Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Ովքե՞ր Են Սպաննել Ճեմալ Փաշային

$
0
0

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ»

«Յուլիսի 21-ի երեկոյեան ժամը 10-ին (Թիֆլիսում- Մ.Ա.) Պետրոս Մեծի փողոցում, Եկմալովսկայա եւ Ժուկովսկայա փողոցների միջեւ, անյայտ չարագործների ձեռքով տեղի է ունեցել Ճեմալ փաշայի, Նուսրետ պէյի եւ փաշայի համհարզ Սուրսիա պէյի սպանութիւնը: Միաժամանակ, հաւանաբար պատահական կրակոցից, սպաննուել է հրշէջ երկրորդ բաժանմունքի հերթապահը, եւ ոտքից վիրաւորուել է մի կին: Մարդասպաններին յաջողուել է անհետանալ: Կատարւում է սպանութեան եռանդուն հետաքննութիւն:

Յանդգնութեան առումով սա աննախադէպ յանցագործութիւն է, որը տեղի է ունեցել երեկոյեան աշխուժ եռուզեռի պահին, երբ ամէնուրեք լիքն են եղել ճոպանուղուց վերադարձող երթեւեկողները: Եւ, վերջապէս, մերձակայքում է գտնւում առեւտրական ամենաաշխուժ փողոցներից մէկը` Սոլոլակին:

Սպանութիւնները կատարուել են հետեւեալ պայմաններում. Ճեմալ փաշան քայլել է Նուսրետ պէյի հետ թեւանցուկ, իսկ համհարզը` միայնակ, մի փոքր առաջ ընկած: Ժուկովսկեան փողոցի անկեան դիմաց մարդասպանները (ըստ մի քանի ցուցմունքների, նրանք երկուսն են եղել), յանկարծ յայտնուելով` կրակահերթ են բացել, հաւանաբար` ինքնաձիգ ատրճանակներից: Ճեմալ փաշան եւ Նուսրետ պէյը սպաննուած ընկել են հէնց այնտեղ, որտեղով անցնում էին: Համհարզ Սուրսիա պէյը վազել է դէպի Սոլոլակի, սակայն 50 քայլ էլ չանցած թիկունքին փամփուշտով խոցուելով` վայր ընկել:

Մարդասպանները մի քանի համազարկ տալուց յետոյ, ըստ երեւոյթին, հրշէջ բաժանմունքի դարպասի մօտ, Ժուկովսկեան փողոցի վրայ հերթապահ հրշէջին նկատելով, կրակոցներից մէկով տապալել են նրան: Սպաննուածը Գարեգին Դիլանեանն է եղել: Ներքեւի փողոցով անցնող անծանօթ կինը, ըստ երեւոյթին, պատահաբար վիրաւորուել է ոտքից: Եւս մի քանի համազարկերից յետոյ մարդասպանները միջանցիկ բակով եւ փակուղով անհետացել են, հաւանաբար` Սոլոլակի ուղղութեամբ:

Որոշ ժամանակ անց ժամանել են բժիշկները եւ նրանց հետ միաժամանակ Անգորայի հիւպատոսութեան ներկայացուցիչները, որոնց մասնակցութեամբ էլ ճանաչուել է սպաննուածների ինքնութիւնը: Դրանք էին` Ճեմալ փաշան, նրա քարտուղար Նուսրետ պէյը եւ համհարզ Սուրսիա պէյը:

Զննումով հաստատուել է, որ յարձակումը կատարուել է ետեւից, եւ եղել այնքան անսպասելի, որ սպաննուածները չեն կարողացել զէնքի դիմել: Ճեմալ փաշան սպաննուել է երեք գնդակից` թիկունքին եւ վզին, քարտուղարն ունեցել է 5 վէրք, իսկ առաջ վազող համհարզը սպաննուել է թիկունքին հասցրած գնդակից:

Զննութիւնն աւարտելուց յետոյ սպաննուածների դիակները տեղափոխուել են Միքայէլեան հիւանդանոց` էլ աւելի մանրազնին հետազօտման համար»:

Սա է այն օրերի թիֆլիսեան մամուլի եւ իրաւապահ մարմինների յայտնած տեղեկութիւնը Թիֆլիսում, Չեկայի շէնքից ոչ հեռու, հայ ժողովրդի դահիճներից մէկի` Ահմետ Ճեմալ փաշայի եւ նրան ուղեկցող մարդկանց սպանութեան մասին: Ամէն ինչ շատ մօտ է նկարագրուած իրականութեանը: Մեզ համար ընդունելի չեն միայն ձեւակերպումները` «մարդասպաններ», «յանցագործութիւն»…եւ մէկ էլ իրաւապահների աչքից վրիպել է Ճեմալի սպանութիւնն իրագործած հայ վրիժառուների ճիշդ թիւը` նրանք իրականում եղել են երեքով (ոչ երկուսով) եւ հէնց երրորդը Ստեփան Ծաղիկեանն է դիմացի մայթից արձակած մէկ հատիկ դիպուկ կրակոցով տապալել դէպի Սոլոլակի վազող եւ օգնութիւն կանչող համհարզին:

1922թ. յուլիսի 21-ին Թիֆլիսում Ճեմալ փաշայի սպանութեան գործողութիւնը, որ ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ի նախաձեռնած «Նեմեսիս» յայտնի ծրագրի մի օղակն էր, նախապատրաստուել, ապա իրականացուել է խստագոյն գաղտնիութեան պայմաններում: Այդ մասին է խօսում եւ այն փաստը, որ սպանութեանը հետեւել են զանգուածային ձերբակալութիւններ, իսկ բուն կազմակերպիչներն ու վրիժառութեան աքթի անմիջական իրականացնողներն այդպէս էլ յայտնի չեն դարձել Չեկային: Աւելի ուշ, Դրոյի անմիջական միջամտութեամբ, Մոսկուայից ստացուած հրամանագրով բանտերից ազատ են արձակուել Ճեմալի սպանութեան գործով բոլոր կալանաւորուածները: Քիչ չեն եղել նաեւ այս պատմութիւնը խեղաթիւրելու փորձերը:

Ընդհուպ փորձ է արուել այն ներկայացնելու որպէս պատմական Տայք նահանգի Խոտորջուր հայաբնակ շրջանի ինքնապաշտպանութեան (1915-1918) կազմակերպիչների` Ստեփան Ծաղիկեանի, Արտաշէս Գէորգեանի եւ Պետրոս Տէր Պօղոսեանի ձեռքի գործ: Այս եւ այլեւայլ պնդումները, սակայն, չեն դիմանում այն հսկայական փաստական նիւթի ճնշմանը, որ տարիներ շարունակ հաւաքել, համակարգել, ապա խորհրդային պետանվտանգութեան կոմիտէի սրատես աչքից խնամքով թաքցրել է գրքի հեղինակը` մասնագիտութեամբ լրագրող Միքայէլ Այվազեանը:

Փաստահաւաքութեան դժուարին աշխատանքը Միքայէլ Այվազեանն սկսել է 1923 թուականից: Նրան յաջողուել է հանդիպել Ճեմալ փաշայի սպանութեան գործողութեան կազմակերպիչների, վկաների, այլ մարդկանց հետ, մանրամասն գրի առել նրանց պատմութիւններն ու յուշերը: Գիրքը ստեղծուել է երկարատեւ տքնաջան աշխատանքի արդիւնքում, բայց այն հրատարակել հնարաւոր չի եղել: Այվազեանն այնուհետեւ ողջ փաստական նիւթը փոխանցել է իր ազգականներից մէկին` Առաքել Աւետիսեանին, ով 40 տարի շարունակ այն պահպանել է իր տան նկուղում: Ասես նախախնամութեան կամքով փաստական հարուստ նիւթը կրկին լոյս աշխարհ է եկել Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրեակին: Առաքել Աւետիսեանի թոռներն այն յայտնաբերել եւ փոխանցել են Միքայէլ Այվազեանի թոռներին, ովքեր էլ որոշել են այն հրատարակել:

Ահա, ինչ են գրում նրանք «Երկու խօսք» բաժնում. «Հիմա Միքայէլն ու Առաքելը չկան, չկան նաեւ մեր հայրերը` Հրաչեան եւ Սուրէնը: Մենք` Միքայէլ Այվազեանի թոռներս, որոշել ենք հրապարակել մեր պապի աշխատանքը: Հնարաւոր է, որ այս տեղեկութիւններն այլեւս նոր չլինեն, գրքում շարադրուած իրադարձութիւններն արդէն յայտնի լինեն շատերին: Բայց մենք պարտաւոր ենք հրատարակել` դրանով փորձել արժանին մատուցել իսկական հայի` Միքայէլ Այվազեանի բարի յիշատակին… Գրքի տպագրութիւնը հովանաւորելու համար մեր շնորհակալութիւնն ենք յայտնում մեծ հայրենասէր, ճարտարապետ Սերոժ Սուքիասեանին»:

Այսպիսով, ընթերցողի դատին է ներկայացւում լրագրող եւ հասարակական գործիչ Միքայէլ Այվազեանի (1901-1979 թթ.) յուշագրական-վերլուծական աշխատութիւնը, որը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչ երիտթուրք եռեակի անդամներից մէկի` Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ահմետ Ճեմալ փաշայի սպանութեան մինչ օրս անյայտ հանգամանքների ու մանրամասների քննական հետազօտութեանը: Փաստական հարուստ նիւթերի, ականատեսների, գործին մասնակից ու առնչութիւն ունեցող մարդկանց վկայութիւնների, մամուլի եւ այլ տուեալների համադրութեան եւ քննութեան միջոցով հեղինակը փորձել է պատասխանել գլխաւոր հարցին` ովքե՞ր են կազմակերպել եւ իրականացրել Ճեմալ փաշայի սպանութիւնը: Միքայէլ Այվազեանը անհերքելի փաստերով եւս մէկ անգամ ամրագրել է, որ արդարահատոյց այդ գործողութիւնը կազմակերպել է ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտէն, իսկ իրականացրել են խոտորջուրցի երեք հայորդիները, որոնք ինչպէս բուն գործողութեան օրը, այնպէս էլ գործողութիւնից յետոյ, գործել են ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի անմիջական ղեկավարութեամբ եւ աջակցութեամբ: Գրքի ներածութեան հեղինակ, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Արարատ Յակոբեանի վկայութեամբ, Միքայէլ Այվազեանի «Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային» աշխատանքը, որպէս Հայոց պատմութեան ուշագրաւ, բայց ոչ բաւարար ուսումնասիրուած էջերից մէկի բացայայտման փորձ, ունի գիտաճանաչողական որոշակի արժէք, ինչի պատճառով էլ հրատարակւում է երկրորդ անգամ»:

Նշենք, որ գրքի առաջին հրատարակութիւնը հապճեպ կերպով իրականացրել են Միքայէլ Այվազեանի թոռները` առանց գիտական միջոցների ու համապատասխան ծանօթագրութիւնների ու բազմաթիւ վրիպակներով: Ուստի զգացւում էր նրա երկրորդ կամ` գիտական հրատարակութան կարիքը, որով հիմնաւորուած կերպով տրուել է «Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային» հարցի պատասխանը: Յաւելենք նաեւ, որ գրքում տեղ են գտել պատմական լուսանկարներ, ինչպէս նաեւ` սպանութեան վայրի մանրամասն յատակագիծը: Գրքի խմբագիրն է պատմական գիտութիւնների դոկտոր, «Վէմ» հանդէսի խմբագիր Գէորգ Խուդինեանը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles