ՕՇԻՆ ՉԻԼԻՆԿԸՐ
Տինքի սպանութիւնից որոշ ժամանակ անց` 2007 թ. փետրուարի 16-ին, մեր թերթի սիւնակագիրներից Օշին Չիլինկիրը` Հրանդ Տինքի մտերիմ ընկերը, յօդուած է հրապարակում, որտեղ Հրանդ Տինքին համեմատում է Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կողմից սպաննուած մտաւորականներից փաստաբան, գրող եւ պատգամաւոր Գրիգոր Զոհրապի հետ: Յօդուածը, որոշ իմաստով, ոչ վաղ անցեալի պատմութեան վերլուծութիւն-խրատ է: «Ակօս»-ի 10-րդ տարելիցին նուիրուած համարում եւս մէկ անգամ հրապարակում ենք այս յօդուածը, որը երբեք ժամանակավրէպ չի կարող լինել:
Մօտ 100 տարի անց Հրանդ Տինքն արժանացաւ Գրիգոր Զոհրապի ճակատագրին: Այս երկու մտաւորականների առաքելութեան, գաղափարների եւ գործունէութեան նմանութիւնը շշմեցուցիչ է: Առաւել զարմանալի է նրանց բնաւորութեան նմանութիւնը` զգացմունքային, ուրախ, անվախ, ամբողջովին անկեղծ:
Ամէն անգամ, երբ յիշում եմ Գրիգոր Զոհրապին, մշտապէս աչքերիս առաջ է գալիս Միջագետքի այդ անծայրածիր հարթավայրը: 1915 թ. յուլիս: Ձիաւոր զինուորների խմբի հսկողութեամբ աքսորեալների մի խումբ ծանր-ծանր քայլում է այս հարթավայրի վրայ, փոշու ամպը ուղեկցում է կարաւանին:
Կարաւանը յոգնած, լուռ եւ սարսափած է: Տապը բազմապատկում է այս վախը, մարդուն զրկում է բանականութիւնից, մահը գերիշխում է մտքին ու բանականութեանը: Իրավիճակը կարելի է արտայայտել Նազըմ Հիքմեթի գլուխ գործող համարուող շէյխ Պետրէտտինի դեստանից վերցուած հետեւեալ տողերով.
Տապը տաք էր
Տապը ծայրն արիւնոտ կոյր դանակ էր…
Միջագետքի հարթավայրով առաջ ընթացող այս քարաւանից փրկուածներն իրենց ողջ կեանքում չմոռացան Պոլսի պատգամաւոր Գրիգոր Զոհրապի արիւնարբու սպանութիւնը: Ո՛չ ատրճանակ, ո՛չ սուր եւ ո՛չ էլ ծայրն արիւնոտ կոյր դանակ: Զոհրապին սպաննեցին` քարերով գլուխը ջախջախելով: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը, նկատի ունենալով, որ զոհը մտաւորական է, Զոհրապի համար արժան էր համարել սպանութեան ամենարիւնարբու եւ անմարդկային ձեւը:
Գրիգոր Զոհրապի մարդասպանի` Չերքեզ Ահմետի երեխաներին եւ թոռներին, որպէս ժառանգութիւն, մնացել է այս սպանութեան պատմութիւնը: Իսկ Զոհրապից մնացել են իր ապրած ժամանակաշրջանի մասին վկայող պատուաւոր մտաւորականի հոգեւոր արժէքները:
1915 թ. ուղիղ 92 տարի անց արեւոտ յունուարեան մի օր Պոլսի սրտում, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սպաննուեց մէկ այլ հայ մտաւորական` Հրանդ Տինքը: Յանցագործը Չերքեզ Ահմետի հոգեւոր ժառանգ 17-ամեայ Օկիւն Սամասթն էր: Այս երկու յանցագործութեան որոշում կայացնողը նոյն ոճրագործութեան ցանցն էր` Միութիւն եւ առաջադիմութեան կուսակցութեան երակը:
Ինչպէս եւ Գրիգոր Զոհրապից, այնպէս էլ Հրանդ Տինքից մնացել են իր ապրած ժամանակի մասին վկայող անվախ, պատուաւոր եւ նրբանկատ մտաւորականի հոգեւոր արժէքները: Տեսնում ենք, որ 20-րդ դարի առաջին տասնամեակում սպաննուած Զոհրապից մինչեւ Տինք ձգուող արժէքները միմեանց լրացնում են, նման են իրար: Թոյլ տուէք քննել այս հոգեւոր արժէքների առանցքային կէտերը:
Զոհրապի եւ Հրանդ Տինքի ինքնութիւնը երեք տարրերի սինթեզ է: Միմեանց լրացնող այս տարրերից առաջինը համայնքի խնդիրներին ունկնդիր լինելու առանձնայատկութիւնն է, որը բնորոշ է երկուսին էլ:
Կարծես այս երկու մտաւորականից իւրաքանչիւրը Սուրբ Գրիգոր Լուսաւորիչն է, որը տարուած էր իր համայնքում լուսաւորութիւն տարածելու առաքելութեամբ: Զոհրապը Օսմանեան կայսրութեան ժողովուրդների խճանկարը կազմող հիմնաքարերից մէկի` հայերի ներկայացուցիչն էր եւ պատուով էր կատարել իր ստանձնած պարտաւորութիւնը տարբեր միջավայրերում: Մօտ մէկ դար անց նոյն առաքելութիւնն ստանձնում է Հրանդ Տինքը: Ժամանակի ընթացքում, ոչ իր կամքով, դառնում է համայնքի աշխարհիկ ներկայացուցիչն ու առաջնորդը:
Զոհրապը կառավարման, կրթական, կրօնական, արուեստի եւ բարոյագիտութեան բնագաւառում պայքարում էր, որպէսզի փոխուեն այն պայմանները, որոնցում յայտնուել էր իր համայնքը: Լաւատեսութիւնը նրա գաղափարախօսութեան եւ գործունէութեան հիմնական մղիչ ուժն էր:
Մօտաւորապէս մէկ դար յետոյ Հրանդը պայքար էր մղում նոյն խնդիրների դէմ: Նա իր ուսերին էր վերցրել համայնքի հարիւրամեայ մենութիւնն ու գոյութեան հիմնական խնդիրները: Մի կողմից պայքարում էր հայկական ինքնութեանն առնչուող խնդիրների դէմ, միւս կողմից էլ գնում էր թալանուած համայնքի անշարժ գոյքերի հետքերով:
Երկու մտաւորականի այս անձնական յատկանիշները կարելի է նկատել համայնքային հասարակական եւ քաղաքական միջոցառումների ժամանակ, ինչպէս նաեւ` յօդուածներում եւ ստեղծագործութիւններում ընդգծուած հասարակական եւ քննադատական, իրատեսական դիրքորոշման մէջ:
Գրիգոր Զոհրապի ինքնութեան միւս հիմնական տարրը օսմանեան մտաւորականի կեցուածքն էր: Ընտրուել էր հայ համայնքի տեղական խորհրդի անդամ, օսմանեան խորհրդարանի երեք նստաշրջանի պատգամաւոր էր: Ձերբակալուել ու բանտարկուել էր բռնատիրութեան դէմ արտայայտուելու պատճառով:
Հրանդ Տինքը ներկայացուած չէր ո՛չ համայնքի ղեկավար պաշտօններում եւ ո՛չ էլ խորհրդարանում: Իր պատմական առաքելութիւնը կեանքի էր կոչել` «Ակօս» թերթը քաղաքացիական հարթակի վերածելով: Բռնատիրութեան, չարաշահումների եւ հակաժողովրդավարական կիրառումների դէմ պայքարի պատճառով կեանքի տարբեր ժամանակներում ձերբակալուել, բանտարկուել եւ կտտանքների էր ենթարկուել:
Օսմանեան կայսրութեան անկման ժամանակաշրջանում, որպէս օսմանեան մտաւորական, Գրիգոր Զոհրապի որդեգրած դիրքորոշումը ցոյց է տալիս, որ նա շրջահայեաց քաղաքական գործիչ էր: Զոհրապն այն կարծիքին էր, որ հայ համայնքի եւ կայսրութեան խնդիրները չի կարելի իրարից անկախ քննել:
Եթէ հաշուի չառնենք տարբեր պարագաները, ապա այս հարցում Հրանդի դիրքորոշումը գրեթէ համընկնում է Զոհրապի դիրքորոշման հետ: Նա նոյնպէս իրարից չէր առանձնացնում Թուրքիայի եւ համայնքի խնդիրները: Օրինակ` պնդում էր, որ հայ համայնքի համար ամենաիտէալական լուծումը ընկած է Թուրքիայի ժողովրդականացման հիմքում:
Հրանդը կարծում էր, որ համայնքի խնդիրները լուծում կը ստանան ժողովրդավարական Թուրքիայում, իսկ վերջինիս` ԵՄ համարկումն էլ կ՛արագացնի այս գործընթացը:
Եթէ անդրադառնանք Զոհրապի քաղաքական ինքնութեանն ու գաղափարներին, ապա կը տեսնենք, որ նա ազատական եւ ազատատենչ ուղի էր բռնել, փորձում էր հեռու մնալ Միութիւն եւ առաջադիմութեան կուսակցութիւնից, որը ձգտում էր վերջ դնել աւանդական բռնատիրական օսմանեան ղեկավար աւանդոյթներին եւ հաստատել բոնապարտեան կառավարման համակարգ: Զոհրապը սկզբնական շրջանում աջակցում էր Միութիւն եւ առաջադիմութեան կուսակցութեանը: Երկրորդ սահմանադրական շրջանի հաստատած մասնակի ազատական մթնոլորտում ստեղծուած Ահրար (ազատականներ) կուսակցութիւնն իր գաղափարներին աւելի մօտ էր: Իւրացրել էր այս կուսակցութեան նպատակը` այն է ազատական հասարակութիւն ստեղծել: Այդ իսկ պատճառով պաշտպանում էր ոչ թէ կենտրոնացման, այլ թագաժառանգ Սապահէտտինի ապակենտրոնացման գաղափարը:
Գաղափարները, որոնք Զոհրապը պաշտպանում էր օսմանեան խորհրդարանում, կեանքի կոչուեցին միայն հանրապետութեան տարիներին` 1961 թ. սահմանադրութեամբ: Զոհրապը բարձրացնում էր այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` կենտրոնական կառավարող ուժի բեւեռացումը, աշխատաւոր դասի պայմանագրի եւ գործադուլի իրաւունքը, հասարակութեան բոլոր խաւերի եւ շերտերի համար հաւասար ժողովրդավարական եւ ազատական իրաւունքները, օսմանեան հասարակութիւնը կազմող տարատեսակ ցեղային խմբերի միջեւ հաւասարութիւնը, դարեր շարունակ գիւղացիների շալակին ծանրացած գիւղատնտեսական հարկերի թեթեւացումը, կանանց նոր իրաւունքների ճանաչումը եւ այլն:
Հրանդը եւս, առնուազն Զոհրապի չափ, լաւ հռետոր էր: Անհերքելի է հեռուստածրագրերում, սեմինարների, գիտաժողովների եւ նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ, ինչպէս նաեւ յօդուածներում ճշմարտութիւնը բարձրաձայնելու նրա վարպետութիւնը: Իսկ նրա բուն վարպետութիւնը այս ելոյթներին քնարականութիւն հաղորդելու մէջ էր:
Պատմութեան խորքերում ամփոփուած ճշմարտութիւնը, զգացմունքային շեշտադրմամբ, ունկնդիրներին մատուցելով` մէկ ակնթարթում ազդեցութիւն էր գործում նրանց վրայ: Պոլսում կազմակերպուած հայկական գիտաժողովի ժամանակ ներկայացրած «Ջուրը գտաւ իր հունը» պատմութիւնը այդպիսի մեծ ազդեցութիւն էր թողել ներկաների վրայ:
Հրանդն իր ժողովրդավարական ինքնութիւնը ծանր, սակայն հաստատուն քայլերով էր ստեղծել: Այս գործընթացը կարելի է տեսնել «Ակօս»-ի ընդհանուր բովանդակութեան մէջ եւ նրա յօդուածներում: Նախ Հրանդը փոխուեց, յետոյ էլ` «Ակօս»-ը: Ժամանակի ընթացքում «Ակօս»-ը համայնքային թերթից վերածուեց մի պարբերականի, որը դիմում էր ողջ Թուրքիային: Ըստ իս, այս թերթը Թուրքիայի մամլոյ պատմութեան մէջ եզակի երեւոյթ է: Այն աստիճան, որ հայ համայնքի հոգեւոր վիճակի մասին խօսելիս կարելի է բաժանել երկու շրջանի ԱԱ` «Ակօս»-ից առաջ, եւ ԱՅ` «Ակօս»-ից յետոյ: Հայ համայնքը ԱԱ ներամփոփ, շնական, կրաւորական եւ ոչ բանական հասարակութիւն էր, մինչդեռ ԱՅ վերածուել է մի հասարակութեան, որն աշխուժ, գործունեայ, բանական է եւ պահանջում է իր իրաւունքները:
Անշուշտ, «Ապօրինածին երեխաների» վերաբերեալ օրէնքներն ամբողջութեամբ չեղարկելու անհրաժեշտութիւնը պաշտպանելիս Զոհրապի մէջ խօսում էր մարդասէրը: Նոյն մարդասիրական մօտեցումը կարելի է տեսնել Հրանդ Տինքի «Թուզլա ճամբար» պատմուածքում: Նրա` այս պատմուածքի անտէր ու աղքատ երեխաների հանդէպ նուիրուածութիւնը հետագայ տարիներին վերածուելու էր թալանուած ճամբարի հողատարածքները ետ վերադարձնելու պայքարի:
Գրիգոր Զոհրապին մտաւորական դարձնող երրորդ տարրը նրա` համաշխարհային արժէքների եւ խնդիրների նկատմամբ ցուցաբերած կարեկցանքն է: Զարմանալ կարելի է, թէ ո՛ւր են հասնում հայ համայնքի եւ օսմանեան պետութեան զարգացման վերաբերեալ Զոհրապի գաղափարներում նկատելի համաշխարհային ծաւալները:
Զոհրապի համամարդկային գաղափարների մասին վկայող ամենակարեւոր քայլն, անկասկած, Տրէյֆուսի դատավարութեան ժամանակ որդեգրած դիրքորոշումն է, եւ` այս դատավարութեան շրջանակում ցեղապաշտութեան դէմ պայքարը: Ողջ աշխարհով մէկ լայն արձագանգներ գտած այս դատավարութեանը Զոհրապը մասնակցում է որպէս դատապաշտպան եւ այնպիսի պատասխանատուութեամբ մօտենում հարցին, որ կարծես թէ դատավարութեանը մասնակցած լինէր սեփական երկրում: Զոհրապը դատավարութեան ժամանակ պնդում է, որ Տրէյֆուսին մեղադրանք է ներկայացուել լոկ հրեայ լինելու համար:
Որքան ընդհանրութիւններ կան Օրհան Փամուքի դատավարութեան ժամանակ Հրանդ Տինքի կեցուածքի եւ Տրէյֆուսի դատավարութեան ժամանակ Զոհրապի դիրքորոշման միջեւ: Մտաւորական փոխօգնութեան դրսեւորում է այն, որ Տինքը Փամուքին մենակ չթողեց լինչի դատաստանի ենթարկելու նախաձեռնութեան ընթացքում եւ դատարանում:
Զոհրապը Միջագետքի հարթավայրով առաջ ընթանալիս զգացել է, որ այն իր գերեզմանն է դառնալու: Կնոջն ուղղած վերջին նամակից, որտեղ գրում է, որ այլեւս անճար է, կարելի է եզրակացնել` քաղաքական որոշ պայմաններում մտաւորականի ինքնութիւնը չորրորդ տարրի կարիք ունի: Ժառանգութիւն, որը Զոհրապը չփոխանցեց յաջորդ սերունդներին: Ահա սա՛ է չորրորդ բաղադրիչը:
Հրանդը կնոջն ու երեխաներին նամակ գրելու հնարաւորութիւն չունեցաւ, ամէն ինչ մի ակնթարթում կատարուեց: Ճիշդ Զոհրապի պէս, առանց չորրորդ տարրի, մարմնի ողջ երկայնքով գետնին փռուեց:
Զոհրապով սկսուած հարիւրամեայ մենութեանը վերջակէտ դրեց Հրանդը: Հիմա մէկ այլ ժամանակաշրջանի շեմին արդիական է Համլեթի խօսքը` լինե՞լ, թէ՞ չլինել:
Կա՛մ նոր մի մենութիւն ենք ընտրելու, կա՛մ էլ վերածնուելու ենք Հրանդի ընկած տեղից:
«Ակօս»
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»