Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Օձի Գլուխը Երբ Ցաւում Է

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

«Պաքուն անում է հնարաւոր ամէն ինչ` խաղաղութեան գործընթացը խաթարելու ուղղութեամբ»: Այս գնահատականը պատկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Էդուարդ Նալբանդեանին, որ օրերս` մայիսի 19-ին, արտայայտել է Կիպրոս կատարած աշխատանքային այցի ընթացքում` ԵԽ գլխաւոր քարտուղար Թորպեորն Եակլանտի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Մերժելով հետաքննութեան մեքանիզմի ստեղծումը` Ազրպէյճանը ցանկանում է խուսափել իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատուութիւնից, սակայն եռանախագահների երէկ տարածած ոչ սովորական յայտարարութիւնը յստակ կերպով մատնանշում է մեղաւոր կողմին», շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Թէ այդ հաղորդմանն ինչ արձագանգ է տուել պարոն Եակլանտը` դժուար է ասել, քանզի այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութիւնը լռում է: Բայց երեւի թէ կարելի է կռահել` հաշուի առնելով ԵԽ-ի, ինչպէս նաեւ այլ հեղինակաւոր միջազգային կառոյցների, առանձնապէս ԵԱՀԿ-ի անհանգստութիւնն ու մտահոգութիւնն ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան գօտում իրավիճակը վերջերս կտրուկ սրուելու կապակցութեամբ:

Ինչպէս յայտնի է, մայիսի 15-ին կէսօրից ազրպէյճանական զինուժի հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով` փորձելով հարուածել ռազմական սարքերին: Կրակն իրականացուել է իսրայէլական արտադրութեան «Սփայք» տիպի կառավարուող հրթիռներով, որոնք հիմնականում վրիպել են: Նպատակին հասել է միայն մէկը, որը խոցել է ոչ թէ թիրախաւորուած «ՕՍԱ» զենիթա-հրթիռային կայանքը, ինչի մասին շտապել է ծնծղաներ հնչեցնել Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը, յաւելելով նաեւ մարդկային կորուստները, այլ ընդամէնն այդ կայանքի քարշակը, այսինքն` փոխադրամիջոցը: Ընդ որում` առանց մարդկային զոհերի: Եւ դա կատարուել է ի լրումն տարբեր զինատեսակներից, այդ թւում` ականանետերից ու նռնանականետերից, արցախեան դիրքերի գնդակոծումների, որ Ազրպէյճանն իրագործում է հակամարտ զօրքերի շփման գծում ամէնօրեայ, անգամ` գրեթէ ամէնժամեայ պարբերականութեամբ: Ինչ խօսք, արցախեան կողմի պատժիչ պատասխանը, ինչի մասին նախապէս խոստացուել էր, երկար սպասեցնել չտուեց: Այն կատարուեց յաջորդ օրն իսկ` մայիսի 16-ի լոյս 17-ի գիշերը: Արդիւնքում ոչնչացուեցին շփման գծի հակադիր տարածքում տեղակայուած ազրպէյճանական մի շարք կրակակէտեր: Թէ որքան դիպուկ էին այդ թիրախային հարուածները, անշուշտ, կասկած չի առաջանում, քանզի, նկարահանուած լինելով անօդաչու թռչող սարքերի միջոցով, դրանք,  ի հաստատումն անժխտելի իրողութեան, ցուցադրուեցին տարբեր հեռուստաալիքներով, ինչպէս նաեւ` համացանցի ընկերային կայքերի միջոցով:

Ուշագրաւ է, որ այս երկու միջադէպերը յստակ ցոյց տուեցին եւս մէկ կարեւոր հանգամանք, այն, թէ հակամարտ կողմերի զինուած ուժերն ինչ աստիճան հմտութեամբ են տիրապետում արդի սպառազինութեանը: Այլ կերպ ասած`  թէ արհեստավարժութեան ինչ մակարդակների վրայ է այդ արդիական զինատեսակները կիրառող մարդկային գործօնն այնտեղ` Ազրպէյճանում եւ այստեղ` Արցախում: Նաւթատոլարների շնորհիւ ձեռք բերելով վիթխարի քանակութեամբ ժամանակակից սպառազինութիւն, ընդունենք` շատ աւելին, քան` Հայաստանի եւ Արցախի զինուած ուժերը միասին վերցրած, Ազրպէյճանը, այնուամենայնիւ, ստիպուած է շարունակաբար մնալ, այսպէս ասած, կոտրած տաշտակի մօտ, քանզի արհեստավարժ զինուորական մասնագէտների այն ներուժը, որ խիստ անհրաժեշտ է ձեռք բերուած զինատեսակները ըստ նպատակի կիրառելու համար, նա փաստօրէն չունի:  Ինչպէս միանգամայն արդարացիօրէն օրերս նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Արա Պապեանը. «Զէնքն անհրաժեշտ միջոց է պատերազմի համար, բայց դեռ բաւարար չէ: Իսկ Ազրպէյճանը, կարծէք թէ, դեռ չի կարողանում ստեղծել զէնքի, մարդու եւ ոգու միասնութիւնը, որ կարողանայ բանակ ստեղծել»:

Այդ երկրում, ինչպէս հաւաստում է անգամ ազրպէյճանական լրատուութիւնը, քաղաքացիների, այդ թւում, մանաւանդ, զինապարտ երիտասարդութեան, գրագիտութիւնը, էլ չեմ ասում` մասնագիտական գիտելիքների եւ ունակութիւնների մակարդակը, գտնւում է ծայր աստիճան ցածր նիշի վրայ: Յատկանշական է, որ այդ հանրապետութեան միջնակարգ դպրոցներում վերջերս անցկացուած տեսչական ստուգումների արդիւնքում պարզուել է, որ շրջանաւարտների գերակշիռ մասն անգամ,  բառիս բուն իմաստով, տառաճանաչ չէ, այսինքն մայրենի լեզուով կարդալ չգիտէ, իսկ միւս, այսպէս ասած, առաջադէմ մասը, կարդում է հեգելով, ինչպէս մեզ մօտ առաջին դասարանցիներն են սովորաբար կարդում: Էլ չեմ ասում, որ մատակարար  երկրներից, մասնաւորապէս Ուքրանիայից եւ Պիելոռուսիայից ձեռք բերուող սպառազինութիւնը նախորդ տարիների պէս այսօր էլ Ազրպէյճան է մուտք գործում զգալի թերութիւններով, ինչպէս դա հերթական անգամ ի յայտ է եկել բոլորովին վերջերս: Խօսքը վերաբերում է Ուքրանիա-պիելոռուսական համատեղ արտադրութեան «ՊՈՒՔ-ՄՔ» տիպի զենիթա-հրթիռային կայանքներին, Պիելոռուսիայից ստացուած այդ տիպի առնուազն չորս կայանքից երկուսը Պաքւում  հանրային ցուցադրման էր ներկայացուել 2013 թուականի ամռանը` Ազրպէյճանի զինուած ուժերի, այսպէս ասած, 95-ամեակին նուիրուած զօրահանդէսի ժամանակ: Սակայն զօրահանդէսից յետոյ պարզուել է, որ կայանքները մարտունակ չեն, քանզի մատակարարուել են բազմաթիւ թերութիւններով հանդերձ, այդ թւում` խիստ կարեւոր բաղկացուցիչ սարքերի բացակայութեամբ: Ուշագրաւ է, որ նոյն կերպ տարիներ առաջ Պիելոռուսիայից Ազրպէյճան էին ներկրուել հնացած հրասայլեր, որոնք տեղ հասնելուն պէս անմիջապէս ներկուել են, անշուշտ, խարդախութեան հետքերը թաքցնելու համար:

Այնուամենայնիւ, գլուխը քարը, թէ համատարած անգրագիտութիւնը եւ կաշառակերութիւնը ցեցի պէս ուտում են ազրպէյճանական հասարակութիւնն ու պետութիւնը: Ուստի վերստին դառնանք մեր թեմային` մայիսի 15-ի եւ 16-ի միջադէպերին եւ դրանց արձագանգներին:

Ինչպէս նախորդ խախտումների դէպքում էր, այս անգամ եւս միջազգային հանրութիւնը, այդ թւում` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնն անտարբեր չմնաց: Այդ կապակցութեամբ համանախագահներ Իկոր Փոփովը, Սթեֆան  Վիսքոնթին եւ Ռիչարտ Հոկլանտը մայիսի 18-ին  հանդէս եկան հերթական  յայտարարութեամբ: Հերթականը, իրօք, հերթական էր, բայց այս վերջինը որոշակի տարբերւում է նախորդներից: Տարբերւում է, առաջին հերթին, հասցէականութեամբ: Վերջապէս միջազգային առաքելութիւնն իրավիճակը սրուելու մէջ մեղաւոր ճանաչեց Ազրպէյճանին` ընդգծելով նրա նախայարձակ գործողութիւնը: Եւ ապա` յայտարարութիւնն առանձնանում է կտրուկ հնչերանգով, որ բացակայում էր նախորդ արձագանգներում: Սակայն, միեւնոյն ժամանակ, ինչպէս նախորդ դէպքերում էր, այս անգամ եւս համանախագահութիւնը, հաւատարիմ իր հին եւ, պէտք է խոստովանել, բաւական հնացած ու բոլորիս ձանձրացրած իր յոռի սովորութեանը, դարձեալ  հաւասարեցման նշան է դնում հակամարտ կողմերի` նախայարձակ ազրպէյճանական կողմի եւ ի պատասխան պատժիչ գործողութեան դիմած հայկական կողմի միջեւ` կոչ անելով երկուստեք դադարեցնել հրադադարի խախտումները:

Հրադադարի մայիսեան խախտումները դատապարտել է նաեւ Մինսքի խմբի համանախագահ երկրներից մէկի` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնն իր ներկայացուցիչ Մարիայ Զախարովայի միջոցով, նոյնպէս ընդգծելով Ազրպէյճանի նախայարձակ դերակատարութիւնն այդ խախտումներում:

Արդեօք արձանագրուած միջադէպերում հասցէական մեղադրանքը կարո՞ղ է հիմք հանդիսանալ որոշակի լաւատեսութեան համար, այսինքն միջազգային հանրութիւնը կարո՞ղ է մեղաւոր կողմի, որոշակիօրէն Ազրպէյճանի նկատմամբ պատժիչ քայլերի դիմել` պարտադրելով կատարել 1994թ. մայիսեան համաձայնագրի պահանջները եւ պահպանել անժամկէտ յայտարարուած հրադադարը: Եւ, առհասարակ, արդեօք, միայն հրադադարի այդ կոպիտ խախտո՞ւմն է գլխաւոր շարժառիթը, որպէսզի ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը, առաջին անգամը լինելով, հանդէս գայ նման հասցէական եւ բաւական կոշտ յայտարարութեամբ: Քաղաքական շրջանակներում եւ փորձագիտական դաշտում այդ հարցերի առնչութեամբ շրջանառուող տեսակէտները կա՛մ միանշանակ դրական են եւ կա՛մ տրամաչափօրէն տարբեր:

Նախ անդրադառնանք ազրպէյճանական կողմի արձագանգին: Այսպէս, Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաճիեւի մեկնաբանութեան մէջ նշւում է, որ`  «Ազրպէյճանական զինուած ուժերը գտնւում են Ազրպէյճանի ինքնիշխան տարածքում եւ կարող են անել այն ամէնը, ինչ ցանկանան…: Ընդ որում, նա չի էլ ժխտում ազրպէյճանական կողմից հրթիռակոծութեան փաստը: Ինչպէս տեսնում ենք եւ ինչպէս սպասւում էր, ազրպէյճանական կողմի յայտարարութիւնն առաւելապէս փողոցային կռուարարի տղայական պահուածք է յիշեցնում, քան` քաղաքական կամ դիւանագիտական կառոյցի ներկայացուցչի լրջօրէն կշռադատուած խօսք, ինչպէս, առհասարակ, ընդունուած է քաղաքակիրթ աշխարհում: Բայց քանի որ Պաքուի իշխանութիւններն իրենց պահուածքով  վաղուց ի վեր շատ հեռու են քաղաքակիրթ երկխօսութեան  արդի մակարդակից, ուստի բաւարարուենք միայն այսքանով, թէկուզ կարելի է Պաքուից այլ համարժէք մեկնաբանութիւններ եւս մէջբերել:

Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ, նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսքի խմբի վերջին յայտարարութիւնը դրական զարգացում է: Նրա համոզմամբ, եթէ յայտարարութիւնը հասցէական է, կայ յստակ գնահատական, իրերը կոչւում են իրենց անուններով, ապա դա առաջնային հիմք է, որպէսզի դրանից յետոյ սկսուի նոր գործընթաց: Այսինքն զինադադարը խախտողը պատասխան տայ իր արարքի համար:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների համբերութեան բաժակը լցուել էր, եւ այլեւս ճկունութեան եւ հաւասարակշռութիւն պահելու ո՛չ տեղ կար, ո՛չ էլ ժամանակ, դրա համար էլ նրանք հանդէս եկան հասցէական յայտարարութեամբ եւ մատնանշեցին, թէ ո՛ր կողմն է խախտում հրադադարը եւ ո՞վ է լարուածութիւն առաջացնում շփման գծում:

Մինչդեռ ահա «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, քաղաքագէտ Շահան Գանտահարեանի տեսակէտով, հասցէական մեղադրանքը ԵԱՀԿ-ի պատասխանն է Պաքուի կողմից ԵԱՀԿ-ի երեւանեան գրասենեակի փակման փաստին: «Ամբողջ խնդիրն այն է, որ առաջին անգամը չէ, երբ Պաքուն նախայարձակման ամենացայտուն փաստերն է հրամցնում. մինչ այժմ անհասցէ երկկողմանի պատասխանատուութեան կոչեր էին հնչում: Այժմ նկատելի է շահերի հակասութիւններ, որի արդիւնքում առարկայանացւում է հասցէականութիւնը», ասել է նա: Գանտահարեանի  խօսքով, սա կարող է խորանալ, եւ մենք կարող ենք ականատես լինել ԵԱՀԿ-ի կողմից Պաքուի հասցէին խիստ բանաձեւերի ընդունմանը: «Որքան խորանան ԵԱՀԿ-Պաքու հակասութիւնները, այնքան կ՛ուժեղանայ Պաքուի ուղղութեամբ միջազգային ընտանիքի հասցէական մեղադրանքների հնչեղութիւնը», ընդգծել է լիբանանահայ քաղաքագէտը:

Իսկ ահա քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի գնահատմամբ,  ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների յայտարարութիւնն առանձնապէս ոգեւորիչ չէ, քանզի այնտեղ չկան Ազրպէյճանին ուղղուած յստակ պահանջներ եւ չափորոշիչներ: Քաղաքագէտի կարծիքով, անցեալ տարուան ապրիլեան ձախողումներից յետոյ Ազրպէյճանը լուրջ քաղաքական գործօններ է կորցրել: Այդ ամէնը վերականգնելու համար, ասում է նա, իշխանութիւնները փորձում են պատերազմի նմանակման միջոցով ստանալ մի իրավիճակ, որտեղ թէ՛ միջնորդները, թէ՛ միջազգային հանրութիւնը կը փորձեն հայկական կողմերի եւ Ազրպէյճանի միջեւ բանակցային գործընթացը զրոյական կէտից սկսելու մի նոր գործընթաց: Նրա խօսքով, նման ճանապարհով Ազրպէյճանը փորձում է խուսափել ապրիլեան ձախողումներից, ինչը քաղաքական ճանապարհով նրան չի յաջողւում, դրա համար էլ մնում է ռազմական ուղին:

Բայց, արդեօք, Ազրպէյճանն ի զօրո՞ւ է հարցը լուծել  ռազմական ճանապարհով: Քաղաքագէտների կարծիքով` հազիւ թէ: Բանն այն է, որ, իբրեւ գլխաւոր պատճառ, Պաքուն  լայնածաւալ պատերազմի  համար ըստ հարկին պատրաստուած մարդկային ներուժ չունի, թէկուզ, վերջին պաշտօնական, արցախցու ասած, սուտի-փուտի տուեալների համաձայն, այդ հանրապետութեան բնակչութեան թուաքանակը հասնում է տասը միլիոնի: Այս առումով ուշագրաւ է, որ իշխանութիւնները փորձում են բռնի կերպով, միջպետական օրէնքների ոտնահարմամբ բանակ զօրակոչել Ռուսաստանից եւ ԱՊՀ այլ պետութիւններից ստեպ-ստեպ հայրենիք այցելող իրենց այն երիտասարդ հայրենակիցներին, ովքեր, վաղուց արդէն Ազրպէյճանի քաղաքացի չլինելով, ժամանակին պարտադիր զինուորական ծառայութիւն են անցել կեցութեան երկրներում: Այլ կերպ ասած` պատրաստի զինծառայողներ են կամ, գուցէ աւելի ճիշդ, թնդանօթի պատրաստի մսացու: Միւս կողմից` Ազրպէյճանի անցեալ տարուան ապրիլեան արկածախնդրութիւնը շատ թանկ է նստել  նրա վրայ` թէ՛  նիւթական եւ թէ, առանձնապէս, մարդկային զգալի կորուստների տեսքով, ինչի կրկնութիւնը  Պաքուն, ըստ երեւոյթին, մտավախութեամբ տեսնում է, եւ եթէ անգամ չի էլ տեսնում, ապա, յամենայն դէպս, Արցախի Պաշտպանութեան բանակը վերստին յիշեցրեց նրան:

Ասում են, օձի գլուխը երբ ցաւում է, իր բնից դուրս է գալիս բաց ճանապարհ: Այո՛, հէնց այդպէս էլ եղաւ մայիսի կէսերին. օձի գլուխը, իրօք, ցաւում էր, եւ այն ջնջուեց հայկական հրետանու հուժկու հարուածով:

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>