ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ

«Ալիք» օրաթերթի խմբագրութիւնում
1992 թուականից ի վեր երկրորդ անգամ էի գտնւում Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Առաջին անգամ հրաւիրել էր Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը` մասնակցելու Չմիաւորուած երկրների լրատուական գործակալութիւնների համաժողովին իբրեւ դիտորդ: Այս անգամ հրաւիրողը Իրանի «Ալիք» օրաթերթն էր` միասին նշելու թերթի 85-ամեայ յոբելեանը: Օդակայանում առաջին իսկ պահերից նկատեցի դրական փոփոխութիւնները: Թէ՛ նոր օդակայանը, եւ թէ՛ քաղաք տանող ճանապարհը փոփոխուած տեսայ: Նոյնն էին մնացել միայն Թեհրանի աղտոտուած օդը, խճողուած երթեւեկութիւնը, որն ինձ յիշեցրեց 2001-ի Հալէպը: Թեհրանում մեքենայ վարելը կամ փողոց անցնելն իսկական հերոսութիւն է: Ըստ երեւոյթին, 15 միլիոն բնակչութիւն ունեցող քաղաքում այդ ամէնը կարգաւորելը շատ դժուար է:

«Ալիք»-ի տպագրական մեքենան
«Ալիք» օրաթերթի 85-ամեակի կազմակերպիչներն էին թէ՛ «Ալիք» հաստատութեան կողմից ստեղծուած յատուկ յանձնախումբը, եւ թէ՛ Իրանի մշակոյթի եւ առաջադիմութեան նախարարութիւնը: Ծրագիրն այնքան յագեցած էր, որ աշխարհի տարբեր երկրների հայ խմբագիրներից ու լրագրողներից կազմուած խումբը չէր հասցնում կիսուել տպաւորութիւններով: Միացեալ Նահանգներից, Չեխիայից, Ֆրանսայից, Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից ժամանած խմբագիրների ու հեռուստալրագրողների համար պատրաստուել էր Իրանում հայկական ու իրանական մշակոյթին ծանօթանալու աննախադէպ խիտ ծրագիր: Ճշմարտութիւնը չթաքցնելու համար պէտք է ասել, որ այդ իսկ պատճառով անքնութիւնը մեզ ուղեկցեց ողջ ուղեւորութեան ընթացքում: Հանդիպումներին յաջորդում էին հիւրասիրութիւնները, իսկ վերջում նաեւ` յուշանուէրների յանձնումը: Ինչպէս վերջին օրուայ իր ելոյթում կատակով նշեց «Ասպարէզի» խմբագիր Աբօ Պողիկեանը` յուշանուէրահար եղանք, պիտի նեղանանք, եթէ օդակայանում վերջին պահին յուշանուէր չյանձնեք:

«Ալիք»-ի խմբագիր Դերենիկ Սելիքեանը ծանօթացնում է խմբագրութեան աշխատանքին
«Ալիք» հաստատութիւնում մեր առաջին իսկ հանդիպումն արդէն խոստմնալից էր. ծանօթութիւն` 1931 թուականից լոյս տեսնող 2000-3000 տպաքանակ ունեցող հայկական օրաթերթի պատմութեանը, որն անցած տարիներին միայն երկու անգամ է ստիպուած դադարեցրել լոյս ընծայումը: Գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ով թերթի պատմութեան մէջ 21-րդ խմբագիրն է, մէկ առ մէկ անցնում էր սենեակներով եւ մեկնաբանում մօտ 40 աշխատակից ունեցող խմբագրութեան գործունէութիւնը` նկուղային յարկում գտնուող տպագրատան բաժանմունքից մինչեւ սրբագրական ու լրագրողական սենեակներ, ինչպէս նաեւ` «Ալիք» հաստատութեան յարկաբաժինը, ուր նաեւ իր սենեակներն ունի «Ալիք» հաստատութիւնը: Այստեղ էլ հաստատութեան մասին բացատրութիւններ տուեց յանձնախմբի ղեկավար, «Ալիք» հաստատութեան եւ ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը: Մեզ ողջունեց նաեւ Իրանի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարէն Խանլարեանը, ով նշեց, որ հայերն իրենց ուրոյն տեղն են գրաւել Իրանի պատմութեան մէջ, 100 զոհ են տուել Իրան-իրաք պատերազմի օրերին: «Այս բոլոր զոհողութիւններն արել ենք այն գիտակցութեամբ, որ անկախ Իրանն է մեր բարօրութեան գրաւականը», ասաց նա:

Սեպուհ սրբազանը պատմում է իրանահայութեան մասին
Թեհրանում գտնուելու օրերին եղանք նաեւ Սասուն, Զէյթուն եւ Կեդրոն հայկական թաղամասերում, հանդիպումներ ունեցանք դպրոցների, միութիւնների ներկայացուցիչների հետ:
Սուրբ Սարգիս եկեղեցու բակում է գտնւում առաջնորդարանը, ուր մեզ հիւրընկալեց Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան հօրը ճանաչում էի դեռ տարիներ առաջ Ռումանիայի Հաճկատարի վանական համալիր կատարած ուխտագնացութիւնից եւ անհամբեր սպասում էի մեր հանդիպանը: Սեպուհ սրբազանն իր մեղմիկ ձայնով ու սիրալիր թոնայնութեամբ ծանօթացրեց թեմի գործունէութեանը` նշելով, որ գործում են 17 դպրոց, 4 մանկապարտէզ, 28 մշակութային-մարզական միութիւններ: Այստեղ բացի «Ալիք» օրաթերթից` լոյս են տեսնում «Յոյս» գրական երկշաբաթաթերթը, «Լոյս» եւ «Արաքս» պարբերաթերթերը, «Պայման» հանդէսը` պարսկերէնով: Թեհրանում 7 գործող եկեղեցի կայ, չորս մատուռ, երկու ծերանոց: Միայն Թեհրանի համալսարաններում աշխատում է 92 հայազգի դասախօս:
Իսկ թեմական խորհրդի նախագահ Ռուբիկ Կարապետեանի ասելով` Իրանի կրօնական հաստատութիւնները հայերի վրայ որեւէ հսկողութիւն չունեն: «Իրանը իւրայատուկ երկիր է կրօնների ազատութեան համար,- ասաց նա,- այստեղ ազատ գործում են ե՛ւ հայերն ու հրեաները, ե՛ւ զրադաշտներն ու ասորիները»: հաղորդեց նա: Դրանում համոզուեցինք, երբ մեզ նուիրեցին Իրանում ազգային փոքրամասնութիւններին նուիրուած ստուարծաւալ պատկերագրքերը:

Թեհրանում առաջնորդարանի բակում ծաղիկների զետեղում` Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին
Թեհրանում ամենատպաւորիչն «Արարատ» մարզաւանն էր, ուր ներկայ գտնուեցինք Իրանի 48-րդ Համահայկական խաղերի հանդիսաւոր բացմանը: Նախ ներկաներին ողջունեց Հայկական «Արարատ» մշակութային կազմակերպութեան կեդրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը, ապա ելոյթներ ունեցան Իրանի մարմնամարզի նախարարութեան յատուկ ներկայացուցիչ դոկտոր Ահմադին եւ հայ պատգամաւոր Կարէն Խանլարեանը: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Հայաստանի Ողիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը, ով 100 հազար ամ. տոլար նուիրեց խաղերի կազմկոմիտէին` մրցանակային ֆոնտի համար, իսկ յաջորդ օրը «Ալիք» խմբագրատուն այցելութեան ժամանակ նաեւ 100 հազար ամ. տոլար նուիրեց օրաթերթին` թերթի զարգացման համար:

Համահայկական խաղերի բացումը Թեհրանում
Խաղերին մասնակցում էին ոչ միայն Իրանի հայկական միութիւնների խմբերը, այլեւ մարզական պատուիրակութիւններ` Լիբանանից, Հայաստանից, Արցախից ու Ջաւախքից: Արցախի մասնակցութեան առիթով Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնը հասցրել էր բողոքի գիր ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարարութեանը, նաեւ դժգոհել էին հայ խմբագիրների այցի կապակցութեամբ:
Սակայն այս ամէնն ամենեւին ոչ մի ազդեցութիւն չունեցան իրանական կողմի մօտեցումների վրայ, քանզի թէ՛ Իրանի մշակոյթի եւ առաջադիմութեան նախարար դոկտոր Ալի Ճաննաթիի հետ հանդիպման ընթացքում, թէ՛ վերջին օրը նոյն նախարարութեան ներկայացուցչի հրաժեշտի խօսքում տրուեցին հայ-իրանական դարաւոր բարեկամութիւնը հաստատող գնահատականներ, որոնք ազրպէյճանա-թուրքական հակահայ քաղաքականութեանը լաւագոյն պատասխաններն էին:

Համահայկական խաղերի մասնակիցները

Համահայկական խաղերին մասնակից պատուիրակութիւնները

Համահայկական խաղերի ջահը վառեց Դրօ Զարգար-Յարութիւնեանը
Անմոռանալի էր յատկապէս մեր խմբի ուխտագնացութիւնը Ատրպատականի թեմ` Հովուի մատուռ, Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ Սուրբ Թադէոս Առաքեալի վանային համալիրներ, ուր մեզ դիմաւորեց Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթչեանը: Տպաւորուեցինք ոչ միայն այս կառոյցների հնութեամբ, այլեւ` այն աշխատանքով, որ շրջանի զբօսաշրջային շրջագայութիւնների ծրագրերում մտցուել են նաեւ հայկական այս կառոյցները, ուր չէր դադարում իրանցի զբօսաշրջիկների հոսքը: Նրանք լուսանկարւում էին հայկական եկեղեցիների ներսում եւ դրսում, մոմ վառում եւ հիանում հայկական ճարտարապետական կոթողներով, որոնց վերանորոգմանը մասնակցել են նաեւ ճարտարապետ Վարուժան Առաքելեանը, հայաստանցի ճարտարապետներ ու վարպետներ, ինչպէս նաեւ` Իրանի մշակութային ժառանգութեան հաստատութեան աշխատակից Շերլի Աւետեանը, ով մեզ ուղեկցում էր եւ տալիս անհրաժեշտ բացատրութիւնները:

Իրանցի գործընկերոջ` Մեհտի Ապպասիի հետ միասին Հովուի մատուռի մօտ բացատրութիւններ է տալիս Շերլի Աւետեանը
Թաւրիզի առաջնորդարանում Գրիգոր սրբազանը լուսանկարային ցուցադրութեամբ ներկայացրեց թեմի տարածքում գործող եկեղեցիները եւ ամէն տարի յուլիսի վերջին անցկացուող դէպի Սուրբ Թադէի վանք ուխտագնացութիւնը: Ցաւօք, ժամանակի սղութեան պատճառով չկարողացանք մեկնել Ծոր Ծոր, իսկ Թաւրիզում եղանք միայն Հայոց ազգային «Թամարեան» դպրոցում եւ «Արարատ»-ի տեղական մասնաճիւղում:

Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթչեանը` Սուրբ Թադէոս Առաքեալի աջը ձեռքին օրհնում է ներկաներին
«Իրանը իւրայատուկ տեղ է: Այնպիսի յարգանք, ինչպիսին այստեղ կը վայլենք, ուրիշ ոչ մի տեղ չենք վայելի», ասաց Գրիգոր սրբազանը: Առաջնորդարանի բակում երկու վերապրած խաչքար է տեղադրուած, որ դեռեւս 1963 թուականին են բերել Նոր Ջուղայից: Մնացեալը ազերի վանտալները ոչնչացրին տարիներ առաջ: Սա նոյնպէս բնորոշիչ բնութագրում է: Արաքս գետի երկայնքով իրանական տարածքում պահպանուել է եւ վերանորոգուել Հովուի մատուռը` իր խաչքարերով, իսկ հանդիպակաց կողմում ` Նախիջեւանի տարածքում ոչնչացրել են Հովուի մատուռի երկուորեակ մատուռն ու խաչքարերը, եւ տեղը զինուորական հրաձգարան կառուցել:
Անցանք նաեւ Աւարայրի դաշտավայրով, ուր ժամանակին յայտնի ճակատամարտն է եղել, տեսանք Տղմուտ գետի եւ Արաքսի միացման տեղը եւ հասնելով Թադէի վանք` ականատեսը եղանք… քրտական հարսանիքի, որ այնքան բնորոշ է այդ շրջանի բնակչութեանը:
Թեհրանում տպաւորիչ էր «Ալիքի» 85-ամեակի ձեռնարկը, որի ընթացքում ելոյթներ ունեցան «Ալիք» հաստատութեան տնօրէն Հենրիկ Խալոյեանը, օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանն ու արտօնատէր Ալբերտ Աճեմեանը: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշէս Թումանեանը, ով մեր խմբին ընդունել էր նաեւ դեսպանութիւնում, մանրամասն ներկայացրել հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ վիճակն ու սպասուելիք զարգացումները: Նրա կարծիքով, անհնար է իրանահայ համայնքի ներկան ու ապագան պատկերացնել առանց «Ալիք» օրաթերթի: Վերջում իր օրհնութեան խօսքն ասաց Սեպուհ սրբազանը` կարեւորելով «Ալիք»-ի դերը իրանահայութեան կեանքում:
Հայաստանի սփիւռքի նախարարի ուղերձը կարդաց նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան վարչութեան պետ Էւելինա Բաղդասարեանը, իսկ տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանը «Ալիք»-ի խմբագրակազմի անդամներին յանձնեց պատուոգրեր, շնորհակալագրեր եւ յուշամետալ:
«Օրեր» եւրոպական ամսագրի կողմից նոյնպէս շնորհաւորեցինք «Ալիք»-ին` նուիրելով Չեխիան խորհրդանշող նուէրներ` չեխական յախճապակեայ մոմակալներ, որ «Ալիք»-ում միշտ լոյս լինի, Վլթաւայի նկարը, որ «Ալիք»-ի տեղեկատուական ալիքները հասնեն նաեւ մեր ափերը, ամենայայտնի հայկական կարկանդակը` «Մարլենկան» , որ ճաշակեն տօնական սեղանին, եւ «Օրեր» ամսագրի հաւաքածուն, որ անդրադառնան նաեւ եւրոպական անցուդարձին:
Ողջ երեկոն անցաւ գրական-երաժշտական կատարումներով եւ արխիւային ու լուսանկարների ցուցադրութեամբ:
Յատկանշական էր նաեւ մեր խմբի այցը Նոր Ջուղա` Սպահանի թեմ: Մօտ 8-9 ժամեայ ճանապարհորդութիւնից յետոյ մեր յոգնածութիւնն ի չիք դարձաւ, երբ մտանք առաջնորդանիստ Սուրբ Ամենափրկիչ վանք, ուր զմայլուեցինք Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հրաշագեղ զարդարանքով, ծանօթացանք «Խաչատուր վարդապետ Կեսարացի» թանգարանի բացառիկ նմուշներին, այդ թւում` Նոր Ջուղայում մի քանի դար առաջ տպագրուած գրքերին ու տպագրական մեքենային: Քանի որ թեմը դեռեւս չունի նոր առաջնորդ, մեզ դիմաւորեց եւ բացատրութիւններ տուեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ տէր Անանիա Ծ. վրդ. Գուճանեանը: Այնուհետեւ, ուշ երեկոյեան հանդիպեցինք համայնքի ներկայացուցիչներին` թեմական խորհրդի նախագահ Վրէժ Տէր Մարտիրոսեանի գլխաւորութեամբ, այցելեցինք տեղի հայկական դպրոցներ եւ Հայ դատի գրասենեակ, որը կառուցուել է 2003-2006 թուականներին:
Յատկապէս մեծ տպաւորութիւն ստացանք Կեդրոնական դպրոցից, ուր տնօրէնուհի Երանուշ Թահմազեանը մանրամասն ներկայացրեց արդիական ամենավերջին շնչով կահաւորուած եւ վերանորոգուած դպրոցը, ուր արական եւ իգական մասերը բաժանուած են առանձին ճաղապատով:

Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցում
Թէեւ արդէն ուշ երեկոյ էր, բայց Նոր Ջուղայի հայկական թաղամասում կեանքը եռում էր: Վերջին տարիներին մեծ թուով հայեր են արտագաղթել Միացեալ Նահանգներ, սակայն համայնքը դեռեւս մնացել է տոկուն եւ գործունեայ: Տեղացիները սիրում են գալ հայկական թաղամաս` այն համարելով քաղաքի եւրոպական մասը: Այստեղ են գտնւում Խոճայ Նազարի, Եփրեմ Խանի ու Յովհաննէս Շիրազի փողոցները: Այստեղ է Խաչատուր Կեսարացին հիմնել առաջին տպարանը: Սպահան կատարած այցի ընթացքում ամէնուր մեզ հետ էր Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:
Հետաքրքիր էին նաեւ մեր այցելութիւնները շահի պալատների թանգարան եւ մզկիթներ: Յատկապէս գրաւիչ էին Չեհելսոթուր եւ Ալի Ղափուր պալատները: Զարմանալի էր, որ զբօսաշրջիկների համար ամէնուր մուտքի տեղեկատուական սրահներում պտտւում էին հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցու հրաշագեղ որմնանկարներով տեսահոլովակները: Ամէնուր զգացւում էր, որ իրանցիները խորը յարգանքով են վերաբերում հայկական մշակոյթին եւ ճարտարապետութեանը:
Թեհրանում այցելեցինք Գիւլեստան պալատ, գոհարեղէնի թանգարան եւ իմամ Խոմեյնիի դամբարան: Իհարկէ, այս վերջին բաւական մեծ չափերի կառոյցն աստիճանաբար վերածւում է աւանի, քանի որ տարեց-տարի մեծանում է ուխտաւորների թիւը, եւ իշխանութիւններն ամէն ինչ անում են ստեղծելու բոլոր յարմարութիւնները նրանց համար:
Թեհրան-Փրակա
(Շար. 1)