ԿԱՐՕ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ
1915 յուլիսին կը սկսին Երզնկայի հայ բնակչութեան կոտորածները: Թեհլիրեաններու 85 հոգինոց գերդաստանէն, ընդ որում` Սողոմոն Թեհլիրեանի 17 անդամէ բաղկացած ընտանիքէն կը փրկուի միայն Սողոմոնի աւագ եղբօր` Միսաքին աղջիկը` Արմէնուհի, որ աւելի ուշ փրկագինով վերադարձուեցաւ քիւրտերու քովէն: Բնականաբար թեհլիրեաններէն կը փրկուին բոլոր անոնք, որոնք Սերպիա կը գտնուէին, հայրը` Խաչատուր, եղբայրները` Միսաք, Սեդրակ եւ հօրեղբայրը` Օսկան:
1915 սեպտեմբերին Թիֆլիսի հայկական թերթերէն մէկուն մէջ կը կարդայ Խարբերդի ամերիկեան ներկայացուցիչի յուլիս 11 թուակիր պաշտօնական տեղեկագիրի թարգմանութիւնը, որ չարագուշակ լուրեր կու տար Կարինէն, Երզնկայէն եւ Խարբերդէն (16):
1916-ի սկիզբները անգլիացի Համիլթընի զօրքերը կը պարպեն Կալիփոլին: Ասիկա մեծ բարոյալքում կը յառաջացնէ հայ ժողովուրդին մէջ, որովհետեւ հայութեան մնացորդներու կեանքը փրկելու ամէն յոյս օդը կը ցնդի: «Եթէ մինչեւ այդ իմ մէջ դեռ մնում էր մի յոյս, որ հարազատներս կարող էին ողջ մնացած լինել անապատներում, այժմ այդ յոյսն էլ մարում էր: Մնում էր մի բան. ինչպէ՞ս կարելի է Պոլիս ընկնել եւ Թալէաթը գտնել: Միայն նրա մահը կարող էր քիչ-շատ ամոքել ապրած կսկիծս: Տեւական մղձաւանջի պէս, երբեք հանգիստ չէր տալիս ինձ այս գաղափարը, երբեմն նա համակում էր ինձ այնպէս, որ մոռանում էի ամէն բան» (17):
Այդպիսի ժամանակի եւ հոգեվիճակի մէջ ռուսերը անակնկալօրէն կը գրաւեն Էրզրումը, ապրիլին` Տրապիզոնը եւ յուլիսին` Երզնկան: Երեւանի մէջ հայ կամաւորական խումբերէն մնացածները կը միանան ռուս զօրքերուն: Թեհլիրեան, որ հազիւ ապաքինած էր իր հիւանդութենէն, կը մեկնի անոնց հետ: «Էրզրումի դաշտում ամէն տեղ յայտնւում էին ոսկրացած, վայրենական վիճակի մատնուած մանուկներ, որոնք մեծ մասը իր գոյութիւնն էր պահպանել աւերուած հայ գիւղերի փլատակներում: Ձեռք ընկողները դողում էին աշնան տերեւի պէս, մեծ ջանք էր պէտք հասկացնելու, որ իրենց այլեւս վտանգ չի սպառնում: Մոռացել էին լեզուն, հայութիւն, մարդկութիւն: Խնուսում դրանցից խմբուած էին շուրջ երկու հարիւր հոգի: Ամէն տեղ առաջնակարգ արժէք էր ստացել որբերի գործը. ամէն մի որբուկ մի նոր աղիւս էր ազգը վերակառուցելու համար (18):
Թեհլիրեան կը հասնի Երզնկա այն հաւատքով, որ կը գտնէ իր ընտանիքի անդամները: Սակայն Երզնկայի մէջ ամէն բան տակնուվրայ եւ անճանաչելի դարձած էր: Ան դժուարութեամբ կը գտնէ իր հօրենական տունը, որ հանրակացարանի վերածուած էր: «Պատմական յիշատակարանի բնոյթ էր ստացել աչքիս մեր տունը: Իմ փոքրիկ ննջասենեակից յայտնուեց մի զինուոր. չհասկցայ` ինչ ասաց: Կոկորդս սեղմւում էր, հազիւ էի պահում արտասուքներս: Վար իջայ, դուրս ելայ: Բնակարանը եզերող բոլոր ծառերը, հին ու հաւատարիմ բարեկամների պէս, շարքով կանգնած` նայում էին ինձ» (19):
Այս տեսարանը այնքան կը ցնցէ զինք, որ ուշաթափ կ՛իյնայ իրենց պարտէզին մէջ: Այս դէպքը ուշաթափութեան երկրորդ պարագան էր: Յստակ է, որ Թեհլիրեանի մէջ բոյն դրած էր լուսնոտութիւնը, որուն մասին հետագային վկայութիւն տուաւ դատարանին մէջ:
«Երբ ուշքի եկայ, թանձր մթնշաղ էր: Դողահար դուրս ելայ պարտէզից: Հրապարակի ծառերին աղմկելով թառում էին ագռաւներ: Գլխիս մէջ քաոս էր, եւ ուր գնալս չգիտէի, ջերմի պէս մի դող մերթ ընդ մերթ ցնցում էր ինձ: Թառիկեանների բակում նկատեցի մէկին. ի՞նչ էր այս, ցնո՞րք, թէ՞ իրականութիւն. նա շատ նման էր մեծ եղբօրս` Միսաքին: Այնպիսի անակնկալ էր այս, որ հազիւ վստահութիւն ունեցայ ձայն տալու: Նա՛ էր: Միսաք եղբայրս: Իմ` Սեբաստիայից հեռանալէս մօտ մի տարի վերջ նա եւս կարողացել էր դուրս գալ այդ երկրից, Ռումանիայի վրայով անցնել Կովկաս» (20):
Թառիկեանները` իրենց վաղեմի դրացիները, հրաշքով փրկուածներ, տեղ կու տան Սողոմոնին, որ հանգչի: «Գլուխս` հնոցի պէս, մարմինս` դողում: Ելայ ու վերարկուս նետեցի վրաս: Օգուտ չունեցաւ, մարմինս զրնգում էր: Մտածում եմ, որ արգահատելի եմ, անպէտք, անօգնական մէկը. զզուանք եմ զգում իմ հանդէպ. գոյութեան նպատակ, կամք ունեցող մարդիկ ինձ պէս չեն» (21): Ան հարց կու տար ինքզինքին, թէ ինչպէ՛ս եղաւ, որ այս շէն քաղաքէն, քսան հազար հայերէն մնացին քանի մը ընտանիք: «Ո՛չ, չէր կարող այսպէս լինել, եթէ մի հզօր ձեռք յարատեւօրէն ու խղճի մտօք չվարէր սպանդը» (22), ըսած էր իրեն օր մը իր մէկ ընկերը: «Ու իմ առջեւ դարձեալ պատկերանում է Թալէաթի փքուն, ինքնագոհ դէմքը, որ մթութեան մէջ կարծես վեր է հանում բրդոտ թաթը… Ա՜խ, կտրել այդ ձեռքը ու թողնել, որ արիւնաքամ լինի հրէշը, որ կարող լինի զգալ ու հասկանալ իր կատարած ոճիրի ահաւոր չափերը… Հաւատա՞լ արդեօք, որ մի օր, երբեւիցէ, կը լինի մի արդար դատաստան…» (23):
1916-ին Թեհլիրեան կը միանայ Սեբաստացի Մուրատի խումբին: Սեբաստացի Մուրատը հեղինակն է «Մէկ հայ` մէկ ոսկի» կարգախօսին: Այսինքն քիւրտերու կողմէ ներկայացուած իւրաքանչիւր հայու համար մէկ օսմանեան ոսկի կը տրուէր իբրեւ փրկագին: Այս ձեւով կը փրկուէին բազմաթիւ հայ երեխաներ:
Թեհլիրեան Սեբաստացի Մուրատի խումբին հետ կը մասնակցի կովկասեան ճակատի ռազմական գործողութիւններուն: 6 ապրիլ 1918-ին Գարաքուրդի կիրճին մէջ, Սարիղամիշի մօտ, «Թեհլիրեանը հրազէնային վնասուածք է ստանում եւ ապաքինուելու համար տեղափոխւում է Թիֆլիս» (24):
1918 յուլիսի վերջերուն ա՛լ կազդուրուած էր: «Նոր էի հասկանում, թէ որքան անպատրաստ էի կեանքի համար. հայրենիքից մեկնեցի ուսանելու վարդագոյն հեռանկարներով, բայց մտայ արեան ու աւերածութիւնների մէջ եւ դարձայ կիսկատար մի հայդուկ: Ճի՞շդ էր արդեօք կեանքիս այս ընթացքը. անհրաժեշտ չէ՞ր արդեօք հիմնական փոփոխութիւն: Ու երբեմն թւում էր, որ կեանքի բուն իմաստը անձնական անդորր գոյութեան մէջ է. համեստ մի գործ, ընտանիք, երեխաներ, ինչպէս ապրում է մարդկանց մեծ մասը: Բայց ամէն անգամ յիշում էի անցած ճանապարհս, հարազատներիս, ընկերներիս անթաղ շիրիմները եւ զգում էի, որ չեմ կարող երջանիկ լինել այդ կեանքով» (25):
(Շար. 2)
——————–
- Նոյն տեղ, էջ 79:
- Նոյն տեղ, էջ 83:
- Նոյն տեղ, էջ 88:
- Նոյն տեղ, էջ 91-92:
- Նոյն տեղ, էջ 92-93:
- Նոյն տեղ, էջ 94:
- Նոյն տեղ:
- Նոյն տեղ, էջ 94-95:
- Խանումեան, անդ.:
- Մինախորեան, անդ., էջ 164: