ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ»-ի գլխաւոր խմբագիր
Շաբաթուայ սկզբին կայացաւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովի այցը Մոսկուա, որի շրջանակներում, բացի ռուսաստանցի իր գործընկեր Սերգէյ Լաւրովի հետ հանդիպումից, կայացաւ նաեւ նրա ելոյթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան դիւանագիտական ակադեմիայում:
Նախեւառաջ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը հանդիսանում է Ազրպէյճանի արտաքին քաղաքականութեան հիմնական առաջնահերթութիւնը: Չենք վիճի, հնարաւոր է` դա այդպէս էլ կայ: Սակայն Մամետեարովն այնուհետեւ անցաւ տուեալ առաջնահերթութեան իրագործման ուղիները լսարանին մեկնաբանելու գործին, մեկնաբանում, որը, առնուազն, չես անուանի անվիճելի: Իսկ եթէ խօսենք առաւելագոյնս յստակ, ապա ազրպէյճանական ձեւով հակամարտութեան հանգուցալուծման վերաբերեալ նրա կողմից հնչեցուած փաստարկները հանդիսանում են կարգաւորման գործընթացի էութեան ամենաակնյայտ խեղաթիւրում:
Սուտն Ազրպէյճանի ղեկավարութեան համար վաղուց արդէն դարձել է պարտադիր բնորոշիչ, մանաւանդ` արտաքին քաղաքականութեան մէջ, երբ խօսքը ղարաբաղեան հակամարտութեան մասին է: Սկսենք նրանից, որ դիւանագիտական ակադեմիայում իր ելոյթի ժամանակ, որպէս կարգաւորման հիմնական խնդիր, Մամետեարովը նշեց հայկական զօրքերի դուրսբերումն Արցախի Հանրապետութեան կողմից վերահսկուող տարածքներից: «Ցանկանում եմ եւս մէկ անգամ նշել, որ գլխաւոր հարցը հայկական զինծառայողների վերադարձն է իրենց զօրանոցներ», առանց աչք թարթելու, անառարկելիօրէն յայտարարել է նա: Ընդ որում, իր խօսքը նախադրեց խորամանկ արտայայտութեամբ, թէ` «նրանք, ովքեր զբաղւում են այս հակամարտութեան կարգաւորմամբ, լաւ գիտեն` ինչումն է հիմնական խնդիրը»: Բնականաբար գիտեն, սակայն խնդրի նրանց իմացութիւնն արմատապէս տարբերւում է խաղաղարար գործընթացի առաջնահերթութիւնների մամետեարովեան մեկնաբանումից: Չէ՞ որ ինչպէս միջազգային միջնորդները, այնպէս էլ վերլուծական շրջանակների ներկայացուցիչները քաջատեղեակ են, որ կարգաւորման հիմնական խնդիրը, ինչպէս դա սահմանուած է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան կողմից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակն է: Այժմ չենք խօսի այն մասին, որ Արցախի ժողովուրդն արդէն որոշել է իր անկախ կարգավիճակը, եւ խօսք կարող է լինել միայն դրա միջազգային իրաւաբանական ամրագրման մասին. սա առանձին զրոյցի թեմա է:
Հարցը հիմա այն է, որ Ազրպէյճանի դիրքորոշումը հակասում է կարգաւորման տրամաբանութեանն իսկ: Աւելի՛ն. ողջամտութեանը: Այլ խօսքով, ալիեւեան վարչակազմը, սովորոյթի համաձայն, ամէն ինչ գլխիվայր է շրջում: Ի հարկէ, պաշտօնական Պաքուն որքա՛ն կը ցանկանար հասնել հայկական զօրքերի դուրսբերմանն ու, առաւել հաւանական է, դրանով էլ սահմանափակել հակամարտութեան լուծման գործընթացը: Սակայն օրինաչափ հարց է ծագում` ինչպէ՞ս կարելի է ընդհանրապէս խօսել հայկական ուժերի դուրսբերման մասին, եթէ հակամարտութեան վերջնական դադարեցման շուրջ համաձայնութիւն չկայ: Մամետեարովը, սակայն, մոլուցքի մէջ, յաջորդ փուլում արդէն «իրենց հայրենի հողեր» է վերադարձնում ազրպէյճանական հարկադիր վերաբնակներին, բնականաբար` «մոռանալով» կէս միլիոն հայ փախստականների վերադարձի մասին, ովքեր ամենադաժան ձեւով վտարուել են Ազրպէյճանից: Ինչպէս «մոռացաւ» եւ այն մասին, որ հակամարտութեան կարգաւորման համար անհրաժեշտ է, ամէնից առաջ, կատարել միջազգային համաձայնութիւնները, մասնաւորապէս` կրակի դադարեցման մասին 1994թ. համաձայնագիրը, որն ազրպէյճանական իշխանութիւններն սկսեցին խախտել նրա ստորագրումից գրեթէ անմիջապէս յետոյ: Ու պէտք է ասել` նման ընտրողական մոռացկոտութեամբ պաշտօնական Պաքուն արդէն վաղուց է տառապում:
Կարծում ենք` Ազրպէյճանի իշխանութիւնները միշտ պէտք է յիշէին այն տարրական ճշմարտութիւնը, որ լիարժէք կարգաւորումը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ կողմերը դադարեցնում են ցանկացած թշնամական գործողութիւն եւ կատարում իրենց ստանձնած պարտաւորութիւնները: Դիւանագիտութեան այս այբուբենը իւրացնելը պաշտօնական Պաքուին անհրաժեշտ է գոնէ նրա համար, որ վերացնի հակամարտութեան «իր» հետեւանքները, որոնք նա, հակառակ կարգաւորման տրամաբանութեանը, դասում է հիմնական հարցերի շարքը: Մինչդեռ Ազրպէյճանի ներկայիս իշխող վարչախումբն ամէն կերպ խուսափում է համաձայնագրեր կնքելուց, որոնք պայմաններ կը ստեղծէին հակամարտութեան հանգուցալուծման ուղիների որոնման համար: Ըստ ժամանակի, վերջին օրինակը վիեննեան եւ սենփեթերսպուրկեան համաձայնագրերի տակ իր ստորագրութիւնը դնելուց Ալիեւի հրաժարումն է, համաձայնագրեր, որոնք նախատեսում էին շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեքանիզմի ստեղծում ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնում:
Պէտք է ասել` այս հարցը, որն Ազրպէյճանի չընդհատուող զինուած սադրանքների լոյսի ներքոյ առանձնայատուկ հրատապութիւն է ձեռք բերում, Մամետեարովը Մոսկուայում չշրջանցեց: Բայց դարձեալ ամէն ինչ շրջեց: Յայտարարելով, թէ ազրպէյճանական կողմը համաձայն է զօրքերի շփման գծում միջադէպերի հետաքննութեան դիտարկման անցկացմանը, նման «համաձայնութիւնը» նա պայմանաւորեց® դարձեալ հայկական զօրքերի դուրսբերմամբ: «Քանի դեռ հայկական զինուած ստորաբաժանումները գտնւում են այդ հողերում, միջադէպերը կը շարունակուեն», ասել է Մամետեարովը: Այլ խօսքով, փաստօրէն երաշխաւորել Ազրպէյճանի կողմից զինուած գործողութիւնների շարունակումն ու լարուածութեան հետագայ աճը` հաստատելու «հայկական զինծառայողների` իրենց զօրանոցներ վերադառնալու» անհրաժեշտութեան մասին Պաքուի փաստարկի ճշմարտացիութիւնը:
Իսկ դա ոչ այլ ինչ է, քան` շանթաժի քաղաքականութեան հերթական դրսեւորում, որին միջազգային հանրութեանը ենթարկում է ազրպէյճանական կողմը: Դա յատկապէս շնականօրէն է հնչում այն հանգամանքի հաշուառումով, որ ասուել էր Մամետեարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Սերգէյ Լաւրովի խօսքերից անմիջապէս յետոյ: Իսկ Ռուսաստանի նախարարը բառացիօրէն ասել է հետեւեալը. «Ներկայ պայմաններում, նախքան կը կարողանանք բովանդակալից բանակցութիւններ վերսկսել, շատ կարեւոր է հասնել իրավիճակի լարուածութեան նուազմանը, որը վերջերս սրուել է «գետնին», շփման գծում, եւ հանրային տարածքում»: Կարծում ենք` իր խրատական ասոյթներով Ազրպէյճանի ԱԳՆ ղեկավարը չեղարկեց ռուսաստանցի գործընկերոջ բարի մտադրութիւնները: