Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13437

Տառապանքի Մորմոք Եւ Հերոսացման Կանչ

$
0
0

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Հայաստանի գրական անդաստանում ե՛ւ մանկավարժական, ե՛ւ ստեղծագործական իր ուրոյն եւ նշանակալի դերն ու տեղն ունի անուանի գիտնական, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր, Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժնի վարիչ, Հայաստանի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ Արծրուն Աւագեանը: Արծրուն Աւագեանի ազգանուէր եւ նշանակալի գործունէութեան վկայութիւններից մէկն է Երեւանում հրատարակուած ուշագրաւ եւ չափազանց կարեւոր, տակաւին նմանը չհրատարակուած ժողովածուն` «Հայոց եղերական պոէզիա»: Այդ ժողովածուն ներառում է արեւմտահայ, արեւելահայ եւ սփիւռքահայ խորհրդանշականօրէն 24 հեղինակների` Հայոց ցեղասպանութեան թեմաներով գրած բանաստեղծութիւնները:  Գիրքը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Իր կազմած ժողովածուի նախաբանում, որը Արծրուն Աւագեանը խորիմաստօրէն եւ յուզականօրէն անուանել է` «Տառապանքի մորմոք եւ հերոսացման կանչ», նա արել է խոր, բարձր մասնագիտական մակարդակի, հետաքրքրական վերլուծութիւններ, եզրայանգումներ, եւ ընթերցողի մտքում ու սրտում նոր կեանքի է կոչել Հայոց

ցեղասպանութեան զոհերի եւ նրանց յաւերժող պոէզիայի յիշատակը:

«Ազդակ»-ի ընթերցողին սիրով ներկայացնում ենք  Արծրուն Աւագեանի վերոնշեալ գրական վերլուծութիւնը:

 

«Օ՜, ես ալ ճանչցայ Տառապանքը, ո՞ւր
կ՛արշաւէք, զիս ալ առէք, զիս ալ տարէք
ձեզի հետ»:

(Սիամանթօ)

Մի քանի հարիւրամեակներ տեւած թուրքական լուծը ֆիզիքական, հոգեւոր ու տնտեսական աղէտ եղաւ հայ ժողովուրդին համար, իսկ արեւմտահայ ժողովրդի դէմ աւելի քան մէկ դար ու կէս առաջ սկսուած անմարդկային հալածանքներն ու բռնութիւնները գնալով ոչ միայն մեծ ծաւալներ ստացան, այլեւ նորանոր նպատակներ հետամտեցին: Այդ ամէնի դրսեւորումները բուռն զարգացում ունեցան յատկապէս 20-րդ դարասկիզբի առաջին տասնամեակներում, երբ արդէն սանձազերծ էին դարձել ձերբակալութիւններն ու կախաղանները, երբ Թուրքիայի տարբեր հատուածներում ազգային մոլեռանդութեան ելակէտով իրականացւում էին պարբերական ջարդեր, որոնք ունէին մէկ միակ նպատակ` բնաջնջել հայ ժողովրդին: Պետական ու ազգայնամոլ այդ աւերիչ ծրագիրը հռչակուեց անհրաժեշտութիւն ողջ Թուրքիայի համար:

1915-ի ապրիլի 24-ի սեւ գիշերով սկսուած Մեծ եղեռնը այն խոր վէրքը դարձաւ, որն իր թողած հետեւանքներով անանց մնաց ոչ միայն հայ ժողովրդի մարմնի, այլեւ հոգու վրայ, որի վերաբերեալ մեր ժամանակակից բանաստեղծը գրել է.

  1915 թուականից սկսած,
ամէն տարի այդ օրը
Լուսինը եաթաղանի նման
կտրում է գարնան կոկորդը`
հայոց լեռնաշխարհի
գլխին կախուած
պատմութեան երկնքում:

(Արեւշատ Աւագեան)

Ապրիլեան եղեռնը, ըստ էութեան, գագաթնակէտը եղաւ թուրքերի կողմից հայերի նկատմամբ կիրառուող վայրագութիւնների: Այդ երկրի համար վաղուց մշակուած պետական քաղաքականութիւն էր դարձել հայերի ոչնչացումը, եւ որեւէ առիթ բաց չէր թողնւում նորանոր կոտորածներ իրագործելու համար: Ազգային ու կրօնական տօն էր` հայեր պիտի սպաննուէին, ցոյցեր էին` հայեր պիտի սպաննուէին, սուլթանի փառաբանում էր կամ սահմանադրութեան հռչակում` հայեր պիտի սպաննուէին, յեղաշրջում էր` հայեր պիտի սպաննուէին: Եւ այստեղ ոչ մի նշանակութիւն չունէր, թէ իշխանութեան գլուխ ովքեր էին կանգնած` սուլթաննե՞րը, երիտթուրքե՞րը, թէ՞ քեմալականները, ովքեր Մեծ եղեռնից յետոյ էլ 1921-ին Զմիւռնիայի (Իզմիր) կոտորածներով ու 1922-ին Կ. Պոլսում իրագործուած բռնութիւններով հաստատեցին, որ` երբեք ոչինչ չի փոխւում այդ երկրում, որ սպանութիւնը թուրքերի ազգային բնազդի յաւերժական դրսեւորումներից մէկն է եղել բոլոր ժամանակներում ու յար այդպիսին է մնալու, որը միեւնոյն ժամանակ թալանի, ունեզրկման, հողազրկման ու հայրենազրկման նպատակներ է ունեցել, որոնք եւ յենասիւները դարձան այսօրուայ թուրքական պետականութեան ստեղծման:

1914-ին սկսուած Ա. Համաշխարհային պատերազմը սպասուած առիթ ծառայեց թուրքերի համար` իրականացնելու վաղուց մշակուած իրենց ազգային ծրագրերից մէկը` Թուրքիան առանց այլազգիների: Մշակուած, որին մասնակցեցին բանակը, ոստիկանութիւնը, պետական ու կառավարական կառոյցները. եւ ինչպէս Սիամանթոն է գրում իր «Կախաղաններու կատարէն» բանաստեղծութիւնում, որպէս օրէնք, խուժանը կատաղօրէն միշտ վարն էր` «հրապարակին վրայ, ցեխին մէջ եւ ցեխը ապականելով»:

Հայոց դիմադրութիւնը մէկընդմիշտ կանխելու համար պատերազմական ու զինուորական կեղծ պատրուակներով բանակ զօրակոչուեցին 15-ից 40 տարեկան հայ տղամարդիկ, մինչեւ 60 տարեկանները տարուեցին աշխատանքային ճամբարներ, դեռահաս աղջիկներն ու տղաները յանձնուեցին թուրք ընտանիքներին` կրօնափոխ արուելու համար, հայերի տների ու հողերի վերաբաշխումներ կատարուեցին, ձերբակալուեցին կուսակցական գործիչներն ու մտաւորականները: Խօսելով այդ մասին` Գր. Զօհրապը նկատել է. «Դուք տաճիկները չէք ճանչնար… Կ՛ըսեմ ձեզի, ինձ համար այլեւս թէ՛ մեր հարցին, թէ՛ մեզի… Այդպիսի հրաշալի առիթէ կ՛ուզէք, որ շուները չօգտո՞ւին… Մեծ պետութիւնները զբաղած` սահմանները փակ…»:

Արեւմտահայը կառուցել էր ու արարել, մշակել դաշտեր ու ծաղկեցրել այգեստաններ, հիմնել եկեղեցիներ ու գրել գրքեր… Ինչպէս գրում է Յակոբ Օշականը, «… այդ ամէնքը զօրաւոր մեղքե՜ր, որպէսզի մորթուէին հեղինակները»: Եւ նախկինում կիրառուած իրենց մարդասպան ծրագրերը դարձնելով ժողովրդասպան ծրագրեր` թուրք իշխանութիւններն ու թուրք խուժանը, որ սպանութեան ու թալանի ժամանակ միշտ անտառանալ գիտէ, որ միշտ ծարաւի է մարդկային մսի ու արիւնի, նոր ժամանակներում, մարդասէրի դիմակ հագած մեծ տէրութիւնների աչքի առջեւ, իրենց աւերիչ նպատակներն իրականացնելու ճանապարհին խտրականութիւն չդրեցին կիրառուած միջոցների միջեւ` ջարդերը դարձնելով զանգուածային, աքսորները` համատարած, կախաղաններն ու գնդակահարութիւնները` ամէնուրեք: Մարդավոհմակ նախամարդ թուրքն էր, որ արշաւում էր ու անխնայ ու անխտիր ոչնչացնում ամէն բան, որ հայկական էր ինչպէս  գրում է Պ. Սեւակը` «Ոչինչի՛ համար եւ ամէն ինչի».

 

Անդի՜ն, անդի՜ն կը մորթեն
Կեանքը արտին մէջ, եւ գաղափարը` գանկին:

(Դ. Վարուժան)

Ու հայը տեսաւ իրական դժոխքը, ոչ այնաշխարհային աստուածաշնչեան թղթէ դժոխքը, որ մեղաւորների համար է սահմանուած, այլ` այն դժոխքը, որ մանուկների, ծերերի ու կանանց «զոհերու մահանկար» (Սիամանթօ) էր իրենից ներկայացնում:

Դիմելով բռնութիւնների, նախճիրների իւ արծաթապաշտութեան մասնակից մարդկութեանը` Սիամանթոն իր «Ուրուականները» քերթուածում այդ օրերին գրեց.

– Ահա ձեզի իմ Ցեղէս վերջին սափորն իր արիւնին…

Ըմպեցէ՛ք զայն ցմրուր, եթէ դուք դեռ ծարաւ էք…

Իսկ «Պարը» բանաստեղծութիւնում ձեւակերպեց աշխարհին ուղղուած իր ամենաարհամարհալից տողերից մէկը` «Ո՜վ մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ»:

Շահամոլ ու եսասէր աշխարհը այդպէս էլ չհասկացաւ ու չէր հասկանալու, որ կազմակերպուած սպանդը միայն հայոց դէմ չէր ուղղուած, այլ` ողջ մարդկութեան: Այն աշխարհը, որն իր «համակիր ծրագիրը» դարձրեց տապանագիր հայոց վրայ:

Արեւմտահայութեան եղեռնը չամփոփուեց միայն մարդկային ու տարածքային կորուստներով կամ ազգային ու քաղաքական կեանքի ոչնչացումներով: Ընդհատուեց արեւմտահայութեան նաեւ հոգեւոր ու մշակութային զարգացման բնական ընթացքը: Նա կորցրեց նաեւ գրական այն միջավայրը, որ ձեւաւորուել էր 19-րդ դարի 40-ական թուականներից. «Տապարն է ջախջախ դրանըս կուրծքին.// Ջա՜րդն է, դուռդ բաց», գրեց Ռ. Սեւակը այդ օրերին, որը նշանակում էր` ամէն ինչի վերջ:

Համազգային կորուստների ու ողբերգութեան այս շրջանում բնական էր, որ հայ գրողի համար խօսքի ծանրութեան կեդրոնը դառնար «կացինահար սերնդի» (Մ. Զարիֆեան) սեւ պատմութիւնը, նրանց պատմութիւնը, ում`

Յօշոտեցին ու խեղդեցին ու այրեցին…
Մեր վաղեմի պապենական սեղանի վրայ:

                                                    (Մ. Զարիֆեան)

Ժողովրդի յուսադրման, նրան սատարման, չարի դէմ ծառանալու եւ պայքարելու, ինչպէս եւ վաղուայ օրուայ նկատմամբ հաւատ ներշնչելու գործում մեծ դեր ստանձնեց մանաւանդ հայ գրողը: Որքան էլ մեծ ու անդառնալի էին կորուստները, թուրքի եաթաղանը անկարող եղաւ կանգնեցնելու հայ միտքը, որն իր գաղափարական ու գեղարուեստական բարձրագոյն արտայայտութիւնը գտաւ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Ռ. Սեւակի, Վ. Թէքէեանի ու տասնեակ այլ հայ գրողների ստեղծագործութիւններում, որտեղ «Փրկութեան ու տառապանքի նժարովը Հայրենիքին բախտը» (Սիամանթօ) կշռուեց, որտեղ ներկայացուեց «մորթուած սերունդի» (Սիամանթօ) կեանքի ընթացքը, գեղարուեստօրէն արտացոլուեց չարիք ու ատելութիւն սերմանող ուժը, փառաբանուեց մահին յաղթելու վճռականութիւնը, ապրելու կամքը, կեանքի գեղեցկութիւնն ու արարումը:

Ջարդերի ու եղեռնի թեմայով ստեղծագործած գրողների կոչումը աւելի սպառիչ հնարաւոր չէ տալ, քան այդ արել է Սիամանթոն իր «Ատելութեան կոչ» քերթուածում.

Եւ երգերովդ կրկնէ՛ մեզ, ինչ որ Հայաստանի մեռելական
հողմերը քեզի պատմեցին,
Երգէ՛ արցունքներու հովիտին, յուսահատ քաղաքներուն եւ
ջախջախուած ժողովուրդին համար,
Երգէ՛ եւ Եղբայրութեան հրաւէրդ եւ քու
կարմիր կոչդ Ատելութեան,
Աղաղակէ՛ եւ մեռելներուն եւ ընկճուածներուն եւ վրէժին
եւ դեռ քնած զօրութիւններուն,
Ջատագովէ՛ զանոնք, որոնք առաջ են անցեր, եւ փնտռէ՛
զանոնք, որոնք անստոյգ մութին մէջ կը խեղդուին…
Երգէ՛ նոյնիսկ անոնք, որ պարտուեցան, անոնք, որ մեռան
եւ անոնք, որ պիտի ծնին,
Եւ խարազանէ՛ անգթօրէն բոլոր հայրենադրուժները եւ         դաւաճանները, եթէ դեռ կ՛ապրին…

Այսպէս ցաւը, կորուստը, տառապանքը դարձան հայ գրողի գլխաւոր թեմաներից մէկը, պայմանաւորեցին նրա հոգեվիճակը, աշխարհընկալումն ու մտածելակերպը, պատկերների համակարգը, արտայայտման ձեւերը, հարցադրումների ու ասելիքի բովանդակութիւնը:

Եւ պատահական չէ, որ 1896-ի ջարդերից յետոյ գրած իր բանաստեղծութիւններից մէկում Յովհաննէս Յովհաննիսեանը արդէն փաստում էր.

 Չունիմ քեզ համար, ընկե՜ր թանկագին,
Սրտառուչ, քաղցրիկ վաղեմի ձայներ,
Ա՜, բեկբեկ լարերն իմ խեղճ քնարին
Շուտով սորվեցան երգել սեւ օրեր:

Եղեռնը եւ նրա պատճառած ֆիզիքական ու հոգեւոր կորուստները հայ գրողին դարձրին իր ժամանակի տարեգիր, որը նշանակում էր վկայութիւն տալ, պատմութեանը յանձնել իր տեսածի, ապրածի ու զգացածի ինչպէս իրական, այնպէս էլ գեղարուեստական պատկերները` դրանով իսկ դառնալով գրական թեմայի սկզբնաւորող` եղեռնի թեման աշխարհում առաջինը դարձնելով գրականութեան նիւթ, ասելիք, բովանդակութիւն, զգայական ու անձնական խորագոյն ապրում.

Հոգիս ա՛ն է, որ բիւրաւոր անգամ ձեր ամէնուն
ցաւն ապրեցաւ,
Ա՛ն է, որ անդունդի մը մէջ` իր մոխրին վրայ ծնրադիր`
Հարազատ ու շղթայակապ քոյրերու աքսորը կու լայ…
Հոգիս այն վայրն է, ուրկէ արիւնռուշտ
լուսին մը բարձրացաւ
Անմեղներու կոտորածէն ծովացեալ դաշտի մը վրայ…

(Սիամանթօ)

Եղեռնապատումի գրականութեան ուշագրաւ առանձնայատկութիւնն այն է, որ այդ պոէզիան, ցոյց տալով, թէ ինչ բան է եղեռնը, պատկերից ոչ թէ սպանդի ու ջարդերի արեան յեղումները, այլ` դրանց յարուցած հոգեկան վերապրումները: Աւելի՛ն. այդ գրականութիւնը ողբի գրականութիւն չէ եւ ոչ էլ ոխի, այլ` մի գրականութիւն, ուր հաստատւում են կեանքը, ապրելու իրաւունքն ու արարումը:

Որքան էլ եղեռնը ընդհանրական երեւոյթ էր, այնուամենայնիւ ամէն մի բանաստեղծ իւրովի է ընկալել այն, ուրեմն եւ` իւրովի վերապրել, որն իր խտացումը գտաւ Սիամանթոյի «… ձեր մահացու ցաւն իմ կարմիր ցաւս եղաւ» տողով: Իրենց ժողովրդի մարտիրոսացումների եղերերգը ու նրա հերոսացումների ոգեկոչումը եթէ Պէշիկթաշլեանի, Սիամանթոյի, Վարուժանի բանաստեղծութիւններում արտայայտուել են թանձր ու կտրուկ հնչեցումներով, ապա Թումանեանի, Իսահակեանի, Թէքէեանի գործերում աւելի խոհական դրսեւորումներ են ստացել, իսկ Շիրազի, Սեւակի, Էմինի ստեղծագործութիւններում` պատմական երանգաւորումներով հանդերձուել:

Թէ՛ գաղափարադրոյթի եւ թէ՛ բանաստեղծական ձեւի առումով, այդ գործերի մեծ մասը գրուած է ստեղծագործական հզօր մղումով եւ լեցուն է խոր ասելիքով: Կարելի է ասել, որ դրանցում մտածումնների, ապրումների ու դատումների ամբողջականութիւնը ազգային ու համամարդկային յարատեւ զգացողութիւնների արտայայտութիւններ են եւ իրենց ընդհանրութեան մէջ փաստագրումն են 19-րդ եւ 20-րդ դարերում աշխարհում կատարուած այն բոլոր չարագործութիւնների, որոնց զոհ դարձան միլիոնաւոր մարդիկ ու ամբողջական ժողովուրդներ:

Երբ Մկրտիչ Պէշիկթաշլեանը, Ղազարոս Աղայեանը, Յովհաննէս Յովհաննիսեանը, արձագանգելով 19-րդ դարի 60-90-ական թուականների հայկական կոտորածներին, գրում էին այդ թեմայով առաջին  բանաստեղծութիւնները, իրենց մտքով անգամ չէին կարող անցկացնել այն աներեւակայելի ոճիր-ծրագրերը, որոնք մակաղւում էին թուրք ջարդարարների ուղեղներում, այն համատարած նախճիրները, որոնք ամէն բան` հող, տուն, ունեցուածք, հայրենիք, ծնող ու զաւակ, եղեռնի ճարակ դարձրին:

Հայ գրողը գրեթէ միշտ ձգտել է երգել գովքը Աստծու, երգել «փառքը պայծառ սիրոյ ու հացի» (Ե. Չարենց), հնչեցնել մի մեղեդի, որ` «Երգէ դաշտերն ու ցորեան» (Մ. Մեծարենց), սակայն կեանքը նրան ստիպել է երգել «գորշ օրերի տաղտկութիւնը» (Ե. Չարենց), երգել թախիծն ու վիշտը հայ կեանքի, ինչպէս, ասենք, Կոստան Զարեանի «Երեք երգ ասելու համար վիշտը երկրի եւ վիշտը երկնքի» պոէմում, ուր ներկայացուող գարնան, ծաղկունքի ու երջանկութեան պատկերները գահավէժ դէպքերի ազդեցութեամբ դառնում են տրտմութիւն, սուգ եւ տառապանք արտայայտող տողաշարեր: Այդ ամէնը արդիւնք էր մի իրողութեան, որ այնքան ցաւով բանաստեղծել է Վահան Թէքէեանը իր «Ահաւոր բան մը այնտեղ» քերթուածում` ջանալով նաեւ իր ժողովրդի կորուստի պատմութիւնը հասցնել աշխարհի խուլ ականջին.

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ.
Կը սպաննեն ազգ մը այնտեղ, որ կեանք ունէր եւ շնորհ…
……………………………………………………………………..
Եւ այդ ազգը մերինն էր, եւ կը սպաննեն զայն հիմա,
Զայն կը սպաննեն… օգնութի՜ւն, ա՛հ, օգնութի՜ւն, օգնութի՜ւն…

Ի տես ու ի վկայումն հայ կեանքի հէնց այդ ողբերգական ու կորստաբեր ընթացքի` 20-րդ դարի առաջին տասնամեակից սկսած մեզանում ստեղծուեց մի գրականութիւն, որն այլ կերպ չես անուանի, եթէ ոչ` արնաշաղախ, եւ որը դեռեւս 1913-ին դիպուկ է բնութագրել Գրիգոր Զօհրապը. «Նոր սերունդին գրականութիւնը ճիշդ այս դրոշմը, այս կնիքը կը կրէ իր վրան. ամէն ինչ տառապանք է հոն. ամէն ինչ աղաղակ եւ բողոք: Հայկական ջարդերու ականատես գրականութիւնն է. միտքերը` մռայլ, բառերը դաշոյնի պէս փայլատակող. մահահոտ եւ արիւնաներկ գրականութիւն հայկական ճակատագրին պէս»:

Լինելով ու մնալով հայոց կեանքի իրական արտայայտիչ` այդ գրականութիւնը արձանագրեց.

  Ու հազար դռների առջեւը կանգնած
ստուէրներ
թանձրացած-
ձեռքերնին գերանդի բռնած –
լայն, խոժոռ նայուածքով ծամում են մի միտք,
մի սեւ միտք,
ու գիշերը բախում են կամաց
դռներին…
ու խօսքեր են ասում շատ ցած,
պատգամներ են տալիս շատ ցած
ամէնին, ամէնին: (Կոստան Զարեան)

Այսպէս, հայ ողբերգական ճակատագիրը, կորուստների ու անկումների պատմութիւնը դարձել են կայուն թեմա 20-րդ դարի բոլոր հայ գրողների համար` արեւմտահայ թէ սփիւռքահայ, արեւելահայ թէ խորհրդահայ, ընդհուպ այն աստիճան, որ անգամ այնպիսի զուտ քնարերգակ բանաստեղծ, ինչպիսին է Միսաք Մեծարենցը, գրել է.

Քո՛յր, մօտեցիր կըրակին,
Ծըխէ՛ տերեւն այս բուրեա՛ն,
Զի ամէն բան ինձ կրկին
Կը դարձընէ հոտն արեան:
………………………………….
Քո՛յր, մօտեցո՛ւր իմ ձեռքին
Աստուածաբոցն հըրացան,
Զի ամէ՜ն բան ինձ կրկին
Կը յիշեցնէ վրէ՛ժն արեան…

Հոգեկան ու ֆիզիքական ընդվզուն վիճակը, ցաւը, հիասթափութիւնը, անչափելի կորուստները, ապա եւ ապրելու ու յաղթելու վճռականութիւնը այդ պոէզիայում որքան մի կողմից ընդգծում էին պատմական փաստն ու ազգային ճակատագիրը, նոյնքան էլ դառնում էին բանաստեղծական ասելիք, պատկեր, խորհուրդ ու պատգամ:

Եղեռնի թեմայով ստեղծագործող մեր գրողների մի մասը զոհ դարձաւ սպանդին, մի մասն աքսորուեց ու տարագրուեց, մի մասն էր, հրաշքով մազապուրծ, ապաստան գտաւ աշխարհի չորս ծագերում` դառնալով «Ռընոյի» ու «Ֆորտի» բանուոր, մանուֆակտուրայի գործաւոր եւ կամ անտուն տարագիր: Ո՞ւր մնացին զոհրապները, վարուժանները, սեւակները: Ո՞ր թուրք մարդասպանը կտրեց նրանց կեանքի թելը ու անյայտ թողեց նրանց շիրմատեղերը: Եւ ո՞վ ընդհատեց ստեղծագործական այն ոսկէ երակը, որ նրանցն էր, որը դեռ շատ երկար պիտի արգասաւորուէր եւ հայ գրին ու մտքին անմահ էջեր պարգեւէր:

Հէնց հայոց կեանքի արնաշաղախ այդ ընթացքն էլ Յովհաննէս Թումանեանին յանգեցրեց իր քառեակներից մէկում աշխարհն ու մարդուն բնութագրելու սեփական ազգի ապրած տառապանքների հայեցակէտով.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիւ դառաւ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամբան:

Նման պարագայում, Թումանեանի խօսքերով ասած, «ընկնում են սրտից ե՛ւ երգ, ե՛ւ աստուած», եւ դառնացած բանաստեղծի դժգոհութիւնը ուղղուել է անգամ Աստծուն.

 Մի՞թէ, աստուա՛ծ, դեռ բաւական չըտեսար
Էսքան աւեր, վիշտ ու ցաւեր, հեծութիւն,
Մի՞թէ, աստուած, հաճելի չեն քեզ համար
Աղoթք ու սէր, կեանք ու տաղեր զուարթուն   («Տրտմութեան Սաղմոսներից»)

Իսկ «Հոգեհանգիստ» բանաստեղծութիւնում այդ բնութագրումները յանգեցրին աւելի ողբերգական եզրայանգումի. «Մարդակեր գազան` մարդը դեռ երկար  էսպէս կը մնայ…»:

Աշխարհի այս վիճակը աղէտաբեր եղաւ յատկապէս հայ ժողովրդի համար, քանի որ նրա երկիրը դարձաւ մի վայր, ուր, բանաստեղծ Մատթէոս Զարիֆեանի խօսքերով ասած, եղեռնը սփռեց «Աւերակոյտ ու մեռելներ ամէնդի», իսկ Ռուբէն Սեւակը այդ երկիրը բնութագրեց որպէս զոհ գազանների, որ համայնասպառ բոցերի մէջ մխում է յար.

 Ու դո՜ւն, ո՜վ դժբախտ երկիր հայրենի,
Որ արիւնի տա՜ք շամանդաղի մէջ.
Զոհ` գազաններու խաղին վայրենի,
Ու համայնասպա՜ռ բոցերու անշէջ,
Կը մխաս, դժբախտ երկիր հայրենի…

 

(Շար. 1)


Viewing all articles
Browse latest Browse all 13437

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>