Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանի կատարած գրառումը` հայոց լեզուի մասին արժանացաւ բաւական թէժ քննարկումներու: Մասնագիտութեամբ տնտեսագէտ Բագրատեանը հայոց լեզուի մասին, կատարած էր բացարձակ բացասական որակումներ` աղքատ, այլ լեզուներու բաղդատմամբ քիչ բառապաշար ունեցող, եւ այլն:
Ստորեւ` լեզուագէտ Եուրի Աւետիսեանի արձագանգը, որ գիտական առումով պարզապէս կ՛ընդգծէ, որ յատկապէս մասնագիտական տուեալ ոլորտին չտիրապատելու պարագային պէտք է խուսափիլ բացարձակ եւ այս պարագային` անճիշդ գնահատականներ տալէ:
«Ա.»
Կարելի է նաեւ չարձագանգել ոչ մասնագէտի անմասնագիտական փորձին: Բայց ձախողուած փորձը մեզանում բազմանալու վատ յատկութիւն ունի:
Տնտեսագէտ չեմ: Բայց անպայման տպաւորութիւնը ունեմ, որ Հրանտ Բագրատեանը իր ուրոյն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի եւ առհասարակ տնտեսական քաղաքականութեան մշակման մէջ:
Քաղաքականութիւնն էլ, ցաւօք, իր հերթին ունի բնաւորութեան ուրոյն որակներ. երբեմն հրապարակից վտարում – մոռացութեան է մատնում իր գործի մէջ նաեւ որակ ունեցողին:
Չմոռացուելու համար այրում են նաեւ աստծոյ տաճարը: Այս դէպքում յարմար է թուացել… մայրենի լեզուն: Հակառակ դէպքում` տնտեսագիտութեան դոկտորը հազիւ թէ կարող էր չիմանալ կամ հրապարակաւ հանդէս գալուց առաջ չճշդել, որ`
1.- Է. Աղայեանի «Արդի հայերէնի բացատրական բառարան»-ը (Եր., 1976) պարունակում է ոչ թէ 75.000 բառ, այլ երկու անգամ աւելի` 135.600 բառ եւ 11.000 դարձուածաբանական միաւոր` 14.000-ով աւելի, քան` ռուսաց լեզուի (ոչ թէ ռուսական) ակադեմական բառարանում:
2.- «Այսօր մեր լեզւում կայ շուրջ 100.000 բառ», յայտարարում է Բագրատեանը: Իրականում այդ թիւը հասնում է 350.000-ի (Արդի հայերէնի բացատրական նոր քառահատոր բառարանը ստեղծուած է եւ արդէն տասը տարի է` սպասում է իր հովանաւոր-հրատարակչին), ասել է թէ` պարունակում է 100.000-ով աւելի բառ, քան, օրինակ, ըստ տնտեսագէտի բերած տուեալների, գերմաներէնը: Եւ բառերի քանակը, անշուշտ, դրանով չի սահմանափակւում. ամէն օր հայերէնում ստեղծւում կամ փոխառւում են տասնեակ նոր բառեր: Բառապաշարի, այսպէս կոչուած, չափման մեթոտաբանութիւնը իսկապէս յստակեցուած չէ. հայերէնի յարակատար եւ ենթակայական դերբայական ձեւերի համարժէքները ռուսերէնում, օրինակ, համարւում են բառային միաւորներ` բառեր, կամ եթէ տեղանուններից -եցի, -ացի կամ նման մասնիկներով կազմուած միաւորները հաշուարկուեն որպէս առանձին բառեր, ապա հայերէնի բառապաշարը արագօրէն կը հատի անգլերէնին վերապահուած 999.985-ի սահմանը. հայերէնը ցանկացած տեղանունից ստեղծում է նոր բառ (երեւանցի, լոնտոնցի, էլռիատցի), մինչդեռ անգլերէնում նոյնը արտայայտւում է բառակապակցութեամբ:
3.- Գիտութեան տուեալներով, հայերէնը համառօտութեամբ աշխարհի լեզուների մէջ գրաւում է միջին դիրք. ճափոներէնը, ասենք, աշխարհի, այսպէս կոչուած, երկարաբան լեզուներից է, բայց դա բնաւ չի խանգարում երկրի տնտեսագիտական միտքը այդ լեզուով լաւագոյնս կերտելուն:
4.- Գրողի գործածած բառապաշարը պէտք չէ շփոթել նրա ստեղծած բառերի քանակի հետ. Պուշկինը ոչ թէ «ռուսաց լեզուն հարստացրել է 24.000 բառով», այլ ընդամէնը իր երկերում գործածել է 21.290 բառ, այնպէս, ինչպէս Գրիգոր Նարեկացին միայն «Մատեան»-ում գործածել է 7000 բառ, իսկ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում Նարեկացիով վկայուած բառերի (ասել է թէ` նրա ստեղծած բառերի) թիւը 1800 է, Յովհաննէս Շիրազը ստեղծել է 2.000-ից աւելի նոր բառեր (թէեւ դրանց մի մասը բառարանային գրանցում չունի եւ չի կարող ունենալ դիպուածային լինելու պատճառով), Պարոյր Սեւակի երկերի բառապաշարի հարստութիւնը 26.600 բառ է (տե՛ս Ա. Պապոյեան, «Հայագիտական հետազօտութիւններ», Եր., էջ 459): Բառերի առաւելագոյն գործածութիւն ունեցել է Ճէյմս Ճոյսը «Ուլիսես»-ում` 30.000 բառ:
5.- Լեզուի հարստութիւնը բառերի սոսկական քանակով որոշելը չունի գիտական հիմնաւորում: Հայերէնը աշխարհի հարուստ լեզուներից է` պայմանաւորուած նաեւ ձայնական հարստութեամբ («…եթէ նուագայնութեամբ զիջում է իտալերէնին ու ճափոներէնին, ապա առաջ է գերմանական ու սլաւոնական լեզուներից» (Պ. Պօղոսեան, «Խօսքի մշակոյթի եւ ոճագիտութեան հիմունքներ», գիրք առաջին, Եր., 1990, էջ 127) ու քերականական կառուցուածքի ճկունութեամբ: Այլ խնդիր է, որ նոյնիսկ ոչ մասնագէտին յայտնի պատճառներով մեզանում գիտութեան առանձին ճիւղերի եզրաբանութիւնը տակաւին բաւարար չափով մշակուած չէ: Մեր լեզուն գործնականում ունի նոր բառեր կերտելու եւ առհասարակ զարգանալու անսպառ հնարաւորութիւններ:
6.- Նոյն գրութիւնը հայերէնից անգլերէնի փոխադրելիս պակասում է մօտ 15%-ով, սակայն գերմաներէնի փոխադրելիս նոյն չափով աւելանում է: Երեւոյթը ունի գիտական բացատրութիւն. պայմանաւորուած է լեզուների առանձնայատկութեամբ եւ ոչ թէ` աղքատութեամբ: Հակառակ պնդումը ապագիտական է: Այլ խնդիր է, որ հայերէնի ոչ բաւարար իմացութիւնը կարող է պատճառ դառնալ երկարաբանութեան, ինչպէս` «Իրենից ներկայացնում է իւրօրինակ մի համակարգ» = «Իւրօրինակ մի համակարգ է», «Հիմք են հանդիսանում կարգաւորման համար» = «Կարգաւորման հիմք են», «Հարցի վերաբերեալ կան կարծիքների եւ տեսակէտների բազմազանութիւն, տարատեսակութիւն» = «Հարցի վերաբերեալ կան տարակարծութիւններ» եւ այլն (մանրամասն տե՛ս «Հայոց լեզու եւ խօսքի մշակոյթ», Եր., 2016):
7.- Հայերէնը մշտապէս հարստանում է փոխառութիւններով (մագիստատուրա, հիպոթէք, ալեանս, պլանշետ, վայբեր, իմպլանտ, գոլֆ, ասամբլեա, բեսթսելլեր, վայֆայ եւ այլն) եւ աւելի յաճախ օտար բառերը փոխարինում է հայերէն յաջող համարժէքներով (ամնիստիա-համաներում, իդենտիֆիկացիա-նոյնականացում, ռեգլամենտ-աշխատակարգ, ինտերնետ-համացանց, գրանտ-դրամաշնորհ, սպելեոլոգիա-անձաւագիտութիւն, վեբսայթ-կայք(էջ), սինխրոն լող-գեղալող եւ այլն):
Համակարգիչ-ը միանգամայն յաջող համարժէք է: Պատճէնուած է ֆրանսերէնից (ordinateur):
Բոլոր դէպքերում, այս կարգի հարցերը պէտք է քննարկուեն մասնագիտական դաշտում: Հակառակ դէպքում` անյիշութիւնը (այս դէպքում` մոռացումը) անխուսափելի է: