ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ռուսական «Թրաքթորային գործարաններ» միաւորումի գլխաւոր տնօրէնի տեղակալ Ալեքսէյ Լոսեւը «ԹԱՍՍ»-ին յայտնել է, որ մինչեւ 2017թ. վերջը յետաձգւում է հետեւակի մարտական Պէ. Էմ. Փէ.-3 մեքենաների մատակարարումը Ազրպէյճանին: Խօսքը վերաբերում է դեռեւս 2010թ. կնքուած` զինսարքերի առուվաճառքի ռուս-ազրպէյճանական համաձայնագրով Թէ.-90Սէ հրասայլերի, ինքնագնաց հրետանու, հրթիռային համազարկային համակարգերի, ծանր հրետանային համակարգերի մատակարարմանը:
Այն, որ ռուս-ազրպէյճանական գործարքը ֆինանսական լուրջ դժուարութիւնների պատճառով ձգձգւում է, պարզ էր դեռ այս տարուայ ապրիլին, երբ Ռուսաստանի փոխվարչապետ Տմիթրի Ռոքոզինն այցելեց Պաքու` մատակարարուած զինսարքերի դիմաց Ազրպէյճանի պարտքերի մարման խնդիրը նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկելու համար: Կարելի է ենթադրել, որ նաւթի համաշխարհային գների անկման պատճառով Ազրպէյճանում ստեղծուած տնտեսական ծանր վիճակն աւելի է խորացրել ճգնաժամը: Սակայն ուշագրաւ է, որ ռուսական կողմը բացէ ի բաց խօսում այդ մասին եւ, որ շատ աւելի կարեւոր է, դա անում է սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնում ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահների հետ կայացած խորհրդակցութիւնից յետոյ:
Նախօրէին ռուսական «Ինթըրֆաքս» գործակալութիւնը հրապարակեց այդ հանդիպումից յետոյ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքի հետ հարցազրոյցը, որում Հայաստանի եւ Ազրպէյճանի հետ Միացեալ Նահանգների ռազմական համագործակցութեան մասին հարցին ի պատասխան` նշեց. «Մենք կողմերից ոչ մէկին չենք սպառազինում: Մենք նրանց տրամադրում ենք շատ սահմանափակ քանակութեամբ պաշտպանական զէնք: Բայց Ազրպէյճանի առումով առկայ է Քոնկրեսի կողմից տրուած որոշումը: Այն մեզ թոյլ չի տալիս զէնք տրամադրել, որը կարող է օգտագործուել ղարաբաղեան հակամարտութիւնում` յարձակման համար: Այդ առումով, մենք զէնք մատակարարող չենք»:
Խօսքը, յիշեցնենք, վերաբերում է Քոնկրեսի Ազատութեանն աջակցութեան աքթի` 1992թ. արուած 907 ուղղմանը կամ յօդուածին, որով Միացեալ Նահանգների կառավարութեանն արգելւում է որեւէ ռազմական աջակցութիւն ցուցաբերել Ազրպէյճանին: 2001-2009թթ. Միացեալ Նահանգների նախկին նախագահ Ճորճ Պուշ Կրտսերի նախաձեռնութեամբ ծերակոյտը իրաւունք տուեց կառավարութեանը` միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի շրջանակներում շրջանցել այդ ուղղումը եւ ռազմական սահմանափակ օժանդակութիւն տրամադրել Ազրպէյճանին: Սակայն դրանից յետոյ 907-րդ յօդուածը պահպանուել է, ինչին էլ յղում է կատարում Ուորլիքը: Նրա պատասխանում էականը Ազրպէյճանի նկատմամբ այդ սահմանափակումների շեշտադրումն է, որով կարծես թէ ոչ միայն ակնարկում է, որ, փաստօրէն, Միացեալ Նահանգները հայկական կողմին է պաշտպանական զէնք տրամադրել, այլեւ` որ դա կարող է այսուհետեւ կրել բացայայտ բնոյթ:
Այն փաստը, որ դրա մասին Ուորլիքը բացէ ի բաց խօսում է Մոսկուայում կայացած հանդիպումից անմիջապէս յետոյ, կարող է վկայել, որ, ի դէմս նրա, Ուաշինկթընին չեն բաւարարել հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ Մոսկուայի ձեռնարկումներն ու առաջարկած հնարաւոր լուծումները: Փաստօրէն այդ նախաձեռնութիւնը Միացեալ Նահանգները գնահատում են որպէս իրավիճակն ապակայունացնող:
Այս իմաստով յատկանշական է նոյն հարցազրոյցում Ուորլիքի կողմից արուած չափազանց կարեւոր եւս երկու նկատառում: Նախ` մի քանի անգամ նա շեշտադրում է Վիեննայում եւ Ս. Փեթերսպուրկում ձեռք բերուած` շփման գծում հրադադարի պահպանման ուժեղացմանն ուղղուած երեք պայմանաւորուածութիւնների, առաջին հերթին` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման պայմանի կատարման անհրաժեշտութիւնը: Եթէ նկատի ունենանք, որ այդ պայմանաւորուածութիւնների կատարումից Պաքուն հրաժարւում է հէնց Ռուսաստանի ներկայիս աշխուժ միջնորդութեան պայմաններում, ապա Ուորլիքի այս նկատառումը հնչում է որպէս այդ հարցում Պաքուին Մոսկուայի կողմից ուղղակի, թէ անուղղակի աջակցութեանն ուղղուած թաքնուած մեղադրանք:
Երկրորդ` հարցազրոյցում Ուորլիքը, անդրադառնալով հակամարտութեան կարգաւորման մեքանիզմներին, նշում է. «Կարգաւորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ազրպէյճանի վերահսկողութեան տակ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դրանք կարգաւորման պայմաններ են, բայց` ոչ միակը…»: Ուշադրութիւն դարձնենք, որ Ուորլիքը նշում է ոչ թէ Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակի մասին, ինչպէս նախատեսուած է արդէն հրապարակուած Քազանեան փաստաթղթում, այլ կարգավիճակի մասին` ընդհանրապէս, որի տակ կարելի է հասկանալ նաեւ ներկայիս ինքնիշխան կարգավիճակը: Ընդ որում, նա խօսում է ոչ թէ հայկական կողմից բոլոր 7 շրջանների, այլ «տարածքների մի մասի» վերադարձման մասին: Ուորլիքին չի բաւարարում նաեւ կարգաւորման ռուսական ծրագրի բովանդակութիւնը, եւ նա, ըստ էութեան, այդ հարցազրոյցով փորձում է հայաստանեան հասարակութեանը տեղեակ պահել, որ այդ ծրագրի էութիւնը հայկական կողմին իսկապէս միակողմանի տարածքային զիջումների մղելն է: Ահա թէ ինչպէ՛ս է այդ մասին ակնարկում. «Մեզ համար իտէալական կարգաւորումը ենթադրում է յաղթողների եւ պարտուողների բացակայութիւն: Այն պէտք է շահաւէտ լինի երկու կողմերին էլ: Որպէս այլ հարցերով երկար տարիներ բանակցութիւններ վարած մարդ` կարող եմ ասել, որ դրանք չեն կարող յաջող լինել, երբ կողմերից մէկը ստիպուած է լինում գնալ զոհողութիւնների եւ փոխզիջման»:
Աստիճանաբար ակնյայտ է դառնում, որ Մոսկուայի եւ Ուաշինկթընի միջեւ համագործակցութեան միակ` ղարաբաղեան հարթակը եւս կարծես ճաքեր է տալիս: Մի կողմից այն աւելի պայթիւնավտանգ է դարձնում ղարաբաղեան հակամարտութիւնը, քանի որ զսպող հիմնական գործօնը` միջնորդ եռանկիւնու միջեւ եղած փոխըմբռնման մթնոլորտը, փոխարինւում է անվստահութեամբ եւ նախազգուշացումների տոնայնութեամբ: Հայկական կողմին պաշտպանական զէնք տրամադրելու թաքնուած նախազգուշացումը, որը, գուցէ եղել է Մոսկուայի կողմից Ազրպէյճանին յարձակողական զինասարքերի մատակարարման գործընթացը սառեցնելու որոշման հիմնական պատճառը, դրա վառ դրսեւորումն է: Միւս կողմից` որքան էլ թէ՛ Ուաշինկթընը եւ թէ՛ Մոսկուան կարգաւորման պայման կամ պայմաններից մէկն են համարում տարածքների յանձնումը, նրանց միջեւ հակասութիւնների սրումը Երեւանին ժամանակ շահելու, միակողմանի զիջումների գնալու հեռանկարը վիժեցնելու հնարաւորութիւն է տալիս: Պէտք է հասկանալ` ինչպէ՞ս օգտագործել այս ստեղծուած իրադրութիւնը: Սակայն, ներկայիս վարուած արտաքին քաղաքականութեան պայմաններում դա այնքան էլ իրատեսական չի թւում: