Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13370

Աջակցութեան Պահանջներ

$
0
0

axvan-vardanyan_111916

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեան  15 նոյեմբերին գումարուած Ազգային ժողովի նիստին արտասանած իր խօսքին մէջ լուսարձակի տակ առած է ներկայիս երկրին մէջ տիրող վիճակն ու ապագայի ակնկալութիւնները:

Ստորեւ` անոր ելոյթը:

Մեր երկրում փոփոխութիւններ են: Աւելի ճիշդ` փոփոխութիւնների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք:

Առայժմ` միակողմանի փոփոխութիւններ. տնտեսութիւնը կարգաւորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ` քաղաքական կամք դրսեւորելու յայտարարութիւն, ստուերի, փտածութեան դէմ պայքարելու, հաւասար մրցակցային պայմաններ ապահովելու, աւելորդ օղակներից ազատուելու, հանրային բարիք ստեղծողներին աջակցելու, պետականութեան հանդէպ վստահութիւն սերմանելու խոստում: Առայժմ` խոստում:

Ասել ու կրկնում ենք` հոգով, մտքով, աշխատանքով մենք այդ փոփոխութիւնների կողմնակիցն ենք: Ներսում ու դրսում: Ովքեր դիմադրելու են, նրանց հետ ճանապարհ չունենք:

Բայց հէնց այս` նախնական փուլում պարտաւոր ենք նաեւ ասել հետեւեալը. երկիրը, պետականութիւնը միայն տնտեսութիւն չէ: Տնտեսութիւնը ընդամէնը հիմքն է որեւէ ժողովրդի հոգեւոր-մշակութային կենսունակութեան, ազգային զարթօնքի: Մեր դէպքում` հայկականութեան պահպանման:

Եւ եթէ չենք կարողանալու, տնտեսական բարեփոխումներին զուգահեռ, նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտում որակ փոխել, արդիւնքն անարդիւնք է լինելու:

Իսկ այստեղ աւերակներ են, խոցեր: Արժէքների, չափանիշների անկում:

Մենք երեք մարդ չունենք, ում հանրութեան գոնէ յիսուն տոկոսը անվերապահ վստահում է: Հայոց լեզուն աղաւաղւում է ամէն վայրկեան: Մեր եկեղեցին խոր բարեկարգման կարիք ունի: Երեւանում վերջին գրախանութներն են փակւում: Էջմիածնում փողոց են անուանակոչում հայկական երգարուեստից մղոններով հեռու մէկի անունով: Մեր երեխաները մեր ու աշխարհի բարձր արուեստին գրեթէ չեն առնչւում:

Տնտեսութիւնը` տնտեսութիւն, բայց հանրապետութեան նախագահին ու կառավարութեանը յորդորում եմ խրուել նաեւ այս հարցերի մէջ: Նոր Մատենադարանը, Կոմիտասի թանգարանը վկայում են, որ կարող ենք:

Քաղաքացիական պատասխանատւութիւն, հանրային կեանքում ամէնօրեայ ներկայութիւն եմ պահանջում հոգեւոր-մշակութային արժէք ստեղծած, որքան էլ զարմանալի հնչի, մեր բազմաթիւ մտաւորականներից:

Մեր եկեղեցու` ծառայութեան գիտակցութիւն ունեցող, որքան էլ զարմանալի հնչի, բազմաթիւ հոգեւորականներին յորդորում եմ բարեկարգել Աստծոյ տունը եւ այն վերադարձնել ժողովրդին:

Կառավարութեանը յորդորում եմ չեղարկել փողոցի անուանակոչումը եւ այսուհետեւ բացառել նման խայտառակութիւն:

Նոյնից պահանջում եմ, թերեւս` սեփական մարզ-պետութիւն գործակցութեամբ, Երեւանի կենտրոնում գրքի արժանապատիւ տուն կառուցել: (Եթէ կենտրոնում սրճարան-ճաշարանի տեղ գտնում էք, գրքի տեղ ստիպուած էք գտնել):

Պահանջում եմ, թէկուզ` հէնց ստեղծուելիք հատուցման հիմնադրամի միջոցներով, ոչ միայն զոհուած ու վիրաւոր զինուորականների ընտանիքների հոգսը հոգալ, այլեւ` սահմանին կանգնածների հոգեւոր-մշակութային զարգացմանն աջակցել:

Մենք իրաւունք չունենք երկրորդ անգամ ձախողելու ազգային-պետական հաւանական զարթօնքը:

Հաւատում եմ` սա նոր ընթացքի սկիզբ է: Վստահ եմ, միայն այսպէս, զուգահեռ գերակայութեամբ, տնտեսութեան եւ հոգեւոր-մշակութային ասպարէզներում որակական փոփոխութեամբ է երկիրը դուրս գալու վստահութեան ճգնաժամից: Միայն այդպէս է ամրապնդուելու մեր անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը:

Այդպէս ենք յարգանք պարտադրելու մեր ժողովրդի, մեր պետականութեան հանդէպ: Հայկականութեան հանդէպ:


Viewing all articles
Browse latest Browse all 13370

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>