«Լիթերաթուռնայա Կազեթա» թերթը իր հոկտեմբերի 21-ի համարում զետեղել է Մոսկուայի «Ռուս-հայկական համագործակցութիւն» կազմակերպութեան նախագահ Եուրի Նաւոյեանի նիւթը իր ղեկավարած կազմակերպութեան գործունէութեան մասին, որը խմբագրութեան կողմից վերնագրուած է «Հասարակական դիւանագիտութեան ֆլակմանը»:
(Այն ներկայացնում ենք թարգմանաբար)
«Ռուս-հայկական համագործակցութիւն» կազմակերպութիւնը զբաղեցնում է հասարակական դիւանագիտութեան դաշտը եւ հայ-ռուսական երկխօսութեան զարգացմանը նպաստում հանրային ծրագրերի միջոցով:
«Ռուս-հայկական համագործակցութեան» գործունէութիւնը ընթանում է մի քանի ուղղութիւններով. յարաբերութիւններ` ռուսաստանեան քաղաքական ուժերի, վերլուծական կենտրոնների, գործող հայկական կազմակերպութիւնների հետ եւ այլն: Իւրաքանչիւր ոլորտի համար մշակուած են յստակ ծրագրեր, եւ աշխատանքը այդ ուղղութիւններով կրում է համակարգուած ու հետեւողական բնոյթ:
Այդպիսի ծրագրերից մէկը` «Զգո՛ւշ, պատմական փաստեր են», ուղղուած է պատմութեան կեղծարարութեան եւ պատմական փաստերի աղաւաղման փորձերի դէմ: Վերջին տարիների ընթացքում ռուսաստանեան առաջատար տեղեկատուական հարթակներում Կովկասագէտների գիտական ընկերութեան, Սեւծովեայ-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ ընկերային ուսումնասիրութիւնների հիմնարկի, Նորագոյն պետութիւնների միջազգային հիմնարկի հետ համատեղ ներկայացուել են հայ, ռուսաստանեան եւ օտար հեղինակների արժէքաւոր ուսումնասիրութիւններ:
Վերլուծական հիմնարկների հետ համագործակցութեան ծրագրերից կարելի է առանձնացնել Ռազմավարական հետազօտութիւնների ռուսաստանեան հիմնարկի հետ համատեղ անցկացրած «Թուրքական գործօնը Մերձաւոր Արեւելքում եւ յետխորհրդային տարածքում» կլոր սեղանը 2012 թ. մարտին:
Հնարաւոր չէ շրջանցել այնպիսի իրադարձութիւն, ինչպիսին «Ռուս-հայկական համագործակցութեան գրադարան» մատենաշարի հիմնադրումն է, ի դէպ, Ռուսաստանի պատմութեան հռչակման տարում: Մատենաշարի գրքերից ռուսաստանեան ընթերցողները տեղեկանում են, թէ որքան սերտօրէն են կապուած մեր երկրների պատմութիւնների ճակատագրական էջերը: Արդէն ընթերցողի դատին են ներկայացուել այնպիսի արժէքաւոր հրատարակութիւններ, ինչպիսիք են Սթանիսլաւ Թարասովի «Առասպելներ ղարաբաղեան հակամարտութեան մասին» ժողովածուն, յայտնի շարժանկարի բեմագիր եւ գրող Կիմ Պակշիի «Արցախի հոգեւոր գանձերը», իտալացի հեղինակ Անթոնիա Արսլանի «Ասք Մշոյ Ճառընտիրի մասին» վէպը, պաշկիր հեղինակ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամեակների ուղի…» եռահատորեակը, «Հայաստան-Իրան» յօդուածների ժողովածուն, Ռազմավարական հետազօտութիւնների ռուսաստանեան հիմնարկի տնօրէն Լէոնիտ Ռեշեթնիքովի «Վերադարձ Ռուսաստան» (հայերէն), պատմական գիտութիւնների դոկտոր Ալեքսանտր Քռիլովի «29-րդ եւ 67-րդ սիպիրեան հրաձգային գնդերը գերմանական ճակատում 1914-1918 թթ.» գրքերը:
Դրանից բացի, աշխուժօրէն զարգանում է նաեւ «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպւում են ռուսաստանեան եւ օտար հեղինակների աշխատանքների շնորհանդէսները հայ ժողովրդի պատմութեան, մշակոյթի եւ ժամանակակից Հայաստանի վերաբերեալ:
Մենք հիմնել ենք «Ռուսահայութեան ձայնը» տեղեկատուական-վերլուծական հետուստածրագիրը, որը երկշաբաթեայ պարբերականութեամբ հեռարձակւում է «Երկիր մեդիա» հեռուստանընկերութեան եթերում: Այս ծրագիրը համահայկական լսարանին ներկայացնում է ժամանակակից Ռուսաստանը եւ հայ համայնքը, միջազգային յարաբերութիւնների հրատապ խնդիրների, տարածաշրջանային քաղաքականութեան եւ հայկական հարցերի վերաբերեալ ներկայացնում ռուսաստանեան քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների կարծիքներն ու մեկնաբանութիւնները: Ծրագիրը ցոյց է տալիս հայ համայնքի կեանքի տարբեր կողմերը, պատմում է համայնքի նշանաւոր դէմքերի եւ Հայաստանի բարեկամների մասին:
Կայուն յարաբերութիւններ են պահպանւում ՌԴ Պետական Տումայի խմբակցութիւնների հետ, որոնց ներկայացուցիչները ներկայ են լինում մեր միջոցառումներին: Կարեւոր քաղաքական իրադարձութիւնների առիթներով կազմակերպւում են ռուսաստանեան խորհրդարանականների այցերը Հայաստան:
Մեր հիմնած քաղաքական բանավէճի «Երկխօսութիւն» ակումբը քննարկումների հարթակ է, ուր հայ, ռուսաստանեան եւ արտասահմանեան քաղաքական գործիչներն ու փորձագէտները ներկայացնում են իրենց տեսակէտները միջազգային կեանքի հրատապ հարցերի եւ հասարակական հնչեղութիւն ունեցող թեմաների նկատմամբ:
«Ռուս-հայկական համագործակցութիւնը» յաճախ է կարեւոր հարցերի շուրջ կատարում հաղորդակցութիւն ապահովողի դեր Մոսկուայի հայկական կազմակերպութիւնների միջեւ, ինչպէս նաեւ` ապահովում նրանց համագործակցութիւնը տարբեր ձեւաչափերով: Մենք կուտակել ենք Մոսկուայի բոլոր հայկական կազմակերպութիւնների հետ համագործակցութեան դրական փորձ: Մոսկուայի հայ համայնքում կայ այն ըմբռնումը, որ առանձին կազմակերպութիւններ ի վիճակի չեն կրելու աշխատանքների ողջ ծանրաբեռնուածութիւնը: Վերջին տարիներին կազմակերպութիւնների միջեւ համագործակցութիւնը ընթանում է բովանդակային ծրագրերի շուրջ, չկայ որեւէ մեքանիկական միաւորում: Անցեալ է դառնում սպառողական այն մօտեցումը, երբ բոլորը սպասում են, թէ կը գայ ինչ-որ մէկը եւ կը լուծի բոլոր հարցերը, իսկ երբ դա տեղի չի ունենում, ապա իրական գործունէութիւնը փոխարինւում է անվերջ բողոքներով եւ անպտուղ քննարկումներով: Անհրաժեշտութիւն է դարձել կազմակերպութիւնների պահուածքի եւ նրանց փոխգործակցութեան նոր մշակոյթը: Մենք կարծում ենք, որ լիարժէք համայնքի ձեւաւորման բանալին բովանդակային միասնականութիւնն է` իրական կազմակերպական բազմազանութեան պայմաններում: Մոսկուայում որոշակիօրէն ապահովուած է հէնց այդպիսի մթնոլորտ, եւ հաճելի է, որ դրանում մենք մեր աւանդն ենք ներդրել:
Հարկ է ընդգծել նաեւ ՀԱՊԿ հետ համագործակցութեան ծրագրերը: «Ռուս-հայկական համագործակցութիւնը», իբրեւ ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցութեան անդամ` մասնակցում է համապատասխան տեղեկատուական-վերլուծական ծրագրերին: Վերլուծական ընկերակցութեան շրջանակներում, մեր ջանքերով Երեւանում 2013 թ. տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ն եւ անվտանգութեան ժամանակակից մարտահրաւէրները» միջազգային գիտաժողովը, որը ընդգծել է տարածաշրջանային անվտանգութեան եւ հաւասարակշռութեան ապահովման գործում ՀԱՊԿ կարեւոր դերը:
Միջպետական յարաբերութիւնների երկխօսութեան զարգացման եւ նոր քաղաքական մշակոյթի դրսեւորում է հանդիսանում միջկուսակցական համագործակցութիւնը: «Ռուս-հայկական համագործակցութեան» ջանքերով 2007 թ. յուլիսին կնքուել է առաջին հայ-ռուսական միջկուսակցական համաձայնագիրը «Դաշնակցութիւն» եւ «Արդար Ռուսաստան» կուսակցութիւնների միջեւ: Այսօր այդ համագործակցութիւնը զարգանում է ոչ միայն երկկողմանի մակարդակով, այլ նաեւ` Ընկերվար միջազգայնականի շրջանակում: Իսկ դա արդէն լրացուցիչ միջազգային հարթակ է համաշխարհային քաղաքականութեան առաջնային հարցերի վերաբերեալ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները ներկայացնելու համար: Հայ-ռուսական առաջին միջկուսակցական համաձայնագրի ստորագրմանը հետեւեց նման համագործակցութեան հաստատումը Հայաստանի եւ Ռուսաստանի իշխող «Հանրապետական» եւ «Ետինայա Ռոսսիյա» կուսակցութիւնների միջեւ 2008 թ. յունուարին:
«Ռուս-հայկական համագործակցութիւնը» մասնակցում է նաեւ միջխորհրդարանական երկխօսութեան զարգացմանը ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի գործունէութեան շրջանակում եւ երկու երկրների խորհրդարանների համապատասխան կոմիտէների գծով:
ԵՈՒՐԻ ՆԱՒՈՅԵԱՆ
«Ռուս-հայկական համագործակցութիւն»
կազմակերպութեան նախագահ