Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13529

Ստացուած Գրքեր, «Հեռացող Եզերք» Վէպ (Հեղինակ` Լեւոն Ադեան). Տէր Կանգնենք Նաեւ Մեր Այս Համազգային Ցաւին

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ

Արցախի Հանրապետութեան կառավարութեան պետպատուէրի կարգով Ստեփանակերտում լոյս է տեսել անուանի արձակագիր, ԽՍՀՄ, Հայաստանի, Արցախի եւ Ռուսաստանի գրողների միութիւնների անդամ Լեւոն Ադեանի «Հեռացող եզերք» վէպը` տողերիս հեղինակի խմբագրութեամբ (Արցախի Գրողների միութեան «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչութիւն, «Դիզակ պլիւս» տպարան, 19 մամուլ, տպաքանակ` 500 օրինակ, որից 250-ը` համացանցի հայ օգտատէրերի հանգանակութեան շնորհիւ, որ նախաձեռնել էր Արցախի Շուշիի շրջանի Քարինտակ հերոսական գիւղից սերուած, ներկայումս մոսկուաբնակ հայուհի Գոհար Յովհաննիսեանը):

Գրուած լինելով 1990թ.` Պաքուի յունուարեան ջարդերից անմիջապէս յետոյ, վէպն առաջին անգամ հրատարակուել է այդ արիւնալի իրադարձութիւններից միայն տասնամեակներ անց` 2012թ.: Այն հետագայում` 2015-ին,  վերահրատարակուել է նաեւ Երեւանում` գործարար, բարերար Եուրի Ադեանի հովանաւորութեամբ: Վէպը, դարձեալ համացանցի օգտատէրերի հանգանակած միջոցների հաշուին, առաջին անգամ ռուսերէն թարգմանութեամբ լոյս է տեսել 2014թ., Ստեփանակերտում: Նոյն կարգով վէպի ռուսերէն տարբերակը, ինչպէս նաեւ «Այն հեռաւոր ամրանը» վիպակների եւ պատմուածքների ժողովածուն (թարգմանիչ` Նելլի Աւակովա-Գրիգորեան) վերջերս հրատարակուել են Ռուսաստանի հիւսիսային մայրաքաղաք Ս. Փեթերսպուրկում: Վերստին համացանցային հանգանակութեան շնորհիւ` Ստեփանակերտում վերջին տարիներս լոյս են տեսել Լեւոն Ադեանի նաեւ «Իրիկնային աղջամուղջ» վիպակների եւ պատմուածքների, «Անձրեւից յետոյ» պատմուածքների եւ մանրաքանդակների ժողովածուները (տողերիս հեղինակի խմբագրութեամբ):

Ադեան արձակագիրը  վաղուց ի վեր սիրուած եւ մշտապէս սպասուող հեղինակ է Արցախում, եւ` ոչ միայն Արցախում:  Նրա ստեղծագործութիւններով` մանրաքանդակներ, պատմուածքներ, վիպակներ, թարգմանութիւններ, որոնք ամփոփուած են աւելի քան երեսուն գրքերում, սկսած` անցեալ դարի վաթսունականների սկզբից,  սերունդներ են աճել ու դաստիարակուել: «Կեանքի ճանապարհին», «Հեռու լեռներում», «Այն հեռաւոր ամրանը», «Իմ երկրի մարդիկ», «Կորսուած բարդիներ», «Տունը գիւղի ծայրին», «Ձորում աղմկում է գետը», «Աշնանային ցրտեր», «Մոռացուած երգ»,  «Դարձ ի շրջանս իւր», Ադեանի շատ այլ ստեղծագործութիւններ, լինելով հայ ժամանակակից արձակի ձեռքբերումներ, այսօր էլ իրաւամբ սեղանի գրքեր են:

Ծնունդով արցախցի գրողը, որի մանկութիւնն ու վաղ պատանեկութիւնն անցել են Մարտակերտի շրջանի Չլդրան գիւղում, հանգամանքների բերումով հետագայ տասնամեակներում բնակուելով  Սումկայիթում, Պաքւում, իսկ 80-ական թուականների վերջերի յայտնի իրադարձութիւններից յետոյ` Լենինկրատում,  Փեաթիկորսքում, Սոչիում,  ներկայումս` Ս. Փեթերսպուրկում, մշտապէս եւ ամէնուրեք հոգու ու սրտի բազում թելերով կապուած է եղել  եւ է հայրենի եզերքին: Եւ ուր էլ որ նրան տարել են բախտի խառնուղիները եւ ինչ խաչմերուկներում էլ առժամանակ հանգրուանել է նա` Ադեանի  հոգու ու մտքի մշտարթուն, տրոփուն ուղեկիցներն էին եւ են մանկութեան բնաշխարհի անզուգական գեղեցկութիւնն ու նրա մարդիկ` իրենց  մեծ ու փոքր ուրախութիւններով, բազում հոգս ու ցաւերով, տառապանքներով, տուայտանքներով, նուիրական իղձ ու երազանքներով, անմոռաց յիշատակներով: Ու ոչ այլ կերպ, քան հէնց հայրենի Խաչէն ու Թարթառ  սրընթաց գետերի պէս յորդաբուխ ու վարար` Ադեանի շնորհալի, բեղմնաւոր գրիչը նրբահիւս վերակերտել է մայր հայրենիքից ոչ սեփական կամքով զատուած, երամից դուրս մնացած կարապի պէս անհեռանկար թեւածող Արցախ լեռնաշխարհի իրական ու գեղարուեստական պատկերը` բազմաբարդ կեանքի բոլոր տեսանելի եւ անտեսանելի կոլիզիաներով հանդերձ:

Իմ համոզմամբ, «Հեռացող եզերք» վէպն իրենից ներկայացնում է գեղարուեստական պատկերաւորման ուրոյն ձեւերի ու  միջոցների, ուշագրաւ տրամաբանական ընդհանրացումների, բառապաշարի հարստութեան ու գունագեղութեան, այլ ակնյայտ արժանիքների մի իւրօրինակ գանձանակ, որի մէջ  ամփոփուած, ի մի բերուած լինելով` նոյն այդ յուսալի հենքի վրայ գրողական վարպետութեան մի նոր աստիճանի են հասցուած Ադեան արձակագրի անցած շրջանի ստեղծագործական բոլոր մեծ ու փոքր յայտնութիւնները:

Վէպն արտացոլում է հայ ժողովրդի մի ամբողջ հատուածի` պատմական Արցախի եւ Արեւելեան Անդրկովկասի (ներկայիս Ազրպէյճան յորջորջուածի) բնիկ հայութեան դառը ճակատագիրը` 20-րդ հարիւրամեակի գրեթէ ողջ ընթացքում` տարածաշրջանում տեղի ունեցած  ողբերգական ու հերոսական իրադարձութիւնների հակադրամիասնութեան մէջ:

Խորանալով պատմական իրողութիւնների էութեան մէջ` Լեւոն Ադեանը փաստական հարուստ հենքի վրայ եւ  գեղարուեստական խօսքի ներկապնակի բոլոր գոյներով, սակայն առանց աւելորդ գունազարդման ու խտացման,  «Հեռացող եզերք»-ում երեւակում է նախախորհրդային եւ խորհրդային  ժամանակաշրջանում տարածաշրջանում գերիշխող հասարակական-քաղաքական, ազգամիջեան յարաբերութիւնների իրական, ճշմարտացի պատկերը: Վէպի հերոսները, որոնք ներկայացնում են Խորհրդային Ազրպէյճանի բնակչութեան տարբեր ազգային հանրութիւններն ու ընկերային շերտերը, հիմնականում հանդէս են գալիս իրական անուն-ազգանուններով, ինչն աւելի հաւատ է ներշնչում պատումի հաւաստիութեան նկատմամբ: Նրանցից իւրաքանչիւրը ներկայանում է իր կեցութեան որոշակի միջավայրի, ազգային պատկանելութեան, գործունէութեան ասպարէզի, տուեալ ազգային հանրութեան մտաւոր զարգացածութեան մակարդակի, աշխարհընկալման, անձնական ապրումների  եւ այդ ամէնից բխող իւրայատուկ մտածելակերպի ու բառապաշարի տիպական, կոլորիտային դրսեւորումներով:

«Հեռացող եզերք»-ի հիմնական դիպաշարի առանցքը` ֆապուլան, երիտասարդ հայ լրագրող Լէոյի եւ ազրպէյճանցի ուսանողուհի Ռենայի սիրոյ պատմութիւնն է Պաքւում, որ, չնայած իր լուսաշաղախ դրսեւորումներին, ի սկզբանէ հիմքում տրամաթիք էր եւ, բնականաբար, ողբերգական աւարտ պէտք էր ունենար` 80-ական թուականների վերջերին Ազրպէյճանում նորովի թափ առած հայատեաց քաղաքականութեան  մթնոլորտում: Հայ ազգաբնակչութեան` այդ տարիներին սկիզբ առած զանգուածային ջարդերի ու բռնատեղահանումների ընթացքում, որոնց վերջին ակորդը Պաքուի հայերի 1990թ. յունուարեան կոտորածն էր, գլխաւոր հերոսը, ծեծուջարդից մազապուրծ, պատահաբար  փրկւում է գեհենից, իսկ նրա ազրպէյճանուհի սիրեցեալը, ի նշան ներքին ընդվզման ու բողոքի` տեղի ունեցող արիւնահեղութեան, ջարդ ու կոտորածի դէմ, գազազած ամբոխից գիտակցաբար թաքցնում է իր իրական ազգութիւնը եւ, ազգակիցների կողմից ընդունուելով որպէս հայուհի` չարչար կիսում է հարիւրաւոր ու հազարաւոր  հայերի զարհուրելի  ճակատագիրը: Վէպում նկարագրուող դարասկզբի եւ, մանաւանդ, դարավերջի  իրադարձութիւնները, որոնք ծաւալւում են դիպաշարային առանցքի շուրջ, իրենց ընդհանրութեան մէջ նախապատրաստում ու կազմում են այն ատաղձը, որի վրայ հիւսուած սիրահար զոյգի երջանկութեան պատրանքները դատապարտուած էին կործանման:

«Հեռացող եզերք»-ում, արիւնալի իրադարձութիւնների ականատեսների եւ տուժածների իրապատում վկայութիւնների հիմքով, կարելի է ասել` ստոյգ վաւերագրական մանրամասնութեամբ, դրուագ առ դրուագ  նկարագրւում են Սումկայիթի 1988թ. փետրուարեան եւ Պաքուի 1990թ. յունուարեան հայկական ջարդերը, որոնք  հանդիսացան Ազրպէյճանում հայ ժողովրդի նկատմամբ  պետականօրէն իրագործուած ցեղասպանութեան ակնյայտ արտայայտութիւնը, եւ որոնք առ այսօր չեն ստացել իրենց իրաւական ու քաղաքական գնահատականը միջազգային հանրութեան կողմից: Աւելի՛ն. աշխարհը, որի աչքի առաջ 20-րդ դարավերջին արդէն մէկ այլ աշխարհագրական հարթութեան վրայ,  թէկուզ եւ փոքր ծաւալներով, կրկնուեց Օսմանեան Թուրքիայում 1915-1923 թթ. իրագործուած հայոց Մեծ եղեռնը, այսօր արդէն մոռացութեան է մատնել Ազրպէյճանական ԽՍՀ տարածքի  խաղաղ հայ բնակչութեան` ծերունիների, կանանց ու երեխաների զանգուածային սպանութեան, կտտանքի, բռնաբարութեան, ողջակիզման, անգամ` բացայայտ մարդակերութեան, միով բանիւ` գազանային վայրագութեամբ իրագործուած սպանդի ու բռնատեղահանման իրողութիւնը:

Ցաւօք, առ այսօր հայութիւնը լիարժէք տէր չի կանգնել իր նաեւ այս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑԱՒԻՆ: Հայկական մամուլն այդ եղերական իրադարձութիւններին անդրադառնում է առիթից առիթ` ընդամէնը տարեդարձային պարբերականութեամբ:

Այս առումով` եւս մէկ դիտարկում վէպի առնչութեամբ: «Հեռացող եզերք»-ի որոշ ազրպէյճանցի հերոսներ` ստեղծագործական մտաւորականութեան ներկայացուցիչներ, ովքեր վէպում ներկայացուած են իրական անուն-ազգանուներով, Ազրպէյճանում ծաւալուած ջարդերը, թէկուզ եւ` զուտ անձնական զրոյցներում,  գնահատում են ոչ այլ կերպ, քան հանրապետութեան հայ ազգաբնակչութեան հանդէպ իրագործուող ցեղասպանութիւն, այն, ինչ վերջերս լոյս տեսած «Քարէ երազներ» է վէպում հրապարակաւ յայտարարեց նրանց գրչընկեր Աքրամ Այլիսլին` ենթարկուելով պետականօրէն կազմակերպուած ամենայն հալածանքի ու հանրային պախարակման:

Ընդհանրացնենք: Նախ` Լեւոն Ադեանի «Հեռացող եզերք» վէպն իրադարձութիւնների ծաւալային ու  խորքային ընդգրկմամբ հայ իրականութեան մէջ միակ լիարժէք արձակ ստեղծագործութիւնն է այս առումով: Ու թող չափազանցութիւն չթուայ, եթէ ասեմ, որ իր թեմայով, պատմական իրողութիւնների եւ իրադարձութիւնների արտացոլման խորութեամբ, ճշմարտացիութեամբ ու հաւաստիութեամբ, պատմա-քաղաքական եւ իրաւաքաղաքական ընդհանրացումներով, գեղարուեստական արժանիքներով ու  նշանակութեամբ այն կարելի է դասել Լեւոն-Զաւէն Սուրմելեանի «Ձեզ եմ դիմում, տիկնա՛յք եւ պարոնա՛յք», Ֆրանց Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրը», Մուշեղ Գալշոյեանի «Ձորի Միրոն», Հրաչեայ Քոչարի «Կարօտ» եւ այդ թեմաթիք ընդգրկման այլ նշանակալի ստեղծագործութիւնների շարքին:

Եւ ապա`  «Հեռացող եզերք»-ի   հրատարակութիւնը խիստ անհրաժեշտութիւն է ոչ միայն հեղինակի հայրենակիցների` հայ ընթերցողների համար, այլ նաեւ` թարգմանաբար, աշխարհի հանրութեան համար: Կարծում ենք` արժէ խորհել հարցի լուծման շուրջ, նկատի առնելով, որ  այդ հեռանկարը խստիւ հետաքրքրում է շատ-շատերին, նրանց, ովքեր հասցրել են հաղորդակից լինել Լեւոն Ադեանի վէպին: Ուստի, նկատի առնելով անցած դարում եւ առանձնապէս դարավերջին Ազրպէյճանում իրագործուած հայկական ջարդերը  «Հեռացող եզերք»-ի միջոցով աշխարհի ուշադրութեանը ներկայացնելու անհրաժեշտութիւնը, հեղինակի գրչակից ընկերները եւ մտերիմները ներկայումս կազմակերպական ջանքեր են գործադրում «Հեռացող եզերք» վէպը այլ լեզուներով եւս, այդ թւում` նաեւ անգլերէն եւ արաբերէն թարգմանութեամբ տպագրելու ուղղութեամբ: Խնդրի իրագործումը, ցաւօք, առայժմ առկախ է` պայմանաւորուած հիմնականում նիւթական բնոյթի, յուսանք, ժամանակաւոր դժուարութիւններով:

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 13529

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>