութիւն չկայ, ինչպէս մենք տեսանք նախորդ հատուածների այլոց լուսանկարներում: Կայ միայն հանդարտ, նպատակասլաց, իր ազգի պաշտպան զինուորի կամք: Նրա թոռնուհին` Մերլին Համիլթոնը, հպարտօրէն ներկայացնելով իր մեծ մօր հերոսութիւնը, խոստովանում է, որ նրա հերոսական ոգին է իրեն ուժ տուել յաղթահարելու երիտասարդ տարիքին իր անդամալուծուած վիճակը, որն իր հերթին ինքն էլ դարձրել է հնարամտութիւն ու կամք` յաղթելով հիւանդութեանը իր մեծ մօր պէս:

Արուեստում ամէն ինչ չէ, որ բառերի է վերածւում: Ամենափոքր մանրամասնութիւնները, կամ մատուցման ձեւը իր ասելիքն է փոխանցում, որը իւրաքանչիւր գործի առաջատար խնդիրն է, անշուշտ նաեւ` յաջողութեան գրաւականը: Պարէտ Մարոնեանի այս ոճը` օգտագործել Ցեղասպանութիւնից փրկուածների շարունակութիւններին, այն էլ` օտար երկրներում ծնուած ու մեծացած, նրանց միջոցով ներկայացնել ու պատմել այդ արհաւիրքն ապրածների կեանքը, մէկ ամբողջ պատգամ ու հրամայական է Ցեղասպանութիւնը գործած ու 102 տարի ուրացող թուրքին:

Իսկ վաւերագրութեան նախավերջին հատուածը պարզապէս ապտակ է թուրքին, ուր Պարէտը կրկին անդրադառնում է Մարիա Ճէյքըպսընին, որի անձնազոհութիւնը հայոց պատմութեան մէջ յաւերժ փորագրելու համար, Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկուած որբերի եւ նրանց զաւակների ներդրումով, Լիբանանի այն նոյն որբանոցի` «Թռչնոց Բոյն»-ի բակում, ուր արիւնած սրտով, որբ ու անօթի հաւաքագրուել ու խնամուել են հազարաւոր որբեր, թանգարան են հիմնում` իբրեւ երախտագիտութիւն մայրեր կորցրած բոլոր որբերի համար հարազատ մայր դարձած Մարիա Ճէյքըպսըն անունը կրող այդ անկրկնելի անձին, որին փրկուած որբերը ՄԱՄԱ են կոչել:

Այն նաեւ շառաչուն ապտակ է համրացած աշխարհին, որ ոչինչ արեց կանխելու այդ համատարած սպանդը եւ շարունակում է լռել, մինչ բոլոր հայ որբերի զաւակները իրենց որբացած ու հայրենի հողից դուրս նետուած ծնողների անունից օրէ օր հաստատում են մի ճշմարտութիւն, որ  թուրքը թէեւ խլեց մեր հայրենիքը, սակայն չկարողացաւ բնաջնջել մեզ: Որբանալով հանդերձ, աճեցինք ու բարգաւաճեցինք եւ նոյն Թուրքիոյ Թաքսիմի հրապարակում Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը նշեցինք: Այն նոյն հրապարակում, ուր արիւնալի 1915 թուից ընդամէնը երկու տարի առաջ` 1913թ, իր հողում ապրող հայութիւնը իր տառերի ստեղծման 1.500 եւ տպագրութեան 400-ամեակն էր նշում, նաեւ թուրք անգրագէտ ու զարմանքից քարացած հոծ բազմութեան եւ յատկապէս` Ցեղասպանութիւնը կազմակերպած  դահիճներից երկուսի` Թալէաթի եւ Ճեմալի ներկայութեամբ ու նրանց շռայլ ելոյթով: 100 տարի անց թէեւ այլեւս չկային այդ դահիճները, թէեւ բռնագրաւուած էին նրանց հրամանով բնաջնջուած հայութեան տարածքները, սակայն ցեղասպանուածների թոռներն ու ծոռները աշխարհի բոլոր կողմերից եկել էին ցեղասպանների թոռներին ու ծոռներին հաստատելու, որ հայի սերունդների իւրաքանչիւր բեկոր, թէեւ իր երկրից տեղահանուած ու աշխարհով մէկ ցրուած է, քաջատեղեակ է նրանց գործած ամենավայրագ ցեղասպանութեան եւ աննահանջ պահանջատէրէ:

Աւելի իմաստուն վերջաբան, քան` այս հատուածի մէջբերումը, անկարելի է պատկերացնել:

Վաւերագրութեան յաւելուածով, Պարէտը կրկին անգամ հաստատում է իր լայնամիտ ողջախոհութիւնը` ներկայացնելով ամերիկեան այսօրուայ դիւանագիտութիւնը: Նախագահ Ուիլսընի առանձնատանը ցուցադրուող հայ մեծանուն գեղանկարիչ Յովսէփ Փուշմանի (Փուշմանեան) «Յոյս» կտաւի 1917թ. հայ կանանց պատուիրակութեան կողմից նուիրումի պատմութիւնը ներկայացւում է գործադիր տնօրէն  Ռ. Էնհոլմի անմիջական մեկնաբանութեամբ, որն իր ամբողջ ջանքը ներդնում է հայ գեղանկարչի մեծութիւնը եւ նրա կեանքը մեզ հաղորդելու, նոյնիսկ` որպէս անձ խուսափելով Ա. Համաշխարհայինում տեղի ունեցած մեծագոյն ոճրագործութիւնը շեշտելու: Միայն իր խօսքի աւարտին է օգտագործում հայերի այնքան սպասուած «ցեղասպանութիւն» բառը:

Յաջորդող հատուածում  ՀԲԸՄ-ի «Հայ կին» կազմակերպութեան հիմնադիր Սոնա Եագուպեանի այդ  կազմակերպութեան հիմնադրման պարզաբանումն է: Զարմանալին «Մանոնայթ» մարդասիրական կազմակերպութեան հիմնադիրի թոռ Փ. Հուվըրի յուզիչ մեկնաբանութիւնն է, որն իր մղումով չի ուզում անգամ համեմատել հրէաների Ողջակիզման հետ` հայ տարագիրների պարտադրուած սովամահութեան փաստը աւելի մեծ յանցանք նկատելով: Վստահ եմ, նա անտեղեակ էր կիրճերում թխմուած հայութեան խորովումին: Յաւելուածն ամփոփւում է  ֆրանսացի յայտնի պատմաբան, գրող Իւ Թեռնոնի մեկնաբանութեամբ:

Իրապէս դժուար է հայ լինել, ապրել այս արիւնոտ զարհուրանքը, կորցնել ամէն ինչ, շարունակել կրկին ու կրկին հաստատել ողջ եղելութիւնը եւ դեռ սպասել, որ արդարութեան ձեռք մեկնուի մեզ:

Պարէտ Մարոնեանի այս գործը շեշտում է մեր ուժը եւ մեզ ուղղութիւն տալիս, որ յենուենք մեր այդ ներքին ուժին եւ ինքներս լուծենք մեր պահանջները, ինչպէս, այն կանայք, ովքեր զէնք վերցրին, ովքեր իրենց մարմնում կրելով հանդերձ թշնամու փամփուշտը, կռուեցին արիօրէն, տղամարդկանց հետ հաւասար, ովքեր քաջաբար փրկուեցին, ովքեր դեռ սպասում, երազում են իրենց հայ արմատներին վերադառնալ, ովքեր ձգտում են հայրենի կողոպտուած տարածքները ոչ թէ ստանալ, այլ` ետ վերցնել:

Բազում փաստերով մեր Ցեղասպանութիւնը հաստատող, հայի անընկճելի ոգին ներկայացնող եւ փրկութեան ձեռք մեկնածներին մեր երախտիքը յայտնող այս վաւերագրութիւնը` լուրջ ներդրում է Ցեղասպանութեան մեր ուսումնառութեան մէջ:

Այս հսկայածաւալ ուսումնասիրութեան եւ այն կենդանացնելու համար Պարէտ Մարոնեան մրցանակակիրը երեքուկէս տարի է ներդրել, որը միայն հետազօտողներիս է յայտնի, թէ դա ի՛նչ ահռելի աշխատանք է:

Ցաւօք, մեր ժողովուրդը ոչ միայն դեռ գիտակից չէ Ցեղասպանութեան հարցի տարածման եւ փաստման այսպիսի լուրջ փաստագրական ժապաւէնների անհրաժեշտութեան, այլ ամենակարեւորը` ամբողջապէս տեղեակ չէ Ցեղասպանութեան մանրամասներին եւ շարունակում է ոգեւորուել այդ նիւթով ստեղծուելիք գեղարուեստական իւրաքանչիւր ժապաւէնի յայտարարութեամբ` անտեսելով հիմնական նիւթի ոչ միայն թերի, այլ աղաւաղուած, աններելի թերի մատուցումը, առանց վերլուծումի, գրկաբաց ընդունելով դրանք: Ամենակարեւորը, մոռանալով, որ գեղարուեստական ժապաւէնները իրականութիւնը բացայայտելու պարտադրանք չունեն:

Չէ՞ որ իւրաքանչիւր գիտակից մարդ որեւէ նիւթի լուրջ ուսումնասիրման, կամ ճշգրիտ տեղեկատուութեան համար գեղարուեստական ժապաւէնների չի դիմում, այլ յենւում է փաստագրութիւնների վրայ, դա լինի գրականութիւն, հետազօտութիւն, յուշագրութիւն կամ տեղեկատուութիւն: Եւ յետոյ ամէն մարդ չի սիրում երկար ժամեր տրամադրել` կարդալու, գրքեր թերթելու, յատկապէս` այսօրուայ սերունդը: Իսկ առանց լիարժէք գիտութեան` մենք չենք կարող մեր պահանջատիրութիւնն իրականացնել:  Պարէտ Մարոնեանը բարեխղճօրէն հարիւրաւոր էջերից միայնակ հաւաքագրել եւ սահունօրէն մեզ է մատուցել մէկ ամբողջական գործով, այն էլ` շարժապատկերի ընձեռնող այսօրուայ միջոցներով: Չմոռանանք նաեւ, որ մեր Ցեղասպանութեան մասին այսպիսի հաւաքագրուած տեղեկատուութիւններ չունենք: Եւ շնորհակալ ենք Պարէտին, որ բոլոր դժուարութիւնները յաղթահարելով` աստիճանաբար հարստացնում է  Ցեղասպանութեան ուսումնասիրութեան մեր միջոցները, ուստի մեր պարտքն է դիտել ու սովորել դրանցից:

Ես ողջունում եմ բոլոր այն կազմակերպութիւններին, հաստատութիւններին եւ անհատ անձերին, որոնց նիւթական օժանդակութեամբ է այս վաւերագրութիւնը իրականացուել, եւ մեր բոլորի շնորհակալութիւնն եմ յայտնում նրանց:

Լինելով հայ ազատ ստեղծագործող` գիտեմ, թէ ի՛նչ զոհողութիւններից է անցնում նաեւ Պարէտի ընտանիքը, եւ ուզում եմ մեր բոլորի շնորհակալութիւնը յայտնել իրենց համբերութեան եւ հասկացողութեան համար:

Մեծ գնահատանքի եւ շնորհակալութեան են արժանի այն բոլոր անձերը, ովքեր Պարէտի հետ համեստօրէն աշխատել եւ օգնել են այս ժապաւէնի իրականացմանը:

Ամենամեծ գնահատանքը անշուշտ կրկին ու կրկին ժապաւէնի բեմադրիչին` Պարէտ Մարոնեանին է պատկանում, որը մեր ամենակարեւոր հարցի` Ցեղասպանութեան, դրա  հետեւանքների, դրանից բխող հարցերի հետապնդողն ու ներկայացնողն է միայնակ, լուրջ ուսումնասիրուած, բարձր մակարդակով ներկայացուած իր վաւերագրական ծանրակշիռ ժապաւէններով: Իր այս նոր ստեղծագործութեամբ Մարոնեանը կրկին հաստատեց Հայոց ցեղասպանութեան անժամկէտութիւնը:

Աշխարհի այսօրուայ վայրենացած հոգեբանութեան մէջ «1915թ. կանայք ժապաւէնը յատկապէս անհրաժեշտ էր` սթափեցնելու բոլոր արիւնալի իրադրութիւնները ստեղծողներին, մարդկային բարութեան արդիւնքը նրանց ցուցադրելու, շեշտելով, որ ազգային ոգին անկարելի է կոտրել:

Այս ժապաւէնը անհրաժեշտ է յատկապէս տարածել մեր երկրում` հայրենի ժողովրդին ծանօթացնելու Եղեռնի այս մանրամասներին, որոնցից անտեղեակ լինելով` մեր պահանջատիրութեան հարցը իրենց համար առաջնահերթ չեն համարում եւ դեռ, առանց հատուցումների, ձգտում են բարեկամանալ թուրքին:

Ժամանակն է ոչ միայն գնահատանքի խօսքեր շռայլելու, այլ նաեւ նիւթապէս օգնելու Մարոնեանին` մեր ազգի պայքարի շարունակման համար իր սկսած այս շատ հրատապ առաքելութիւնը շարունակելու, նորանոր վաւերագրութիւններով աստիճանաբար լրացնելու մեր Ցեղասպանութեան տեղեկատուութեան թերի մատուցուած պատմութիւնը:

Մէկ անգամ եւս շնորհաւորելով Պարէտ Մարոնեանին իր այս հիասքանչ գործի` «1915թ. կանայք», ժապաւէնի ստեղծման համար, շնորհակալութիւն եմ յայտնում մեր բոլորի կողմից իր ներդրած տքնաջան աշխատանքով պահանջատիրութեան հարցը վառ պահելու, իմաստաւորելու եւ, ամենակարեւորը, յամառօրէն այն հետապնդելով` մեզ էլ իր հետ տեղաշարժելու համար:

4 հոկտեմբեր, 2017թ.

(Շար. 2 եւ վերջ)


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>