ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ
Դեռեւս գոյութիւն ունեն հայ մարդիկ, ոչ միայն պարզ հայեր, այլեւ` պետական այրեր, քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք ծիծաղում են հայի պահանջատիրութեան վրայ: Որպէս միամիտների` ծաղրում բոլոր նրանց, ովքեր հաւատում եւ գործում են մեր բռնագրաւեալ հողերի ազատագրման համար: Որակում են իբրեւ երազապաշտների բոլոր նրանց, ովքեր ձգտում են Կարսի, Արտահանի, Մուշի, Սասունի եւ մեր հայրենական միւս բնակավայրերի վերամիացմանը: Մինչեւ իսկ ծիծաղում են բոլոր նրանց վրայ, ովքեր Արարատի գլխին եռագոյնը զետեղելու խոստումն են կատարում:
Դեռեւս քառորդ դար առաջ այս նոյն մարդիկ ծիծաղում ու ծաղրում էին Արցախի ազատագրման պահանջը ներկայացնելիս: Բայց այսօր Արցախն ազատագրուել է հայրենական եօթը տարածքների հետ միասին: Միթէ լա՞ց են լինում այս մարդիկ…
Ա՜խ, երանի Յովհաննէս Շիրազը ողջ լինէր, որպէսզի այս տեսակի հայ մարդկանց հատու պատասխանը հասցնէր: Երբ դաշնակցական պատանիներ էինք, լաւ իմանում էինք Շիրազի պատասխանը նման հայերին:
Լիբանանի բոլոր դաշնակցական պատանիների նման` Պուրճ Համուտի Թրատ թաղի ՀՅԴ Զաւարեան պատանեկան միութեան պատանիների համար Հայաստանի ազատագրումը մեր բոլորի Սուրբ Գործն էր, մանաւա՛նդ ազատագրումը Արարատի` Մեծ ու Փոքր Մասիսների: Յովհաննէս Շիրազը մեր ամէնից սիրելի բանաստեղծներից էր: Մեզի համար պաշտելի էր Շիրազը` Հայաստանի ու Արարատի հանդէպ տածած անհուն պաշտամունքով:
Եկաւ պահը, երբ մեզ համար Շիրազը նաեւ հերոսացաւ: Այս բանը պատահեց, երբ իմացանք նրա մասին հետեւեալ պատմութիւնը: Պատմութիւնը գուցէ մի ազգասէր հայի երեւակայութեան արդիւնքն էր, ո՞վ գիտի… թէեւ դէպքը, թէկուզ եւ ժողովրդի երեւակայութեան արդիւնք, հարազատօրէն համապատասխանում էր Շիրազի էութեանը եւ բնական էր թւում, որ կարող է պատահած լինել:
Մի օր, Երեւանում, մի խումբ կոմերիտական երիտասարդներ մօտենում են Շիրազին եւ սկսում հեգնանքով խօսել նրա հայրենասիրական քերթուածների մասին: Շիրազը անտեսում է նրանց հեգնանքը: Վերջապէս, կոմերիտականները հարց են տալիս, «Դու էդքա՜ն երգում ես Արարատի մասին, վասն ինչի՞: Ենթադրենք Արարատը առանք եւ քեզ տուեցինք, ի՞նչ կ՛անես»:
Շիրազը նայում է կարմիր փողկապաւոր հայ երիտասարդներին, մտածում եւ պատասխանում է նրանց. «Եթէ Արարատը ազատագրէք, էն ժամանակ կը բարձրանամ Մեծ Մասիսի գլխին եւ կը թքեմ ձեզպէսների երեսին»:
Իբրեւ դաշնակցական պատանիներ` որքա՜ն հպարտութեամբ լիքն էինք Շիրազի այս պատասխանով: Մենք էլ պատրաստ էինք թքելու բոլոր նման հայերի երեսին:
Այսօր էլ պատրաստ ենք… Հարցրէք ոեւէ դաշնակցական պատանու ու երիտասարդի: